HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիկ Մարտիրոսյան. «Սիլիկոզով հիվանդ կլինեն բոլորը` ներառյալ երեխաները»

«Deno Gold Mining Company» ընկերության (սեփականատերը կանադական «Dundee Precious Metals» ընկերությունն է)  կողմից շահագործվող Կապանի Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը մտավ ակտիվ փուլ: Նախագծի հասարակական լսումներն արդեն նշանակվել են մայիսի 20-ին: Կապանի հասարակայնությունը խիստ անհանգստացած է:

«Պայթյուններից հանքավայրի ծանր մետաղներով փոշին կնստի Կապանի վրա: Սիլիկոզով հիվանդ կլինեն բոլորը` ներառյալ երեխաները,- ասում է «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը,- մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել: Մարդիկ պետք է հասկանան, որ բաց շահագործում Կապանում անթույլատրելի է, դա Կապանի վերջն է»:

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանն ասաց. «Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է առողջության եւ առողջ շրջակա միջավայրի իրավունք այդ թվում եւ մեզ` կապանցիներիս համար:

Կապանցիները գիտեն, թե ինչ է հանքավայրի փոշին առանց որեւէ մեկից լսելու: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ կան հանքերում աշխատողներ, կա սիլիկոզ: Եւ հիմա հիվանդանալու ռիսկի տակ կհայտնվի Կապանի ողջ բնակչությունը հանուն ինչի՞, հանուն որոշ մարդկանց խմբի շահույթի՞»,- ասաց Ավագյանը: 

Տեղի բնակիչները, «ԷկոԼուրի» փոխանցմամբ, լավ ծանոթ են Շահումյանի հանքավայրին եւ վստահ են, որ փակ եղանակով շահագործումը ընկերությանը շահույթ կապահովի` պահպանելով Կապանը, որն արդեն իսկ գտնվում է էկոլոգիական աղետի շեմին:

«Թող ընկերությունները շահույթ ստանան, բայց ոչ գերշահույթ մեր առողջության հաշվին»,- կարծում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում բացակայում է Շահումյանի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ` շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումների մասին հայտարարությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter