HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրոջն ընդառաջ

«Տեառնընդառաջը Հայ Առաքելական Եկեղեցու տերունական, անշարժ տոներից է, որը նշվում է փետրվարի 14-ին, Սուրբ ծննդից քառասուն օր հետո: Տոնի Տեառնընդառաջ անունը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Համաձայն հրեաների ընդունած օրենքի' ծննդաբերած կինը քառասուն օրեկան զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր եւ աղոթեր: Մարիամն իր քառասուն օրեկան զավակին' Հիսուս մանուկին, տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով արդար եւ բարեպաշտ ծերունին, որ հրաշքով զգում է մարդկության փրկչի ներկայությունը եւ ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին, այստեղից էլ' «Ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը»,- մեկնաբանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սամվել Մկրտչյանը:

-Տեառնընդառաջը Պատմական Հայաստանում հայտնի է տարբեր անվանումներով' Տերընդեզ, Տերընտաս, Տանդառեջ, Դռնտառունչ, Տառինջ-Տառինջ, Տնդալեշ, Մելետ եւ այլն»:

Համաձայն հայագիտության մեջ եղած տեսակետների' տոնը ծագմամբ շատ ավելի հին է: Այն իր նախնական հենքով որոշակի աղերսներ է ունեցել այնպիսի հին աստվածների պաշտամունքի հետ, ինչպիսիք են' երազների մեկնիչ եւ դպրության ու արվեստի պաշտպան Տիրը, եւ հատկապես Միհրը' կրակի եւ արեւի աստվածը:

Համաժողովրդական այս տոնը, որը Պատմական Հայաստանում եւ հայկական գաղթօջախներում ուներ համընդհանուր արարողակարգ, կատարվում էր փետրվարի 13-14-ին: Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն էր, որը սկսվում էր նախորդ օրը փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո: Տոնական խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում' սովորաբար երդիկների վրա, փողոցներում, դաշտերում եւ այգիներում: Տոնի կապակցությամբ ամենուր ցորենից, գարուց, կորեկից, ոսպից ու սիսեռից աղանձ էին պատրաստում: Հարսնացուի ու փեսացուի անուններով շատ հաճախ խնամիներն աղանձափոխություն էին կատարում:

«Մայրս, որ ավանդապաշտ կին էր' ծագումով Դավալուից, հավաքում էր նորապսակների բոլոր հարազատներին, յուրաքանչյուր ազգական իր հետ բերում էր քաղցրավենիքներով, աղանձով, նվերներով լի, մրգերով զարդարված սկուտեղ: Խարույկ էինք վառում, հարսն ու փեսան, քավորն ու քավորկինը մյուս հյուրերի հետ ձեռք-ձեռքի տված յոթ անգամ պտտվում էին խարույկի շուրջ, հետո թռնում նրա վրայով: Երգում էինք, պարում, ուրախանում, ի~նչ «գյոնդ» (շուրջպար) էինք բռնում: Հետո հյուրերը մատուցում էին իրենց նվերները նորահարսին, եւ համատարած ուրախությունը շարունակվում էր»,-պատմում է 55-ամյա Անուշ Մկրտչյանը:

Գեղեցիկ ու բազմազան էին Տերընդեզի խարույկի շուրջը տեղի ունեցող ծեսերը, որոնք գուշակությունների ողջ համալիրով արտահայտում են երիտասարդության, սիրո, ամուսնության, սերնդաճի գաղափարներ:

Տերընդեզը բնության զարթոնքի տոն էր: Արեգակ-կրակի պաշտամունքային հիմքով տոնի հավատալիքային համալիրն առավելապես կապված էր խարույկի հետ' կրակ, ծուխ եւ մոխիր բաղադրիչներով: Ս. Մկրտչյանի հավաստմամբ' կրակի զորավոր օգնությամբ մարդիկ փորձում էին ազդել ձմեռվա ցրտաշունչ եղանակի վրա եւ, ըստ այդմ, գուշակություններ անել գերդաստանի անդամների եւ տնտեսության ապագայի վերաբերյալ' սկսած բարեհաջող ծննդաբերության ու ապաքինման ակնկալիքից մինչեւ ցանքի եւ սպասվելիք բերքի առատության ապահովումը:

«Սրբազան խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը «բարաքյաթով» լիներ, թուխսի տակն էին լցնում, որ ճտերն անվնաս դուրս գային։ Չբեր կանայք սրբազան կրակով խանձելով իրենց ներքնազգեստի փոքրիկ հատվածը' դրանով իսկ պտղաբերություն էին ակնկալում: Բարեհաջող ծննդաբերելու համար մոխիրը լուծում էին ջրի մեջ եւ խմեցնում ծննդկանին,-ասում է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:-Կրակի ածխով նաեւ մառանի եւ տան երդիկներին գծում էին շրջանակներ չար աչքից խուսափելու համար: Խարույկն այրած մոմերի մի մասը պահում էին, որ հետագայում դրանք վառելու միջոցով «երաշտի ու կարկուտի դեմն առնվի»: Այդ նպատակով Լոռիում խարույկի մոխիրը խառնում էին Ս. Սարգսի տոնական փոխինձին եւ կարկուտի ժամանակ շաղ տալիս դեպի երկինք կամ այգիների մեջ: Եթե տանը հիվանդ կար, նրան երդիկով հանում էին տանիք' սուրբ դեզի մոտ, որպեսզի նա շուտ ապաքինվի»:

Համաձայն Հայագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի' Հայաստանի պատմաազգագրական մարզերում (Այրարատ, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Շիրակ, Սյունիք) անցկացված էթնոսոցիոլոգիական հետազոտությունների' խորհրդային տարիներին նկատվում էր Տերընդեզի աստիճանական անկման որոշակի միտում, որը պայմանավորված էր ավանդական այդ տոնի, մասնավորապես նրա կրոնական-եկեղեցական բաղադրիչները մերժող քաղաքականությամբ, նոր սերնդի հակակրոնական դաստիարակությամբ եւ տոնի մասին տեղեկատվության բացակայությամբ: Վերոնշյալ հետազոտության տվյալներով' 80-ական թվականներին Տերընդեզը նշում էր բնակչության 16%-ը:

«Խորհրդային ժամանակներում ամեն տեսակ կրոնական ավանդույթ արգելվում, ճնշվում էր: Այն վատ տարիներին ընտանիքի համար բավարար հաց ունենալն արդեն տոն էր. հատուկ տոնական պատրաստություն տեսնելու հնարավորություն մարդիկ չունեին: Բայց մայրս, որն, ի դեպ, աթեիստ էր, երբեք չէր անտեսում Տերընդեզը: Մեր այգուց հավաքում էինք չորացած ճյուղերը, խարույկ վառում բակում, կանչում հարեւան երեխաներին, նորահարսներին ու սկսում պտտվել կրակի շուրջ: Այնքան էինք թռնում խարույկի վրայով, որ ուժասպառ ընկնում էինք: Հետո մայրս բոլորին չիր էր բաժանում ու մի բաժակ տաք թեյ հյուրասիրում»,-պատմում է 75-ամյա Ժորես Դանիելյանը:

Մնալով եկեղեցական տոնացույցի գլխավոր տոներից մեկը' Տերընդեզը 90-ականների վերջում գրեթե կրկնապատկեց իր վարկանիշը: Այդ են վկայում գյուղական բնակավայրերում (աճել է 37%-ով) եւ քաղաքաբնակների շրջանում (աճել է 33%-ով) անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները: Մեր օրերում Տերընդեզը մեծամասամբ համարվում է նորահարսների տոն, որոնց ամենաբաղձալի երազանքը' մայրանալը, իր խորհրդավոր զորությամբ իրականացնում է ծիսական խարույկը:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter