HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ` Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին «Հետք»-ին ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Պաշտպանը նշեց, որ թեև Ղազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ իրենց միջնորդությունը, որն ավելի վաղ էր ներկայացվել, մերժվել է, այսօր` կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում ևս մեկ անգամ Ղազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել: Ըստ Հարությունյանի՝ իրենք գրավի չափ են նշել երկու կամ երեք միլիոն դրամը, որը դիտարկում են իբրև նվազագույն չափ:

Ավելի վաղ գրել էինք այն մասին, որ պաշտպանական կողմը դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, ինչը փաստորեն, մերժվել է:

Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ղազարյանը իր վերաբերյալ նիստին բերվել էր դատարան: Վերջինս, պաշտպանի խոսքով, դատարանում նույն հայտարարությունն է արել, ինչն այսօր տարածվել էր լրատվամիջոցներում:

Հիշեցնենք, որ Ղազարյանը հունիսի 27-ին կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 27-ին: Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter