HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքան պետք է ուտի Հայաստանի քաղաքացին

ՀՀ Ազգային ժողովն այս տարվա ապրիլի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ ՀՅԴ խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած եւ նրանց կողմից հրատապ համարված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշված փաստաթղթի քվեարկությունը հետաձգվել է եւ կայանալու է մայիսի 10-12-ը: ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն' Սահմանադրությամբ սահմանված սոցիալական իրավունքները (այդ թվում' սոցիալական ապահովության, արդարացի աշխատավարձ ստանալու իրավունքները) գործում են համապատասխան օրենքներով սահմանված ծավալով: 2004 թ. ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղն ու բյուջեն հիմք են' գնահատելու հանրապետության բնակչության կենսամակարդակը, գնահատված ցուցանիշներն օգտագործելու պետական սոցիալական քաղաքականությունը մշակելիս եւ իրականացնելիս, հիմնավորելու նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի, նպաստի, չհարկվող եկամտի չափերը, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում է օրենքով:

Ըստ նշված օրենքի' անցումային ժամանակաշրջանում (2004-2007 թթ.) Կառավարությունն ինքը պետք է մշակեր համապատասխան մեթոդաբանությունը եւ սահմաներ կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը: Սակայն սկզբում ՀՀ Կառավարությունը, իսկ անցումային եռամյա ժամանակաշրջանից հետո Ազգային ժողովը չեն կատարել հիշյալ օրենքով սահմանված իրենց պարտականությունները: ՀՅԴ խմբակցության ներկայացրած օրենքի նախագծի նպատակը օրենսդրական հիշյալ նորմերի իրականացման ապահովումն է: Նախագծի հեղինակները մի շարք դիտարկումների եւ այլ երկրների նմանաբնույթ համակարգերի հիման վրա ներկայացրել են կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը:

 Ըստ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի` կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը, այսինքն' կենսաապահովման նվազագույն բյուջեն, իրենց հաշվարկների համաձայն (2412 կիլոկալորիա պարենային զամբյուղի հաշվարկով' հիմք ընդունելով նաեւ 2010 թ. 4-րդ եռամսյակի գնաճային ցուցանիշները), 2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 61000 դրամ, մինչդեռ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձը դրա մոտ կեսն է' 32500 դրամ: Օրենքի նախագծի ընդունման եւ կենսաապահովման նվազագույն բյուջեն 61000 դրամ սահմանելու դեպքում ոչ միայն նվազագույն աշխատավարձը, այլեւ նվազագույն կենսաթոշակի չափը (այժմ' 28000 դրամ) եւ նպաստի գումարը (այժմ նպաստի միջին չափը 26000 դրամ է) նույնպես պետք է բարձրացվեն եւ հասցվեն կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքին:

ՀՀ Կառավարությունը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարող կոալիցիան (ԱԺ իշխող մեծամասնությունը), հիշյալ առաջարկին սկզբունքորեն դեմ չարտահայտվելով կամ դրա սխալ լինելը հիմնավորող փաստարկներ չներկայացնելով հանդերձ, առարկում են նախագծի ընդունմանը' պատճառաբանությամբ, թե կենսաապահովման վերոնշյալ զամբյուղի սահմանման, նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը եւ ընտանեկան նպաստը դրա արժեքին հավասարեցնելու համար պետբյուջեում համապատասխան միջոցներ չկան: Սակայն, Ա. Մինասյանի հավաստմամբ, բյուջեն միայն գնաճի շնորհիվ արդեն մոտ 40 մլրդ դրամի հավելյալ եկամուտ ունի, քանի որ բարձրացված գներով ապրանքների վաճառքի եւ իրացված ծառայությունների հասույթից հարկման միջոցով ավելի մեծ գումար է ստացվել:

Ավելին, պատգամավորի ներկայացրած հիմնավորումների համաձայն' լիարժեք հնարավորություններ կան բյուջեն համապատասխան գումարներով ապահովելու: Օրինակ' միայն 2011 թ. հնարավոր կլիներ 70 մլրդ դրամ հավելյալ եկամուտ ստանալ, եթե հանքարդյունաբերության ոլորտում անցում կատարվեր ռենտային սկզբունքով հարկման: Նկատենք, սակայն, որ ԱԺ կոալիցիոն մեծամասնությունը կտապալի հարկման նշված սկզբունքին անցնելու ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, քանի որ կոալիցիոն կուսակցությունների անդամ մի շարք պատգամավորներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ հենց իրենք են կանգնած հանքերի շահագործման հետեւում: Հանուն «ինչ-որ մարդկանց» համար կենսաապահովման նվազագույն պայմաններ ապահովելու' նրանք երբեք չեն գնա իրենց գերշահույթների կրճատման քայլին:

«Որպես պատասխանտու քաղաքական ուժ' մենք ասում ենք, որ եթե խոստում ենք տվել, ուրեմն պետք է կատարենք այդ խոստումը,- մեզ հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:- Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը որ դաշտում է գտնվում' դիմության թե ընդդիմության, եթե պատասխանատու, իր խոսքի տեր ուժ է, ապա առնվազն կամք պետք է գտնի իր մեջ եւ կատարի այդ խոստումը: Եթե չի կատարում, պետք է հրապարակավ ասի պատճառներն ու հիմքերը: Հիմա, երբ արդեն քննարկման արդյունքներն ենք նայում, տեսնում ենք, որ քաղաքական կոալիցիան ոչ միայն խուսափում է իր խոստումը կատարելուց, այլեւ փորձում է ոչ իրական հիմքերով պատճառաբանություններ ներկայացնել: Հակոբ Հակոբյանի եւ այլ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով փորձ է արվում էականորեն փոխել 2004 թվականից գործող «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում ամրագրված «խաղի կանոնները»: Այդ նախագծով մասնավորապես առաջարկվում է Կառավարությանը 2004-2007 թթ. համար տրված հիշյալ իրավասությունը տեղափոխել մինչեւ 2012 թ., ինչը համարում ենք անընդունելի: Դեմ ենք դրան, որովհետեւ եթե Կառավարությունը պետք է մշակեր մեթոդաբանությունը ու սահմաներ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը, ուրեմն պետք է սահմաներ, եթե չի սահմանել, ուրեմն պետք է օրենքի հաջորդ դրույթի պահանջը կատարել' կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը սահմանել օրենքով»:

2009 թ. 7872 տնային տնտեսությունում իրականացված հետազոտության հիման վրա ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը իրականացրել է սպառողական նվազագույն զամբյուղի հաշվարկ: Ըստ այդ հետազոտության արդյունքների' եթե առաջնորդվենք յուրաքանչյուր անձի համար օրական 2200 կիլոկալորիա սննդային էներգետիկ արժեքով, ապա սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը պետք է կազմի 43000 դրամ:

«Եթե առաջնորդվում ենք 2412 կիլոկալորիա արժեքով, որը հիմք ընդունելը մենք ենք առաջարկել, նշված զամբյուղի արժեքը, բնականաբար, ավելի մեծ է լինում,- ասաց Արծվիկ Մինասյանը:- Ընդգծեմ, որ 2412 կիլոկալորիան համապատասխանում է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաեւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության /FAO/ տվյալների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարության հաշվարկած-առաջարկած սնուցման նվազագույն նորմերին, անհրաժեշտ նվազագույն կալորիականության սննդային բաղադրիչին, որը պետք է մարդուն' գոյատեւելու եւ իր ֆիզիկական գործունեությունը վերարտադրելու համար: Ազգային վիճակագրական ծառայությունը երկրորդ հետազոտությամբ 2200 կիլոկալորիա հաշվարկելու հիմք է ընդունել քաղաքացիների կողմից փաստացի սպառումը, ավելի ճիշտ' այն մարդկանց ասածը, որ իրենց բավարար է այդքանը: Սակայն պարենային որոշակի զամբյուղ ներկայացնելով' այդ քաղաքացիները նկատի են ունեցել այն, ինչն իրենց բավարարում է սովից չմահանալու, գոյատեւելու համար: Մինչդեռ այլ խնդիր է, թե ինչի հաշվին է (իմունային համակարգի աստիճանական թուլացման, առողջության) դա նրանց հաջողվում»:

Վերոնշյալի տեսակետից սխալ է հետազոտված տնային տնտեսությունների կամ թեկուզ դրանց մեծամասնության ներկայացուցիչների ասածը (2200 կիլոկալորիան) հիմք ընդունելը, պետք է հիմք ընդունվեն առողջապահական նվազագույն նորմերը' որպես նվազագույն պայման մարդու գոյատեւման, առանց առողջությունը զոհաբերելու:

«Պատահական չէ, որ այսօր Հայաստանում լայնամասշտաբ տարածում է գտել «աշխատող աղքատ» արտահայտությունը, այսինքն' եթե յուրաքանչյուր մարդու հաշվով ամսական եկամուտը 61000 դրամից պակաս է, ապա այդպիսի մարդը կամ այդպիսի մարդկանցից բաղկացած ընտանիքը, ըստ էության, աղքատ է,- ասաց տնտեսագետը:- Դա անհեթեթություն է, որովհետեւ մարդը եթե աշխատում է, նա պետք է կարողանա իր նվազագույնը հոգալ: Շատ երկրներում նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը հիմնված է հենց կենսաապահովման նվազագույն բյուջեից ոչ ցածր միջին ժամային աշխատավարձի սկզբունքի վրա: Մեր նախագծի համաձայն' յուրաքանչյուր հաջորդ տարի կենսաապահովման նվազագույն բյուջեն պետք է վերահաշվարկվի գնաճի ցուցանիշով եւ դրանից ցածր չպետք է լինի: Մենք չենք կարող ֆիքսել կենսաապահովման բյուջեի մի մեծություն եւ ասել, որ այն հավերժորեն պետք է հիմք ընդունվի ու կիրառվի, որովհետեւ գնաճ է լինում, ինչը, անշուշտ, պետք է հաշվի առնել: Եթե 2011 թ. առաջին եռամսյակի դրությամբ այդ բյուջեն 61000 դրամ էր, ապա 2012 թ. հունվարի 1-ին շատ հնարավոր է, որ ավելի բարձր լինի եւ, բնական է, ավելի բարձր կլինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter