HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գարեջրի համը կփոխվի. ընդունվել է «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը

Վերջերս ռուսական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ալկոհոլային արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում նախատեսում է փոփոխություններ կատարել:

Մասնավորապես՝ ռուսական աղբյուրը նշում է, որ ըստ այդ փոփոխությունների, գարեջրի արտադրության մեջ թույլատրվելու է օգտագործել ավելի քիչ ածիկ և ավելի շատ շաքար պարունակող նյութեր, ինչը նշանակում է, որ գարեջրի համը, ապա նաև որակը փոփոխվելու են:

Նախկինում սահմանված նորմերով՝ ածիկի քանակը պետք է լիներ 80 %-ից ոչ պակաս: Գարեջրում թույլատրվում էր միայն 20 %-ը փոխարինել ոչ ածիկային հումքով և շաքարային ապրանքով: Վերջինիս ապրանքային ծավալը չպետք է գերազանցեր 2 %-ը:

Իսկ այժմ ածիկի պարտադիր քանակը նվազեցվել է մինչև 50 %, ինչը նշանակում է, որ գարեջրի կեսն արդեն կարող է լինել այլ հացատեսակ և շաքարանյութ:

Հայաստանում գարեջրի ներմուծման ծավալները վերջին 4 տարում 2000 տոննայով ավելացել են, իսկ արտահանման ծավալները, ընդհակառակը՝ նվազել են մոտ 1100 տոննայով, ինչը գումարային առումով կազմում է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար:

Գարեջրի արտահանում/ներմուծում
Infogram

Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդունել է «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը, որի մեջ մտնում են վերը նշված փոփոխությունները:

Դրանք վերաբերում են ոչ միայն գարեջրին: Օրինակ, տեխնիկական կանոնակարգում ներառվել են նաև ալկոհոլային խմիչքների նոր տեսակներ, որոնք մինչ այժմ ազգային կանոնակարգերում ներառված չէին՝ ապերիտիվ, օրիգինալ ալկոհոլային խմիչք և այլն:

«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը սահմանում է այն չափանիշները, որով արտադրանքը համարվում է ալկոհոլային: Մասնավորապես, ըստ այդ չափանիշների՝ ալկոհոլային արտադրանքի ցանկին են դասվում նաև այն սննդային ապրանքները, որոնք պատրաստված են էթիլային սպիրտի (կամ առանց դրա) օգտագործման, վերջիններս էլ իրենց հերթին պարունակում են կամ պատրաստված են 0.5 % էթիլային սպիրտի ծավալային մաս պարունակող պարենային հումքից:

Տեխնիկական կանոնակարգով՝ 7 և ավելի տոկոս ալկոհոլ պարունակող խմիչքներն այլևս չեն համարվում թույլ ալկոհոլային խմիչքներ, և մակնշման մեջ այդ մասին պետք է նշված լինի: 

Փոփոխությունները վերաբերում են նաև միության անդամ երկրներում ալկոհոլային ապրանքների արտադրությանը, պահպանմանը, տեղափոխմանը, իրացմանն ու վերամշակման պարտադիր պայմաններին: Սահմանում են ապրանքի մակնշման, փաթեթավորման և գնահատման մի շարք պարտադիր պահանջներ:

Դրանք ապահովելու դեպքում՝ ԵԱՏՄ երկրներում այլևս չեն կիրառվի լրացուցիչ պայմաններ ալկոհոլային ապրանքների նկատմամբ, քան նախատեսված է այս կանոնակարգով:

Կանոնակարգին համապատասխանելու դեպքում՝ արտադրանքն ազատ կարող է մտնել ԵԱՏՄ երկրների իրացման ցանց:

Տեխնիկական կանոնակարգն արդեն ընդունվել է, սակայն լիարժեք ուժի մեջ կմտնի 2 տարուց: Դրանով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փորձում է ալկոհոլային ապրանք արտադրողների համար սահուն անցում ապահովել:

 

Նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter