HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Սուբյեկտիվ օբյեկտները, կամ ինչպես «սպանեցին» հորս

ինչպես սպանեցին հորս

Առաջին մանիպուլյատիվ հնարքի հնարավորությունը տվեց պապիս հոր ու մոր սարքած առանձնատունը, որի արտաքին պատերին սուր ծայրերով դարչնագույն ցեմենտն է։ Պապիս ընկերները բակում հավաքվելու ու մինչեւ լույս խաղալու ու խոսելու սովորություն ունեին։ Ռուդիկն ամուսնացած չէրես սիրում էի իրեն, որովհետեւ գիտեի՝ կին չունի, ուրեմն իրավունք ունեմ։ Ես հասկանում էի, որ ինքն ինձնից առնվազն հիսուն տարով մեծ է, բայց դա ինձ առանձնապես չէր խանգարում։ Երբ իրենք տարվում էին խաղով, ես մեծ լարման տակ էի ընկնում, որովհետեւ Ռուդիկի ուշադրությունն ինձնից հանկարծ բեկվում ու սեւեռվում էր խաղաքարտերի վրա։ Ձեռքերս պինդ սեղմում էի ցեմենտի սուր ծայրերին՝ վնասելու աստիճան ու կարմրատակած ափերս պարզում էի Ռուդիկին, աչքերս լցնում։

-Վա՜խ, էս ի՞նչ էղան մեր աղջկա ձեռքերը,- համարյա ամեն անգամ նույն նախադասությունով սկսում էր Ռուդիկը, հետո ինձ նստեցնում էր գոգին ու ասում,- նայի ես ու պապդ էսա ինչ ենք անում սրանց,- ու այդպես շարունակվում էր բլոտի՝ վերջ չունեցող հերթական պարտիան։

«Ավտոգերմաշի» Ռուդիկը (չգիտեմ՝ իսկի «ավտոգերմաշ» բառ կա, թե չէ, բայց իրեն էդպես էին ասում) գնաց Մոսկվադա այդ նույն տարին էր, երբ մեր տան կենտրոնում դրված JVC հեռուստացույցը համարյա թե չէր անջատվում, ու հոկտեմբեր էր, մաման մազերս սանրում էր։ Եվ դա հենց նույն օրն էր, երբ Ազգային ժողովի ամբիոնից մի մարդ խոսում էր, ու կրակոցներ եղան։ Մամայի ձեռքի սանրն ընկավ, ու կինոյի առաջին կադրը տեղի ունեցավ հենց պապիս հոր ու մոր սարքած այդ դարչնագույն պատերով տան առաջին հարկի հյուրասենյակում, որի մեջտեղում ես էի, մի կողմում՝ մեռած Վազգեն Սարգսյանը, մյուս կողմում՝ մաման, որ դանդաղ պիտի վերցներ չորրոդ ատամը կոտրած կանաչ սանրը։

1999-ի հոկտեմբերի 27-ն էր։ Ես պարզ, շատ պարզ հիշում եմ, որ մտածեցի՝ Ռուդիկը հիմա էստեղ լիներ, էդ մարդկանց հետ մեռնելու էր։ Ռուդիկին կորցնելու առաջին տագնապը եղավ հենց այդ օրը, երբ մաման սանրում էր մազերս, ու հենց այդ օրն էլ ավարտվեց, որովհետեւ պապս գցվեց տուն, ասեց «Վազգենին սպանեցին, վսյո էլի նույն կրակի մեջ ենք»։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Հարութի ու Հայկազի հետ (Հարութն ինձնից փոքր էր մեկ տարով, Հայկազը՝ մեկ տարով մեծ)  որոշեցինք պատրաստել մեր հայրերի թղթե կարկասները։ Հայկազն ասեց, որ պենոպլաստն ավելի ճիշտ կլինի կամրջի տակ տեսել է։ Գնացինք։ Հանեցինք պենոպլաստը, երեք թիրախ սարքեցինք (ավելի շատ ձնեմարդ հիշեցնող) ու տարանք 7-րդ դպրոցի բակ։ Հայկազն ասեց՝ պիտի կրակենք իրենց վրա ու Հարութին հրահանգեց«սկսի Անուշի պապայից»․․․ Կրակելու էինք պարսատիկով։

Հարութը հորս «խփեց», ես իր մատը կծեցի, փախա Քիմգործարանի ավերակների միջով, Հարութի մերը՝ Գրետան, կռիվ եկավ մեր տուն, պապս ասաց՝ անհնար է՝ ես նման բան արած լինեմ, պաշտպանեց ինձ, բայց հետո մի երեք ժամ փակեց առաջին հարկի ամենատխուր սենյակում, որտեղ տատիս կարի մեքենան էր ու Սրբուհու՝ պապիս մոր օժիտը (էդ մեր տան հին սենյակն է)։ Ես առաջին զայրույթս հենց այդ սենյակում եմ զգացել, որովհետեւ հորս «խփված» լինելու միտքը չէի մարսում, որովհետեւ Հայկազի ու Հարութի հոր կարկասները էդպես էլ անշարժ էին մնացել։

Ես մինչեւ հիմա մեղքի զգացում ունեմ, որ որեւէ կարեւոր իրադարձություն հորս հետ չեմ կապումինքն էդ ժամանակ Ռուսաստանում էր։ Ռուսաստանում էին նաեւ Հարութի ու Հայկազի հերերը։ Տատս իր տղային՝ իմ հորը, պաշտպանելու համար ասում էր` Հայկազի ու Հարութի հերերը «ալկաշ» են։ Էդ տխուր, ընտանեկան հին սենյակում ես որոշեցի, որ Հարութին ու Հայկազին ասելու եմ, որ իրենց հերերը «ալկաշ» են, իմը՝ չէ։

Պապս ներման ակտն իրականացրեց պայմանով, որ Հարութից ներողություն խնդրեմ, ես համաձայնեցի իհարկե՝ մանիպուլատիվ հնարքս գործի դնելու մտայնությամբ։ Նախ Հարութն արդեն պատժվել էր, առնվազն բութ մատի վնասվածք ուներ, Հայկազը՝ չէ․․․ Ու ես մտածում էի, որ ամեն մեկս մեր հորը «խփելու» հնարավորություն պիտի ունենայինք Հայկազն ամեն ինչ խախտեց, որոշեց, ու Հարութն էլ արեց Հայկազի որոշածը։

Բակային մեր ժողովների համար փայտե կանաչ սեղանիկ կար, որի վրա Հարութի պապը՝ Հրաչիկը, մեկ-մեկ բաժակով «սեմոչկա» էր ծախում։ Հորս «խփելու» հաջորդ օրը Հարութը կանաչ սեղանիկը դրել էր իրենց ցանկապատի դիմաց ու Վերա տատի բախչից գողացած մալինան բաժանել էր երեք մասի։ Ես հաց ու կարագ սարքած դուրս եկա տնից։ Հայկազը սովորաբար ուտելու բան չէր բերում ժողովներին, բայց մենք իրեն դրա համար չէինք մեղադրում։ Էդ օրը Հայկազը թզի ջեմ էր բերել՝ մատնաքաշի մեջ։

Ժողովն սկսվեց ավանդական ձեռքսեղմամբես չգիտեմ՝ որտեղից էինք  ընդօրինակել ձեռքսեղմումը, բայց դա ուրիշ մի արարողակարգ էր նշանակում էր, որ նախորդ օրն ինչ եղել է, արդեն անցած է, որ մենք «մեծ» մարդիկ ենք ու չենք կարող բաժանվել իրարից ստից տուրուդմփոցների պատճառով։ Ես հստակ որոշում ունեի ու գիտեի, որ էդ որոշումը եւ Հարութին, եւ Հայկազին տապալելու է։

Ձեռքսեղմումն ավարտվեց, կերանք ինչ կար-չկար։ Հետո Հայկազը մեծավարի կանգնեց Հարութենց ցանկապատի տակի նստարանին ու հայտարարեց, որ ես էլ կարող եմ իր կամ Հարութի հորը «խփել»։ Հարութը սկսեց լացել։ Ի՜նչ ողբերգական տեսարան էր, ի՜նչ շատ գույն կարէդ կանաչ սեղանիկը, Հարութի կրծած եղունգները, Հայկազի ճաքճքած պռոշները, որ մալինայից գունավորվել էին, Զինա տատը, որը բալկոնից հետեւում էր տեսարանին ու լվացք էր փռում, Վերան, որ ամեն րոպե կարող էր դուրս գալ ու մալինայի համար գոռգռալ մեզ վրա, պապս, որ երեւի սպասում էր՝ իմ ներողությանը, Հայկազի ու Հարութի հոր տրաֆարետները, որ մի ամբողջ գիշեր սպասել էին հաշվեհարդարի, ու հորս տրաֆարետը՝ «խփված»։

- Մենք պապա չունենք, Վազգենին սպանեցին, վսյո էլի նույն կրակի մեջ ենք։

Կարճ, բայց հստակ այս հայտարարությունից հետո ասացի, որ այսօրվանից մենք իրար պաշտպանելու համար պիտի «արյուններս խառնենք»։ Իմ «խփված» հոր տրաֆարետը թաղեցինք Հարութի ու Հայկազի հերերի «կենդանի» տրաֆարետների հետ ու դոշակ կարելու ասեղով ծակեցինք մեր ցուցամատերը, կպցրինք իրար։ Դա առաջին մեծ դաշինքն էր՝ մեր հերերի «թաղումից» րոպեներ անց։

Մտածում եմ՝ ինչ տխուր էր, որ մեր հերերը միջամտության հնարավորություն չունեին, որ իրենց կենդանի կամ մեռած թաղում էինք, ու չէին կարող ականջներս ձգել, փակել մեզ տներում, «հայրանալ»։ Դա երեւի իրենց մեղքը չէր, եւ մերն էլ չէր, բայց մենք արդեն ծնվել էինք, արյուն էինք խառնում, հաշվեհարդարներ էինք տեսնում, Վազգենի մեռնելու հետ կապում էինք տեսարաններ, թռնում էինք դասից, «գերեզմանը» չոր խոտով ծածկում էինք, գետից հանած քար էինք դրել էդ թմբի վրա։ Անկախության իսկական կրողներ, որոնց հերերին տարել էր Ռուսաստանը, որոնց սերերին տարել էր Ռուսաստանը, որոնց սերերի հերերին տարել էր պատերազմը։ Մենք դրա հիման վրա էինք դաշնակից դարձել, որովհետեւ ընտանեկան ընթրիքները երկար տեւել չէին կարող, որովհետեւ համտեսելու շատ բան չկար, որովհետեւ պատառաքաղները տարբեր էին, որովհետեւ մեր պապերն ու տատերը մռայլ էին, մայրերը՝ մտահոգ ու երեւի նաեւ կարոտած, փոքրերը՝ լացկան։

Հայկազն ու Հարութը, չնայած մեր՝ արյունով կքնված ընկերությանը, շուտով «նոր թաղեր» գնացին, էնտեղ վալեյբոլային մրցարշավ էր կազմակերպվել, իսկ ես զզվում էի գնդակով խաղերից։ Այդպես նաեւ վերջ տրվեց մեր «կանաչ սեղանիկ» համերաշխության կոալիցիոն ժողովներին, ու ես որոշեցի՝ այսուհետ գործում եմ մենակ։ Մենք առանց բառերի արդեն բաժանվել էինք «գերեզման» մենակ ես էի գնում։

Մի քանի տարի հետո Հարութի հայրը մահացավ, իմ հայրը ծանր վիրահատություն տարավ, Հայկազի հերը էդպես էլ չեկավ Ռուսաստանից։ Էդ ընթացքում քաղաքի կայանամերձ հատվածում տեղադրեցին Վազգեն Սարգսյանի կիսանդրին։ Էդ ընթացքում ես որոշեցի լրագրող դառնալ ու գնալ էն քաղաքից, որտեղ առաջին «թաղումն» էի կազմակերպել։

***

Սեղանները ընտանեկան տոների, ամանորի, տարբեր առիթների ու նաեւ դագաղների համար են։ Ես չգիտեմ՝ ինչու է ամեն բան պտտվում հենց այդ մի սեղանի շուրջ, բայց վախենում էի, որ պապիս դագաղը չափից շատ ծանր կլինի այդ թույլ ոտքերով սեղանի համար։

99-ի Հոկտեմբերի 27-ից անցել էր տասնչորս տարիՀայկազն ու Հարութը Ռուսաստանում էին, Վազգեն Սարգսյանի կիսանդրին, ձեռքերը խաչած, հայացքը՝ դեպի հոսպիտալ թեքած, մեծ քարի մի կտոր` ձյունով ծածկված, խրոխտ ձեւով շարունակում էր մնալ քաղաքի կենտրոնում։ 2013-ի փետրվարին պապս մեռավ։ Մայրաքաղաքից Վանաձոր ընկած ճանապարհը անընդհատ հիշեցումների տարբեր կետերում դանդաղեցնում էր ընթացքսոլորանների ներքեւում անտեսված մի շենք կար, ու ես որոշել էի այդ շենքին կենդանություն տալ․․․ Այն ժամանակ դեռ մտածում էի, որ դա իմ, Հարութի ու Հայկազի ռեստորանը կլինի, մենք էդտեղ կդիմավորենք ու կճանապարհեինք Թիֆլիս գնացող- եկողներին։ Մտածում էի, եթե մենք մեր հերերին «թաղեցինք», ուրեմն ոչինչ մեզ բաժանել չի կարողոչ աղքատությունը, ոչ անտերությունը, ոչ վախը։

Ուշացել էիսեղանը հենց այն էր, ինչից վախենում էի։ Ինչ-որ դրվագներ հետ բերելու համար, ես այդ սեղանին ավելի կապված էի, քան մարդկանց, ովքեր ներսուդուրս էին անում, ափսոսում, որ պապս անժամանակ գնաց։ Ափսոսացողները նաեւ վախենում էին իրենց անժամանակ գնալու համար, ես վախ չէի զգում, բաց ցավում էի բոլորի համար, ովքեր այս քաղաքին կպած են այնքան, ինչքան իմ ընտանեկան պատմություններն այդ սեղանին։

Ռուդիկը Մոսկվայից եկել էր պապիս թաղմանը։ Գրկեցի իրեն, քիթս մտցրի վերարկուի մեջ ու մնացի էդպես մի քանի րոպե։  Հեռացանք սեղանից, նստեցինք բազմոցին, բացեցի շոկոլադը ու սուրճ խմեցինք, իմացա, որ այդպես էլ չի ամուսնացել, որ շատ է ցավում հորս հետ պատահածի համար, որ պապիս մահը իր ապագա մահն է գծագրում, որ այս քաղաքը մնացել է այնպես, ինչպես իր մանկության ժամանակ էր․․․ Եվ որ հիշում է իմ կարմրատակած ձեռքերը եւ գիտի, որ երջանիկ եմ լինելու։

սուբյեկտիվ օբյեկտների զրույցից

-հնարավոր է՝ թույլ ենք,
-հավանական է՝ թույլ ենք եւ վախենում ենք,
-բայց գուցե այդ թուլություններով պիտի հպվենք իրար,
-եւ բացարձակ չէ, որ թուլությունը պաշտպանություն չէ,
-եւ մտածում եմ, որ ուժեղ դրսեւորումները թույլ կետերի ամբողջություն են,
-չգիտեմ պատմություն, որտեղ չկան դրանք,
-եղել են ապակիներ, որոնք այդ թուլությունից կոտրվել են,
-հավանաբար մեկը փոխանցել է դա իր տղային,
-մյուսը՝ աղջկան,

-հավանաբար այդ աղջիկը կամ տղան իրենց հորը թաղելիս մտածել են դրա մասին,

- եւ անձրեւ է եկել, հողը թուլացել ու բացել է անցքերը,
- եւ թերեւս պատմությունը փխրունությունը թաքցրել է,
- եւ եղել են կայսրեր, ովքեր փառահեղ չեն տապալվել,

-եւ եղել են նրանք, ովքեր անուն չեն ստացել,

-ովքեր չեն ծնվել,
- եւ եղել են միջնորդներովքեր ճանապարհի կեսից փոխել են հաղորդագրությունը,
- եւ նրանից շատերը այդպես էլ տեղ չեն հասել․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter