HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանի հայրը պնդում է, թե որդուն սպանել են ոստիկանները. տուժողի կինը համաձայն չէ

ՊՊԾ գնդի գրավման օրերին գնդի տարածքում սպանված  Յուրի Տեփանոսյանի հայրն ու կինը սպանության հանգամանքների վերաբերյալ լուրջ տարաձայնություններ ունեն: Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, պնդում է, որ սպանությունը գործել են ոստիկանները, իսկ կինն, ով նույնպես ոստիկանական համակարգում է աշխատում, կարծում է, որ ոստիկանը նման արարքի ընդունակ չէ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 12-ին տևական ընդմիջումից հետո ՊՊԾ-ի գրավման գործով նիստ տեղի ունեցավ, որի շրջանակներում դատարանը Տեփանոսյանի հորը՝ Վահրամ Տեփանոսյանին, հեռացրեց գործի վարույթից, իսկ կնոջը՝ Արփինե Թումասյանին, նորից ներգրավեց որպես տուժողի իրավահաջորդ:

Նշենք, որ ի սկզբանե որպես Տեփանոսյանի իրավահաջորդ է ներգրավված եղել Արփինե Թումասյանը, սակայն դատական նիստերից մեկի ժամանակ Տեփանոսյանի հայրը ներկայացել էր դատարան ու հայտնել, որ ցանկանում է այսուհետ ինքը ստանձնել որդու իրավահաջորդությունը: Դատարանը, կարծելով, թե դա արվում է Արփինե Թումասյանի համաձայնության պայմաններում, վերջինիս փոխարինել էր Վահրամ Տեփանոսյանով:

Նախորդ դատական նիստին Արփինե Թումասյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ համաձայն չէ իրեն գործի վարույթից հեռացնելու որոշման հետ, ուստի դատարանը, ընդունելով, որ իրավունքի խախտում է թույլ տրվել, որոշում էր կայացրել Թումասյանին ծանուցել այսօրվա դատական նիստի մասին ու դատական նիստով լսել նրա դիրքորոշումը:

Թումասյանին լսելուց հետո դատարանը որոշեց նրա՝ Տեփանոսյանի իրավահաջորդությունը շարունակելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել ու Վահրամ Տեփանոսյանին հեռացնել վարույթից:

Դատական նիստից հետո Վահրամ Տեփանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Թատրոն է, կապիկություն է, այստեղ դատավարություն չկա: Տղային 2,5 տարի է՝ սպանել են, փոխանակ տղայիս մասին խոսեն, գործը բացեն, եկել են՝ իրավահաջորդ, կինը, հայրը: Էս ի՞նչ ա, ոնց որ թատրոն լինի, կամ մահ, կամ ազատություն՝ երկուսից մեկը»:

Հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ ոստիկաններն են սպանել իր տղային, Վահրամ Տեփանոսյանն ասաց՝ կապացուցեմ, կտեսնենք.

«Հիմա չեմ ուզում ասել, մի հատ ծառ կար հունվարին, երբ փորձաքննություն արեցին, հիմա այդ ծառը կտրել են, որովհետեւ երբ այդ ծառը կար, դիպուկահարը չէր կարող խփել որդուս...Սերժը, Վովան, Գուգոն՝ երեքով խփին տղուս, տղուս գլուխը կերան, որ քցեն «Սասնա ծռերի» վրա, շտուրմ անեն: Մի հատ ոստիկան պիտի մեռներ, իմ տղային են խփել, էդ էլ հետո կասեմ, թե ինչու են խփել, հիմա, որ ասեմ ապացույցները կվերացնեն»,- վրդովված ասում էր սպանված ոստիկանի հայրը:

Վահրամ Տեփանոսյանի  խոսքով՝ որդին տարաձայնություններ է ունեցել իր հրամանատարի՝ Գուրգեն Գրիգորյանի հետ:

«Տղես ասաց՝ պապա ջան, ժողովրդին չեմ ծեծում, ինձ ուզում են հակա հանեն: Իմ տղան էլ իր հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէր եղել, դուխով տղաների չէր սիրում ասել է՝ այս մարդուն խփեք»,- ասաց Վահրամ Տեփանոսյանը:

Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, թե չի հավատում, որ ոստիկաններն ունակ են նման արարքի: Թումասյանը հայտարարեց, որ դեմ է համաներմանը:

 «Ի՞նչ համաներման մասին ա խոսքը, էդ թեման փակեք, ամոթ ա: Մենք չենք ընդունում, որ իրենց պետք է համաներեն, կոնկրետ ես դեմ եմ: Իրենց բանտերից բաց թողնելը ծիծաղելի ա, մենք չգիտենք դեռ՝ ինչ է կատարվում, ո՞նց կարելի էր իրենց բանտերից բաց թողնել, իրենք պետք է հետ գնան, բանտերում փտեն, իրենց կանայք իրենց պետք է ճաղերի հետևից տեսնեն, գոնե մեզ մխիթարանք լինի, որ մենք երկուսուկես տարի ա՝ այսպես մղկտում ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արփինե Թումասյանը:

Լուսանկարում՝ Արփինե Թումասյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter