
Սոցիալական օգնությունները՝ համայնքապետի ընտանիքին, աշխատակազմին եւ մերձավորներին
Աքորիի համայնքապետարանի 2011թ. համայնքի բյուջեում կանխատեսված 69,2 մլն դրամ եկամուտների փաստացի մուտքերը տարեվերջին, ըստ բյուջետային հաշվետվության, կազմել են 62,9 մլն դրամ: Համայնքի բյուջեի ծախսումների մասին Աքորիի բնակչությունը երբևէ չի տեղեկացվում: Իր հեղինակած բյուջեով նախատեսված ծախսերից անտեղյակ է նաև համայնքապետը:
Բյուջեի «սոցիալական պաշտպանություն» տողով համայնքապետ Կամո Սիմոնյանը 2011թ. նախատեսել է 3.6 մլն դրամ, փաստացի ծախսերը տարեվերջին կազմել են 3 մլն 570 հազար դրամ: Մեր այն հարցին, թե որքա՞ն գումար է հատկացվել «սոցիալական պաշտպանություն» տողով, և քանի՞ անապահով աքորեցի է դրամական օգնություն ստացել, համայնքապետն ասաց. «Չեմ կարող ասել, տվածը հաշվապահությունում ա, ավագանու որոշումով ա: Ընդհանուր գումար չեմ կարա ասեմ, անձին՝ 10 հազար դրամ»: Օգնություն ստացածների թվի մասին էլ ասաց. «Դե, մի 10, 15, մի 20, 25 հոգի»:
Աքորիի համայնքապետը նաև ասաց, որ դրամական օգնություն ստանալու մասին գյուղացիների՝ իրեն ուղղված դիմումները ոչ թե համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովն է ուսումնասիրում եւ եզրակացություն տալիս, այլ ավագանին: «Մեզ մոտ ավագանին է որոշում: Ուղղակի սոցիալական վիճակը նայում ենք, ընչի հմար ա պետք կոնկրետ, ավագանու անդամներով վեր ենք լուծում և հատկացնում: Ես կարամ ասեմ, որ ուղղակի գրվում ա էնտեղ, մուտքագրվում ա, ստանում են մարդիկ, գնում»: Համայնքապետը մեզ խորհուրդ տվեց Ալավերդու գանձապետարանից տեղեկանալ սոցիալական պաշտպանության տողով 2011 թ. իր նախատեսած գումարների և դրանց ծախսերի մասին:
Մարզպետարանի lori.gov.am կայքում տեղադրված Աքորի համայնքի ավագանու 2011թ. որոշումները փաստում են, որ Աքորի համայնքի ավագանին 2011թ. իր թվով 6 որոշումներով ֆինանսական օգնություն է ցույց տվել 176 աքորեցիների: Այդ թվում՝ 2011թ. հուլիսի 1-ի N 19 որոշմամբ ավագանին 10 հազար դրամ ֆինանսական օգնություն է ցույց տվել համայնքապետի կնոջը` Գրետա Մհերի Մկրտչյանին, 01.04.2011թ. որոշմամբ 10 հազար դրամ ֆինանսական օգնություն է ստացել համայնքապետի քույրը` Գոհար Պեպանյանը, ով, ըստ գյուղացիների, սոցիալապես անապահով չէ:
Սեպտեմբերի 3-ի N 25 որոշմամբ 30 հազար դրամ ֆինանսական օգնություն է տրվել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Կիրակոսյանին, նույն որոշմամբ 30 հազար դրամ օգնություն է տրամադրվել համայնքապետի տեղակալ Անուշ Սիմոնյանին (Կիրակոսյանին), 01.07.2011թ. որոշմամբ 25 հազար դրամ օգնություն է տրվել համայնքապետի հաշվապահի աղջկան` Նոնա Ալեքսանյանին: Ավագանու որոշումով 10 հազար դրամ օգնություն է ստացել գյուղի կենտրոնում գտնվող մթերային խանութի սեփականատեր Արարատ Թամազյանը, ով իր սեփական «Գազ-31» մակնիշի ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի: Ավագանու 22.01.2012թ. հունվարի 22-ի N 1 որոշմամբ 10 հազար դրամ ֆինանսական օգնություն է տրվել համայնքապետի տեղակալի սկեսրոջը` Աննա Սիմոնյանին, 10 հազար դրամ էլ՝ աքորեցի Կարամզին Պողոսյանին, ով նույնպես գյուղում մթերային խանութի սեփականատեր է:
Աքորիի գյուղամիջում գտնվող մթերային մեծ խանութի սեփականատեր Ռայա Ավետիքի Ավետյանը, ով սեփական «Նիվա», «Վիլիս» և արտասահմանյան մակնիշի մեկ այլ ավտոմեքենա ունի, երկու անգամ՝ 01.06.2011թ. N15 և 23.01.2012թ. N 1 որոշումներով ստացել է 15 հազարական դրամ օգնություն: Գյուղ մտնող ճանապարհաեզրին գտնվող մթերային խանութի սեփականատեր Մանուշակ Օհանյանը 23.01.2011թ. ավագանու որոշումով ստացել է 10 հազար դրամ օգնություն: Վերջինս, աքորեցիների ասելով, «Գազ-31» մակնիշի սեփական ավտոմեքենա ունի: Ավագանու որոշումով 10 հազար դրամ ֆինանսական օգնություն են ստացել գյուղի ֆերմեր Հրանտ Ավետյանը և նյութապես ապահովված այլ մարդիկ:
Աքորիի գյուղամիջյան հրապարակին հարող խանութների տերերը հաստատեցին, որ նշված դրամական օգնությունները ստացել են, իսկ խանութներից մեկի սեփականատերը` Գոհար Ավետյանը, ով Կամո Սիմոնյանի հորաքրոջ հարսն է, ասաց. «Ես այդ գումարը չեմ ստացել, ուղղակի գյուղապետը մեր հարկը 10 հազար դրամ քչացրել է գյուղատնտեսական օգնության կարգով: Մենք շատ անասուն ունենք` մի 20 հատ կթու կով ունենք, մի 20 հատ ոչխար ունենք: Խանութը, այո, իմ անունով է գրված: Մենք 100 հազարից ավել ենք հարկ մուծում: Հարցը կարիքը չի, դե մարդ ա, էլի, նա էլ իրա մարդկությունն ա արել»:
Աքորի համայնքի ավագանին իր 01.06.2011թ. N 14 որոշումով հաստատել է նաև Աքորի համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Ավագանին համայնքապետ Կամո Սիմոնյանի համար պաշտոնային դրույքաչափ է սահմանել 160 հազար դրամ, նրա կնոջ` աշխատակազմի առաջատար մասնագետ Գրետա Մկրտչյանի համար՝ 71 հազար դրամ:
Հաստիքացուցակի տեխսպասարկման անձնակազմում 65 հազար դրամ աշխատավարձով համայնքապետի տեղակալի ամուսինը` Սարգիս Սիմոնյանը, վարորդ է ձեւակերպված: Իսկ համայնքապետարանին սպասարկում է համայնքապետ Կամո Սիմոնյանի անձնական մեքենան: Համայնքի բյուջեից 2011թ. ծախսվել է 1,2 մլն դրամ տրանսպորտային նյութեր ձեռք բերելու համար: Ըստ գյուղացիների` Կամո Սիմոնյանը ֆիզարձակուրդում գտնվող համայնքապետի տեղակալի փոխարեն օրերս տեղակալ է նշանակել 8-ամյա կրթությամբ նրա վարորդ ամուսնուն` վերը նշված Սարգիս Սիմոնյանին, իսկ վարորդի հաստիքը փոխանցել է Սարգսի հորը՝ Գագիկ Սիմոնյանին:
Ուռճացված աշխատակազմ է պահում նաեւ Շնողի համայնքապետ Հայկազ Քոչինյանը: Ավագանու 2011թ. մայիսի 12-ի N39-11 որոշումով Շնողի երկու խմբանոց մանկապարտեզի համար սահմանվել է 22 հաստիքային միավոր: Համայնքապետը գյուղի մանկապարտեզի տնօրենի (որն իր կինն է) հետ, ըստ բյուջետային հաշվետվության, 2011թ. տնօրինել է մոտ 17,5 մլն դրամ:
Նշենք, որ համայնքի ղեկավարի ու նրա կնոջ համար աշխատավարձի բարձր դրույքաչափեր սահմանող Շնող համայնքի ավագանին իր 2011թ. թիվ 8 որոշումով 5000-ական դրամ միանվագ գումար է սահմանել՝ համայնքի նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին խրախուսելու համար: Համայնքի բյուջեի ծախսումները ցույց են տալիս, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ավագանու կազմն իրենց ազգականներով ու մտերիմներով համալրելու համայնքապետերի ջանքերն ապարդյուն չեն անցնում:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել