HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչների նամակը կուսակցություններին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը

«Ժառանգություն» կուսակցությանը

Հայ Ազգային Կոնգրեսին

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը

«Օրինաց երկիր» կուսակցությանը             

Ինչպես տեղյակ եք, 2010 թվականին Նալբանդյան 106/1 հասցեում 2005թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտմամբ նախկին մանկապարտեզի տեղում սկսվեցին բազմահարկ շենքի շինարարական աշխատանքներ, որոնք այժմ պաշտոնապես կասեցված են:

Ավելի քան երեք հարյուր ընտանիքի երեխաներ զրկվեցին մանկապարտեզից, բակից, առողջ կենսամիջավայրից, որի փոխարեն կառուցապատողը նախատեսել է մանկապարտեզը տեղավորել բարձրահարկ շենքի առաջին հարկում, որի տակ ստորգետնյա երկհարկ ավտոկայանատեղի պետք է գործի:

Նախատեսվող բազմահարկ շենքերը իրական վտանգ են ներկայացում հարակից շենքերին, և առաջացրել են բնակիչներիս արդարացի դժգոհությունը: Մեր բակը, որն այժմ վերածվել է շինհրապարակի, պարփակված է 50-60-ական թվականներին կառուցված 4-7 հարկանի բնակելի շենքերով: Մեր ստացած բոլոր պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվող շինարարությունը բակի կենտրոնում անթույլատրելի է բնապահպանական, քաղաքաշինական նորմերի և սեյսմիկ անվտանգության առումով: Հայտնում ենք, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարից ստացել ենք 09.09.2011-ի N7/153/1743-1 պատասխան գրություն, որում մասնավորապես ասված է, որ հարակից շենքերի սեյսմակայունությունը չի համապատասխանում Երևանի տարածքի համար ՀՀՇՆ II-6.02-2006թ. նորմերով սահմանված չափանիշներին, ուստի սեյսմիկ ռիսկի տեսանկյունից այդ շենքերը համարվում են խոցելի:

Այսպիսով, բազմահարկի հիմնափորման աշխատանքների ընթացքում կարող են վտանգվել և վնասվել հարակից հին շենքերի հիմքերը, վերանալու է բակի կանաչ տարածքը՝ կենսունակ հաստաբուն ծառերով, խաթարվելու է շրջակա շենքերի համար լույսի և քամու շարժը՝ ամառային ամիսներին միջավայրը դարձնելով մարդկանց համար անտանելի մի վայր: Առանց այդ էլ խիտ բնակեցված տարածքը դառնալու է գերխիտ բնակեցված` դրանից բխող երթևեկության, դեպի բակ մուտք ու ելքի դժվարություններով և աղմուկով:  

Դիմելով ձեզ, որպես Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժի, հայցում ենք ձեր անհապաղ միջամտությունն ու աջակցությունը ձեր լիազորությունների շրջանակներում՝ օգնելու նշված տարածքի բնակիչներին կանխել հերթական անհիմն և աղետաբեր շինարարությունը Նալբանդյան 106/1 հասցեում և ձեր լիազորությունների շրջանակներում նպաստել, որպեսզի նշված տարածքի բարեկարգումը իրականացվի ոչ թե հեթական էլիտար շենքի կառուցմամբ, այլ բնակիչների մեծամասնության համար ընդունելի տարբերակով:         

Մենք դիմել են համապատասխան բոլոր ատյաններին, անգամ դատարան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Առայժմ, ցավոք, ապարդյուն:

Երախտագիտությամբ նշում ենք, որ մինչ այժմ նշված խնդիրը բարձրաձայնել և մեզ գործնականում աջակցել են «Ժառանգություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների պատգամավորները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի լրջությունը և գրեթե փակուղային իրավիճակը՝ ստիպված ենք կրկին դիմելու՝ ընդգծելով խնդրի հրատապությունն ու լրջությունը և հայցելով ձեր աջակցությունը:

Վստահ ենք, որ ձեր ծանրակշիռ խոսքն ու դիրքորոշումը կարող են նպաստել հանրության առջև ծառացած այս կենսական խնդրի լուծմանը, ինչը նաև դրական նախադեպ կհանդիսանա նմանատիպ այլ խնդիրների լուծման համար:

Լիահույս ենք, որ ձեր կուսակցությունը անտարբեր չի գտնվի բնակիչների բողոքի ձայնի հանդեպ և իր դիրքորոշումը կհայտնի անօրինական քաղաքաշինության ձևավորված արատավոր պրակտիկայի վերաբերյալ: 

Հարգանքով՝ 

Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյան,

Նալբանդյան և Ավագ Պետրոսյան

փողոցների բնակիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter