HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամռանը անօթեւաններին ձմեռային կացարան պետք չէ

Մայրաքաղաքի անօթեւաններից ոչ մեկն այս ձմեռ չի գիշերի իրենց համար նախատեսված կացարանում, թեեւ Չորրորդ գյուղում թիվ 1 տուն-ինտերնատին կից Անօթեւանների սոցիալական օգնության կենտրոնի կառուցման համար 2006թ. բյուջեով տրամադրվել է 85 մլն դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը պնդում է, թե «նախարարությունն անհանգստացած է այդ մարդկանց խնդրով»։ «Կացարանում մենք նախատեսել ենք ամեն ինչ, ինչի կարիքն ունեն մարդիկ, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են փողոցում»,-առայժմ գոյություն չունեցող կենտրոնի մասին ասում է Ջեմմա Բաղդասարյանը։ Կենտրոնի կառուցման աշխատանքները պետք է սկսվեն ապրիլ-մայիսին։ Ավելի վաղ, այսինքն՝ նախորդ տարվա վերջին կացարան կառուցել, ըստ նրա, նախարարությունը ֆինանսապես ի վիճակի չէր։ Ըստ Ջ. Բաղդասարյանի՝ իրենք այս հարցով դիմել են ՄԱԿ-ին, տարբեր միջազգային կազմակերպությունների, բայց պատասխան չեն ստացել։

Տիկին Բաղդասարյանի ասելով՝ անօթեւանների կենտրոնում աշխատելու են հիմնականում տուն-ինտերնատի աշխատակիցները, բայց «կլինեն նաեւ այնպիսի մասնագետներ՝ բժիշկներ, իրավաբաններ, հոգեբաններ, որոնք կփորձեն պարզել, թե ինչ է պետք անել այդ մարդկանց համար»։

«Անօթեւաններին տուն տալու խնդիր այս ծրագիրը չունի։ Մենք բնակարանով ապահովելու խնդիր մեր առջեւ չենք դնում։ Դա ժամանակավոր կացարան է, այդպիսի կացարաններ կան տարբեր պետություններում, քաղաքներում. սա ժամանակավոր հրատապ օգնություն է»,-ասում է վարչության պետը։ Ժամանակավոր կացարանում անօթեւանները կարող են մնալ մինչեւ 60 օր, իսկ դրանից հետո՞...

«Հնարավոր է՝ հոգեկան խանգարում ունեցող անձ լինի, խրոնիկ հիվանդ լինի, շատ դեպքեր կան, որ գյուղերում, մարզերում բարեկամներ ունեն, տներ ունեն, իսկ Երեւանում սառչում են, չեն ուզում վերադառնալ, մարզպետարանների միջոցով կփորձենք վերադարձնել»,-պատասխանում է Ջեմմա Բաղդասարյանը։ Վերջինս խոստանում է տարեց եւ հաշմանդամ անօթեւաններին տեղավորել ծերանոցներում. «Նախորդ տարիներին այդպես արել ենք»։

«Մենք փորձելու ենք այդ մարդկանց հետագա ճակատագրին ուղղություն տալ»,- ասում է նախարարության պատասխանատուն։

Ապագայում անօթեւաններին ժամանակավոր տանիք, տաք ջուր, տաք ճաշ խոստանալով՝ գերատեսչությունը վերջիններիս թույլ չի տա այս ձմեռ ապրել տուն-ինտերնատի՝ իրենց իսկ համար արդեն ամերիկահայ մի բարերարի միջոցներով նորոգված սենյակներում։ «Երկու սենյակ է, կոսմետիկ վերանորոգում, այսինքն՝ փչվել է, մի քիչ մաքրություն, բայց սանհանգույցի հարց չի լուծվել, չի կարելի նրանց տանել այնտեղ»,-մեկնաբանում է Ջեմմա Բաղդասարյանը։

Հերթական անգամ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անհանգստությունը ցույց տալու համար նա ասում է, որ իրենք նոր տարբերակ են գտել։ Մայրաքաղաքի անօթեւաններին այս ձմեռ տեղավորելու են ոչ թե ժամանակավոր կացարանում, այլ ապաստարանում։ Նախարարությունը եւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն փետրվարից 1-ից էրեբունու համայնքում բացելու են անօթեւանների ապաստարան, որը գործելու է հիշյալ ՀԿ-ին պատկանող շենքում մինչեւ մայիս եւ կապաստանի 15 անօթեւանի։ Իսկ ինչպե՞ս են ընտրվելու անօթեւանները։

«Ես որ ասացի 15, չի նշանակում հենց 15։ Իհարկե, եթե 16-րդը, 17-րդը կարիք ունենան, փողոցում չեն մնա։ Մենք գիտենք, որ անօթեւանները հազիվ 13-15 հոգի են, հիվանդանոցներից եւ այդ հարցով զբաղվող ՀԿ-ներից այդպես ենք լսել»,-ասում է տիկին Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ նախարարությունը կոնկրետ տվյալներ չունի հաշվառում չանցկացնելու պատճառով։ (20 անօթեւանի մեկ շաբաթվա ընթացքում միայն «Հետք»-ի լրագրողներն են հայտնաբերել-խմբ): Ի դեպ, տիկին Բաղդասարյանը զգուշացնում է, որ երկու շաբաթից բացվելիք ապաստարանը բարվոք վերանորոգված չի լինելու. «Եթե մենք վերանորոգման խնդիր դնենք, մարդիկ փողոցում կսառչեն, մենք մտածում ենք այդ մարդկանց համար նվազագույն տաքություն ապահովելու մասին, որ լինի սենյակ, տաքություն, սնունդ, առաջին բուժօգնություն»։

Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետը տեղեկացնում է, որ իրենք մշակել եւ առաջիկայում կառավարությանն են ներկայացնելու անօթեւան մարդկանց սոցօգնության տրամադրման կարգը։ Ի դեպ, գործադիրն առայժմ չի ընդունել թիվ 1 տուն-ինտերնատին լրացուցիչ գործառույթներ տալու առաջարկը։ Ըստ Ջեմմա Բաղդասարյանի՝ դա կլինի մոտ օրերս։

Կարինե Ասատրյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter