HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Շախմատիստի քաղաքականությունը, կամ նախագահական ընտրությունների առաջին փուլը սկսված է

Մայիսին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններն այնքան էլ նոր Աժ ձևավորելու խնդիր չեն լուծելու: Այն պատասխանելու է ընդամենը մեկ հարցի. կհաջողվի՞ գործող նախագահին խորհրդարանում ունենալ բացարձակ  մեծամասնություն, թե՞ ոչ:

Եվ քանի որ Սերժ Սարգսյանը հիմա ընդամենը մեկ քաղաքական ուժի` ՀՀԿ-ի կողմից է լիարժեք վստահություն ու աջակցություն վայելում, հենց նրա որակյալ մեծամասնությունը ձևավորելու խնդիրն է դրված:

Այս իմաստով խորհրդարանական ընտրությունները նույնիսկ կարելի է 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջի փուլը համարել: Որոհետև եթե նա չկարողանա խորհրդարանում մեծամասնություն ձևավորել, կորցնելու է գործընթացները վերահսկելու քաղաքական և վարչական լուրջ ռեսուրսներ:

Իշխանությունը պահելու համար ստիպված է լինելու նոր կոալիցիա ձևավորել իր շուրջը` ոլորտների ու պորտֆելների վերաբաշխման ժամանակ շատ ավելի լուրջ զիջումների գնալու հաշվին: Քաղաքական այլ ուժերից նաև իր վերընտրությունը երաշխավորող այլ` քրեաօլիգարխիկ շրջանակներից նրա կախվածությունն զգալիորեն մեծանալու է: Դա է պատճառը, որ նա չի ուզում կորցնել ընտրությունների մաժորիտար համակարգը, որը դրված խնդիրը լուծելու ամենակարևոր գործինքն է:

Բայց քաղաքական դաշտում առկա ուժերի ներկայիս հարաբերակցությունը և գործընթացների ընդհանուր միտումները ցույց են տալիս, որ ընտրության առաջին փուլն իր համար շահեկան տարբերակով լուծելու հարցն այնքան էլ անիրականանալի չէ: Դրա համար առկա է արտաքին և ներքին երկու հիմնական նախադրյալ:

1. Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների` այս անգամ գործընթացում վիրտուալ, աներևույթ ներգրավվածություն ունեն նախկին երկու նախագահները: Խոսքը, իհարկե, ոչ թե անմիջական ներգրավվածության մասին է, այլ նրանց տեսակի, աշխարհայացքի, կառավարման նրանց մոդելների և դրանք այս կամ այն կերպ, այս կամ այն չափով պաշտպանող հասարակական, քաղաքական շրջանակների: Մեծ հաշվով, թե խորհրդարանական և թե նախագահական ընտրություններում որոշվելու է, թե արդեն ծանոթ այս երեք ուղղություններից որով է ընթանալու Հայաստանը:

Նրանցից ոչ մեկի պարագայում էլ բավարար որոշակիություն չկա: Նրանցից յուրաքանչյուրի դեպքում էլ հսկայական թերությունների հետ գործ ունենք, և այս առումով սա լինելու է ընտրություն ոչ թե լավ ու վատի միջև, այլ վատերի` հանուն չարյաց փոքրագույնը գտնելու: Բայց խնդիրը տվյալ դեպքում դա չէ: Այլ այն, որ գործող նախագահը մրցակցելու է երկու այնպիսի առանցքների հետ, որոնք ավելի շատ անհանդուրժող են միմյանց նկատմամբ, քան իր: Եվ սա իրական փրկության և հաղթանակի խաղաթուղթ է, որը անցած 5 տարիներին ձեռք է բերվել ներքաղաքական չափազանց նուրբ այն քաղաքական ուղեգծի շնորհիվ, որ վարել է գործող նախագահը:

Մի կողմից նա բավարար չափով տարանջատվեց նախկին նախագահ Քոչարյանից, մյուս կողմից` բավարար չափով մոտեցավ  առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` օգտագործելով այսպես կոչված քաղաքակիրթ երկխոսության մեթոդոլոգիան և նրանցից վերցնելով արտաքին քաղաքական հիմնական շեշտադրումներն ու վեկտորները: Արդյունքում աննկատ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ այդ երկու փոխբացառող կողմերի համար էլ Սերժ Սարգսյանը, իբրև մրցակից, դարձավ առավել ընդունելի տարբերակ: Օգտագործելով նրանց թշնամությունը` Սերժ Սարգսյանը կարողացավ պահել բալանսը և հավասարապես վերահսկելի դարձնել թե մեկ թե մյուս կողմի գործողությունները:

Սա հնարավորություն չի տալիս ձևավորել միասնական ընդդիմադիր բևեռ, որն ընկալվելու էր իբրև իշխանությունների այլընտրանք: Որովհետև առաջին երկու նախագահների տեսակը, արժեքները պաշտպանող քաղաքական շրջանակները հանրապետականի դեմ պայքարելուց զատ կամ առաջ նախ իրար դեմ են պայքարում, և սա չի թողնում անգամ միասնական մոտեցումներ, պայմանավորվածություններ ձեռք բերել գոնե ընտրությունների ընթացքը վերահսկելու համար:

Գործող իշխանության հիմնական խնդիրն այսօր այսպես կոչված ռոբերտքոչարյանական թևում ԲՀԿ-ի շուրջը քաղաքական բյուրեղացում թույլ չտալն է: Որովհետև եթե դա տեղի ունենա, ապա իրեն 2/3-ով սպառած տերպետրոսյանական թևի` ՀԱԿ-ի ֆոնին թե ընտրողների և թե այս թևում գործող ուժերի համար ԲՀԿ-ն ավելի նախընտրելի է լինելու: Իսկ դա գրեթե զրոյացնելու է ՀՀԿ-ի` բացարձակ մեծամասնություն կազմելու շանսերը:

Իսկ որպեսզի դա բացառվի, նախագահն սկսում է օգտագործել այս թևի ամենաթույլ և խոցելի կողմը` ԲՀԿ-ի բովանդակությունը: Չունենալով գաղափարական առանցք՝ այս կուսակցության լինելիությունը պայմանավորվում է իբրև իշխանության մասը կամ կցորդը լինելու հանգամանքով: Գաղափարազրկությունը փոխհատուցվել է` կուսակցությունը  զանգվածային դարձնելով, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նրան, որ ԲՀԿ-ն դարձել է մեծ թվով պատեհապաշտների, իրենց բիզնեսը ապահովագրել ցանկացող օլիգարխիկ շրջանակների, կարիերիստների հանգրվանն ու ինքնադրսևորման միակ միջոցը: Դա հրաշալի գիտեն նաև իշխանությունները: Եվ բավական է ընդամենը այս մարդկանց մեջ թե ԲՀԿ-ի ապագայի և թե նրա լիդերի նկատմամբ համապատասխան դոզայով վախ, անվստահություն և գլխավորը` անապահովության զգացում ներշնչել և կուսակցությունն ուղղակի փուլ կգա թղթե խաղաքարտերից սարքված տան նման:

Բայց խնդրի ողջ նրբությունն այն է, որ նախագահին ձեռնտու չէ նաև այս կուսակցության վերջնական փլուզումը: Որովհետև մի կողմից նա ստիպված է լինելու գործ ունենալու ասպարեզից ԲՀԿ-ի հեռացման հետևանքով առաջացած վակուումն այլ ուժերի կողմից լցվելու և նրանց հետ հարաբերվելու խնդրի հետ, իսկ մյուս կողմից` կանգնելու է ԲՀԿ-ում կուտակված մարդկային ու հատկապես ֆինանսական ռեսուրսները փոշիացումից փրկելու դժվարությունների առջև: Այնպես որ Սերժ Սարգսյանի համար նախընտրելի է այնպիսի որակի ԲՀԿ, որը հեշտ հունցվող խմորի նման կարող է ձևափոխվել իրեն հարմար տարբերակներով:  Այսպիսի ԲՀԿ-ի գոյությունը վերացնում է քաղաքական դաշտում խոշոր, այլընտրանքային  միավորումների ստեղծման նախադրյալները:

Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի լուծել այս խնդիրը, ապա ընտրապայքարում տերպետրոսյանական և քոչարյանական համեմատաբար թույլ թևերի պայքարի սլաքները կուղղի միմյանց դեմ` և հանրությանը կներկայանա ոչ միայն իբրև մրցակցությունից դուրս, այլև երկու ծայրահեղ բևեռների համեմատ ավելի նախընտրելի կողմ: Սա մարտավարություն է, որն այս պահին սկսել է կիրառել նրա թիմը:

2. Սերժ Սարգսյանի երկորդ գլխավոր ձեռբերումն այն էր, որ նա, օգտագործելով ԼՂ հիմնահարցը և հատկապես հայ-թուրքական թնջուկը, օրակարգից առժամանակ հանել է իր արտաքին լեգիտիմության ճգնաժամի հարցը: Նա տարածաշրջանում շահեր ունեցող բոլոր ուժային կենտրոններին կարողացավ արտաքուստ ներկայանալ իբրև վերափոխվելու, համարձակ որոշումներ կայացնելու և կատարելու, բայց որ շատ ավելի կարևոր է` միջազգային հանրության կարծիքի նկատմամբ ավելի զգայուն լիդերի կերպարով: Նա փաստացի մարմնավորում է Հայաստանի հարցում Ռուսաստանի և Արևմուտքի կոնսենսուսային տարբերակ: Եվ չնայած պարզ է, որ այս ամենն ընդամենը իմիտացիա էր ու բեմադրություն, սակայն որպես մարտավարություն, իրեն լիովին արդարացրեց:  

Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն իր թիմով կարողացավ շահել միջազգային հանրության վստահությունը: Այդ կապիտալն օգտագործելով նա հիմա համոզում է, թե կարող է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ` իրականում չտալով դրա որևէ հստակ երաշխիք:

Այս գործոնն, իհարկե, երկրորդական է, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե արտաքին սպասելիքները չարդարացնելու դեպքում ինչ հնարավոր խնդիրների առջև է նա կանգնելու և կանգնեցնելու ողջ երկիրը և արդյոք կկարողանա՞ ոչ լեգիտիմության բեռն ուսերին գնալ նախագահական ընտրություններին: Սակայն ստարտային վիճակում արտաքին աջակցությունը ՀՀԿ-ին կարևոր հոգեբանական առավելություն է տալիս` ձևավորելով այն մտայնությունը, թե նման աջակցության պարագայում հակազդելու, ուժեղ այլընտրանքային միավորումներ ստեղծելու բոլոր նախաձեռնություններն անիմաստ են: Ներկայումս ողջ հասարակական-քաղաքական միջավայրը շնչում ու արտաշնչում է այս մտայնությամբ, որն անկասկած խաբուսիկ է:

Մեկնաբանություններ (2)

Հ. մ.
Հարգելի պարոն Գ.Դ., Ձեր ասած գորշության ձայները նույնպես Ձեզ համար ծաղրի առարկա են?????
Հայ մայր
Ես,պարզ է ,քաղաքագետ չեմ,բայց չեմ կաչող մոռանալ,որ մինչև Քոչարյանի վարչապետ դառնալը ամիսներով թոշակ անգամ չէինք ստանում:Բացի այդ Քոչարյանի ամեն ասածը բանաձևի արժեք ուներ և նման չէր դպրոցական շարադրությունների:Թերություններ,իհարկե,կունենար ինչպես բոլորը,բայց առավելությունները ,իհարկե, գերակշռող էին:Նաև վերլուծած կլինի իր թերացումները և անհրաժեշտ եցրակացություններ արած: Մեզ հիմա անհրաժեշտ է և նրա վճռականությունը և նրա դիրքորոշումը--ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter