HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Յուրի Խաչատուրովի որդին ներկա է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով դատական նիստին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Նիստերի դահլիճում, ի թիվս այլ քաղաքացիների, ներկա է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը: Թե ինչու է վերջինս եկել նիստին, ինչ հարաբերություններ ունի Հայկ Սարգսյանի հետ, այս պահին դեռևս պարզ չէ:


Այսօր առաջին անգամ դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված, նրա նախկին մտերիմ ընկեր, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը: Նա ազատության մեջ է, սակայն դատարան էր ներկայացել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ, քանի որ նրա նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել, և ոստիկանությունն ապահովում է նրա և ընտանիքի անվտանգությունը: 

Ամբաստանյալ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց, որ ոստիկանները նստեն տուժողի կողքը: Ըստ պաշտպանի՝ դատարան չի ներկայացվել որևէ ապացույց նրանց՝ ոստիկանության աշխատակից լինելու վերաբերյալ: Մեղադրող Աբգար Առաքելյանն էլ նկատեց, որ այժմ դատարանում քննվող գործի շրջանակներում Սիմոնյանի նկատմամբ պաշտպանության միջոց չի կիրառվել:

Դատարանի որոշմամբ՝ ոստիկանները տեղափոխվեցին ապակիներից այն կողմ, որտեղ գտնվում են նիստին հետևող քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելու) հատկանիշներով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Սարգսյանի նկատմամբ ի սկզբանե խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, սակայն հետագայում, երբ գործն ուղարկվել է դատարան, դատավոր Աննա Դանիբեկյանը 50 մլն գրավի դիմաց որոշել է գրավ կիրառել նրա նկատմամբ: Սարգսյանն այժմ ազատ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter