Տարրական դասարանների դասագրքերի տպագրության համար ԿԳՆ-ն «Մանմար» հրատարակչությանը փոխանցել է շուրջ 232 միլիոն դրամ: Սակայն դպրոցները «Մանմար»-ից այսքան դասագիրք չեն ուզել:

ԿԳՆ-ն հրատարակչությանը տարրական դասարանների դասագրքերի ավելի շատ պատվեր է տվել, քան դպրոցների հայտերում եղած թիվն է:

Ավել են տպագրվել 3-րդ դասարանի Ռուսաց լեզու(3,3 միլիոն դրամով), 4-րդ դասարանի Անգլերեն (1,731 միլիոն դրամով), 4-րդ դասարանի Ֆրանսերեն (540 800 դրամով),4-րդ դասարանի Գերմաներեն (778 250 դրամով)դասագրքերը:

Ընդհանուր առմամբ հրատարակչությանը 6,3 միլիոն դրամ արժողությամբ տարրական դասագրքերի ավել պատվեր է տրվել:

«Մենք տպագրել ենք ԿԳՆ-ի հետ կնքած պայմանգրի քանակները, թե ինչի հիման վրա է նախարարությունը կազմել այդ պայմանագիրը, դա արդեն նախարարությունը պետք է ասի, ես չգիտեմ` ինչու են ավել կամ պակաս վերցրել: Մենք կազմակերպել ենք նաև առաքումը, բոլոր դասագրքերը հատիկ-հատիկ տարել ենք մարզպետարաններ և կնքել հաշիվ-ապրանքագրեր»,- ասում է «Մանմար» հրատարակչության տնօրեն Ալլա Հարությունյանը:

«Էդիթ պրինտ» հրատարակչության հետ կնքվել է շուրջ 62 848 710 դրամի պայմանագիր՝ տարրական դասարանների դասագրքերի տպագրության համար:

Դպրոցները այս հրատարակչությունից ուզել են 11 731 հատ Այբբենարան, սակայն տպագրվել է 13 327 հատ (տարբերությունը` 1596 հատ կամ շուրջ 2,4 միլիոն դրամ): Եղել է «Մայրենի 1» դասագրքի 4802 հայտ, սակայն տպագրվել է 5857 հատ(տարբերությունը 1055 հատ կամ 1 508 650 դրամ), «Մայրենի 2»-ի 6559 հայտ, սակայն տպագրվել է 7655-ը(տարբերությունը 1096 հատ կամ 1 644 000 դրամ), «Մայրենի 4»-ի 6458 հայտ, սակայն տպագրվել է 7777-ը(տարբերությունը 1319 հատ դասագիրք կամ 1 978 500 դրամ), 3-րդ դասարանի «Ռուսաց լեզվի» 5976 հայտ, սակայն տպագրվել է 8719 հատ (տարբերությունը 2743 հատ կամ 3 565 900 դրամ): Ընդհանուր առմամբ «Էդիթ պրինտ»-ը տպագրել է շուրջ 11 միլիոն դրամով ավել դասագիրք, քան դպրոցներն ուզել են այս հրատարակչությունից:

Հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ասում է, որ դպրոցների հայտերից տեղյակ չէ: «ԿԳՆ-ն թվերը տալիս է, մենք դրան համապատասպան տպագրում ենք: Դպրոցների հայտերից տեղյակ չենք: Հայտերը նախարարությունում են: Այնուհետև ԿԳՆ-ն մեզ տալիս է նաև բաշխման ցուցակ, դրա մեջ գրված է` ամեն մարզ որքան պետք է բաշխենք, ըստ դրա էլ բաժանում ենք: Այսինքն մենք հայտերի, ոչ մի բանի հետ կապ չունենք»:

«Սպիկա» հրատարակչությունը, ԿԳՆ-ի պատվերով, տպագրել է տարրական դասարնների «Եզդիերեն այբբենարան 1», «Եզդիերեն գրականություն 3», «Եզդիերեն գրականություն 4», «Եզդիերեն գրականություն 5», «Եզդիերեն լեզու 3-5-րդ» դասագրքերը:

Այս դասագրքերի համար դպրոցներից ստացված հայտերից 3955 հատով ավել են տպագրվել:

Եզդիերեն մեկ դասագրքի միավոր արժեքը 4250 դրամ է:

Այսինքն տարբերությունը, գումարային հաշվարկով, կազմում է մոտ 16,8 միլիոն դրամ:

Թեև փաստացի պահանջարկի և տպագրված գրքերի տարբերությունը բավական մեծ է, սակայն հրատարակչության ներկայացուցիչ Արևշատ Ավագյանը մեզ հետ զրույցում նշում է, որ տպված քանակը նույնիսկ չի բավականցնում:

Ըստ Ա.Ավագյանի` գրքերը տպվել են նախապես արված հարցումների հիման վրա: Դիտարկմանը, որ հենց այդ հարցումների և տպագրված խմբաքանակի միջև անհամապատասխանություն կա, Ա. Ավագյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` դրանք ինչ թղթեր են. ամեն տարի այդ գործով զբաղվում է եզդիների միության նախագահը`Ազիզ Թամոյանը, ինքը լավ գիտի ամեն համայնքը»:

ԿԳՆ-ն «Արևիկ» հրատարակչությանը փոխանցել է շուրջ 44 միլիոն դրամ` տարրական դասարանների դասագրքերի տպագրության համար:

«Անգլերեն 4» դասագրքի համար դպրոցներից եկել է 19805 հայտ, սակայն տպագրվել է 21081 հատ:

Այսինքն 1276 հատ դասագիրք ավել է տպագրվել, քան անհրաժեշտություն եղել է: Տարբերությունը գումարային հաշվարկով կազմում է 1 658 800 դրամ:

«Մեզ մոտ դպրոցների հայտերը չեն լինում, մեզ մոտ լինում է պատվերը նախարարությունից, յուրաքանչյուր գրքից` այսքան հատ, մենք դպրոցների հետ կապ չունենք, դպրոցների հայտերի և դպրոցների ամբողջ պրեցեսի հետ կապ չունենք, մենք վերջնական արդյունքն ենք ստանում նախարարությունից:

Տպագրել ենք, որքան նշված է պայմանագրում և ամբողջությամբ առաքել եք մարզպետարաններ»,- ասում է հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը:

«Զանգակ 97» հրատարակչությանը տարրական դասարանների դասագրքերի տպագրության համար ԿԳՆ-ն փոխանցել է շուրջ 277 միլիոն դրամ:

Հրատարակչությունը դպրոցներին անհրաժեշտ քանակից մոտ 4,7 միլիոն դրամի դասագիրք ավել է տպագրել:

Մասնավորապես` 357 օրինակով ավել է տպագրվել 1-ին դասարանի «Մաթեմատիկա»(2-րդ մաս), 516 օրինակով` 2-րդ դասարանի «Մաթեմատիկա», 1865 օրինակով` 4-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկաների դասագրքերը և 810 օրինակով` 1-ին դասարանի «Կերպարվեստ» առարկայի աշխատանքային տետրը:

Բացի այդ ԿԳՆ-ն հրատարակչությանը պատվիրել է տպագրել երկու դասագիրք, որոնցից ոչ մի մարզի դպրոց չի ուզել: Խոսքը 3-րդ և 4-րդ դասարանի «Կերպարվեստ» առարկային դասագրքերի մասին է: Ըստ հրատարակչության հետ կնքված պայմանագրի` նշված երկու դասագրքերից յուրաքնաչյուրը տպագրվել է 5000 օրինակով, որի համար շուրջ 14 միլիոն 250 հազար դրամի ծախս է կատարվել:Այսինքն` ընդհանուր առմամբ «Զանգակ 97»-ը 18 950 000 դրամի դասագիրք է տպագրել, որոնց անհրաժեշտությունը դպրոցները չեն ունեցել:Հրատարակչության տնօրենի հետ չհաջողվեց խոսել, թեև ակնկալելի է նույն պատասխանը, ինչ ստացել ենք վերոնշյալ մյուս հրատարակիչներից: