HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Բարձր սար էր, կատարին՝ Նիկոլը»

ԱԺ արտահերթ ընտրությունները գյուղերի կիսամեռած կյանքին որոշակի աշխուժություն են բերել: Ընտրական հանձնաժողովները աշխատելու կարճաժամկետ հնարավորություն են, և հանձնաժողովների որոշ նախագահներ այդ գործին ներգրավված են ընտանիքներով:
Աշխատանքիս բերումով՝ եղա Տավուշի մարզում, մասնավորապես՝ Դովեղում, Զորականում (Չարդախլու), Կողբում:

Քաղաքականությունը գյուղացիների կյանք է մտել հնարավոր բոլոր տարբերակներով: «Բարձր սար ա, կատարին՝ Նիկոլը: Ուզում եմ բարձրանամ, նրան հասնեմ, ասեմ՝ զգույշ եղի, բայց չեմ կարողանում՝ մշուշ ա, մառախուղ, անձրև»,- երազն ինձ է վստահում Կողբ գյուղի բնակչուհի տիկին Անիկը (անձնագրով՝ Լամարա Աբովյանը)՝ ակնկալելով, որ կկարողանամ մեկնել իր երազը:

Անհարմար զգացի ասել, որ դա ոչ այնքան քաղաքական, որքան սոցիալական բովանդակության երազ է: Այն, որ տիկին Անիկը երազում անձրևին ու մառախուղին չի կարողացել հաղթահարել ճանապարհը, լրիվ հավանական է: Գյուղերում, անգամ թեթև անձրևը ձեզ համար «Շերբուրգյան անձրեւանոցներ» ֆիլմի ռոմանտիկան չէ: Թեթև խոնավությունից ճանապարհներն անանցանելի են դառնում՝ հնարավորություն չտալով անգամ երազում հաղթահարել դրանք, առավել ևս, եթե նպատակ ես դրել հասնել սարի կատարին նստած Նիկոլ Փաշինյանին…

Դովեղում կենդանի շունչ հանդիպելու փորձերս տապալվեցին:
Ինչպես տիկին Անիկի երազում, ամպամած ու մշուշապատ օր էր: Ճանապարհներն անանցանելի էին, և մոլորված երկու հավից բացի՝ գյուղի փողոցներում ոչ ոք չկար:
Դովեղը սահմանամերձ գյուղ է. Ադրբեջանին սահմանակից է 19 կմ երկարությամբ: Ադրբեջանական դիրքերի եւ Դովեղի միջեւ հեռավորությունը 2 կմ է:

Մանկապարտեզի եւ դպրոցի շենքերն ուղիղ հակառակորդի նշանառության թիրախում են:
Փոխարենն աշխույժ էին Կողբի փողոցները, քանի որ շաբաթ օր էր, և գյուղում հարսանիք կար: «Ու՞մ հարսանիքն է»,- հետաքրքրվեցի: «Քոչնանց Գորգնանց ըռսանիքն ա»,- «սպառիչ» պատասխանեց գյուղացիներից մեկը:
Գյուղերում ավանդույթը, երբ հարսանիքին մասնակցում է ողջ գյուղը, պահպանվել է:

Զրուցակիցներս թեև ունեին ընտրությունների ֆավորիտ, սակայն հուսահատված ասում էին, թե Տավուշի մարզում նրա ղեկավարած ուժի պատգամավորության թեկնածուներն «ա»ն «բ»-ից չեն տարբերում. «Գիդեմ ոչ, ձեռս կոտրելով դրանց ընտրե՞մ, ի՞նչ անեմ»։

Առհասարակ, ոգևորությունն առանձնակի զգալի չէր. սոցիալական խնդիրները ոգևորության վրա սառը ջուր լցնելու սովորություն ունեն:
Ահա, Նոյեմբերյան քաղաքում գազիֆիկացման խնդիրը լուծված է գրեթե 100 տոկոսով, սակայն նոյեմբերյանցիներին պետության այդ հոգատարությունը չի գոհացրել: Գազը թանկ է, և, միևնույն է, մարդիկ հիմնականում նախընտրում են վառարաններ դնել, փայտով կամ աթարով լուծել ջեռուցման հարցը:
Զորական (Չարդախլու) գյուղում ևս փողոցները դատարկ էին: Գյուղապետարանի շենքում հանդիպեցի գյուղապետին, մի քանի բնակիչների:

Գո՞հ են իրավիճակի փոփոխությունից: Տխուր ժպիտով ասում են՝ գոհ ենք: Գյուղապետարանում ցուրտ է: Գյուղապետը, մյուսները վերարկուներով են:

Մլեհ Ղազարյանը պատմում է, որ երեսուն տարի է՝ գյուղը խմելու ու ոռոգման ջրի խնդիր ունի: «Ազգը ներկայացնելու համար մեջ են բերում մարշալներ Հովհաննես Բաղամյանի, Համազասպ Բաբաջանյանի անունները, բայց երեսուն տարի ա ջուր չունենք, բաղնիք չունենք: Ջուր քաշելու հնարավորություն էլ չկա:

Պետությունը ստաբիլ աջակցություն չի ցուցաբերել: Ինչ էլ արվել ա, մեր անձնական միջոցներով, Ռուսաստանում ապրող մեր գյուղացիերի նվիրատվությամբ ա արվել»: Զորական գյուղում Ադրբեջանի Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից տարհանված ու այստեղ՝ Զորականում, բնակություն հաստատած հայերն են:

Մարշալներն էլ, հայտնի է, հենց Չարդախլու գյուղից էին: «Մենք մեր միջոցներով, ամեն տարի մի բան արել ենք, հույսով, որ մի օր կգա, ու պետությունն էլ կմիանա մեզ: Հիմա էլ պոմպակայան տեղադրելու, ներքին ցանցի խնդիր կա: Հույսներս չենք կտրում: Բայց ոչ մեկի վրա էլ հույս չենք դնում:

Պետք լինի՝ ձեռքով, պետք լինի՝ ուսով, կկառուցենք: Բայց դե ժամանակն ա, որ կառավարությունն արդեն պատասխան տա իր գյուղերի համար»,- ասում է Զորականի համայնքապետ Սուրեն Մարտիրոսյանը:

Զորականի մյուս լուրջ խնդիրը համայնքի կարգավիճակի հարցն է.
«Մեր գյուղը Կողբի հետ խոշորացրին. Կողբը սահմանամերձ է, մենք սահմանամերձի ստատուս չունենք: Նիկոլին ուզում ենք խնդրել՝ վերանայել այս հարցը:

Սահմանամերձ է համարվում մինչև Բերդավան գյուղը, մենք մնացինք դրսում: Ուսանողներ ունենք, վարելահողերը մշակելու խնդիր ունեն գյուղացիները, այսինքն՝ ոչ մի արտոնություններ չունենք»,- ասում է համայնքապետը:

Հարցնում եմ՝ ինչպե՞ս ընդունեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միտքը, թե «350 000 մարդ ճռռում է, որ պահի 800 000 մարդու», գյուղացիներից մեկն արձագանքեց.
-Եթե Նիկոլը ասում է, ուրեմն ճիշտ է ասում, ինքը չի կարող սխալ ասի:
-Ինչի՞ չի կարող,- հարցնում եմ:
-Ասեց՝ նպաստով կոտրել են մարդկանց: Էդտեղ ճշմարտություն կա: Օրինակ՝ շատ գյուղացիներ կան, որ նպաստով ապրում են, ասում են՝ եթե գնամ աշխատեմ, նպաստից կկտրեն:
-Բայց նպաստը չափազանց համեստ գումար է,- ասում եմ:
-Տեսեք,- զրույցին միջամտում է մեկ ուրիշը,- ես գնում եմ անտառ, ծնեփակ ենք հավաքում, մի միլիոն դրամի ծախում ենք, հոն ենք հավաքում, ծախում, բայց դա՝ մի քանի օր: Բա տարվա մնացած օրերի՞ն ինչ անենք: Գործարաններ, կարող ա՞ , կան, չենք աշխատում:

Գյուղապետն ասում է, որ անասնապահություն, այգեգործություն էլ կա, անգամ կիվիի ու բանանի այգիներ կան, բայց ամեն բան անում են սեփական միջոցներով, սեփական ռիսկերով:

Իսկ նպաստառուները կառչած են նպաստից, քանի որ, ճիշտ է, նպաստը քիչ է, բայց ստաբիլ է: «Շատ մարդկանց լինտյայության ա սովորացրել նպաստը: Անգամ վախենում են գնան Վրաստանից մի քանի կիլո մանդարին բերեն. նպաստից կզրկվեն: Կասեն՝ ուրեմն եկամտի այլ աղբյուր ունի, բերեք նպաստ չտանք: Եթե հնարավորություն լինի մանդարին, պոպոք բերի, բայց նպաստի վրա չազդի, լավ կլինի: Այսինքն՝ նպաստի հետ նաև մարդկանց աշխատելու հնարավորություն տան: Բայց մարդիկ անգամ Բագրատաշեն չեն գնում, տո, անգամ Վրաստան, Ռուսաստան հարսանիքի չեն գնում, որ նպաստը չկտրեն»,- ասում է Զորականի բնակիչ Ավետ Գրիգորյանը:

Համայնքներում մարդիկ, անկախ իրավիճակի փոփոխությունից, այնքան էլ ազատ չեն արտահայտում իրենց կարծիքը: Հարցնում եմ՝ այս կառավարությունից գո՞հ եք:
-Դու՛ք ասացեք, Դու՞ք ինչ խնդիրներ եք տեսնում,- հարցին հարցով է պատասխանում Զորականի բնակիչ Ռուբեն Գասպարյանը:

-Օրինակ, կադրային շատ նշանակումներ ինձ համար անընդունելի են, կոնկրետ լուծումները ուշանում են,-ասացի ես:
Արձագանքս որոշակիորեն լիցքաթափեց մթնոլորտն, ու գյուղացիներն անկեղծացան. նման կադրերով, որոնք աշխատանքային ճանապարհ չեն անցել, անփորձ են, երկար ճանապարհ անցնել հնարավոր չէ:
Հնչեցին կոնկրետ անուններ, սակայն այսօր, լռության օրը, դրանք չենք կարող հրապարակել:

08.12.2018

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter