HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

39 տարի անց․ Վարդենի Մոստիչեանի աշխատանքները՝ Ժամանակակից արվեստի թանգարանում

Ամերիկահայ նկարչուհի Վարդենի Մոստիչեանը 2017 թվականին միակողմանի տոմս գնեց ու Բոստոնից ժամանեց Երեւան։ Հանդիպեցինք արդեն այս տարի՝ ամռանը, երբ կարճ ժամանակով նորից Երեւանում էր ու հստակ էր որոշել՝ աշնանն այստեղ ցուցահանդես պիտի ունենա։

Հոկտեմբերի 20-ին Գյումրիի «Բեռլին Արտ» հյուրանոցում բացվեց Մոստիչեանի «Կրկնագիրպատմություն դարակների մեջ» ինստալացիաները ներկայացնող անհատական ցուցահանդեսը (որն ուղեկցվեց Հասմիկ եւ Ալեքսան Հարությունյանների երաժշտական ներկայացմամբ), իսկ նոյեմբերի 8-ին նույն ցուցահանդեսի մեկնարկը տրվեց արդեն Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում (ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 20-ը)։

Հայաստանաբնակ հայերին ոչ այնքան ծանոթ անուն է Վարդենի Մոստիչեանը, ում կենսագրության աշխարհագրությունն ու ստեղծագործական ուրույն լուծումները ուշադրության են արժանի։

Ծնվել է Ստամբուլում, կրթությունը ստացել հայկական նախակրթարանում եւ Ավստրիական դպրոցում, ապա 1969 թվականին տեղափոխվել Նահանգներ։ Շարունակել է կրթությունը Կալիֆոռնիայի Արվեստի եւ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարաններում։  Շուրջ 500 կտավի հեղինակ է։

1974 թվականից Մոստիչեանի աշխատանքները ցուցադրվում են միջազգային ցուցահանդեսներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում։ Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Ստամբուլում, Ուոթրթաունում, Փարիզում եւ Քեմբրիջում։ Ամերիկայի Հայկական թանգարանում ներկայացել է «Գյուղացիները հողին դեմ հանդիման» անհատական ցուցահանդեսով։

Մոստիչեանի աշխատանքներից մեկն առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել է 39 տարի առաջ՝ 1979 թվականին, Ամերիկահայ նկարիչների միության խմբակային ցուցահանդեսի ժամանակ՝ Ժամանակակից արվեստի թանգարանում (Մոստիչեանը կտավը նվիրել է թանգարանին)։

Վերացական, գունային նուրբ բազմազանությամբ աչքի ընկնող կտավները, ինչպես ինքը՝ արվեստագետն է ներկայացնում, ինքնության ճանապարհն արտահայտող յուրահատուկ դրսեւորումներն են։

Ստեղծագործական մղումների ու ներշնչանքի մասին Մոստիչեանը իր տեքստ-նկարագրությունն ունի․

Վարդենի Մոստիչեան- Ներշնչանքի եւ ոգեղէնի աղբիւրը ինծի համար իմ սեփական պատմութիւնս է: Հին Սթամպուլի Կետիկ-Փաշա ծովափնեայ թաղամասի առօրեան, աղքատ, բայց սրտամօտ, հասարակ, բարեացակամ համայնքը, տարրական դպրոցը, ուր ստացած եմ իմ նախնական կրթութիւնս, երկար եւ ոլորապտոյտ, տեղ-տեղ աստիճաններու վերածուող հնաշունչ փողոցները. Արեւելեան Անաթոլիայէն գաղթած հայ գիւղացիները, անոնց գունեղ եւ աւանդական ապրելակերպը` այս ամէնն ուժեղ եւ խոր արմատներ ձգած է իմ մէջս: Իմ պապերուն հովանաւորող ջերմութիւնը, անոնց կենսափորձը, ընտանիքին մէջ բանաստեղծներու առկայութիւնը, ծովու հանդէպ հորս անսահման սէրը եւ մօրս ազատութեան տենչանքը, այս ամէնն արգասաւորած են իմ հոգին արուեստի աշխարհի սիրով։

19 տարվա դադարից հետո՝ 2017 թվականին, Մոստիչեանը ժամանում է Հայաստան, արվեստանոց վարձակալում ու առանձնության մեջ ստեղծում այն 14 կտավները, որոնք այս օրերին ցուցադրվում են Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում՝ այլ գործերի հետ միասին։

Վարդենի Մոստիչեան- Հայաստան լինելս ապրիլ 11-ին, 2017 միակողմանի տոմսակով 19 տարի 1998 էն յետոյ գալս եղաւ․․․ Ու կախարթուած վիճակ նը ունէի ամէն կողմ մայրենիս լսելով նաեւ ինձ նման մարդիկ տեսնելով եւ ընդհանուր բնութիւնը ու բնութեան տարբերուիլը շերտ ու շերտ հոգիիս մէջը ցնծութեան կայծէր կը տարածէր․․․

Վանքերու ճարտարապետութիւնը իր պարզութեան արդիական յաւերժութիւն մը կը ներշնչէր հոգիիս խորքերը ու իմ կարօտս, որ մաս կը կազմէր էութեանս, սկսաւ փարատիլ։ Արուէստանոց մը վարձելով սկսայ արտայայտուիլ իմ զգացումները ու միտքերը։ Նաեւ ունէի արմատներ Հայաստան, որոնք գաղթած էին Պոլսէն 1924 թիւին թէ Գյումրի եւ թէ Երեւան․ աս է պատճառը, որ երկու ցուցադրութիւն նախաձեռնեցի։

Վարդենի Մոստիչեան- Ամերիկայի մէջ շատ ինդէրնասեոնալ շրջանակ ունիմ, հայութիւնովս ներշնչած եմ շատերուն։ Առանց նասիոնալիսթ ըլլալու միշտ արուեստն է որ կը միացնէ մարդկութիւնը․ ոչ՛ կրոնք կամ ազգութիւնը․․․Միայն զգացականը չէ անշուշտ․ միասին կերթայ մտաւորականութիւնն ալ․ թէ ոչ միայն զգայնիւթիւնը երբեք բաւ չէ։ Սիրտ, միտք, հոգի, ձեռքեր․ աս է։

Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանի՝ Մոստիչեանի աշխատանքների ցուցադրությունը ներկայացնող տեքստում նշված է․«Վարդենին այն ուժեղ կին-արվեստագետ տեսակն է, որի համար նկարչությունը զուտ մասնագիտություն չէ՝ դա իր ապրելաձեւն է, իր կյանքի իմաստը եւ բովանդակությունը. «... Իմ արվեստը ճիչ է լռության մեջ, որ դեմ է դուրս գալիս հոգեկան անտարբերությանը, գովազդների եւ զվարճանքների աշխարհին, ուր իշխում է միայն դիզայնն ու դեկորը, «վաճառվելիքը» եւ «միատարր արվեստը»... Հայաստանում նկարչուհին լինում է ժամանակ առ ժամանակ, սակայն իրականությունն այնպիսինն է, որ իր հոգու խորքում, իր մտքի մի անկյունում նա միշտ պահում է հայ լինելու պատիվն ու պատասխանատվությունը։ Դրա մասին են խոսում նրա բազմաթիվ աշխատանքների մեջ տեղ գտած «Arevabar»-ն ու «Lusavar»-ը, «Anahit’ s Lace»-ն ու «The name of the Moon is Lusin» կտավները»։

Հետգրություն

Վարդենի Մոստիչեանի «Կրկնագիր պատմություն դարակների մեջ» ցուցահանդեսը բաց կլինի մինչ նոյեմբերի 20-ը։

Գլխավոր լուսանկարը՝ «Zepure Arman: poetry, Varteni: Art» ձեռակերտ գրքից (տպագրությունը՝ «ակտուալ արվեստ» մշակութային միության):

Մյուս լուսանկարները՝ Վարդենի Մոստիչեանի անձնական արխիվից (լուսանկարներում ներկայացված «Երգ Նանէին», «Աղճատում․․․Լաբիրինթային անջատում» աշխատանքները  ցուցահանդեսի մաս են կազմում)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter