HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարգացած պետություն, տնտեսական առաջընթաց և ներգաղթ. ուջանցի բժշկի տեսլականը

Արագածոտնի մարզի 18/21, 18/22 ընտրատեղամասերը տեղակայված են Ուջան գյուղում: Ի տարբերություն Աշտարակ քաղաքի մի շարք ընտրատեղամասերի, Ուջան գյուղի երկու ընտրատեղամասերում նկատելի ակտիվություն կար, խանդավառ զրույցներ ընտրության շտապող գյուղացիների շարքերում:

Նկատելով լրագրողի` պապիկները խոսքի իրավունք էին պահանջում, հորդորում անպայման նկատել իրենց գյուղի ակտիվությունը: Իմ հարցին, թե արտառոց դեպքեր չեն նկատել ընտրատեղամասերում, տարածքում, պապիկներից մեկը պատասխանեց . «Ո՞վ կռնա, միլպեդ լէ մեր գյուղից է, գինա՞ս, ազնիվ, արդար, ժողովրդասեր տղա է, շատ մաքուր կաշխատի, ինք լէ կհեդևի ամբողջ մեր մարզի կարգուկանոնին»:

Խոսքը Արագածոտնի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի մասին է, որը քվեարկեց Ուջանի 18/21 ընտրատեղամասում:

Երկու հանձնաժողովների ԲՀԿ-ական նախագահները գոհ են ընտրական գործընթացից, որևէ խախտման փորձ նույնիսկ չեն նկատել, աշխատում են համակարգված: 

18/22 ընտրատարածքի բակում հանդիպեցինք գյուղացիների «փրկիչ», ընտրական գործընթացներում մշտապես ակտիվ Նաիրի Մանվելյանին (առաջին նկարում ինքն է): Ըստ բժիշկ Մանվելյանի` Ուջանում բոլոր ընտրություններին իրական, առողջ մրցակցություն է եղել, այս անգամ ևս բացառություն չէ. «Ուջանն արտացոլում է հայաստանյան այսօրվա պատկերը, ասես փոքրիկ Հայաստան է ամբարված Ուջանի ներսում: Ուջանցին միշտ, այսօր հատկապես ընտրում է իր կամքին համապատասխան, չի ընկրկել, պայքարել է և այժմ երկրի ապագայի, երազած ապագայի իրագործման համար է ընտրում»:

Բժշկի խոսքով` ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ակնառու է ընտրողների բարձր տրամադրությունը, հավատն առ սեփական քվեի կարևորությունը: 

Զարգացած պետություն, տնտեսական առաջընթաց և ներգաղթ, այս է ուջանցի բժշկի տեսլականը:

Մարիամ Սիրունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter