HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորների եռյակը ստորագրված փաստաթուղթը համարել է անստորագիր և զրկել հայրենադարձներին տնից

Բաքվից Ռուսաստան բռնագաղթած, այնուհետև Ռուսաստանից հայրենիք վերադարձած Ավանեսյաններին դատարանը փողոցում է թողել: Ամուսիններ Ալեքսանդր և Ռիտա Ավանեսյաններին, 80-ամյա մորը, որդու ընտանիքին սեպտեմբերին ԴԱՀԿ-ը վտարել է Արաբկիր 29 փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող բնակելի տնից (Հաղթանակում): Տունը և հողամասը պատկանում էր Ռիտա Ավանեսյանին (կամ` Ռիտա Ավանեսովա): Այն վերանորոգելու, այնուհետև նաև վաճառելու նպատակով Ռիտան և ամուսինը որոշել են 40 մլն դրամ պարտքով փող վերցնել իրենց ծանոթ Արտաշես Սահրադյանից: Վերջինս այդ ժամանակ «Ամերիաբանկի» աշխատակից է եղել (այժմ «Պրոմեթեյ» բանկի Գ. Նժդեհի մասնաճյուղի կառավարիչն է):

Կողմերը 2007-ի մայիսին փոխառության և հիփոթեքի պայմանագրեր են կնքել: 40 մլն դրամի փոխառության դիմաց Ռ. Ավանեսովան գրավադրել է Արաբկիր 29 փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող բնակելի տունը և հողամասը` մեկ տարի ժամկետում գումարը ետ վերադարձնելու պայմանով:

Ինչպես պատմում են Ավանեսյան ամուսինները, կողմերը ներքին պայմանավորվածություն են ունեցել, որ այդ գումարը Արտաշես Սահրադյանը տարեկան 18 տոկոս դրույքաչափով է տալիս Ռիտային, սակայն այս փաստը նոտարական վավերացում ունեցող փաստաթղթում չի հիշատակվել, քանի որ եթե նշվեր, ապա կստացվեր, որ Արտաշեսը գործարքից շահույթ է ստանում, հետևաբար պետք է նաև հարկ վճարեր:

Եվ կողմերը նոտարով հաստատված փաստաթղթին ի լրացում նույն օրը համաձայնագիր են կազմել, որով ամրագրել են, որ Ռիտան Ավանեսովան ամսական 600 հազար դրամ է վճարելու Արտաշես Սահրադյանին: Դրանից հետո ևս երկու համաձայնագիր են կազմել` ամեն անգամ նորը կազմելով նախորդը չեղյալ են համարել և ամրագրել այն թիվը, որն այդ պահի դրությամբ կազմել է ողջ պատքը, իսկ վերջին համաձայնագրում ամբողջական գումարը 85 մլն 870 հազար դրամ է: Այս համաձայնագրերը նոտարով չեն հաստատվել, այլ կողմերը միայն ստորագրել են:

Տոկոսների վերջնահաշվարկի ժամանակ կողմերի միջև անհամաձայնություն է առաջացել, և Արտաշես Սահրադյանը դիմել է դատարան` խնդրելով Ռ. Ավանեսյանից բռնագանձել 85 մլն 870 հազար դրամ`  որպես փոխառության գումար և 1 854792` որպես այդ գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով հաշվեգրվող տոկոսներ` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` Արաբկիր բնակելի տան և հողամասի վրա: Արտաշես Սահրադյանը 45 մլն 870 հազարի գումարը հիմնավորել է համաձայնագրի մեջ նշված հավելյալ գումարով, որ իբր Արտաշեսը տվել է Ռիտային ավելի ուշ, այլ ոչ թե որպես մայր գումարի տոկոսներ է հաշվարկել:

Ռիտայի ամուսինն ասում է, որ իրենք չեն հրաժարվել Արտաշեսին վճարել 85 մլն 870 հազարը, որովհետև, ըստ իրենց պայմանավորվածության, դա գումարի հաշվարկված տոկոսներն են, սակայն Արտաշեսը փորձել է դոլարով իրենցից վերցնել գումարը: «Ուզում էր ինձի խաբի, փոխանցի դրամը դոլարի: Ինքը «Ամերիա» բանկի աշխատող էր էն բաժնում, որտեղ կուրսերով են զբաղվում: Ինքը իմանալով, որ կուրսերը պիտի փոխվի, ինձի ասում էր, արի փոխենք, նույն 85 մլն-ը գրենք դոլարով: Ես էլ ասի` չէ, ես դոլարով քո հետ գործարք չեմ արել, վերցրել եմ 40 մլն` թեկուզ տոկոսներով, դրամով էլ կվերադարձնեմ: Հիմա ինքը մտել է դատարան, ասում է` սա տոկոսով տված գումար չի, ես քեշ փող եմ տվել, մի հատ էլ տոկոսներն ավելացրել են, դարձրել են 102 մլն»,- ասում է Ալեքսանդրը:

Արտաշես Սահրադյանը, ինչպես նշեցինք, Քաղ. օր.-ի 411 հոդվածով տոկոսներ է պահանջում: Այս հոդվածը պատասխանատվություն է սահմանում դրամական պարտավորությունը չկատարելու համար. «Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների»:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել միայն նոտարական վավերացում ունեցող պայմանագիրը և հօգուտ Ավանեսյանների է վճիռ կայացրել: Դատարանը վճռել է Ռ. Ավանեսյանից հօգուտ Արտաշես Արտակի Սահրադյանի բռնագանձել 40 մլն դրամ` որպես փոխառությամբ տրամադրված գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` Արաբկիրի տան և հողամասի վրա:

Դատարանը հաստատել է, որ լրացուցիչ պայմանագրերը որևէ ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ նշված պայմանագրերով խախտվել են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468 հոդվածի 1-ին կետի (պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից), այնպես էլ կողմերի միջև կնքված հիփոթեքային պայմանագրի 19-րդ կետի պահանջները. նոտարական վավերացում ունեցող պայմանագրի 19-րդ կետում հստակ նշվում է, որ «պայմանագրով կատարված փոփոխությունները և լրացումները օրինական են միայն այն դեպքում, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրվում են կողմերի կողմից` հաստատված նոտարական կարգով»: Հետևաբար, դատարանը համարել է, որ դրանք օրենքի խախտմամբ կնքված պայմանագրեր են, ինչպես նաև գործով ոչ վերաբերելի և թույլատրելի ապացույցներ: 

Արտաշես Սահրադյանը բողոքարկել է վճիռը: Վերաքննիչ դատարանը, եռյակ դատավորներ Նախշուն Տավարացյանի, Ստեփան Միքայելյանի և նախագահող դատավոր Դանիել Խաչատրյանի գլխավորությամբ, ամբողջությամբ բավարարել է նախորդ ատյանի մերժած մասը: Ամենահետաքրքիրն այն է, գործում առկա փաստերը թվարկելիս դատարանը նշել է, որ 10.05.2007 թվականին կողմերի միջև կնքված լրացուցիչ պայմանագիրը, որի համաձայն` Ռիտա Ավանեսյանը պարտավորվել է մինչև 10.05.2007թվականին կնքված պայմանագրի լուծումը յուրաքանչյուր ամիս Արտաշես Սահրադյանին վճարել 600 հազար դրամ, ստորագրված չէ որևէ մեկի կողմից: Խոսքը լուսանկարում պատկերված փաստաթղթի մասին է:

Վերաքննիչը հիմք է ընդունել 10.03.2009-ի համաձայնագիրը, որտեղ նշված է 85 մլն 700 հազար դրամի պարտքի մասին: Միևնույն ժամանակ, դատարանն անտեսել է նույն համաձայնագրի 2-րդ կետը, որտեղ ամրագրված է, որ վերջնական վճարումը Ռ. Ավանեսովան կկատարի գրավադրած տունը վաճառելուց հետո: Ստացվում է, որ դատարանը հաշվի է առել նույն համաձայնագրի մի կետը, մյուսն անտեսել է, և անստորագիր է համարել մեկ ուրիշ համաձայնագիր, որտեղ ամրագրված է Արտաշեսին ամսական 600 հազար դրամ վճարելու փաստը: Դատարանը պայմանագրին որպես լրացում կազմած երկկողմանի համաձայնագրերը «պարտավորությունը հավաստող ստացական է» է որակել, որը հավաստում է պատասխանողի՝ հայցվորի նկատմամբ բացի 40 մլն դրամ գրավով ապահովված փոխառության գումարից, ևս 45 մլն 870 հազար դրամ առանց գրավով ապահովված պարտքի առկայության մասին: Այդպիսով գրավադրված տունը անցել է Արտաշեսին, իսկ Ավանեսյանների բազմանդամ ընտանիքը հայտնվել է փողոցում:

 «Հայցվոր կողմի հիշատակած հիփոթեքի պայմանագրի լրացման մեջ սահմանված է դրույթ, ըստ որի` Ռիտա Ավանեսյանը պետք է իր պարտավորությունը կատարի գրավադրված տունը վաճառելուց հետո: Եթե նույնիսկ ընդունվի, որ հայցվոր կողմի մատնանշած 10.03.2009 թվականի պայմանագիրն ինչ-որ իրավական ուժ ունի, ապա դա պայմանով կնքված պայմանագիր է, որի կատարումը կախված է պայմանագրում նշված պայմանի վրա հասնելու հանգամանքի հետ»,- հիմնավորում է Ռիտա Ավանեսյանի փաստաբանը` Գևորգ Չաքմշյանը:

 «20 տարվա արածը մեկ օրում հեչ արին,- ասում է Ալեքսանդր Ավանեսյանը,- ինչու չեն թողնում տունը վաճառենք, իրա գումարը տանք, էդ համաձայնագրում դա էլ էր գրված, 85 չէ, 102-ն մլն-ն էլ կտամ»:

Ավանեսյանները հիմա վարձով բնակարանում են ապրում: «Աղջիկս 12 տարեկան էր, որդիս` 9, երբ լույս էլ չկար, բերեցինք երեխաներին, որ նրանք հայեցի մեծանան: Ծախեցինք Ռուսաստանում բնակարանը, այստեղ տուն գնեցինք, երեխաներին դպրոց տվեցինք, ուսման տվեցինք, կարծես թե կյանքը դասավորվում էր, բայց խարդախների հանդիպեցինք»,- ասում է Ռ. Ավանեսյանը:

«Հիմա թոռնիկս ասում է, դեդո, երբ ենք մեր տուն գնալու: Ես էլ ասում եմ` սա մեր ձմռան տունն է, ամառը գա, կգնանք,- շարունակում է Ալեքսանդրը,- Բաքու տները կորցրեցինք, մեր աչքը չի տենամ, ոնց որ հիմա մեր երկրի, մեր ազգի մեջ չէինք սպասում, որ կարող էր այսպես լինել»:

Վճռաբեկը վարույթ չի ընդունել Ռ. Ավանեսովայի բողոքը: Այժմ Ավանեսյանները վիճարկում են ԴԱՀԿ-ի գործողությունները: Երկու անգամ քրեական գործ է հարուցվել վաշխառության և խարդախության հիմքերով: Սակայն Արտաշես Սահրադյանը որպես մեղադրյալ չի ներգրավվել գործում, դրանք կարճվել են, իսկ դատախազությունը երկու ամգամն էլ գործը ետ է ուղարկել նոր քննության: Արդեն երրորդ անգամ է քրեական գործ հարուցվել, այժմ սպասում են քննիչի որոշմանը:

Փորձեցինք խնդրի շուրջ զրուցել և պարզաբանումներ ստանալ նաև Արտաշես Սահրադյանից: Վերջինս ասաց, որ դա իր համար «շատ տհաճ թեմա է», և այդ պահին հարմար չէ զրուցել, ասաց, որ հարմար պահի կզանգահարի, սակայն մինչ հոդվածի հրապարակումը նա չէր զանգահարել: 

Մեկնաբանություններ (16)

արա
Gayane, Աստծու պատիժը են կլինի, որ դրանք, երբեք թերթերի երեսից չվերանան
GAYANE
ayd hrashk eryaky astcuc petk e stana ir patijy. es spasum em ayd orvan
PRESIDENT
Հարգելի խնբագրություն, իմ մեկնաբանությունը կիսատ է տպվել, խնդրում եմ փոխարինել ստորև նշվածով: Շնորհակալ եմ: Հարգելի սեղանակիցներ, inter alia, դուք (բացառությամբ պարոն Մախսուդյանի) այդպես էլ չըմբռնեցիք հոդվածի իմաստն ու նպատակը: Սա դատավարական իրավունքի սեմինար չէ, այլ լրագրողի կարծիք` հիմնված կոնկրետ նյութի վրա: Ipso facto, դատավորների եռյակը, վեց աչքերով չեն տեսել հոդվածում նշված փաստաթղթի ստորագրությունները: Մնացածը, թե ով են Ավանեսյանները, նրանց հովանավորողները և ստամոտոլոգները, դա բաժակաճառի թեմա է: Հիմա հարցն այն, թե ի վերջո կգտնվի՞ մեկը` ի դեմս կարգապահական հանձնաժողովի անդամի, կամ ՀՀ Քրեական օր. 352-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու լիազորություն ունեցեղ պաշտոնյաի, որ այս եռյակին կարգի հրավիրի: Դժվար թե: Ուրեմն նրանք շարունակելու են վարսավիրի մակարդակով որոշումներ կայացնել` բազմած ՀՀ զինանշանի տակ:
PRESIDENT
Հարգելի սեղանակիցներ, inter alia, դուք (բացառությամբ պարոն Մախսուդյանի) այդպես էլ չըմբռնեցիք հոդվածի իմաստն ու նպատակը: Սա դատավարական իրավունքի սեմինար չէ, այլ լրագրողի կարծիք` հիմնված կոնկրետ նյութի վրա: Ipso facto, դատավորների եռյակը, վեց աչքերով հոդվածում նշված փաստաթղթի ստորագրությունները: Մնացածը, թե ով են Ավանեսյանները, նրանց և ստամոտոլոգները, դա բաժակաճառի թեմա է: Հիմա հարցն այն, թե ի վերջո կգտնվի՞ մեկը` ի դեմս կարգապահական հանձնաժողովի անդամի, կամ ՀՀ Քրեական օր. 352-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու լիազորություն ունեցեղ պաշտոնյաի, որ այս եռյակին կարգի հրավիրի: Դժվար թե: Ուրեմն նրանք շարունակելու են վարսավիրի մակարդակով որոշումներ կայացնել` բազմած ՀՀ զինանշանի տակ:
Artur
Հարգելի ընթերցող այս քոմենթները տեղադրողներից karene և գեղամը անմիջական կապ ունեն այս պատմության հետ և փորձում են իրենց անհիմ հայտարարություներով ապակողմնորոշել հանրությանը, իսկ shahen կոչեցյալը ընդհանրապես (Ինտրիգանտ է) մեղմ ասաց, այս հոդվածում նշված փաստերը չեն կարող հերքվել քանզի կան գրավոր ապացույցներ որոնք կարող եք տեսնել անզեն աչքով, իսկ ինչ վերաբերվում է այդ անձանց հայտարարություներին ինձանից ձեզ խորհուրդ մի ստեք պատասխան եք տալու!
Shahen
Avanesyan Aleksandr,hamashxarain kcox,ev annkaragreli takank,erkar tariner hamain ashxarin mec gumarner partk linelov,erevan kaxaki zinvorakan dataxazi texakal,kavor sanik barekamakan kaper shaharkelov patvirelov shincu hodvac.Bazmativ zgushacumneric heto,vor chi kareli dataxazi texakal linelov,hamashxarain kcoxnerin (KRISH) kangnel.
Karen
Հարգելի Sevak, ես ճիշտն ասած չպատկերացրեցի, թե ինչպես է Ձեր վկակաոչած նախադեպային վճիռը, կամ, որ տվյալ պարագայում նույն է` Dombo Beher B.V. v. the Netherlands գործով 27.10.1993թ. վճիռը հարաբերվում տվյալ գործի փաստերի հետ: Հոդվածից որևէ կերպ չի բխում և իմ ունեցած տեղեկություննից ելնելով նույնպես կարող եմ ասել, որ Ռիտտա Ավանեսովան չի բողոքում տվյալ դատավարությունում կողմերի մրցակցության սկզբունքը խախտված լինելու առնչությամբ: Նա ընդամենը պնդում է, թե դատարանները, տվյալ դեպքում, սխալ են կիրառել ներպետական իրավունքի նորմերը, ինչը, հավանաբար, Դուք էլ գիտեք, որ ratione materiae հիմքով Եվրոպական դատարանում չունի ընդունելի ճանաչվելու և ոչ մի հեռանկար: Ամեն դեպքում, ուրախ եմ իրավաբանական հարցը քննարկել կոլեգայի հետ, ասել է թե` իրավաբանական, այլ ոչ թե կենցաղային մակարդակի վրա:
Մարգար Մախսուդյան
Անկախ այն բանից, թե վեճի առարկա հոդվածի Ավանեսյաններն արդար են, ազնիվ են կամ անազնիվ են, այս երեք դատավորները ինձ մոտ ասոցացվում են որպես տիպիկ անարդար դատավորների կերպարի մարմնացում: 1.ԵՄԴ 0042/02/10 քաղ. գործով նշյալ դատավորները կայացրին ակնհայտ անարդար որոշում, որը բեկանվեց Վճռաբեկի կողմից: 2.ԵՄԴ 0644/025/10 և ԵՄԴ 0722/02/10 քաղ. գործերով նրանց կայացրած որոշումները այսօր գանգատարկված են Եվրոդատարանում: Այստեղ հետաքրքիրը նաև այն է, որ երեք դեպքերում էլ նրանք որոշում են կայացրել հոգուտ միևնույն կողմի` Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. թ.11 դպրոց ՊՈԱԿ-ի (տնօրեն` Ռուզան Ազիզյան) և ի վնաս մի խումբ ուսուցիչների: Եթե խմբագրությունը հարմար կհամարի, կարող եմ փաստարկված հոդված ներկայացնել նրանց` մեղմ ասած ոչ անաչառ որոշումների վերաբերյալ, իսկ հետաքրքրվողները այդ մասին կարող են տեղեկանալ այստեղ. http://www.youtube.com/watch?v=hC3DnWO_wPI http://hetq.am/arm/articles/8676/ http://www.lragir.am/armsrc/country-lrahos53975.html Բարի ժամանց...
Sevak
Մարդիկ, ովքեր ծանոթ են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական Կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքին, գիտեն, որ ըստ Կոնվենցիայի Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ ծագած վեճերով արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից իր նախադեպային իրավունքում առանձնացնում և պարզաբանում է այդ իրավունքի կարևոր բաղադրիչների` կողմերի հավասարության և մրցակցային դատավարության պահանջների էությունը: Այսպես, Եվրոպական դատարանը (Ռաֆիներիս Գրեկ Ստրան է Ստրատիս Անդրեադիսը ընդդեմ Հունաստանի, 09.12.1994) գործով նշել է, որ դատական քննության ընթացքում կողմերի հավասարությունը նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը (ներառյալ՝ ապացույցները) այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ: Karen, Գեղամ - Դուք Ձեր մեկնաբանություններով հստակ ընդգծում եք շահագրգռվածությունը տվյալ գործով, ինչպես նաև առանց փաստերի Ձեր վարկաբեկիչ հայտարարությունները վկայում են Ձեր ակնհայտ պաշտպանողական վարքագծի մասին, որը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ լրագրողի արծարծած թեման զուրկ չէ դատավորների անաչառության առումով կասկածների հիմքերից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տեր Աստված, այս ինչ ԽՃՃՎԱԾ տոկոսային «գործարք» է: Ես հոդվածի վերևի մասը կարդալուց հետո դադարեցրի կարդալը,որովհետև ՎԱՏԱՑԱ: Պաշտպանվել է պետք այսպիսի շուստրի-«խելացի»-«զոհ դառձած» մարդկանցից. իրենց պրոբլեմներով ԿԵՐԱՆ մնացածներին:..........................Այս ինչ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ու ՍՈՒՊԵՐ-ԱԳՐԵՍԻՎ հիփոթեք է. 40 մլն դրամ- 18 տոկոս դրույքաչափով - մեկ տարի ժամկետում գումարը ետ վերադարձնելու պայմանով? Գործարքից առաջ/ժամանակ ԽՄԱԾ էին Ավանեսյանները?....................Հայաստանում ինչքան են մարդիկ սիրում իրենց կյանքը բարդացնել. իսկական ԿՈՄՊԼԵՔՍ է դառձել:
Գեղամ
Այս հոդվածը Ռուսաստանից խարդախության պատճառով փախած բաքբեցի մի հանցազույգի հերթական փորձն է ապակոմնորոշել մեր հասարակությանը,առաջինը-իրենք ամուսիններ չեն,երկրորդը-պարտք են մի մեծ խումբ քաղաքացիներին ահավոր մեծ գումարներ,երրորդը-համարյա բոլոր պարտքատերերին նույն պատճառաբանությամբ վարքաբեկելով գցել են Արաբկիրի,Կենտրոնի և Երևնի գլխավոր դատախազությունների,քննչական բաժինների դռները,հիմա էլ իրենց փորձում են զոհի տեղ դնեն,երբ հարկադիրում տասնյակ վարույթներ օդւմ կախված են մնացել,իսկ լրագրողը,որը տպել է այս հոդվածը կարծիք է կազմել լսելով միայն խարդախների այս զույգին:Շատ եմ ցավում,որ ձեր նման խմբագրությունը կարող է հավատալով բառացի սուտ հայտարություններին նման հոդվածներ տպել,վարգաբեկելով թէ իրավապահ մարմիններին,թէ մի խումբ դատավորներին,թէ մի խումբ տուժված քաղաղացիներին, որոնցից շատերը անհույս ու վախենալով,որ կհայտնվեն Արտաշեսի օրին,համառորեն լռում են:Ի դեպ ավելացնեմ,որ Ավանեսյաննները ՌԴ ից փախել են նույն պատճառով,և ՀՀ-ում երբև է չեն աշխատել,ապռել են միայն պարտքով վերցվող գումարներով ,նշված տանը երբեք անչափահասներ չեն բնակվել:
Karen
Քաջիկ Արեյանին - Նրանք, ովքեր գոնե իրավաբաններ են և ծանոթ են քննակվող գործի նյութերին:
ara
Կեցցեն մեր մաքուր, շատ-շատ մաքուր, նորից մաքուր, մաքրեմաքուր, երիցս մաքուր, անբիծ, զուլալ, բացսիրտ, ժողովրդի համար հոգի տվող, առաքինի, սուրբ, սրբագործված, ճերմակ, ջինջ, մետաքս, բարեգութ, ոչ անգութ, կիրթ, ոչ անկիրթ, գրագետ, կրթված, արվեստագետ, մարդկային հոգու խորքերը ընկղմվող, այնտեղից ինչ-որ պետք է իրենց համար հանող, գեղեցիկ, սքանչելի, արդարադատ, արդարամիտ, բանիմաց,ահռելի խելքի տեր, քաջազնուն, շաաաաատ ուշիմ, եթե կուզեք` ուշադիր, հսկայական էներգիայի տեր, Հայրենիքին նվիրված, իրենց կյանքը Հայրենիքի համար չխնայող, առատ, ազատ, շնորհաշատ, բարեպաշտ, հիանալի, արքայազն, դյուցազն, երկրում քաղաքացիական հասարակություն կայացնող և այսպիսի միլիոնավոր անվանումների հասած, մեր քաղցր ու անուշ ու նաև շատ քնքուշ դատավորները: Ես շատ կուզենայի, որ նրանք հենց այսպիսին լիների, չեմ էլ շտապում, կլինեն, էսօր չլինեն, վաղը կլինեն, վաղը չլինեն, մյուս օրը կլինեն, էս տարի չլինի, մյուս տարի կլինի, մյուս տարի չլինի էն մյուս տարի կլինի, էս տասնամյակում չլինի, էն մյուս տասնամյակում կլինի, ինչի ենք վռազում, օրը կգա բարին հետը, բարին կգա օրն էլ հետը, թող իրենք լավ լինեն, սոված չլինեն, կուշտ լինեն, չմրսեն, չհիվանդանան, մի խոսքով մենք` հասարակ մարդիկս կդիմանանք, մենակ թե ամեն ինչ լավ լինի: Բայց կլինի? եղավ եղավ էլ, ինչ անենք, ժողովուրդ ջան եկեք սպասենք, Ղարաբաղցիները լավ են ասում, ՈՐ ՇԱՆԸ ՏԵՐ ԸԼԻ ԿԻԼԻՆ ԷԼ ԱՍՏՎԱԾ ԿԼԻ:
Քաջիկ Արեյան
Karen-ին. Դուք արդեն ասացիք, թե ովքեր իրավունք չունեն դատարանների մասին արտահայտվելու, իսկ կասե՞ք, թե բացի ձեզանից և այս երեք դատավորներից, է՞լ ով իրավունք ունի դատողություններ անելու...
Karen
Ես գիտեի, որ իմ քոմենթը չեք տեղադրելու: Հետո էլ հայտարարում եք, թե ընթերցողների քոմենթների համար թերթը պատասխանատվություն կրել չի կարող:
Karen
Արդյոք կգա այն ժամանակը, երբ լրագրողները, ստոմատոլոգները, անասնաբույժերը և հատկապես լրագրողները այլևս իրենց քթերը չխոթեն իրավաբանության մեջ, առավել ևս, երբ նրանցից շատերն անգամ իրենց մասնագիտական ոլորտներում առանձնապես չեն փայլում: Օրինակ, քննարկվող հոդվածի հեղինակ լրագրողը գոնե մի բան հասկացել է այն դատական գործից, որի վերաբերյալ պարտված կողմի վայնասունը նա անհրաժեշտ է համարել հրապարակել` ի լուր բոլորի: Իհարկե ոչ. նա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով արդեն իսկ լուծված գործից ընդամենը փորձել է սկանդալ ստեղծել, ինչը, ի դեպ, նրան բոլորովին էլ չի հաջողվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter