HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տեղական դիտորդների պնդմամբ՝ 30 տարվա մեջ առաջին ժողովրդավարական ու ազատ ընտրությունն է կայացել

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրին երեկ կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները։

«Թրանսփարնեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն» կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով` ընտրությունների եւ քարոզչության ընթացքում ունեցել են երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդություն իրականացնող դիտորդներ, ովքեր առնչվել են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների, կուսակցությունների աշխատանքին, հետեւել վարչական ռեսուրսի չարաշահումներին, ընտրակաշառքին։ Սոնա Այվազյանը նշեց, որ տեղի է ունեցել ազատ եւ մրցակցային ընտրական գործընթաց, որտեղ կուսակցությունները հավասար աշխատելու հնարավորություն են ունեցել։

«Էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, բարեգործության առումով, այսպիսի դեպքերը բավականին քիչ են եղել, քաղաքացիները կաշկանդված չեն եղել եւ ասել են, որ որեւէ մեկը իրենց չի անհանգստացրել, տնետուն չի այցելել, ճնշում չի գործադրվել»։

Արձանագրված խախտումների մեջ նա առանձնացրեց վարչական ռեսուրսի չարաշահման մի քանի դեպք, քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից մի քանի խախտում, ատելության խոսք տարբեր կողմից: «Այս խնդիրիներին անպայման պետք է անդրադարձ կատարել եւ հաջորդ ընտրություններին շտկել»,- ասաց Սոնա Այվազյանը։

Տեխնիկական խնդիրները, ըստ Սոնա Այվազյանի, մի քանի տոկոս են կազմել եւ ընտրության վրա ազդեցություն չեն ունեցել. «Միակ խնդիրը հենաշարժողական խնդիր ունեցող անձանց հետ է եղել, ընտրատեղամասերի 48 %-ը չեն ապահովել հենաշարժողական խնդիր ունեցեղ անձանց մուտքը տեղամաս»։ Ըստ «Թրանսփարնեսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» տնօրենի՝ քվեարկության ընթացքը եւ գաղտնիության ապահովումը եղել է հիմնականում օրենքի սահմաններում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւս տվյալներ ներկայացրեց: Նա նշեց, որ քարոզարշավին եւ ընտրական գործընթացին ներկա են եղել 84 դիտորդներ, ովքեր իրականացրել են երկարաժամկետ դիտորդություն, իսկ 600 դիտորդներ իրականացրել են կարճաժամկետ դիտորդություն։ Դիտարկվել է երեք հարյուր տեղամաս եւ ընդամենը երեք դիտորդի նկատմամբ է ճնշման փորձ կատարվել, մեկի դեպքում փորձ է արվել դիտորդին հեռացնել ընտրական տեղամասից։  Ընտրական ցուցակների 89,7 % դեպքում խախտումներ չեն արձանագրել, հիմնական խախտումը կապված է եղել մահացած անձանց փոխարեն ստորագրությունների հետ:

«Ընտրողների ուղղորդված հոսք դեպի ընտրատեղամաս չի իրականացվել։ Մի քանի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է ընտրատեղամասերի 27%-ում»,- ասաց դիտորդական կազմակերպության ղեկավարը։

Ա. Սաքունցի պնդմամբ՝ շատ խախտումներ կապված են հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպչական ունակության հետ, ուստի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը պնդում է, որ հանձնաժողովների անդամները եւ նախագահները պետք է անցնեն կառավարման պրոցեսների լուրջ դասընթացներ, որպեսզի ընտրական պրոցեսները որակյալ անցնեն։ Նա նշեց, որ երեկ եղել են դեպքեր, երբ  քվեասենյակներում գտնվել են վկայական չունեցող անձինք։ «Չպետք է անտեսել նման դեպքերը, քանի որ այդ անձինք չպետք է լինեն ընտրատեղամասերում»։ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ եթե համեմատեն նախորդ ընտրությունների հետ, դիտարկումները ցույց են տալիս, որ հրահանգներ չեն եղել։

«Այս ընտրությունները 30 տարվա մեջ ամենամոտն են ժողովրդավարությանն ու ազատ ընտրություններին»,- եզրափակեց Սաքունցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter