HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ. ռազմական ոստիկան-վարորդը տարիներ շարունակ անձնական վարորդի ծառայություններ է մատուցել Լևոն Սարգսյանին

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելու դեպքերի առթիվ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մեկ այլ հանցագործության՝ պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից իշխանությունը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ նախաքննությամբ պարզվել է, որ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության դասակի ռազմական ոստիկան-վարորդը, ով հետագայում նույն զորամասում նշանակվել է որպես պահպանության և սպասարկման վաշտի պահպանության և սպասարկման դասակի ռազմական ոստիկան, շուրջ 14 տարի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը, չի հաճախել աշխատանքի և չի կատարել աշխատանքային իր պարտականությունները։ Փոխարենը, վերջինս անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն ԼՍարգսյանին:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ համապատասխան ընթացք չեն տվել զինծառայողի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, ավելին՝ նրան վճարվել է աշխատավարձ, փոխհատուցվել արձակուրդի գումարը, իսկ 2018 թվականի մայիսի 17-ին հատկացվել արձակման նպաստ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով պահեստազոր արձակվելու կապակցությամբ:

Քննության արդյունքներով քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։  

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր:

Նախաքննության արդյունքների մասին քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter