HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են ակնկալում Ամանորից անօթեւանները

Գոհարն ու իր «նախարարները»

«Մենա՞կ, ինչու՞ եմ մենակ, բա իմ նախարարնե՞րը»,-ասում է Գոհարն ու ցույց տալիս իր յոթ շներին' թվարկելով' Աղջիկը, Չալոն, Կյաժուլիկը... Նրանցից ամեն մեկը մի նախարար է: Գոհարը խենթ չէ, թեեւ երբ գինով է (ինչը հաճախ է պատահում), խելքը թռցրածի տպավորություն է թողնում' հատկապես ծխից սեւացած ձեռքերի շարժումներով ու երբեմն անհասկանալի զրույցով: Գոհարը Երեւանի անօթեւաններից է: Կայարանամերձ հրապարակի կիսակառույց մի շենքում է Գոհարի «տունը»' լայն, մեծ: Մահճակալ ու աթոռներ էլ կան, ճիշտ է' քարից ու ստվարաթղթից: Հեռվից էլ նկատելի է Գոհարի տունը' պարանին փռած լվացքով, անկյունում հավաքված շշերով եւ բարձրացող սեւ ծխով: Դույլի մեջ փայտի կտորներ, թուղթ վառելով' Գոհարը սուրճ է պատրաստում, երբեմն ճաշ եփում ու տաքանում: «Այս տարի վառելիքը քիչ է»,-դժգոհում է 45-ամյա Գոհարը:

Իր ասելով' բաժանված է ամուսնուց, տղա ունի, որը Լեհաստանում է, «հորեղբոր հետ գործ է անում»: «1993-ին ենք տունը ծախել, պիտի գնայի Հայաստանից, չստացվեց, մնացի։ Հետո տուն չունեի, եկա այստեղ»,-պատմում է Գոհարը: Նա կայարանամերձ հրապարակում' «քրչի բազարում», առեւտուր է անում. «Մեկը կա, անընդհատ ապրանք է բերում»:

Ամանորի գիշերը, իր ասելով, «ոչ լավ, ոչ վատ» սեղան է գցել. «Կողքից առեւտուր անողներից են օգնել»։ Հյուրեր էլ է ունեցել' իր նման մի քանի անօթեւաններ: Ու երբ օղուց տրամադրությունը բարձրացել է, բանաստեղծություն է հորինել ներկաների համար եւ ինքն իրեն ցածրաձայն բարեմաղթել. «Լինի հնարավորություն, գնամ այստեղից»:

Արամը

«Շառերը մեզանից հեռու. նստենք մի սեղանի շուրջ, մեզ չգան կպչեն»,-ամեն անգամ բաժակ բարձրացնելիս ասում է անօթեւան Արամը, որը Երեւանի փողոցներում անգամ կոնկրետ հասցե չունի, գիշերում է որտեղ պատահի: «Նոր տարվա գիշերը ինքս ինձ առողջություն եմ մաղթել: Իմ առողջությունը լավ չի, թոքերս վատ են, գրիժա ունեմ»,-ասում է Արամը, որի դեմքի գույնն արդեն հուշում է հիվանդությունների մասին: Արամը նախկին բանտարկյալ է, Սեւանի գաղութում է նստել գողության մեղադրանքով: Այս մասին նա չի ամաչում խոսել, բայց ընտանիքի մասին ոչինչ չի ուզում ասել: Իր ասելով' կին, դուստր ունի Ռուսաստանում, եղբայր ունի Երեւանում, որը տեղյակ է իր վիճակից:

«Բարեւ Ձեզ ու վերջ»,-ըստ նրա' այսպիսին են եղբոր հետ իր հարաբերությունները: 35-ամյա Արամը 5 տարի առաջ է ազատվել բանտից, աշխատել է շինարարությունում, ապրել վարձով, օրավարձով, բայց վերջին երկու տարիներին դրսում է գիշերում: «Առողջություն չունեմ շինարարության վրա աշխատելու»,-բացատրում է նա: «Շշեր եմ հավաքում զիբիլանոցներից, տներից չեմ հավաքում, որովհետեւ մարդիկ լավ չեն ընդունում»,-շարունակում է Արամը: Ամանորից հետո Արամի գործը լավանում է. տոնական արարողություններից հետո աղբամաններում ավելանում են շշերը, թեեւ դրանց հույսով ապրողների թիվն էլ քիչ չէ. ըստ Արամի' հազարից ավելի:

Կարինե Ասատրյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter