HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մշակող արդյունաբերությունն ամրապնդում է դիրքերը հանքարդյունաբերության նվազման հաշվին

Հայաստանի արդյունաբերության ոլորտում այս տարի կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենում. մշակող արդյունաբերության կշիռն ավելանում է, ինչը, սակայն, տեղի է ունենում հանքարդյունաբերության ծավալների կրճատման հաշվին։

Այս տարվա առաջին տաս ամիսներին (հունվար-հոկտեմբեր) արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները Հայաստանում, ընթացիկ գներով, կազմել են շուրջ 1 տրլն 409 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերության ծավալն աճել է 4.5%-ով։

Աճն ապահովել է մշակող արդյունաբերությունը, մասամբ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ հանքարդյունաբերության ոլորտում  երկնիշ անկում է արձանագրվել։

Հանքարդյունաբերության անկումը սկսվել է փետրվարից

Հանքարդյունաբերությունը հունվար-հոկտեմբերին, ապահովել է Հայաստանի ամբողջ արդյունաբերության 17.8%-ը։  Ծավալը կազմել է մոտ 251 մլրդ դրամ։ Դա հիմնականում մետաղական հանքաքարի արդյունահանումն է։ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ՝ հանքարդյունաբերության ծավալները նվազել են 13%-ով։  

Իսկ եթե տվյալները դիտարկում ենք մեկ ամսվա կտրվածքով, այսինքն՝ այս տարվա հոկտեմբերը 2017թ. հոկտեմբերի համեմատ, ապա ամբողջ արդյունաբերությունն աճել է  8.1%-ով։ Մասնավորապես, մշակող արդյունաբերության աճը կազմել է 13.4%, իսկ հանքարդյունաբերության ծավալները նվազել են 14.7%-ով։

Նույն կերպ, երբ համեմատում ենք տարվա մյուս ամիսների ցուցանիշները 2017թ. նույն ամիսների հետ, տեսնում ենք, որ հանքարդյունաբերության ոլորտի անկումը սկսվել է փետրվարից։ Ինչպես տեսնում եք ստորև եղած առաջին ինֆոգրաֆիկայում (տե՛ս կապույտ գիծը),  փետրվարին հաջորդող ամիսներին նվազման տեմպերը տատանվել են։ Ամենամեծ անկումը գրանցվել է սեպտեմբերին։  

Այս տարվա հունվարին պարզ դարձավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում, որը շահագործում է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, աշխատանքները դադարեցվել են։ Հետագայում հայտարարվեց, որ Թեղուտի շահագործումը դադարեցվել է գործարանի՝ միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով և որ «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսել է կառուցել 2-րդ պոչամբարը։  

Թեղուտի աշխատանքների դադարեցմամբ է մեծապես պայմանավորված հանքարդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը, քանի որ այն մեծ դերակարում ունի այս ոլորտում։ Ինչպես նշված է «Վալլեքս» խմբի կայքում, որի ընկերությունների խմբի մի մասն է նաև «Թեղուտ» ընկերությունը, Թեղուտը Հայաստանում շահագործվող երկրորդ խոշորագույն հանքավայրն է։ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան կտրվածքով արտադրել ավելի քան 100 հազար տոննա պղնձի և ավելի քան հազար տոննա մոլիբդենի խտանյութ:

Թե երբ կվերսկսվեն Թեղուտի աշխատանքները, հստակ ժամկետներ հայտնի չեն։  Օգոստոսին «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանը այս կապակցությամբ նշել է, որ նվազագույնը մեկ տարվա գործ է և տեսականորեն կարող է տևել 1.5 տարի

Սրանից ենթադրվում է, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումը շարունակվելու է նաև եկող ամիսներին։

Հանքարդյունաբերության ծավալների կրճատման բացասական ազդեցությունը մեծ է արտահանման ծավալների և այս ոլորտում գործող խոշոր ընկերությունների վճարած հարկերի վրա։ Երբ հրապարակվեն այս տարվա տարեկան տվյալները, այդ պարտկերն արդեն կերևա։

Ապրիլ-մայիս ամիսներին ամբողջ արդյունաբերությունն է անկում ապրել

Ի տարբերություն հանքարդյունաբերության՝ մշակող արդյունաբերության ծավալները աճում են՝ բացառությամբ ապրիլ և մայիս ամիսների։ Կրկին նայելով առաջին ինֆոգրաֆիկան (տե՛ս կարմիր գիծը)՝ կտեսնեք, որ հունվարին գրանցվել է արդյունաբերության ամենաբարձր աճը։ Հետագայում տեմպերը նվազել են, ապրիլ-մայիսին արդեն անկում է գրանցվել։ Իսկ հունիսից հետո դինամիկան նորից դրական է։  

Մշակող արդյունաբերության աճը լրացրել է հանքարդյունաբերության անկումը, որի արդյունքում, եթե դիտարկենք, ամբողջ արդյունաբերության դինամիկան, ապա կտեսնենք, որ անկում է գրանցվել միայն ապրիլ-մայիս ամիսներին (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիական, դեղին գիծը)։

Ապրիլ-մայիսին, ինչպես նշեցինք, նվազել են թե՛  հանքարդյունաբերության, թե՛ մշակող արդյունաբերության ծավալները։ Որոշ տնտեսագետներ համարում են, որ դա երկրում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով է եղել։ Սակայն, եթե մշակող արդյունաբերության պարագայում դա բացառել չի կարելի, ապա հանքարդյունաբերության դեպքում տեսնում ենք, որ անկումը սկսվել է մինչև հեղափոխությունը։

Այսօր մշակող արդյունաբերության կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի արտադրությունները։ Վիճկոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ հոկտեմբերին գրանցված աճին ամենաշատը նպաստել են սննդամթերքի ու ծխախոտի արտադրությունը։

Եվ ոչ միայն հոկտեմբերին, այլև՝ մյուս ամիսներին ևս սննդամթերքի ու ծխախոտի արտադրությունը էական նշանակում է ունեցել մշակող արդյունաբերության ընդհանուր ծավալի վրա։ Տաս ամիսների տվյալներով՝ մշակող արդյունաբերության 26.2%-ն ապահովել է սննդամթերքի արտադրությունը, իսկ 16.7%-ը՝ ծխախոտի արտադրությունը։

Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում մոխրագույն գծով ներկայացված է արդյունաբերության ծավալների կուտակային աճը, այսինքն՝ ոչ թե նշված մեկ ամիսը, այլ տարեսկզբից մինչև նշված ամիսն ընկած ժամանակաշրջանը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Օրինակ՝  տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիսին) արդյունաբերության ծավալը 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.7%-ով։ Բնականաբար, հանքարդյունաբերության կրճատման պարագայում, կուտակային աճի տարվա սկզբում գրանցված տեմպերը ևս չեն պահպանվել։

Վերջին շրջանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ու նրա թիմակիցները մի քանի առիթով նշել են մեր տնտեսության մեջ, մասնավորապես՝ արդյունաբերության կազմում, հանքարդյունաբերության կշիռը նվազեցնելու, մյուս ճյուղերի կշիռն ավելացնելու անհրաժեշտության մասին։

«Մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող ու խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական եւ արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկիր: Հենց այսօր այս գործընթացը տեղի է ունենում Հայաստանում»,- նոյեմբերի 1–ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Ն. Փաշինյանը։

Քիչ ուշ իր խոսքում նա հավելեց. «Արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է ցածր՝ 0.9 տոկոս աճ՝ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Թեղուտում խնդիրներ կան, հանքարդյունաբերության ոլորտի ցուցանիշն ընդհանուր տնտեսության վրա մեծ է: Բայց նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ վերամշակող արդյունաբերությունում ունենք 11.4 տոկոս աճ: Այս թվերը խոսում են մի բանի մասին՝ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը լրջորեն ավելացել»։  

Փորձենք թվերով հասկանալ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, և արդյոք ստեղծված իրավիճակը կարելի է դրական գնահատել կամ համարել Փաշինյանի կառավարության աշխատանքի արդյունքը։

Այսպիսով, այս տարվա հունվար-հոկտեմբերի տվյալներով՝ մշակող արդյունաբերությունը զբաղեցնում է Հայաստանի ամբողջ արդյունաբերության 65.7%-ը։ Հանքարդյունաբերության կշիռը, ինչպես նշեցինք, 17.8% է։ Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն ապահովում է արդյունաբերության 15%-ը, իսկ մնացած 1.5%-ը բաժին է ընկնում ջրամատակարարմանը։

2017թ. նույն ժամանակաշրջանում մշակող արդյունաբերության կշիռը կազմել է 62.2%, հանքարդյունաբերությանը՝ 20.5%, Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման կշիռը՝ 15.7%, իսկ ջրամատակարարմանը՝ 1.6%:

Ինչպես տեսնում եք, իսկապես, մշակող արդյունաբերության կշիռն ավելացել է այս տարի (3.5 տոկոսային կետով), հանքարդյունաբերությանը՝ պակասել (2.7 տոկոսային կետով)։ Սա տեղի է ունեցել հանքարդյունաբերության արտադրանքի նվազման հետևանքով և բնականաբար այս ոլորտը իր տեղը որոշակիորեն զիջել է մշակող արդյունաբերությանը։ Իսկ նվազումը սկսվել է դեռևս փետրվարից՝ նախորդ իշխանությունների կառավարման ժամանակ։

Բոլոր դեպքերում, մշակող արդյունաբերության ծավալների աճը դրական երևույթ է մեր տնտեսության համար, սակայն դրա կշռի ավելացումը հանքարդյունաբերության ծավալների նվազման հաշվին չի կարող դրական համարվել և ներկայացվել որպես հաջողություն։ Առողջ տնտեսական աճի պարագայում պետք է աճի և´ հանքարդյունաբերությունը (կամ գոնե չնվազի), և´ մշակող արդյունաբերությունը։ Եվ որպեսզի հանքարդյունաբերության կշիռը նվազի ընդհանուր արդյունաբերության կազմում, պետք է շատ ավելի արագ տեմպերով աճի մշակող արդյունաբերությունը։ Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում այսօր, դժվար է համարել բացարձակ ձեռքբերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter