HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Տղային սպանել է հոսանքը, ու վերջ»

«Այդ օրը Երեւանի ժամանակով 23:30-ի սահմաններում զանգեցի որդուս ընկերոջը` Գոռին: Ասացի` տղա ջան, Տիգրանի բջջայինն անջատված է, հեռախոսդ կփոխանցե՞ս իրեն: Ասաց` վա՜խ... մորքուր ջան, 10 րոպեից զանգի: Չհասկացա, թե այդ «վա՜խ»-ն ինչ էր նշանակում: Սիրտս կասկած ընկավ: Զանգեցի տղայիս բոլոր ընկերներին, բայց ոչ մի հեռախոս այլեւս չէր պատասխանում»,- պատմում է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը: Ժամեր անց Ռուսաստանում ապրող ծնողներին հայտնել են, որ Տիգրանը զորամասում մահացել է:

Օհանջանյանների ընտանիքը երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում: Տիգրանը մարզվել է ձյուդոյով, դարձել քաղաքի չեմպիոն: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ընդունվել է պոլիտեխնիկական համալսարանի ֆինանսների եւ էկոնոմիկայի ֆակուլտետ: Սակայն 2-րդ կուրսում, չանսալով ծնողների հորդորներին, 18-ամյա Տիգրանն ուսումը կիսատ է թողել եւ վերադարձել Հայաստան` իր տարեկիցների հետ ազգային բանակ զորակոչվելու: Նա սկզբում ծառայել է Լուսակերտի, այնուհետեւ` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում:

2007 թ. օգոստոսի 30-ին, ժամը 23:25-ին կրտսեր սերժանտ Տ. Օհանջանյանի դին տեղափոխվել է Վարդենիսի կայազորի հոսպիտալ: Ըստ հետագայում հարուցված քրեական գործի նյութերի` նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում զորամասի ընդունարանում (գգգ) հերթապահող ժամկետային զինծառայող (ԺԶԾ) Արմեն Գալստյանը 3 անգամ ձայն է լսել: Գնալով դրա ուղղությամբ` ռադիո-ռելսային տելեսկոպիկ կայմի մոտ նա տեսել է Տիգրանին` մեջքի վրա գետնին պառկած: Գալստյանն օգնություն է կանչել, եւ փորձել են ընկածին օգնել: Տիգրանը նույնիսկ փսխել է, սակայն արդեն ուշ է եղել:

Տիգրանի դիակը հոսպիտալից Երեւան է տեղափոխվել լուսադեմին: Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետ Վիգեն Ադամյանն արձանագրել է, որ հանգուցյալը դիահերձարան է բերվել մերկ վիճակում: «Բերանը փակ է, լեզուն` ատամների արանքում ամուր սեղմված... Ստորին ատամնաշարում ձախից 4-րդից 6-րդ ատամները բացակայում են, վերեւինում բոլոր ատամները տեղում են... Աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի շրջանում եւ պարանոցի աջ կեսին առկա են քերծվածքներ...»,- նշել է փորձագետը եւ եզրակացրել, որ մահվան պատճառն օրգանիզմի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն է:

Հերձումից առաջ Տիգրանի հարազատները հասցրել են դիակը լուսանկարել: Լուսանկարները փաստում են, որ վնասված են եղել նաեւ հանգուցյալի ձախ ականջն ու դեմքի որոշ հատվածները, վերին ատամնաշարից եւս մի քանի ատամ բացակայել են, իսկ պարանոցի աջ կեսին առկա «քերծվածքը» նման է դանակի հետքի եւ ձգվում է մինչեւ ծոծորակ: (Այդ լուսանկարները խմբագրության տրամադրության տակ են, սակայն հասկանալի պատճառներով չենք հրապարակում): Փորձագետ Վ. Ադամյանն այս ամենը չի «նկատել», թեեւ եզրակացությունը կազմելիս ստորագրությամբ հաստատել է, որ նախազգուշացված է «ակնհայտ կեղծ եզրակացության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին»:

«Ամեն ինչ սարքել են այնպես, իբր որդիս պարանոցով կպել է տելեսկոպիկ կայմի ձգալարին եւ էլեկտրահարվել, որից էլ առաջացել է պարանոցի «քերծվածքը»: Փորձաքննության մեջ նշված է, որ հոսանքն անցել է սրտի միջով: Այսինքն` եղել է վայրկենական մահ: Այդ դեպքում ինչպե՞ս է նա 3 անգամ ձայն հանել կամ էլեկտրահարվելուց հետո փսխել»,- տարակուսում է Տիգրանի մայրը: Դատաբժշկական փորձաքննությունն այս հարցերի պատասխանը չի տվել:
Ծնողները վստահ են, որ իրենց որդուն սպանել են: Տիգրանի հայրը նույնիսկ նշում է, թե զրուցել է մասնագետների հետ եւ պարզել, որ էլեկտրահարման «էֆեկտ» կարելի է ստեղծել նաեւ հետմահու:

Զորամասում Տիգրանը շատ լարված հարաբերություններ է ունեցել երկու երիտասարդ սպաների հետ: Այդ մասին նա անձամբ պատմել է հարազատներին: Իսկ երբ վերջիններս դեպքից մեկ շաբաթ առաջ այցելել են Տիգրանին, նրա հոնքը վնասված, աչքի տակ կապտած է եղել:

«Որդուս հետ վատ հարաբերություններ է ունեցել նաեւ զորամասի հրամանատար Սմբատ Սիմոնյանը: ԺԶԾ Դավիթ Հովսեփյանը հարցաքննության ժամանակ պատմեց, թե ինչպես է նա տղայիս հարվածել: Քննիչ Հարություն Շահազիզյանին հարցնում եմ` ինչու՞ չեք արձանագրում զինվորի պատմածը: Ասում է` դու չպիտի ասես, թե ինչ անեմ: Այդպես էլ չարձանագրեց»,- հիշում է Տիգրանի հայրը` Սուրեն Օհանջանյանը: Նրա խոսքերով` իրավապահները միայն մեկ վարկած են առաջ տանում` «տղային հոսանքն է սպանել, ու վերջ»: Դա «ապացուցելու» համար նրանք նույնիսկ «դիմում են բացահայտ ապօրինությունների»:

«Սկզբում գործը գտնվում էր Սեւանի կայազորի զինդատախազության վարույթում: Դատախազ Գնել Մանուկյանը որդուս հագուստը փորձաքննության ուղարկեց միայն 56-րդ օրը, այն էլ` բազմաթիվ բողոքներիցս հետո: Բայց դա Տիգրանի հագուստը չէ: Տղաս հաղթանդամ էր, կրում էր 52-54 համարի հագուստ: Իսկ սա հազիվ 48 համարի է»,- ասում է Ս. Օհանջանյանը եւ շեշտում, որ դատախազը Տիգրանի ներքնաշորերը եւ զինվորական կոշիկներն այդպես էլ փորձաքննության չի հանձնել:

Հատկանշական է, որ փորձաքննությամբ հագուստի վրա արյան ոչ մի կաթիլ չի հայտնաբերվել: Մինչդեռ դատաբժշկի եզրակացությունում նշված է, որ հանգուցյալի պարանոցի եւ մարմնի այլ հատվածներում առկա են եղել չորացած արյան հետքեր:

«Ամբողջ գործն այն հենքի վրա է, թե իբր որդիս մահացել է ժամը 23-ի սահմաններում: Գործով անցնում է 71 վկա, բայց բոլորն էլ քննիչների ճնշումների պատճառով խոսքները մեկ են արել ու ասում են նույն բանը: Նույնիսկ նշում են, թե այդ օրը երեկոյան անվանականչն անցկացրել է տղաս: Պահանջեցի անվանականչի մատյանն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության, որպեսզի պարզենք, թե դրա տակ դրված ստորագրությունն ում է պատկանում: Վեց ամիս հետո պատասխանեցին, որ Տիգրանը մոռացել է մատյանում ստորագրել,- շարունակում է Ս. Օհանջանյանը:- Դեպքի հաջորդ օրը մի կին եկավ մեր տուն եւ ասաց, որ իր տղան` Կարենը (անունը փոխված է), ծառայում է Տիգրանի հետ: Նա պատմեց, որ նախորդ օրը դեռ ժամը 21-ին Կարենը զանգել է տուն եւ հայտնել Տիգրանի մահվան լուրը: Բացի այդ, նույն օրը երեկոյան մեր բարեկամները Երեւան-Վարդենիս երթուղային տաքսով տղայիս հանձնուք են ուղարկել: Եթե նա ժամը 23-ին մահացած լիներ, կհասցներ այն վերցնել»:

ԺԶԾ Դ. Հովսեփյանը ցուցմունքում նշել է, որ ինքն ու Տիգրանը ժամը 21-ին ստացել են հանձնուքը եւ միասին կերել դրանում եղած քյաբաբը: Սակայն դիահերձման ժամանակ Տիգրանի ստամոքսում եղել է միայն կարտոֆիլի պյուրե:

Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Վովա Գասպարյանի անունով գրված դիմում-բողոքների արդյունքում ՌՈ աշխատակիցները Կարենին հարցաքննել են: Այս անգամ նրա պատմածներն էականորեն տարբերվել են գործի շրջանակում քննիչին տված ցուցմունքից: Կարենը նշել է, որ Տիգրանի մահվան մասին լսել է զորամասի ճաշարանում օգոստոսի 30-ին, ժամը 20-ից 21-ի սահմաններում: Այս ցուցմունքը կարող է էականորեն փոխել գործի ընթացքը, սակայն մինչ օրս հետեւանք չի ունեցել: Իսկ Տիգրանի հոր «գոնե ցուցմունքի կրկնօրինակն իրեն տալու» խնդրանքները մնացել են անպատասխան:

Որդու մահվան հանգամանքները պարզելու համար Ս. Օհանջանյանին այս ընթացքում երկու անգամ սպառնացել են: Երեք-չորս երիտասարդներ մթության մեջ նրա ճանապարհը կտրել են եւ զգուշացրել, թե` «ընտանիք ունես, բողոքներիդ վերջը տուր»: Սակայն որդեկորույս հայրը շարունակում է բողոքներ հղել բոլոր պատկան մարմիններին:

Դեռ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված նրա դիմումները մնացել են անպատասխան: Ի վերջո, կառավարությունից հայտնել են, որ դիմումը մակագրվել է Առեւտրի եւ զարգացման նախարարություն: «Երեւի պիտի սպանության գինը որոշեն»,- հեգնում է նա:

Զոհվածի ծնողները հանդիպել են նաեւ այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Նա մանրամասն լսել է կատարվածի մասին եւ Տիգրանի մորը «մխիթարել». «Տիկին, շատ հնարավոր է, որ 10 տարի հետո էլ չիմանաք, թե ով է Ձեր երեխային սպանողը»:

Գործն այժմ գտնվում է Պաշտպանության նախարարության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Հ. Շահնազարյանի վարույթում: Ըստ Ս. Օհանջանյանի` վերջինիս նկատմամբ ինքը մի քանի անգամ բացարկ է հայտնել, սակայն առայսօր պատասխան չի ստացել: Փոխարենը քննիչն օրեր առաջ տեղեկացրել է, որ քննությունն ավարտված է, եւ գործն ուղարկելու է դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter