HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդուժի կորուստները պատերազմում եւ դրանից հետո

Դեկտեմբերի 4-ին Մարալիկի մոտ աղետի ենթարկված «Սու-25» գրոհային ինքնաթիռի վերաբերյալ քրգործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանման եւ երկու օդաչուների մահվան հանգամանքների վերաբերյալ քննություն է ընթանում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Շատ բան կախված է ինքնաթիռի «սեւ արկղերի» պարունակության վերծանումից:

«Սու-25»-ի կորուստը առաջինը չէր մեր օդուժի պատմության մեջ, չնայած ամենացավալիներից էր, քանի որ տեխնիկայից զատ նաեւ մարդկային կորուստ ունեցանք:

Մի քիչ հետ գնալով պատմության մեջ՝ հիշեցնենք, որ անկախությունից առաջ Հայաստանում տեղակայված էր ԽՍՀՄ 7-րդ գվարդիական համազորային բանակը, որի կազմում 1990-ի նոյեմբերի դրությամբ, ի թիվս այլ ստորաբաժանումների, գործում էին «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված առանձին ուղղաթիռային էսկադրիլիան (ուներ 7 հատ «Մի-24», 3-ական «Մի-24Կ» եւ «Մի-24Ռ», 5 հատ «Մի-8» ուղղաթիռ), ինչպես նաեւ Լենինականում տեղաբաշխված խառը ավիաէսկադրիլիան (ուներ 5 հատ «Մի-8» եւ 1 հատ «Մի-6» ուղղաթիռ):   

Քանի դեռ Հայաստանը չուներ իր ռազմական ավիացիան, Արցախյան պատերազմի ժամանակ գլխավորապես հումանիտար նպատակներով օգտագործվում էին քաղաքացիական օդանավեր՝ «Յակ-40» ինքնաթիռներ եւ «Մի-8» ուղղաթիռներ, որոնք հակառակորդի հարձակումներից անմասն չմնացին:

1992-ի ամռանը նախկին խորհրդային ավիացիոն զինտեխնիկան սկսեց աստիճանաբար փոխանցվել անկախացած Հայաստանին, ինչին զուգահեռ էլ կառավարությունը ՊՆ-ին փոխանցեց հանրապետական աերոակումբն ու «Արզնի» օդանավակայանը, որոնց հիմքի վրա 1993-ի ապրիլի 1-ին կազմավորվեց ՊՆ ավիացիոն ուսումնական կենտրոնը, որը հետո կոչվելու էր Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

Ըստ ՊՆ ավիացիայի վարչության առաջին պետ Ալեքսանդր Աբրահամյանի՝ 1992-ի հունիսի 17-ին նախկին խորհրդային էսկադրիլիայից առաջին ուղղաթիռը փոխանցվեց Հայաստանին: Ռազմական օդաչու Սերգեյ Յազջյանի ասելով էլ՝ հունիսի 21-ին առաջինը օդ բարձրացան 2 հատ «Մի-24» եւ 1 հատ «Մի-8»: Սակայն շատ շուտով նորաստեղծ հայկական օդուժը կորուստ ունեցավ:

1992-ի հունիսի 23-ին «Մի-8» ուղղաթիռը, որում բարձրաստիճան անձինք կային, Երեւանից թռչում էր Ստեփանակերտ: Անվտանգության համար դրան ուղեկցում էր 2 հատ «Մի-24Պ»: Ղուբաթլուի հատվածում հայկական ուղղաթիռների վրա հակառակորդը գետնից կրակ բացեց, ինչի պատճառով երկու մարտական օդանավերը հարկադիր վայրէջք կատարեցին թշնամու կողմից վերահսկվող տարածքում՝ Ջիջիմլի գյուղի մոտ (այդ ժամանակ չնայած բացվել էր Լաչինի միջանցքը, այն երկու կողմից դեռեւս «սեղմված» էր): Այդուհանդերձ, «Մի-8»-ը, որի հրամանատարը փոխգնդապետ, 1-ին կարգի օդաչու Բորիս Խաչատուրովն (Դեդ) էր, թշնամու կրակոցների տակ կարողացավ հաջողությամբ էվակուացնել վթարված ուղղաթիռների անձնակազմերին եւ հեռանալ Գորիսի ուղղությամբ: Այստեղի օդանավակայանում վայրէջքից հետո «Մի-8»-ի վրա հրազենային կրակի 16 հետք հայտնաբերվեց, սակայն ամենամեծ կորուստն այն էր, որ հայկական «Մի-24»-երից մեկը վառվեց ամբողջությամբ, իսկ մյուսը, որ նույնպես վնասվել էր, ադրբեջանցիները կարողացան վերականգնել եւ ընդգրկել իրենց օդուժի մեջ:

Հունիսի 26-ին, ՊՆ ավիացիայի վարչության ներկայիս պետ Ավետիկ Մուրադյանի տեղեկացմամբ, հենց Բ. Խաչատուրովը «Մի-24»-ով կատարեց ՀՀ օդուժի առաջին մարտական թռիչքը: Ու պատահական չէ, որ հենց հունիսի 26-ն է նշվում որպես ՀՀ ռազմական ավիացիայի հիմնադրման օր:

Իսկ 1992-ի օգոստոս-սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակման էր անցել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ուղղությամբ, Ա. Աբրահամյանի փոխանցմամբ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ջանքերով Հայաստան բերվեցին առաջին 2 «Սու-25» գրոհային ինքնաթիռները (այդ թվում՝ մեկ ուսումնամարտական «Սու-25ՈւԲ»), ինչպիսիք մեր երկրում չկային:

Այդուհանդերձ, ստացվեց այնպես, որ մերոնք կրկին շատ արագ կորցրին գրոհայիններից մեկը: 1992-ի սեպտեմբերի 4-ին կապիտան Մելիք Մելիքյանի «Սու-25»-ը Ստեփանակերտի երկնքում սխալմամբ խոցվեց յուրայինների կրակից՝ Արցախի հակաօդայինների կողմից: Մելիքյանը կատապուլտի օգնությամբ լքեց վթարված օդանավը, ապա պարաշյուտով բարեհաջող վայրէջք կատարեց, չնայած տեղացի հայերը, նրան ադրբեջանցու տեղ դնելով, ծեծի ենթարկեցին: Դրանից հետո՝ սեպտեմբերի 16-ին, Մելիքյանը երկտեղանոց «Սու-25ՈւԲ»-ով գրոհեց ադրբեջանական դիրքերը: Նույն ամսում մերոնք ձեռք բերեցին եւս 1 «Սու-25», իսկ նոյեմբերին՝ 4 հատ, ինչի արդյունքում ձեւավորվեց գրոհային ավիաէսկադրիլիա:

1993-ի փետրվարի 26-ին Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտ թռիչքի ժամանակ վթարի ենթարկվեց 30-ամյա հրամանատար Մկրտիչ Ավդալյանի «Մի-24»-ը: Ավդալյանը կարողացավ գյուղի տարածքից հեռացնել ուղղաթիռը, սակայն վթարային վայրէջքի ժամանակ ծանր վիրավորվեց եւ ստացած վնասվածքներից մահացավ հիվանդանոցում:      

1993-ի օգոստոսի 2-ին Շիրակի երկնքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ աղետի ենթարկվեց ավագ լեյտենանտ Արսեն Դիշչեգենյանի «Սու-25»-ը: Օդաչուն զոհվեց:  

Արդեն հրադադարից հետո՝ 1995-ի հուլիսի 14-ին, Արցախում մարտական առաջադրանք կատարելիս վթարի ենթարկվեց գնդապետ Բորիս Բաբայանի եւ մայոր Սամսոն Սամսոնյանի «L-39» ուսումնամարտական ինքնաթիռը, երկուսն էլ զոհվեցին:

2000 թ. հունվարի 19-ին Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի մոտ ուղղաթիռի վթարից զոհվեցին անձնակազմը, այդ թվում՝ գնդապետ Բորիս Խաչատուրովը, ինչպես նաեւ ռազմական բժիշկներ:

2014-ի նոյեմբերի 12-ին Արցախ-Ադրբեջան սահմանին հակառակորդը «Իգլա» համալիրով խոցեց շփման գծի արցախյան հատվածի երկայնքով ուսումնամարզական թռիչք կատարող, չզինված «Մի-24» ուղղաթիռը, որն ընկավ չեզոք գոտում՝ ադրբեջանական Աղդամի շրջանի Չեմենլի բնակավայրի ուղղությամբ: Զոհվեցին անձնակազմի բոլոր 3 անդամները՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը: Չնայած հակառակորդի ստեղծած շարունակական խոչընդոտներին՝ նոյեմբերի 22-ին Արցախի ՊԲ-ն հայտարարեց, որ հատուկ գործողության միջոցով զոհվածներից մեկի (Ա. Սահակյանի) աճյունը, մյուս երկուսի մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր տարհանվել են:   

Հ.Գ. Չենք պնդում, որ վերը ներկայացվածը ՀՀ օդուժի մարտական եւ ոչ մարտական կորուստների ամբողջական պատկերն է: 

Լուսանկարները՝ mil.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter