HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Լուկաշենկոն ինչո՞ւ վիրավորեց Հայաստանի վարչապետին

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձնական վիրավորանքներ հասցրեց Հայաստանի վարչապետին։ Նախ աղավաղեց Նիկոլ Փաշինյանի անունը՝ նրան անվանելով Նիկոլայ, հետո կոպտագույն կերպով վիրավորեց՝ հրապարակայնորեն հարցնելով, թե ինչո՞ւ էր իր լեզուն մտցրել հայտնի վայրը և վախեցել Ռուսաստանի նախագահին դժգոհություն հայտնելուց Ադրբեջանին զենք վաճառելու համար, այլ սլաքները ուղղում էր միայն Բելառուսի կողմը։

Սա աննախադեպ երևույթ է ՀԱՊԿ-ի պատմության մեջ, երբ մի երկրի նախագահը հրապարակայնորեն վիրավորում է մեկ այլ երկրի նախագահի։ Ինչո՞ւ էր այդպես բորբոքվել Բելառուսի նախագահը։

Ռուսաստանի և Բելառուսի միջև պարբերաբար կոնֆլիկտներ են ծագում, և սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահին մեղադրանքներ է ներկայացնում։ Կոնֆլիկտների հիմնական պատճառը տնտեսական է և հիմնականում կապված է գազի գնի և ապրանքների արտահանման հետ։ Ռուսաստանն իր հերթին Լուկաշենկոյին մեղադրում է սանկցիաների տակ գտնվող արևմտյան ապրանքները բելառուսական պիտակներով Ռուսաստան արտահանելու, ինչպես նաև, համեմատաբար էժան էներգակիրների վերամշակումից  ստացված ապրանքները երրորդ երկրներ արտահանելու մեջ։ Այս ամենի պատճառով առաջացել են նաև սահմանի վերահսկման խնդիրներ։ Անցած տարի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է սահմանի մասին պայմանագրի խախտման մեջ։ Ռուսաստանը խստացրել է մաքսային վերահսկողությունը՝ արգելափակելով բելառուսական որոշ ապրանքների ներկրումը՝ այդ քայլը հիմնավորելով նրանով, որ սանկցիաների տակ գտնվող արևմտյան ծագման ապրանքները բելառուսական արտադրանքի անվան տակ ներկրվում են Ռուսաստան։

Հակասությունները տարածվում են նաև անվտանգության խնդիրների վրա։ Բելառուսը հրաժարվում է ռուսական ռազմական ավիաբազա տեղակայել իր տարածքում, սակայն առաջարկում է ռուսական ռազմատեխնիկայի միջոցով ինքնուրույն կազմակերպել երկրի հակաօդային պաշտպանությունը։ Լուկաշենկոն ցանկանում է դրանով պահպանել իր սուվերենության աստիճանը։

Բելառուսի քաղաքականությունը հասկանալի է, Լուկաշենկոն ցանկանում է խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների վրա՝ պահպանելով իր անձնական իշխանությունը և միևնույն ժամանակ երկու կողմերից էլ ստանալով օգուտներ՝ նրանց շանտաժի ենթարկելով։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը վերջերս ասաց, որ Բելառուսը ապագայում տեղ ունի Եվրոպայում և ՆԱՏՕ-ում։ Լուկաշենկոն նման հայտարարություններն օգտագործում է Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար, սակայն հասկանում է, որ «արևմտյան» Բելառուսում ինքը չի կարող իշխանություն պահպանել։

2009-ից Ռուսաստանի և Բելառուսի միջև գործում է արտաքին սահմանների պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր, այդ թվում նաև օդային պաշտպանության։ Այդ համաձայնագրի հիման վրա պետք է ստեղծվեր միասնական ռազմական ինքնաթիռների բազա, սակայն Բելառուսը դեռ չի համաձայնում իր տարածքում նման բազա տեղադրել։

Բելառուսը ցանկանում է Ռուսաստանի աջակցությամբ ինքնուրույն կազմակերպել իր պաշտպանությունը։

Մամլո ասուլիսի ընթացքում Լուկաշենկոն հերթական անգամ Ռուսաստանին շանտաժի ենթարկեց՝ ասելով, որ Բելառուսը Ռուսաստանի հետ «եղբայրական» հարաբերությունների պատճառով թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ-ն էլ ավելի մոտենա Ռուսաստանի սահմաններին, ակնարկելով, որ դրա համար Ռուսաստանը պետք է վճարի, բնականաբար, գազի ցածր գնով։

Այս քաղաքականության մեջ Բելառուսին պաշտպանում է Ղազախստանը։ Չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, այս բանավեճում դերակատարություն է ստանձնել նաև Ադրբեջանը, պատահական չէր, որ Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնում Ալիևին, ռուսական պարտքը փակելու համար Ալիևից 900 միլիոն դոլար պարտքի տեսքով օգնություն ստանալու համար։ Փաստորեն Ադրբեջանը նույնպես միացել է Ռուսաստանին «սանձող» թիմին։ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի լոբբինգով են զբաղված։

Ահա այս կոնտեքստում Լուկաշենկոն «հիշեց» Փաշինյանին։ Սա առաջին դեպքն է, որ Հայաստանը ռուս-բելառուսական հակասության մեջ դերակատարություն է ստանձնում՝ թեկուզ իր կամքից անկախ։ Խաչատուրովի հետ կապված ծանր քաղաքական սխալ թույլ տալուց հետո, Հայաստանի վարչապետը չէր կարող հակասության մեջ չմտնել Լուկաշենկոյի հետ, ինչը շահավետ է Ռուսաստանին։

Պատահական չէր․ որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար ռուս գեներալը շնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների առթիվ։ Հայաստանի շնորհիվ նա կարող է ևս մեկուկես տարի պաշտոնավարել որպես գլխավոր քարտուղար՝ հերթական անգամ Լուկաշենկոյին «իր տեղը ցույց տալով», որը հավակնում է այդ պաշտոնին։

Գնդակը Հայաստանի դաշտում է։ Ինչպե՞ս կպատասխանի Փաշինյանը Լուկաշենկոյին, դեռևս պարզ չէ։ Լուկաշենկոն լավ գիտի, թե ինչ է ցանկանում Ռուսաստանից, և որն է իր շահը, իսկ որն է Հայաստանի դերը այդ կառույցում, և որն է Հայաստանի շահը, Փաշինյանը, կարծես թե, լավ չի պատկերացնում։ Առանց այդ հարցը հստակեցնելու, դժվար թե նա արժանի ու ամենակարևորը՝ տրամաբանական պատասխան ունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter