HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, կաշառք, սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել. Արմեն Գևորգյանը մեղադրանքը չի ընդունում

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է երեք հոդվածով: Այս մասին «Հետք»-ին ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Վերջինիս խոսքով՝ Գևորգյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-300.1 հոդվածի 1-ին մասով։ Խոսքը մասնավորապես պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափի կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մասին է:

Հիշեցնենք, որ Գևորգյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև արդարադատության կայացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսել և հետաձգել է նախկին փոխվարչապետի խափանման միջոցի գործով նիստը, և այն կշարունակվի վաղը:

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Ըստ ՀՔԾ-ի՝ նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Մինչ այս պահը Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Ստացվում է, որ մեղադրանքը լրացնելուց հետո քննչական մարմինը գտել է, որ Գևորգյանին կալանավորելու անհրաժեշտություն կա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter