
Արշալույսում նախընտրական կրքերը բորբոքվել են
Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սպասվում են համայնքապետի ընտրությունը: Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան գյուղում վիճակը լարվում է: Բանը հասել է նրան, որ ոստիկանությունն ամենօրյա հերթապահություն է իրականացնում Արշալույսում, քանի որ ամեն պահի թեկնածուների կողմնակիցների միջեւ հնարավոր է ծեծկռտուք լինի:
Արշալույսի համայնքապետի թեկնածուները երկուսն են՝ գործող համայնքապետ ՀՀԿ անդամ Զարզանդ Գրիգորյանը եւ նախկին համայնքապետ, դարձյալ ՀՀԿ անդամ Գրիգոր Գրիգորյանը:
Զարզանդ Գրիգորյանը զբաղվում էր ակտիվ քարոզչությամբ եւ նույնիսկ բակային հանդիպումների էր մասնակցում: Իսկ Գրիգոր Գրիգորյանը նախընտրական շտաբ չունի եւ մեր այցելության ժամանակ տանն էր: Նա դժգոհեց գյուղում տիրող իրավիճակից` ասելով, թե Զարզանդ Գրիգորյանն ու նրա պատգամավոր եղբայրը՝ Հրանտ Գրիգորյանը Արշալույսում ահ ու սարսափ են տարածում, եւ մարդիկ վախենում են նույնիսկ փողոց դուրս գալ: «Ջահելները մի քանի օր առաջ մեկը մյուսին սիլայով խփեցին, միլիցեքին բերեցին, լցրին մեր գյուղ: Այսօր մեր գյուղի ժողովուրդը վախենում ա դուրս գա փողոց: Եթե գիշերով ջան անեք գաք գյուղ, կտենաք, որ մի քիչ վախկոտ մարդկանց, ջահելներին հավաքում, տանում են իրենց շտաբը վախացնում են: Հրանտ Գրիգորյանը, Զարզանդ Գրիգորյանը մարդկանց կանգնացնում ասում են՝ ու՞մ կողմից ես»-ասում է Գրիգոր Գրիգորյանը:
Անդրադառնալով հակառակորդ թեկնածուի պնդումներին, թե իր համայնքապետ եղած տարիներին ոչինչ չի արվել` Գրիգոր Գրիգորյանն արդարանում է` այդ տարիների երկրի վատ պայմանները մատնանշելով: «18 տարի գյուղապետ եմ աշխատել: Իմ ժամանակ պետությունը ծանր վիճակում էր, մինչեւ 2005թ. գրեթե դոտացիա չկար, իսկ բյուջեն տարեկան կազմում էր 8-10 մլն դրամ: Մենք հազիվ կարողանում էինք աշխատավարձ տայինք: Իսկ այսօրվա բյուջեն 50-60 մլն դրամ է, բայց չի երեւում, թե այդ գումարը ինչի վրա է ծախսվում»,-ավելացնում է Գ. Գրիգորյանը:
Նախկին համայնքապետն ասում է, թե Զարզանդ Գրիգորյանը դեկտեմբերից մինչ օրս նախընտրական նվերներ է բաժանում՝ վառելափայտ է հատկացնում չքավոր գյուղացիներին, մեկ էլ նրանց, որոնք շատ ընտրող ունեն ընտանիքում:
«Ազդեցություն ունի դպրոցի աշխատողների վրա, ասում են, որ նրանց կհեռացնեն, եթե ինձ ընդդիմություն ցույց չտան: Ազդում է նաեւ մյուս հիմնարկների աշխատողների վրա: Այսօր կառավարության միջոցներով ձմեռվա կեսին դրել ջուր ա քաշում, բայց այն մասը որտեղ որ միշտ ջուր եղել ա, իսկ գյուղի 70 տոկոսը հիմա ջուր չունի: Ինքն էլ այն տեղերում ա նոր խողովակներ անցկացնում, որտեղ կա չուգունից լավ խողովակներ: Երեւում ա, թանկանոց ապրանք ա չուգունը, հանել տարել ա, հավանական ա` իրա գրպանն ա գնում: Իմ հաշվարկով` 7-8 միլիոն դրամի խողովակ ա հանել տարել, վաճառել կամ տարել պահել ա, որ հետո ծախի, կամ էլ այդ խողովակներով տարել ճանապարհի վրայի իր շուկան ա սարքել: Մեր փողոցների 7-8 մետրանոց խողովակներն են հանել տարել: Ցերեկային լույսերը տեղափոխել ա բետոնե սյուների վրա, ու հավանական ա, որ դրանցով էլ ա իր շուկան սարքել»,-ավելացրեց Գրիգոր Գրիգորյանը:
Թեկնածուն խոստանում է, որ ընտրվելու դեպքում կզրոյացնի գյուղացիների ունեցած 5 տարվա պարտքերը՝ 2000-2005թթ համար: «Զարզանդ Գրիգորյանը դրել ա 2000թ.-ից մինչեւ հիմա քամում, հարկերը հավաքում ա, ես դրանք զիջելու եմ, որովհետեւ գյուղացիները մեղք են: Այդ ժամանակ գյուղացիները հարկերը տվել են ինձ, բայց ասում ա` գնացեք չեկերը բերեք, որ վճարել եք: Հիմա մարդ են, չեկերը կորցրել են, թող արխիվում գնա նայի»,-նշում է Գրիգոր Գրիգորյանը: Ըստ նրա՝ գործող համայնքապետը գյուղացիներին տեղեկանք չի տրամադրում եւ ստիպում է վճարել բոլոր պարտքերը նոր միայն դիմեն տեղեկանքի համար:
Նախկին համայնքապետը նաեւ մեղադրում է Զարզանդ Գրիգորյանին, որ ամբուլատորիայի բժիշկները կանչ ստանալու դեպքում պարտադիր պետք է զանգեն համայնքապետին, որպեսզի նա թույլ տա` գնան հիվանդին զննելու, իսկ եթե հիվանդը իր կողմնակիցը չէ, չի թողնում, որ նրան զննեն:
Մինչդեռ Արշալույսի ամբուլատորիայի գործադիր տնօրեն, ընտանեկան բժիշկ Ելենա Քարամյանը հերքեց նախկին գյուղապետի վերոնշյալ տեղեկությունները: «Ես որպես ամբուլատորիայի տնօրեն չէի կարողանա այդ շտապօգնության ավտոմեքենան պահեի, վարորդ պահեի, որովհետեւ այդքան գումար չունենք: Զարզանդ Գրիգորյանն է մեզ օգնում: Կարող է զանգենք սոլյարկա ուզենք գյուղապետից, բայց ոչ թե նրանից հարցնենք, թե ում սպասարկենք: Թող մեկը գա ու ասի, որ գոնե մեկ կանչ չի սպասարկվել եւ խտրականություն է դրվել: Մենք նույնիսկ հիվանդներին Երեւան ենք տեղափոխել»,-ասաց ամբուլատորիայի տնօրենը: Իսկ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը հաստատեց, որ Գրիգոր Գրիգորյանի կողմնակիցներից Անդրանիկ Թեւանյանի կանչով 4 անգամ այցելել են նրան եւ նույնիսկ Երեւան են տեղափոխել:
Հանդիպեցինք նաեւ Զարզանդ Գրիգորյանին ու նրա պատգամավոր եղբորը՝ Հրանտ Գրիգորյանին: Պատգամավորն ասաց, որ Գրիգոր Գրիգորյանի մեղադրանքները հիմքեր չունեն, հակառակ դեպքում թող ներկայացնի գրավոր փաստեր: «Ես խոսում եմ փաստերով, թող իրենք էլ ներկայացնեն մի գրավոր փաստ, որ գյուղապետարան գալիս են տեղեկանք ուզելու, տեղեկանք չեն տալիս, կամ բուժաշխատողները սպասարկում են միայն մեր կողմնակիցներին: 18 տարի ինչ ուզել արել է, ժողովուրդն արդեն կշտացել է նրանից: Մեր բարի կամքով է, որ հիմա ինքը ազատության մեջ է»,-ասում է Հրանտ Գրիգորյանը եւ գրավոր փաստերով ներկայացնում է Գրիգոր Գրիգորյանի իրականացրած չարաշահումների մասին վկայող փաստաթղթեր:
Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ հենց այդ չարաշահումների փաստով հարուցվել էր քրեական գործ, նա 2010թ. դատապարտվել էր 6.5 տարի ազատազրկման, սակայն նա անազատության մեջ անցկացրել է 4 ամիս եւ վաղաժամկետ դուրս է եկել պայմանով, որ պարտավորվում է հատուցել համայնքին հասցրած վնասը՝ 69 մլն 271 հազ. 780 դրամը` յուրաքանչյուր ամիս վճարելով 2 մլն դրամ:
Հրանտ Գրիգորյանն ասաց, որ Գրիգոր Գրիգորյանը փոխհատուցել է միայն 2 մլն դրամ, իսկ մնացածը չի վճարել, քանի որ ի վիճակի չի եղել:
«Հեռակա կարգով լսել եմ, որ «խազեին» ունի, հիմա թող այդ «խազեինն» էլ վճարի իր փոխարեն: 2005թ. Արշալույսի դպրոցի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 71 մլն դրամ, բայց փոշիացվել է: Խմելու ջրի համար 55 մլն դրամ է հատկացվել ու փոշիացվել է, այսօր Արշալույսը խմելաջուր կարելի է ասել չունի: Մանկապարտեզի համար էլի պետբյուջեով հատկացվել է 25 մլն դրամ եւ փոշիացվել է: Դրանից հետո համայնքի, մեր անձնական ու գյուղացիների ուժերով դպրոցը վերանորոգվել է: 200.000 դրամով օտարեց այն շենքը, որտեղ տեղակայված էր ամբուլատորիան: 7-8 աշխատողներին դուրս արեց եւ գյուղապետարանի շենքում մի 5-6 քմ խորդանոցի նման տարածք հատկացրեց: Ես եմ խնդրել կառավարությանը, 57 մլն դրամ գումար է հատկացրել, եւ գյուղում անցյալ տարի ամբուլատորիա է կառուցվել»,-ասում է Հրանտ Գրիգորյանը:
Անդրադառնալով ոստիկաններ գյուղ բերելուն` պատգամավորը նշեց, թե ոստիկանների խնդիրը կարգ պահպանելն է, եւ իրենք ոստիկանով վախեցնելու նպատակ չունեն: Ինչ վերաբերում է նախընտրական նվեր-վառելափայտին, ապա, Հրանտ Գրիգորյանի ասելով, փայտը կարիքավորներին բաժանվում է ոչ թե համայնքային բյուջեից, այլ իր անձնական միջոցներից: «Այս տարի 90 խմ վառելափայտ է բաժանվել, իսկ 320 խմ վառելափայտ բաժանվել է վերջին 3 տարիների ընթացքում; Այդ վառելափայտն էլ իմ միջոցներով` որպես պատգամավոր եմ բաժանում, համայնքի բյուջեից չենք վերցնում»,-նշեց Հ. Գրիգորյանը:
Պատգամավորը չի ընդունում նաեւ, որ եղբայրը խողովակներ է վաճառել: «Երեւի իրենց կառուցած 7 կմ ջրագծի մասին են ասում, որ պետք է սահմանված խորության վրա լիներ, մեկուսացված լիներ, բայց բերեցին փտած խողովակներ գցեցին ու հիմա բնակիչներից շատերը խմելաջուր չունեն: 700-800 մետր մարդիկ դույլերով ջուր են տանում: 18 տարի գյուղապետ էր, թող աներ: Հիմա մենք ենք անում, 2 կմ ծրագրով է խողովակաշար կառուցվում, 2 կմ էլ մեր անձնական միջոցներով ենք կառուցում: Վերջ ի վերջո Ազգային ժողովի պատգամավոր եմ ու պատասխան պիտի տամ իմ ասածների համար, ոչինչ չեմ չափազանցնում»,-ավելացրեց Հ. Գրիգորյանը:
Նա զայրացել էր, որ համայնքապետի թեկնածուն չի նշում նաեւ իր մյուս բարեգործությունների մասին եւ միայն վատաբանում է: Օրինակ` նշեց, որ 3 տարի առաջ 7000 դոլարով ավտոբուս է գնել եւ շուրջ 3 տարի է 60-70 ուսանող Արշալույսից անվճար գնում է Երեւան եւ հետ է վերադառնում: Հրանտ Գրիգորյանն ասաց, թե Գրիգոր Գրիգորյանի չարաշահումների մասին շատ կարող է թվարկել, սակայն, հաշվի առնելով քավոր-սանիկական հարաբերությունները, բավարավում է ասվածով:
Գրիգոր Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված որոշ մեղադրանքներ, թեեւ ստուգման ակտի տակ ստորագրել, իսկ ՀՀ նախագահին ուղղված դիմում- խնդրագրում նշել է, որ «լիովին զղջացել եմ կատարածս արարքի համար: Հասկացա, որ սխալվել եմ եւ չպետք է անեի այդ բանը»:
Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ իրեն մեղադրում են նաեւ Ատոմակայանից բերված ջրի պարտք կուտակելու մեջ, սակայն ինքը դրանում մեղավոր չէ: «1978թ. թվերից մինչեւ հիմա այդ գիծը կա: Սովետի ժամանակ ֆերմայում եմ աշխատել, այդ ժամանակ չենք տվել գումարը: Փող էին ուզում, թող ջուրը կտրեին չտային: Չեն ուզել` չենք տվել»,-ասում է նախկին համայնքապետը:
Ինչ վերաբերում է մի քանի տասնյակ հողերի կադաստրային գնից էժան վաճառելուն, ապա այստեղ էլ Գ. Գրիգորյանն արդարացում ունի: «Հաստատ չեմ հիշում, թե երբ, բայց 35.5 հա հող եմ վաճառել ու «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն եմ տվել, որ վաճառում եմ: Աճուրդով վաճառել եմ, ու կադաստրը ոչ մի բան չի ասել, մենք էլ հողի կադաստրային արժեքը վերցրել ենք կադաստրից, թող ասեին` էժան ես վաճառում: Այդ գումարը չեմ կերել: Որ Զարզանդ Գեւորգյանը ընտրվեց գյուղապետ, մասնագետները եկան հողի կարգերը վերանայեցին, ու անհամապատասխանություն եղավ, դա էլ հիմք վերցրին, որ ես էժան եմ վաճառել: Էժան եմ տվել, թող հողը հետ վերցնեն, նոր աճուրդով վաճառեն: Մարդ ենք, սխալվել ենք, կադաստրն է սխալվել, իրենք այդ գինն են մեզ ասել»,-հավելում է Գրիգոր Գրիգորյանը:
Սակայն Արմավիրի մարզպետի 22.05.2008թ. թիվ 53 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը 6 էջանոց ակտ է կազմել եւ բացահայտել է, որ Գրիգոր Գրիգորյանը տարբեր չափերի յուրացումներ է կատարել:
Փորձեցինք երկու թեկնածուների մասին կարծիք հարցնել նաեւ գյուղացիներից: Գրեթե ոչ ոք չէր համարձակվում խոսել: Մարդիկ խուսափում էին եւ «գործ չունեմ» պատճառաբանությամբ մի կողմ էին քաշվում:
Գրիգոր Գրիգորյանի ազգական Մարտիրոս Մարտիրոսյանը, քննադատելով Զարզանդ Գրիգորյանին, ասաց, թե այսօր գյուղում վախի մթնոլորտ է տիրում, քանի որ «գյուղում չկա մի երիտասարդ, որին Գրիգորյան եղբայրները ծեծած չլինեն»: Հրանտ Գրիգորյանը հերքեց, որ իրենք մարդ են ծեծել, հակառակը, պնդեց, թե Գրիգոր Գրիգորյանի կողմնակիցներն են գյուղացիներին սպառնում: Մի քանի ընտրող եւս դեմ արտահայտվեցին Զարզանդ Գրիգորյանին` ասելով, թե գյուղում ոչ մի լավ գործ չի արել, եւ Գրիգոր Գրիգորյանն ավելի լավ համայնքապետ կարող է լինել:
85-ամյա Հայդուկ Մնացականյանին հանդիպեցինք գյուղի կենտրոնում: Նա մի քանի հասակակիցների հետ հետեւում էր գյուղի անցուդարձին: Հայդուկ պապն ասաց, որ Զարզանդ Գրիգորյանը լավ համայնքապետ է, ինքն էլ լավ է ապրում ու ցանկանում է համայնքապետի աթոռին նորից Զարզանդ Գրիգորյանին տեսնել:
«Ես շատ լավ եմ ապրում, իմ պալտոնն էլ քոնից լավն ա: Գործող գյուղապետից դժգոհ չենք: Նախկին գյուղապետը 20 տարի գյուղը թալանեց, դրա համար էլ դատվեց; Ինչի՞ համար են բռնել նախագահին, եթե չէր կողոպտել»,-ասաց Հայդուկ պապը:
Նշենք, որ Արշալույսում գրեթե հավասար պայքար է գնում եւ չի բացառվում, որ ընտրության օրը լարվածությունը հասնի գագաթնակետին, թեեւ թե' Գրիգոր Գրիգորյանը, թե Հրանտ Գրիգորյանը հավաստիացրին, որ թույլ չեն տա, որպեսզի թեկնածուների կողմնակիցները գնան առճակատման:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել