HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել երեկ Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ.

«Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը:

Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և
«Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ:

Այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն են մեր երկրում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո: Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Մաղթում եմ նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter