«Հետք»-ը «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակում հարցաթերթի միջոցով մոտ 200 առաջարկներ և հարցեր է ստացել` ուղղված նորանշանակ նախարարներին: Ներկայացնում ենք ընթերցողների՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ուղղած 21 հարցերը և առաջարկները՝ նախարարի պատասխաններով։


Հաջորդիվ ներկայացնելու ենք ֆինանսների նախարարին ուղղված առաջարկներն ու դրանց պատասխանները։ Նշենք, որ առաջարկների մասին առաջին հարցումը «Հետք»-ն ուղարկել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն մինչ օրս՝ հարցումն ուղարկելուց մոտ երկու ամիս անց, պատասխանները դեռ չենք ստացել։

Յուրաքանչյուր նկարի կապույտ դաշտում կարդացեք արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ուղղված առաջարկի կամ հարցի համառոտ բովանդակությունը, նկարից ներքև՝ հարց/առաջարկն ու նախարարի պատասխանն ամբողջությամբ։ Բացառությամբ մի քանիսի՝ հարցերն ու առաջարկներն ուղղվել են հիմնականում անանուն, որոնց դեպքում պայմանականորեն նշված է «ընթերցող»:

 Ընթերցող. Ստիպեք դատական համակարգին վերջ տալ անվերջ ձգձգվող դատական գործընթացներին, որոնք հետաձգվում են տասնյակ անգամներ առանց որևե լուրջ պատճառների:

Դրանք գործում ընդգրկված մարդկանց համար դառնում տառապանք։ Ֆիքսեք մաքսիմալ տևողությունը, որից հետո դատական գործը թող փակվի/լուծարվի։ Կան շատ մարդիկ, որոնք պարզապես չունեն լավ փաստաբանի վճարելու հնարավորություն, և այս պարագայում տարիներ շարունակ բանտում են գտնվում՝ առանց իրենց գործը քննվելու վերջանալու։ Սա անմարդկային է:


  Արտակ Զեյնալյան. Ներկայումս Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում առկա է դատական գործերով գերծանրաբեռնվածություն:

Դրա արդյունքում երկարել է նաև գործերի քննության միջին տևողությունը: Մաքսիմալ ժամկետ սահմանելու վերաբերյալ քաղաքացու առաջարկի կապակցությամբ նշեմ, որ ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով: Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

Ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջն ամրագրված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում, ինչպես նաև Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասում:

ՀՀ դատական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի քննության միջին ուղենիշային տևողությունը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 Ընթերցող. Առաջարկում եմ վերանայել շահույթ չհետապնդող (ժամկետանց ժառանգության ճանաչում) գործարքների պետտուրքերի չափը և ժառանգության ճանաչման գործընթացում տարանջատել համատիրությունների ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ պարտադիր վճարումները: Շնորհակալություն:


 Արտակ Զեյնալյան. Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով և գտնում եմ, որ դրույքաչափերը սահմանելիս օրենսդիրը ղեկավարվել է համարժեքության սկզբունքով: Կոնկրետ բերված օրինակում (ժառանգության վկայագրի տրամադրում) բացի պետական տուրքից, քաղաքացին պետք է վճարի նաև նոտարի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարները, որոնք կախված են մատուցվող ծառայությունների քանակից և բնույթից:

Ինչ վերաբերում է ժառանգության ճանաչման գործընթացում համատիրություններին մուծվող պարտադիր վճարների խնդրին, հարկ է նշել, որ ներկայումս քննարկումների փուլում են գտնվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքների նախագծերը, որոնց ընդունման պարագայում բարձրացված խնդրի լուծումն ակնկալվում է:

 Ընթերցող. Պարոն նախարար, առաջարկում եմ օրենքով ամրագրել ժամանակակից տեխնոլոգիաներով մարդկանց ազատ հաղորդակցության, խոսքի և մտքի ազատությունը՝ որպես ԲԱՑԱՐՁԱԿ իրավունք ընդհանրապես և ինտերնետի ԲԱՑԱՐՁԱԿ ազատությունը մասնավորապես` որպես մարդկության մեծագույն ձեռքբերում։

Ինտերնետի ազատությունը ժամանակակից աշխարհում դարձել է ժողովրդավարության ամենակարևոր տարրերից մեկը: Ինքներդ, անշուշտ, տեղյակ եք՝ ինչպես ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել և թավշյա հեղափոխություն կատարել, երբ հեռուստատեսությունը, ռադիոն և թերթերը ենթարկված էին տոտալ վերահսկման։

Այս իրավունքները գործում են և լիարժեք են միայն, եթե բացարձակ են և ոչ մի դեպքում ենթակա չեն սահմանափակման։ Ինչու չէ, նաև քայլեր կատարել դա սահմանադրության մեջ ամրագրելու համար։ Շնորհակալություն։


 Արտակ Զեյնալյան. Ինչպես ՀՀ իրավական համակարգում, այնպես էլ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերում սակավաթիվ են բացարձակ իրավունքները և արտահայտման ազատությունը դրանց թվում չէ: Կարծիքի արտահայտման ազատությունը չի կարող լինել բացարձակ, քանի որ կարող են լինել մրցակցող շահեր, որոնք ժողովրդավարական հասարակությունում գերակա են արտահայտման ազատության նկատմամբ:

Այնուամենայնիվ, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման հիմքերը, համաձայն Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի, շատ չեն՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

Մտքի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերն ավելի քիչ են՝ ըստ Սահմանադրության 41-րդ հոդվածի 2-րդ մասի: Բացի այդ, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման համար անհրաժեշտ է ոչ միայն սահմանափակման դեպքի՝ օրենքով նախատեսված լինելը, թվարկված օրինաչափ նպատակներից մեկը, այլև նման սահմանափակման անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում:

 Արուսյակ Աբրահամյան. Հարգելի' պարոն Զեյնալյան, Ձեզ դիմում եմ մի ցավոտ հարցի շուրջ, որի լուծումը բավականին բարդ է: Ինձ ու եղբորս զրկել են օրինական ժառանգությունից, վտարել մեր իսկ տնից, որտեղ 20 տարի 4-րդ բարեխիղճ գնորդ ու սեփականատեր է եղել մայրս: Խոսքը Երևան, Մանուշյան 86 տան առաջին հարկի մասին է: Ծնողներս, 20 տարի ապօրինությունների դեմ պայքարելով, մահացան, այժմ էլ ես ու եղբայրս ենք փորձում արդարության հասնել:

Պատճառը կոռումպացված դատարանն է՝ հանձինս Մկրտումյանի, ով, հավաստի տվյալներով, մեծ կաշառքների դիմաց «լուծել է» հարցը և որոշել մեզ դուրս շպրտել մեր իսկ տնից:

Այժմ մեր տունը զբաղեցրել է նույն հասցեի երկրորդ հարկի խուլիգան ընտանիքը, որտեղ հայր ու մայր միասին միայն ունեն 6-ից ավելի դատվածություններ: Իսկ ես, որ 12 տարի է՝ դասավանդում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և եղբայրս, ով Հայաստանում հայտնի երաժիշտ է, զրկվել ենք մեր իսկ սեփականությունից ու տնից: Խնդրում եմ բացատրեք՝ ում կարող եմ դիմել, որպեսզի կարողանամ վերականգնել արդարադատությունը:


 Արտակ Զեյնալյան. Բարձրացված հարցը Արդարադատության նախարարություն է փոխանցվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից, որին ի պատասխան քաղաքացին տեղեկացվել է, որ իր բարձրացրած հարցերի լուծումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 3-րդ մասում ամրագրված իրավասության շրջանակներից: Միաժամանակ, նա տեղեկացվել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման միայն նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով՝ օրենգրքի 420-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված բողոքի դեպքում, որը ներկայացնելու իրավունքը վերապահված է դատավարության մասնակիցներին:

 Հրաչյա Հովհաննիսյան. Հարգելի պարոն նախարար, մեր իրականության մեջ կատարված դրական փոփոխությունները դեռևս ԴԱՀԿ-ին չեն հասել. ինչպես կոռումպացված սխեմաներով աշխատել են, այնպես էլ շարունակում են աշխատել:

ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով հարուցված թիվ 03566257 կատարողական վարույթի կարճումը դրա վառ օրինակն է: Դատարանի օրինական ուժ ստացած վճիռը ԴԱՀԿ-ի համար օրենք չէ, այնտեղ օրենքը կոռումպացված համակարգի շահերն են, որի համապատասխան էլ իրականացվում է «արդարադատության» վերջին փուլը: Տասնամյակներ առաջ ձևավորված կառուպցիոն այս համակարգի պետին հեռացնելով՝ համակարգը չի առողջանա, այնտեղ ներքևից վերև և վերևից ներքև պետք է իրականացվեն ավելի լուրջ փոփոխություններ, այդ թվում՝ ԴԱՀԿ-ի ծառայողի հոգեբանության մեջ:

Կամակատար, կաշառակեր, անազնիվ և անօրինականությունների կատարման հակում ունեցող ԴԱՀԿ-ի ծառայողը երբեք չի կարող արդարադատություն իրականացնել, քանի որ արդարադատութունը հակացուցված է ԴԱՀԿ ներկա բարձրաստիճան շատ ծառայողների էությանը, որոնք տասնամյակներ շարունակ կապիտալ են ստեղծել՝ անօրինականություններ կատարելով և արդարադատությանը ծաղրելով: Համաժողովրդական խաղաղ շարժումը կմնա կես ճանապարհին, իսկ շարժման ներուժը այլ գույներ կստանա, եթե նաև այս համակարգը կարգի չբերվի: Եթե կգտնեք անհրաժեշտություն, ապա պատրաստ եմ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տալ բացատրություններ վերոնշվածի վերաբերյալ:


 Արտակ Զեյնալյան. Արդարադատության նախարարության կողմից բարձրացված հարցի կապակցությամ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պահանջատիրոջ կողմից հայց է ներկայացվել վարչական դատարան (թիվ ՎԴ/4788/05/18) «թիվ 03566257 կատարողական վարույթը կարճելու մասին 09.04.2018թ. որոշումը վերացնելու և Ծառայությանը կատարողական գործողությունները մինչև թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջների ամբողջական կատարումը շարունակել պարտավորեցնելու մասին», որի դատաքննությունը նշանակվել է 24.09.2018թ.:

Այսինքն՝ բարձրացված խնդրով առկա է դատական գործընթաց: ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իսկ 2-րդ մասի համաձայն՝ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Ուստի, որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ միջամտել կամ հսկողություն իրականացնել դատարանի գործողությունների նկատմամբ:

 Ընթերցող. Դատական ու իրավական հաստատությունները պիտի գործեն անկախ, սակայն առաջարկում եմ նրանց վերահսկող բարձրագույն մարմին ստեղծել, որի անդամները կընտրվեն ժողովրդի կողմից ու 2 տարին մեկ տվյալ մարմինը պետք է թարմացվի: Իրենք դատ չեն իրականացնելու, իրենք հետևելու են դատական գործնթացներին ու ներկայացնելու են գործունեության մակարդակը կառավարությանը և ազգային ժողովին:

Կարծում եմ՝ այսօրվա պայմաններում, երբ Հայաստանի բանտերում չկա մարդու արժանապատվությունը չնսեմացնող ոչ մի նպաստավոր պայման, արդար չէ այնտեղ որևէ մեկին պահել ... Նախ ապահովեք համապատասխան պայմաններ, հետո նոր մարդուն դատեք ու պատժեք... Եթե իհարկե տվյալ գործունեության նպատակն է նաեւ քաղաքացուն վերափոխելը, շտկելը և ոչ թե միայն պատժելը...

Իսկ եթե ի վիճակի չեք ապահովել, այդ դեպքում առնվազն բարոյական չէ մարդկանց ձու կամ դաշտից ցորեն գողանալու համար 1 կամ 3 տարով ազատազրկել՝ անմարդկային պայմանների մեջ դնելով: Միթե ավելի մեղմ պատիժը ավելի դաստիարակչական չէր լինի: Կամ հարբած մեքենա վարելու դիմաց միթե ավելի տեղին չի լինի 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: Կարծում եմ՝ բոլոր ոլորտներում էլ առավելագույնս արդար և արդյունավետ աշխատանք կարելի է իրականացնել, եթե բարձրագույն տեղը հատկացվի մարդուն և նրա կարիքներին ու իրավունքներին:


 Արտակ Զեյնալյան. Դատավորների անկախության հիմնահարցը թիրախավորվել է դեռևս Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Մասնավորապես, Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով նախատեսվել է անկախ պետական մարմնի կարգավիճակ ունեցող Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը՝ որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավոր, միաժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դատական համակարգի անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության ինքնակառավարման արդյունավետության բարձրացման խնդրին:

 Ասպրամ. Առաջարկս այն է, որ երկրի դատավորները և իրավապահները մի փոքր ինքնազարգացմամբ զբաղվեն, ուսումնասիրեն ժամանակակից փորձը: Հիմա իմ դեմ քրեական գործ կա և քննվում է դատարանում: Եվ ես ականատես եմ լինում, որ այդ մարդկանց մտածողությունը քարեդարյան է: Մարդիկ չգիտեն՝ ինչ է համակարգիչը, ֆայլերը.....

Իմ դեմ հարուցված գործը ՔՕ 144 հոդվածով է, որը նախատեսում է լրատվամիջոցներով, հրապարակային ելույթներով (որը բանավոր խոսքն է), ստեղծագործությամբ անձնական գաղտնիքի տարածում, և այս հոդվածի տակ են մտցրել, հարմարեցրել ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված ծաղրանկարների ինչ-որ պատմություն՝ իմ դեմ հարուցելով քրեական գործ լոկ մեկ անձի ենթադրությամբ: Մինչդեռ սոցիալական ցանցը (social media) չի հանդիսանում լրատվամիջոց (mass media): Գործին որպես ապացույց են կցված միայն մի քանի չստուգված պատճեններ (իբր` screenshot-եր), որոնց սկզբնաղբյուրը պարզ չէ, ուսումնասիրված չէ, չկա URL, արտատպման ժամ, քննիչի զննման արձանագրություն, web մասնագետի եզրակացություն:

Ես կարդում եմ, թե այլ երկրներում ինչպես են տրվում խուզարկության մասին որոշումները, մասնավորապես` համակարգիչների առգրավման համար. իրականում ներկայումս համակարգիչները առգրավում են, եթե տեխնիկապես հնարավոր չէ պատճենել/կլոնավորել նրա ինֆորմացիան, ինչ հիմքեր է նաև պահանջում ՄԻԵԴ-ը խուզարկության որոշման համար: Եվ այսպիսի որոշումներ, ինչպիսիք մեզ մոտ են տրվում՝ առանց սահմանափակումների, ուրիշ երկրներում պարզապես միանգամից անվավեր են ճանաչվում: Արդյունքում խախտվել են իմ և իմ ծնողի սահմանադրական իրավունքները՝ անձնական կյանքի և գրագրության:

Բայց ամենահետաքրքիրն է, որ այլ երկրներում ինտերնետի հետ կապված որևէ դեպքի համար նման խուզարկության որոշում տրվում է միմիայն IP-ի հաստատումից հետո, իսկ այստեղ՝ ունենալով նույնիսկ բացասական պատասխան, նույնիսկ այդ դեպքում շարունակել են իմ դեպ հետապնդումը և առանց որևէ ապացույցի ինձ հասցրել մինչև դատարան՝ լոկ մեկ մարդու ենթադրության հիման վրա, որ այդ կատվի և այծի ծաղրանկարը ես եմ տեղադրել Ֆեյսբուքում: Ես հիմա հուսով եմ, որ այս փոփոխություններից հետո մեր երկրում, միգուցե իմ նկատմամբ արդարացման վճիռ կայացվի և ես կարողանամ նաև պատժել այս ամենի հեղինակներին:


 Արտակ Զեյնալյան. Բարձրացված հարցը Արդարադատության նախարարություն է փոխանցվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից, որին ի պատասխան քաղաքացին տեղեկացվել է, որ իր բարձրացրած հարցերի լուծումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 3-րդ մասում ամրագրված իրավասության շրջանակներից:

Միաժամանակ, նա տեղեկացվել է, որ Արդարադատության նախարարությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ և 103-րդ հոդվածների 1-ին մասերով՝ քաղաքացու դիմումը հասցեագրել է ՀՀ դատախազություն:

 Ընթերցող. Պարոն նախարար, առաջարկում եմ դիտել տեսանյութերը և պատժել այս մարդկանց ծեծող ոստիկաններին։ Ահա տեսանյութերը՝ https://youtu.be/krhIDajWZ-Q , https://youtu.be/COsTln9NyNk


 Արտակ Զեյնալյան. Բարձրացված հարցը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 3-րդ մասում ամրագրված իրավասության շրջանակներից:

Միաժամանակ քաղաքացու ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 26-րդ ենթակետի համաձայն՝ ոստիկանության պետը` օրենքով սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում ոստիկանության ծառայողներին, զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին, քաղաքացիական աշխատանք կատարողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, լիազորում է ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց` խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու իրավասությամբ:

Ուստի հիշյալ հարցով անհրաժեշտ է դիմել ՀՀ Ոստիկանություն:

 Արման. Հարգելի պարոն Զեյնալյան, հարցս կուզեի ուղղել պարոն Օսիպյանին, սակայն այդ անելն անհնար է այս հարթակում, այդ պատճառով որոշեցի հարցը ուղղել Ձեզ, կարծում եմ այն կապ ունի նաև արդարադատության հետ։ Վստահ եմ, որ գիտեք, որ ոստիկանության հանդեպ քաղաքացիների անվստահության գլխավոր պատճառներից մեկը այն է, որ որոշ դեպքերում ոստիկանությանը ինֆորմացիա փոխանցող անձի գաղտնիությունը չի պահպանվում և արդյունքում նա հանդիպում է պոտենցիալ հանցագործի հետ փողոցում։ Վստահ եմ, որ հասկացաք՝ ինչի մասին եմ գրում, և ինձ համար հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը այս հարցի շուրջ։


 Արտակ Զեյնալյան. Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության հարցի հասցեատերը Արդարադատության նախարարը չէ, որևէ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ չեմ կարող հայտնել:

 Ընթերցող. Առաջարկում եմ անցկացնել համակարգի լյուստրացիա:


 Արտակ Զեյնալյան. Նման առաջարկներ հաճախ են հնչում և օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ մի քանի, իմ կարծիքով, կարևոր շեշտադրումներ անել և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ լյուստրացիան կամայական գործընթաց չէ և ենթադրում է իրավունքի տեսանկյունից որոշակի պահանջների պահպանում:

Մասնավորապես, լյուստրացիոն օրենքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի չափորոշիչները սահմանված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1096 (1996) հանձնարարականում: Նշված փաստաթղթի համաձայն՝ իրավունքի գերակայության ներքո գտնվող ժողովրդավար պետությունում իրականացված լյուստրացիան պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

ա) անձի մեղքը պետք է ապացուցված լինի կոնկրետ գործի շրջանակներում.

բ) պաշտպանության իրավունքը, անմեղության կանխավարկածը և դատարան դիմելու իրավունքը պետք է երաշխավորված լինեն:

Լյուստրացիան չի կարող իրականացվել անձին պատժելու կամ նրանից վրեժ լուծելու համար: Լյուստրացիայի հետ կապված հարցերին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և մի շարք դատավարական երաշխիքներ է սահմանել լյուստացիոն գործընթացում ներգրավված անձանց համար (այս մասին առավել մանրամասն տե՛ս Ādamsons v. Latvia, գործով ՄԻԵԴ 2008 թվականի հունիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 3669/03, § 116):

 Ընթերցող. Առաջարկում եմ վերանայել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առկա հետևյալ բացը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոքարկման սահմանված ժամկետի ավարտից հետո բերված բողոքների և դրանց վարույթ ընդունելու դեպքում, վարչական դատարանը երբեմն տրամադրում է կատարողական թերթ և «հետևողական լինում» դրա կատարմանը՝ օգտվելով առկա բացից և մերժելով կատարողական թերթի կատարումը հետաձգելու դիմումները:


 Արտակ Զեյնալյան. Դատական ակտի բողոքարկման ընթացքում դրա կատարումը կարող է խնդրահարույց լինել ինչպես վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո, այնպես էլ մինչև բողոք բերելը կատարողական թերթ տալու պարագայում: Այս առումով խնդրի ամբողջական լուծման նպատակով նախատեսվում է վերաքննիչ վարչական դատարանին Վճռաբեկ դատարանի օրինակով օժտել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում դատական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու լիազորությամբ:

 Ընթերցող. Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու երկրում իրավահավասարության ապահովման և խտրականության բացառման համար. այդ առումով ինչպիսի՞ օրենսդրական նախաձեռնություններ են լինելու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես՝ օրենսդրության մեջ սեռական կողմնորորշումը և գենդերային ինքնությունը պաշտպանված հատկանիշների շարքում ներառելու համար:


 Արտակ Զեյնալյան. 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածի գործնական կիրառությունն ապահովելու, ինչպես նաև յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններն առանց խտրականության ապահովելու նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի փետրվար ամսին e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինս սահմանում է խտրականության հասկացությունը և դրա տեսակները՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրության 29-րդ հոդվածի իրավակարգավորումները:

Ներկայումս օրենքի նախագիծը գտնվում է լրամշակման փուլում: Այս կապակցությամբ, ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստակամ է քննարկելու օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերից ստացված առաջարկությունները:

 Ընթերցող. Ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվելու դատական համակարգում կոռուպցիան վերացնելու, դատավորների անկախությունը լիարժեք դարձնելու ուղղությամբ:


 Արտակ Զեյնալյան. Մշակվել և ներկայումս քննարկման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2018-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի առանձին ուղղություն վերաբերում է կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանության ապահովմանը: Տվյալ ուղղության նպատակները միտված են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերհանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը, հակակոռուպցիոն և էթիկայի թեմաներով կրթական և վերապատրաստման պարբերական դասընթացների կազմակերպման միջոցով բարեվարքության ամրապնդմանը և առկա իրավիճակի բարելավմանը:

Վերոնշյալ նպատակների իրագործման համար նախատեսվում է նախևառաջ ուսումնասիրել դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը և արդյունքների հիման վրա մշակել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիր: Միաժամանակ նախատեսվում է դատավորներին շարունակաբար վերապատրաստել հակակոռուպցիոն և բարեվարքության թեմաներով:

 Ընթերցող. Պարոն Զեյնալյան, ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, ովքեր ուսանում են տարբեր համալսարաններում։ Այսօր նրանց թիվը չորս է։ Նրանք ունենում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ չեն օգտվում ինտերնետից։ Նրանց նաև թույլատրված է համակարգչից օգտվել, որը տևում է մեկ ժամ և մի քիչ ավել, բայց դա էլ է խնդիր, քանի որ համակարգիչը մեկ այլ սենյակում է, և միացված չէ համացանցին, հետևաբար դատապարտյալը հնարավորություն չի ունենում օգտվել օնլայն գրադարաններից և ուսանողական այլ կայքերից։

Առաջարկում եմ ներքին կանոնակարգի մեջ փոփոխություններ և լրացումներ անել, որպեսզի ցմահ ազատազրկվածը հնարավորություն ունենա իր խցում համակարգչից օգտվելու, որը նաև միացված կլինի համացանցին։ Այդպես դատապարտյալը կկարողանա իր ուսումն ավելի պատշաճ ձևով կազմակերպել, բացի այդ չորս կամ ութ համակարգիչ հսկելը կամ սահմանափակելը մեծ խնդիր չէ, որ այսօր դրա պատճառով ցմահ ազատազրկվածին համացանցից օգտվելու իրավունք չի վերապահվում։ Շնորհակալություն։


 Արտակ Զեյնալյան. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ կալանավորված անձին կամ դատապարտյալին արգելվում է իր մոտ ունենալ կամ խցում պահել Որոշման N 2 ձևով արգելված առարկաներ, իրեր և սննդամթերք: Խնդրո առարկա ձևում, ի թիվս այլնի, նախատեսված է, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում է իրենց մոտ ունենալ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով ֆոտոխցիկ, տեսախցիկ, համակարգիչ, վիդեո-աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների:

Հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներ որոշ առարկաների և իրերի (տվյալ դեպքում՝ համակարգչի) մուտքի արգելքը միտված է հանցագործությունների նախականխմանը, քրեական վարույթի իրականացման համար հնարավոր խոչընդոտների կանխմանը և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովմանը:

Այս համատեքստում անդրադառնալով միջազգային փորձին՝ հարկ է նշել, որ որոշ երկրներ դատապարտյալներին հնարավորություն են ընձեռում օգտվել համակարգչից, սակայն անհրաժեշտ պայմանների պահպանմամբ: Մասնավորապես՝ դատապարտյալները կարող են օգտվել միայն հատուկ ցանցերից և պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի հսկողությամբ: Այսինքն՝ նշված երկրները ստեղծել են այն անհրաժեշտ պայմանները, որոնք երաշխավորում են դատապարտյալի կողմից հնարավոր հանցագործությունների կատարման, պատիժը կատարող հիմնարկի ներքին կանոնակարգի խախտման բացառումը:

Անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում չկան հսկողական հատուկ մեխանիզմներ (հատուկ ցանցեր, դատապարտյալների նկատմամբ հսկողություն իրականացնող անհրաժեշտ անձնակազմ), որոնք հնարավորություն կտան ապահովել կալանավորված անձի և դատապարտյալի համակարգչին հասանելիությունը և միաժամանակ երաշխավորել հանցագործությունների նախականխումը, քրեական վարույթի իրականացման համար հնարավոր խոչընդոտների կանխումը և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ քննարկվող կարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ, և, ըստ այդմ, արդարացված է մոտեցումն առ այն, որ կալանավորված անձինք և դատապարտյալները քրեակատարողական հիմնարկներում չեն կարող իրենց մոտ ունենալ, ստանալ կամ ձեռք բերել համակարգիչ:

Այդուհանդերձ, նկատի ունենալով այն, որ կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից համակարգչից օգտվելը կարող է հետապնդել այնպիսի նպատակ, ինչպիսին իրավական հարցերով բողոքների կազմումը կամ կրթական ծրագրերին մասնակցությունն է, ներկայումս մեր առաջ խնդիր ենք դրել փուլային սկզբունքով, կենտրոնացված եղանակով ապահովել կալանավորված անձի և դատապարտյալի համակարգչին հասանելիությունը և քրեակատարողական հիմնարկներում նախատեսել համակարգչային սենյակներ, որտեղ նախապես հաստատված ժամանակացույցով և հիմքերի առկայության դեպքում անձինք կկարողանան օգտվել համակարգչից:

Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ միայն հատուկ ցանցերի ստեղծումից և անհրաժեշտ հաստիքների տրամադրումից հետո է հնարավոր ապակենտրոնացված եղանակով ապահովել կալանավորված անձի և դատապարտյալի համակարգչին հասանելիությունը, այսինքն՝ նշված անձինք կկարողանան իրենց մոտ ունենալ համակարգիչ: Հատկանշական է, որ վերոշարադրյալը, օրենքի առջև դատապարտյալների հավասարության սկզբունքին համահունչ, վերաբերում է ոչ միայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, այլև բոլոր դատապարտյալներին։

 Ընթերցող. Առաջարկում եմ թղթաբանությունը քչացնել. աշխատանքի մեծ մասը դրա վրա է վատնվում:


 Արտակ Զեյնալյան. Բարձրացված հարցի առնչությամբ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում համակարգում փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս կրճատելու ուղղությամբ։ Հատկանշական են ձեռնարկված հետևյալ միջոցառումները:

1) Որպես էլեկտրոնային ժողովրդավարության գործիք՝ ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը:

2) ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով ստուգել ապոստիլով վավերացված փաստաթղթերի վավերականությունը:

3) ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներդրվել է էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են առցանց եղանակով տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղել իրենց հարցումը, դիմումը կամ բողոքը և սահմանված ժամկետում ստանալ դրա պատասխանը առցանց եղանակով:

4) Ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից միջազգային փորձի ուսումնասիրության և տեխնիկական առաջադրանքների մշակման աշխատանքներ են իրականացվում www.e.petition.am հանրագրերի էլեկտրոնային համակարգի, www.e-court.am դատարանների միասնական էլեկտրոնային համակարգի, www.e-bancruptcy.am սնանկության կառավարիչների էլեկտրոնային հարթակի ներդրման ուղղություններով:

5) Ընդունվել են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնց հիման վրա ՀՀ համապատասխան գերատեսչություններում լիցենզիաների միասնական էլեկտրոնային www.e-license.am գրանցամատյանի ներդրման և պիլոտային կիրարկման աշխատանքներ են իրականացվում: Արդյունքում՝ գրանցամատյանը թույլ է տալու նվազեցնել ավելորդ փաստաթղթաշրջանառությունն ու կոռուպցիոն ռիսկերը՝ ընձեռելով լիցենզիայի վերաբերյալ տեղեկատվությունը առցանց եղանակով ստանալու հնարավորություն:

Քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծվել է արագ արձագանքման թեժ գծի www.e-hotline.am կայքը: Թեժ գծի նպատակն է՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրներին լուծում տալը, ՀՀ արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը:

Կայքի օգնությամբ քաղաքացիները կարող են ինչպես առցանց եղանակով դիմել ՀՀ արդարադատության նախարարություն, այնպես էլ հերթագրվել ընդունելության:Ներկայումս քայլեր են ձեռնարկվում նաև նախարարությանը ենթակա մարմիններում փաստաթղթաշրջանառության կրճատմանն ուղղված արդյունավետ լուծումներ նախատեսելու ուղղությամբ։

Այսպես, նախարարությանը ենթակա Քրեակատարողական ծառայությունում մշակվել և ներդրվել է e-penitentiary` «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր» էլեկտրոնային կառավարման համակարգը, որը ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, բժշկական քարտեր և այլ անհրաժեշտ տեղեկատվություն․ համակարգի լիարժեք գործարկման ուղղությամբ դեռևս տարվում են համապատասխան աշխատանքներ:

Նախարարությանը ենթակա Պրոբացիայի ծառայությունում նախատեսվում է ներդնել e-probation էլեկտրոնային համակարգը, որի օգնությամբ պրոբացիայի ծառայողները կարող են միասնական հարթակում մշակել և վարել պրոբացիայի շահառուների անձնական գործերը, էլեկտրոնային եղանակով կատարել պրոբացիայի շահառուի ռիսկերի և կարիքների գնահատում, ներկայացնել առցանց հաշվետվություններ, դուրս բերել տարբեր վիճակագրական տվյալներ: Էլեկտրոնային այս գործիքը հնարավորություն կտա վերահսկել պրոբացիայի շահառուի հետ տարվող բոլոր աշխատանքները, բարձրացնել ծառայության գործունեության հաշվետվողականությունը և թափանցիկությունը: Հատկանշական է, որ համակարգը հետագայում պետք է համակցվի նաև e-penitentiary համակարգին, որի միջոցով կկրճատվի նաև ծառայությունների միջև վարվող փաստաթղթաշրջանառությունը։

Նախարարությանը ենթակա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառության կրճատման առումով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 350-Ն որոշումը, ինչի արդյունքում դատարանների կողմից օրենքով սահմանված փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն փոխանցելու հնարավորություն է ստեղծվել՝ էապես կրճատելով թղթային փաստաթղթաշրջանառությունը դատական գործընթացներում և ապահովելով դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև արագ և արդյունավետ կապը:

 Ընթերցող. Հարցս անշարժ գույքի՝ բնակարանի ժառանգության ճանաչման (ԺԱՄԿԵՏԱՆՑ) գործի համար նոտարների կողմից պահանջվող անհավանական բարձր վճարներին ու տուրքերին է վերաբերվում: Ի՞նչու տարբերություն դնել հայրական տունը ժառանգորդին հանձնելու համար, եթե վերջինս ինչ-ինչ պատճառներով ժամանակին տեղյակ չի եղել օրենքից և ծնված օրից բնակվում է այդ տանը, ինչո՞ւ պետք է 50 տարի հետո ես պետությանը վճարեմ ահռելի գումարներ իմ իսկ սեփական տունը մահացած ծնողիս անունից հանելու եվ իմ անունով դարձնելու համար:


 Արտակ Զեյնալյան. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի համաձայն օրենսդիրը նախատեսում է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգի կողմից դիմում ներկայացնելու կամ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգված գույքի փաստացի տիրապետման կամ կառավարման դեպքում, ներառյալ, երբ ժառանգը՝

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Ժառանգված գույքի փաստացի տիրապետման կամ կառավարման փաստն ինքնին հնարավորություն է ընձեռում ժառանգին ժառանգված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով դիմելու նոտարին և ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու: Ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման, ինչպես նաև նոտարի կողմից մատուցվող այլ վճարովի ծառայությունների մատուցմանը ներկայացվող սակագները նախատեսված են ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշմամբ, որով սահմանված սակագները, գտնում եմ, սահմանվել են՝ ղեկավարվելով համարժեքության սկզբունքով: Բանն այն է, որ հիշատակված գործընթացի առանձնահատկություններից ելնելով՝ նոտարը մի շարք գործողություններ է կատարում և ծառայություններ մատուցում, որոնց քանակը և բնույթը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ, ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման համար գանձվում է նաև պետական տուրք, որի չափը սահմանվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից գործարկվել է https://e-hotline.am/services/ կայք էջը, որի հղմամբ մուտք գործելու պարագայում առավել դյուրին կարող եք ծանոթանալ մատուցվող ծառայություններն, ներկայացվող փաստաթղթերին, ժամկետներին և սակագներին:

 Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովում պետք է լինի հատուկ խորհուրդ՝ օլիգարխների գողացած ակտիվները հետաքննելու և վերադարձնելու համար:
 Բարձրացված հարցը Արդարադատության նախարարության ուշադրության շրջանակներում է: Օրենքով սահմանված կարգով նման գործընթաց իրականացնելու համար անհրաժեշտ հիմքերն ու պայմանները քննարկվում են:

 Բարև Ձեզ: Անդրադարձեք վիզա կենտրոնի վերացման պահանջին. ոչ մի գործառույթ չիրականացնելով՝ մարդկանցից 12000 դրամ շորթում են:


 Ենթադրում եմ խոսքը «Միավորված վիզաների դիմումների կենտրոնին» է վերաբերում: Այս կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ առնչություն չունի,ուստի կենտրոնի ստեղծման կամ վերացման հարցի հասցեատերը Արդարադատության նախարարը չէ. որևէ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ չեմ կարող հայտնել:

 Առաջարկում եմ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում՝

- հեռացնել միայն ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատները, քանի որ դրանք խախտում են ընտրության հավասար իրավունքնները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ,

- լրացուցիչ մանդատների բաժանման և այլ դեպքերում դ'Օնդտի բանաձև փոխարեն օգտագործել Սան-Լագյու բանաձևը՝ այսպիսով վերացնելով փոքր առավելությունը, որ տրվում է մեծ մանդատների քանակ ունեցող կուսակցություններին,

- թույլ տալ ՀՀ քաղաքացիներին արտասահմանում մասնակցել հանրապետական ընտրություններին և հանրաքվեներին

- իջեցնել ընրական շեմը մինչև 3%,

- ավագանու ընտրությունների դեպքում վերացնել լրացուցիչ մանդատների տրամադրումը ստաբիլ մեծամասնության երաշխավորման նպատակով

- Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետին ընտրել ուղղակիորեն քաղաքացիների կողմից,

- թույլ տալ քաղաքացիների բավական քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում ավագանու կամ քաղաքապետի վերընտրում պարտադրել, իսկ այդ նպատակով սահմանադրային փոփոխություններ կատարելու հնարավորության դեպքում նաև.

- իջեցնել ընտրողների տարիքը 16 տարեկան

- ընտրական ձայն տրամադրել բոլոր երեխաներին, իսկ այն կիրառելու հնարավորությունը՝ նրանց ծնողներին


 Ներկայացված առաջարկությունների մեծ մասն այժմ քննարկվում է Վարչապետին կից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի կողմից: Քննարկումների արդյունքները կամփոփվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում, որը պատրաստ լինելուն պես հասանելի կլինի հանրությանը: Ինչ վերաբերում է ակտիվ ընտրական իրավունքի տարիքային շեմը իջեցնելուն և երեխաներին ընտրական իրավունք շնորհելուն, ապա նման առաջարկը որևէ հիմնավորում չունի:

Ակնհայտ է, որ անչափահաս անձանց ինքնավարության իրավունքը կենսագործունեության մի շարք ոլորտներում արդարացիորեն սահմանափակված է՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները և դրանից բխող սահմանափակ գործունակությունը: Ուստի, որևէ կերպ արդարացված չէ նրանց ընտրելու իրավունք վերապահելն այն պարագայում, երբ, օրինակ, չեն կարող առանց օրինական ներկայացուցիչների համաձայնության անգամ ամուսնանալ:

 Առաջարկում եմ պատրաստել օրենքի նախագիծ, որը կպարտադրի համատիրություններին քաղաքացիներին տրամադրել առաջիկա աշխատանքների և կատարված ծախսերի հաշվարկը նաև էլեկտրոնային տարբերակով կամ հրապարակել առցանց: Ցանկալի է՝ օրենքով համատիրության անդամների առցանց քվեարկության հնարավորություն սահմանել:


 Ներկայումս քննարկումների փուլում է գտնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքների նախագծերը, որոնց ընդունման պարագայում անդրադարձ կկատարվի նաև բարձրացված խնդրին:

 Առաջարկում եմ երթևեկության կանոնների խախտման դեպքում տուգանքների չափը կախվածության մեջ դնել անձի եկամուտներից կամ ավտոմեքենայի արժեքից:


 Առաջարկվող փոփոխությունը՝ ավտոմեքենայի արժեքի մասով, կարծում եմ, չի բխում պատասխանատվության արդարացիության և համաչափության սկզբունքներից: Տուգանքների չափը որոշվում է ըստ խախտման բնույթի և ծանրության աստիճանի, այլ ոչ թե տրանսպորտային միջոցի արժեքի, քանի որ վերջինս որևէ կերպ չի ազդում իրավախախտման կատարման հանգամանքների վրա: Հնարավոր է՝ թանկարժեք մեքենան վարի վարորդը, ով ունի ցածր եկամուտ. առաջարկվող կարգավորման տեսանկյունից պարզ չէ, թե ինչ սկզբունքով պետք է որոշվի տուգանքի չափը:

Առաջարկն ընդունելու պարագայում հնարավոր են բազմաթիվ նման հակասություններ, ինչը ոտնահարում է ոչ միայն արդարության, այլև իրավական որոշակիության սկզբունքները: Ինչ վերաբերում է տուգանքի չափը սահմանելիս անձի եկամուտները հաշվի առնելու առաջարկին, ապա դա ներկայումս քննարկման առարկա է: