HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

RINArmenia. Ինտերնետն ավելի ավելի ապահով ցանցային համակարգով փոխարինելու ծրագիր

Ֆրանկոֆոնիայի Թվային ֆորումի ժամանակ Ինտերնետի հիմնադիր հայր Լուի Պուզենը, Start Doon ընկերության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Պուքսը եւ Start Doon ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը «Թումո» կենտրոնում հայտարարեցին RINArmenia ծրագրի մեկնարկի մասին, որն ապագայում կփոխարինի Ինտերնետին։ «Հետքը» այս նախաձեռնության իրագործման մասին զրուցել է Start Doon ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանի հետ։

Հայկ, ներկայացրեք, խնդրեմ Start Doon ընկերությունը եւ մասնավորապես RINArmenia ծրագիրը, որի մասին հայտարարեցիք Թվային ֆորումի ժամանակ։

Մեր կազմակերպությունը ֆրանս-հայկական է, խթանում է Հայաստանում ստարտափներին եւ հնարավորություն է տալիս նրանց ընդլայնվել եւ գործել ֆրանսիական եւ եվրոպական շուկաներում։ RINA ծրագրի նպատակն է փոխարինել Ինտերնետը, որն ունենք այսօր, նոր համակարգով, քանի որ ներկայիս Ինտերնետն անապահով է, դանդաղ եւ թերանում է հզորության առումով (RINA-Recursive InterNetwork Architecture, համակարգչային ցանցի նոր ճարտարապետություն է, որն առաջարկվում է իբրեւ այլընտրանք ներկայիս TCP/IP մոդելի)։

Դրա պատճառը հետեւյալն է՝ Ինտերնետը բաղկացած է տարբեր շերտերից, տարբեր ծրագրերից, որոնք միասին կազմում են Ինտերնետը։ Այն ստեղծվել է 1970-ականներին որպես հետազոտական գործիք։ Այդ գործիքն այլեւս չի բավարարում ներկա տեխնոլոգիաներին։ RINA-ն ստեղծվել է Ինտերնետի հիմնադիրների կողմից, Լուի Պուզենը ղեկավարում է այդ ծրագիրը, նրա շնորհիվ մենք ստեղծեցինք թիմ, որի հետ փորձում ենք RINA-ն զարգացնել Հայաստանում, դրա համար էլ այն կոչվում RINArmenia, փորձում ենք փորձարկել Հայաստանում եւ տարածել աշխարհում, որպեսզի մարդիկ Ինտերնետից անցնեն RINA-ին։ Այն լինելու է միաշերտ, ավելի ապահով, ավելի հզոր, որը հնարավորություն կտա նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներին գործել եւ համադրվել RINA-ի հետ։

Այսինքն՝ այն կլինի Ինտերնետի մրցակի՞ցը, թե ամբողջությամբ կփոխարինի դրան։

Հույս ունենք, որ կփոխարինի, որովհետեւ Ինտերնետը երկար չի գոյատեւի։ Տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ Ինտերնետը մահանալու է։ Պետք է ավելի հզոր եւ ապահով համակարգով այն փոխարինել։ Եվ այն կոչվելու է RINA։

Հայաստանում ստեղծելու ենք ծրագրավորողների եւ համապատասխան մասնագետների խմբեր, որոնք միասին են աշխատելու, բայց սա ամբողջ երկրին է վերաբերվելու, իսկ ապագայում՝ ամբողջ աշխարհին։ Անհրաժեշտ է, որպեսզի համագործակցություն լինի ոչ միայն մասնագետների եւ բարձր մակարդակի կազմակերպությունների միջեւ, այլեւ պետությունը ներգրավվի նախագծի մեջ։ Հետեւաբար, այն Հայաստանում զարգացնելու ենք մասնագետների եւ պետական գործիչների միջոցով։

Հրապարակային ձեւով այս ծրագրի մեկնարկի մասին հայտարարելով՝ մտավախություն չունե՞ք, որ մրցակից կազմակերպություններ կարող են նույն ուղղությամբ աշխատանքներ սկսել։

Ոչ, չունենք: Որպես ծրագիր RINA-ն արդեն զարգացվում է տարբեր կազմակերպություններում, նրանք իրենց անհատական շահերի համար օգտագործում են RINA ծրագիրը, սակայն այն երբեք մինչեւ վերջ չի շահագործվել, չի հասել հասունացման եւ կարեւորը՝ չի պետականացվել եւ չի դարձել հանրային՝ որպես աշխարհով մեկ օգտագործվող ծրագիր։ Այնպես որ, Հայաստանը դառնում է առաջին երկիրը, որն ընդունում է RINA-ն եւ օգտագործում մեծ մասշտաբով։

Հնարավո՞ր է, որ Հայաստանը, պետականացնելով այս ծրագիրը, հետագայում դրանից տնտեսական օգուտներ ունենա։

Նպատակը հենց դա է։ Մենք առաջին քայլերն ենք ձեռնարկում եւ դեռ պետք է բանակցենք ու ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի ծրագիրը լիովին շահագործվի, հետեւաբար մեզ պետք է բոլոր համագործակցությունները հստակեցնել, քայլ առ քայլ ապագայում պետականացնել եւ հետագայում արտահանել միջազգային շուկա։

Ի՞նչ ֆինանսական ռեսուրսներ են ներդրվելու. արդյոք միայն մասնավոր ներդրմա՞մբ է ծրագիրն իրագործվելու, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը նույնպես մասնակցություն է ունենալու։  

Դեռ բանակցում ենք, այս բոլոր հարցերը պետք է ճշտվեն եւ զարգացվեն համապատասխան փուլերում եւ համահունչ առաջ գնան։

Իրակա՞ն եք համարում մեկուկես տարում, ինչպես Թվային ֆորումին հայտարարեցիք, ամբողջությամբ գործարկել ծրագիրը։

Մենք մեր բոլոր ջանքերը եւ ամբողջ ժամանակը ներդնելու ենք այս ծրագիրն իրականացնելու համար։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter