HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ավտոմեքենաների միջով՝ դեպի դպրոց

Երեւանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի սաներից ու նրանց ծնողներից ահազանգ ենք ստացել այն մասին, որ ամեն օր մեծ վտանգ են հաղթահարում՝ հատելով դպրոց տանող հետիոտնային անցումը։

Դպրոցը գտնվում է Օրբելի եղբայրների փողոցում, ոչ այնքան բարենպաստ ռելիեֆի վրա։ Փողոցը թեքություն ունի, ինչը մեծացնում է հետիոտնի՝ վրաերթի ենթարկվելու ռիսկը։

Օրբելի-Բաղրամյան խաչմերուկի ուղղությունից դեպի Կիեւյան փողոց երթեւեկողները զառիվար են իջնում, ինչը մեծացնում է շարժման իներցիան, դժվարացնում մեքենայի կառավարումը։ Հետիոտնի համար վտանգավոր է հատկապես ձմռանը, երբ ճանապարհներին մերկասառույց կամ ձյուն է։ Ականատեսները պատմում են, որ լինում է՝ մեքենաները հետիոտնային անցման մոտ արգելակում են ու սահում ներքեւ` կորցնելով կառավարումը։

Դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանն ասում է, որ երկար տարիներ պետական մարմիններին առաջարկել է ինչ-որ լուծում գտնել, թեկուզ վերգետնյա կամ ստորգետնյա անցում կառուցել։ Տեղանքը թույլ չի տալիս՝ պատասխանել են։

Դպրոցի աշխատակազմը վրաերթերը կանխելու իր տարբերակն է գտել։

Դպրոցի անվտանգության աշխատակից Սարգիս Գալստյանը նաեւ ուղեկցողի պարտականություններ ունի։ Նա աշակերտներին եւ ուսուցիչներին օգնում է հատել հետիոտնային անցումը։ Հրահանգներ է տալիս վարորդներին, արգելակելու նշան տալիս, եւ միայն համոզվելուց հետո, որ վտանգ չկա, դպրոցականները հատում են անցումը։ Այսպես է և´ առավոտյան, և´ կեսօրից հետո, երբ դասերն ավարտվում են։

Հարցին, թե արդյոք հնարավոր չէ թիվ 83 դպրոցի մոտ լրացուցիչ միջոցներ կիրառել, Ճանապարհային ոստիկանության ՃԵԿ հսկողության բաժնի պետ, փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը պատասխանեց, որ առաջիկայում դպրոցականները ստիպված չեն լինի անցումը հատել բարձր ռիսկի պայմաններում։

«Մենք այդ հատվածը ուսումնասիրել ենք։ Ուզում ենք վերականգնել լուսացույցը։ Ճիշտ է՝ մեր բալանսում չէ, բայց մենք կվերականգնենք լուսացույցի աշխատանքը։ Հիմա հաշվարկներ են կատարվում, եւ կարճ ժամանակում դպրոցի հարակից հետիոտնային անցումը կահավորված կլինի լուսացույցով»,- վստահեցրեց փոխգնդապետ Կոստանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter