HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշվետու թեկնածուները․ ի՞նչ ունեցվածք ունեն նրանք - 2

«Հետք»-ն անդրադարձել էր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերին: Տեխնիկական խնդիրների պատճառով ԿԸՀ-ից չէին տրամադրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սուրեն Սահակյանի, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության թեկնածու Լևոն Շիրինյանի և «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Լուսինե Հարոյանի գույքի ու եկամուտների հայտարարագրերը: Նշված 4 թեկնածուներն էլ զբաղեցնում են իրենց քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները:

Այժմ ներկայացնում ենք նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերից տեղեկություններ:

declarations_final.png (466 KB)

Մեթոդաբանություն․ պատկերում դասավորել ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներին՝ ըստ ունեցվածքի մեծության։ Նշված հերթականությունն է ստացվում նրանց թե՛ ֆինանսական միջոցները, թե՛ գույքը հաշվարկելիս։ Պատկերում, սակայն, ներկայացրել ենք միայն ֆինանսական միջոցները։ Արտարժույթով լրացված գումարը վերածվել է ՀՀ դրամի՝ 30․11․2018-ի փոխարժեքով և գումարվել։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի՝ անշարժ գույք չունի: Հայտարարագրված է միայն 2012թ. արտադրության Hyundai Sonata 2.4 մակնիշի ավտոմեքենա:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածուի եկամուտները կազմում են մոտ 12 մլն 500 հազար դրամ, որից 3 մլն 919 հազար դրամը «Անտարես» ընկերությունից ստացած ռոյալթին է, իսկ մնացածը Ազգային Ժողովից և կառավարությունից ստացած աշխատավարձն է: Նիկոլ Փաշինյանը, որպես դրամական միջոց, նշել է նաև ունեցած 1800 դոլարի մասին:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սուրեն Սահակյանը Երևան քաղաքում սեփականության իրավունքով ունի 108 քմ մակերեսով տուն և մոտ 32 քմ մակերեսով ավտոտնակ: Սակայն, ըստ հայտարարագրի՝ թեկնածուն ավտոմեքենա չունի:

Սուրեն Սահակյանն անհատ ձեռնարկատեր է, եկամուտն էլ գոյացել է բացառապես ձեռնարկատիրական գործունեությունից՝ 17 մլն 232 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, թեկնածուն հայտարարագրել է 5 մլն դրամ և 19 հազար դոլար:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության թեկնածու Լևոն Շիրինյանը համասեփականության իրավունքով Երևան քաղաքում ունի 64 քմ մակերեսով բնակարան: Նա շարժական գույք, թանկարժեք որևէ այլ գույք չունի:

Եկամուտը գոյացել է տարբեր աղբյուրներից ստացված աշխատավարձից, որն ընդհանուր կազմում է 8 մլն 220 հազար դրամ: Լևոն Շիրինյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանի հայտարարագրի համաձայն՝ համասեփականության իրավունքով ունի մոտ 82 քմ բնակարան Երևան քաղաքում: Շարժական գույք չունի:

Եկամուտը կազմել է 2 մլն դրամ, որն ըստ թեկնածուի նշագրման՝ «ընտանեկան եկամուտ» է: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Լուսինե Հարոյանն ունի 1 մլն դրամ և 2000 դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter