Ուդիի «Ոսկե քաղաքը»
Երկրորդ մաս
Տես նաեւ' Ուդիի «Ոսկե քաղաքը»
1963 թվականի հունվարի 11-ին աղջիկ երեխա ունեցանք: Մորս կամքով անունը դրեցինք Նունե: Նունեն մեծանում էր: Ես ու կինս երջանիկ էինք, կյանք էինք ստեղծել: Մնում էր մեր երջանկությունը հաստատելու համար երջանկացնել մեր դստրիկին: Ես շատ էի սիրում թե՛ կնոջս, թե՛ նրա երկու դպրոցահասակ քույրերին: Վերջիններս շնորհալի երեխաներ էին եւ հաճախում էին Պիոներ պալատի պարի խմբակի պարապմունքներին: Միջնեկ քրոջ՝ Գեղեցիկի համար գնեցի «Արտեկ» միջազգային պիոներական ճամբարի, իսկ փոքրիկ քրոջ՝ Սեդայի համար' Ծաղկաձորի ճամբարի ուղեգրեր:
Շատ էինք սիրում իրար, ամեն անգամ տնից դուրս գալիս կամ տուն մտնելիս երկու քույրիկներն էլ համբուրում էին այտերս: Ես տիրապետում էի ռուսերենին, դասերը պատրաստելիս միշտ օգնում էի նրանց, եւ այդպես համերաշխ ու խաղաղ ապրում էինք մի ընտանիքի պես: Կարծում էի' արդեն «բալերս հերիքել են», վազքիս մրցման ֆինիշին էլ մոտենում եմ, սակայն անուրջներս խորտակվեցին:
1963 թվականի սեպտեմբեր ամիսն էր, դպրոցները բացել էին դռները եռամսյա արձակուրդներից հետո, քենիներս էլ փոխադրվել էին հաջորդ դասարան, մեծանում էին, լրջանում: Ինձ հետ՝ իրենց սիրելի փեսայի, ինչպես իրենք էին արտահայտվում' «մեր ախպոր», ավելի ու ավելի կոռեկտ ու հարգալից էին վերաբերվում:
Երեկո էր, Գեղեցիկը ինձ խնդրեց, որ թույլ տամ իրեն գնա ընկերուհու տուն գիրք վերցնելու (երկու քույրերն էլ տանից դուրս գալիս ինձնից թույլտվություն էին հարցնում կամ տեղյակ պահում): Գեղեցիկի գնալուց դեռ տասը րոպե չէր անցել, հարեւանի աղջիկը թափով տուն մտավ ու վախեցած աչքերով արագ-արագ բացականչեց.
-Գեղեցը ընկավ մեքենայի տակ:
Մինչեւ կարողացա ուշքի գալ, թե դա ի՞նչ է նշանակում, անցան վայրկյաններ, ու հազիվ կարողացա իմանալ, որ տարել են 2-րդ հիվանդանոց (մեր տան մոտ): Շտապեցի հիվանդանոց, ընդունարանի մոտ պահակը մի ռուբլով հիվանդների մոտ եկողներին ներս էր թողնում: Ես այնքան շփոթված էի, որ չֆայմեցի եւ ժամանակ էլ չունեի մոտիս փողը մանրել, պահակին տալ, դե պարզ է, հետո պիտի տայի, հո մի ռուբլու հարցը չէր տվյալ պահին: Մի խոսքով, այդ մի ռուբլիանոց շահամոլ սողունը դեմս փակեց, որ չանցնեմ դուռը, ես նրան հրեցի, բարձրացա այն հարկը, որտեղ պառկացրել էին Գեղեցիկին: Մտա պալատ, տեսա Գեղեցիկի շատ գեղեցիկ դեմքը ու կարծես հանգստացա: Աչքերը բացեց, տեսավ ինձ ու ժպտաց: Ես շշուկով հարցրի. «Հո շատ բան չի՞ եղել»: Գլուխը բացասական շարժեց ու աչքերը փակեց: Բուժքույրն էլ մոտեցավ, հանգիստ տոնով պատասխանեց. «Մի վախեցեք, վտանգավոր ոչինչ չկա, ուղղակի քիչ վախեցել է»:
Մինչ ես կիմանայի սիրելի քենուս առողջական վիճակի մասին, այդ ընթացքում մի ռուբլիանոց պահակի գլխի ճիճուները իրար էին եկել, բա ո՞նց թե, մի ռուբլի կորցնելը բավական չէ, հլա հրել: Զանգում է Սպանդարյանի միլիցիայի բաժին: Պատկերացրեցի, թե ինչպես ճոխ զեկուցած կլինի, հորինված տագնապ, որ օպերատիվ խումբը, որ պարապ-սարապ նստած է լինում, բայց իրենցից էլ աշխատանք են պահանջում (վերադասում), ի՜նչ արագությամբ եկած կլինեն միլիցիայի ու հիվանդանոցի միջեւ ընկած տարածությունը: Արդեն հանգստացած, որ լուրջ վնասվածք չկա, իջնում էի հարկից, որ գնամ պահակից ներողություն խնդրեմ ու մի ռուբլու տեղը երեքը տամ, մաղարիչ: Այդ ընթացքում միայն զգացի, որ երկու կողմերից թեւերս ոլորեցին, մտցրին միլիցիայի մեքենան ու օպերատիվ, անհապաղ, մեքենայի դողերը ճռռացնելով' պոկվեցին տեղից, ու երկու րոպե հետո միլիցիայի կուտուզկայում էի: Էլ չեմ ասում, որ ոչ մեկը բան չի խոսում, ոչ մի բան չեն հարցնում, ծեծում են ու ծեծում: Հարցնում եմ' ախր հլա սպասեք, ի՞նչ է պատահել: Միայն ասում են' հեսա կիմանաս: Վերջապես օպերատիվ աշխատակիցների գրում-ջնջումից հետո տարան քննիչի մոտ:
Հարգելի՛ ընթերցող, չեմ ուզում ձանձրացնել քեզ, համառոտ պատմեմ, թե վերջը ինչ եղավ: Քննիչը ներկայացրեց ծանր հանցագործության մեղադրանք, որ խանգարել եմ բժշկական անձնակազմի աշխատանքը, հասարակական կարգն ու կանոնը, վիրավորել եմ պահակին, չեմ ենթարկվել պետական օրենքները (մի ռուբլով) պաշտպանող պահակի պահանջներին եւ այլն...
Գործ հարուցեցին, երբ ասացի այդպիսի բան չի եղել, հուզված էի, միայն հրել, անցել եմ, խի դրա համար քրեական գո՞րծ են հարուցում: Քննիչի ցավակցական ձայնն այնքան ողբալի էր, որ մինչեւ հիմա ականջներիս մեջ հնչում է: Մեկնաբանեց այսպես. «Ես հասկանում եմ եւ մտնում ձեր դրության մեջ, բայց ոչնչով օգնել չեմ կարող, քանի որ դուք նախկինում դատված եք եղել»:
Ու այդպես նորից բալերս չհերիքեցին ու նորից' Խկի, երեք օր հետո' կենտրոնական N1 քննչական մեկուսարան (բերդ): Երեք ամիս անորոշ խցիկում մնալուց հետո դատեցին: Միայն տեսնեիք, թե ինչ ելույթ ունեցավ պետական մեղադրողը (դատախազը), որ առաջին անգամ կալանքից ազատվելուց հետո իրեն նորմալ չի դրսեւորել եւ նորից կատարել է հանցանք, որը համապատասխանում է քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասին, որի համար ամբաստանյալը պետք է պատժվի մեկ տարի ժամանակով՝ խիստ ռեժիմային գաղութում կրելու պատիժը:
Սկսվեց էստաֆետի երկրորդ փուլը: Ընթերցողը երեւի հիշում է, թե երբ եւ ինչի համար վազքի պատրաստվող սպրինտյորի նման առաջին անգամ ծունկս գետնից կտրվեց ու չգիտեի, թե քանի մետրանոց վազք է լինելու, ու այդ դեպքից հետո արդեն լրիվ տեղից պոկվեցի, իսկ թե ե՞րբ կհասնեմ ֆինիշին, դու, ընթերցո՛ղ, համբերությամբ կարդա: Ես էլ շատ եմ համբերել բարբարոս, արյունարբու կոմունիստների ռեպրեսիաներին, բայց չկարողացան խլել, կոտրել, թունավորել վերջնականապես: Կոմունիստական վարակը, վիրուսը չկարողացավ հաղթել իմ առողջ դատողությանը, չկարողացավ պղծել իմ պարզ ու մաքուր հոգին, այն էլ այն դեպքում, երբ կոմունիստները իրար չէին վստահում, իրար կրծոտում էին աթոռի համար, հետո էլ իրար արդարացնում, ճանաչում միայն իրենք իրենց: Անհոգի աթեիստները, այսինքն՝ անհավատները, հերքում էին Աստծուն: Ի՞նչ անամոթ պետք է լինի մարդը, որ իրեն եւ իր կեղտոտ, կեղծ գաղափարները գերադասի Աստծո պատգամներից ու ուսմունքից: Թող անիծված լինեն, անգամ դրանց շիրիմները, որ մեր մոլորակ հողագնդի բոլոր քրիստոնյաներին ու ընդհանրապես քրիստոնեությունը հերքում էին:
Հիվանդանոցում կատարված դեպքի համար ինձ բերեցին բերդ՝ կարանտին: Մի օր պահում էին կարանտինային խցիկում, մյուս օրը տանում բժշկական ստուգման, վերցնում էին մատնահետքեր, նկարում դեմից ու պրոֆիլ եւ տանում համապատասխան ռեժիմի խցիկ: Կան առաջին դատվածների եւ մեկից ավելի անգամ դատվածների խցիկներ: Արդեն խամություն չէի անում, գիտեի ելք ու մուտքի բոլոր ճանապարհները, ծանոթ էի կալանավորական օրենքների կարգ ու կանոններին, գիտեի հսկիչների հետ վերաբերվելու ճիշտ ձեւը, իսկ իմ անձնական վարքի համար ինձ ոչինչ պետք չէր սովորել, քանի որ, առանց այն էլ, որտեղ ես գտնվել եմ, իմ բարոյական ու գաղափարական մաքրությամբ եղել եմ անթերի, չեմ ունեցել ոչ մի անթույլատրելի արարմունքի հետք թե՛ դրսի պայմաններում, եւ թե՛ բերդում: Ամենուր ինձ դիմավորել են որպես այդ կյանքում քաղաքավարի, դաստիարակված տղայի: Այդ ամենը ես ընդօրինակել եմ մորիցս ու Քյավառի բերդում ծանոթացած գողերից: Ես կարողացա որոշ անփորձ երիտասարդների բացատրել ու հասկացնել, որ իրենք այդ հանցագործ կյանքի համար չեն ծնված:
Այս անգամ ինձ տարան Քաջարանի շրջանի Օխչի գյուղի գաղութ, մոլիբդենի կոմբինատի հարեւանությամբ, Օխչի (Ողջի) գետի ափին: Դաժան ժամանակներ էին, 1963 թիվը, նոր էր ծնվել գաղութի ակտիվիզմը՝ կոլեկտիվ սովետ եւ շտաբ: Ադմինիստրացիան կալանավորներին սրում էր իրար դեմ, այսինքն՝ կոլեկտիվ սովետ կամ շտաբ ընդունվել չցանկացող կալանավորների դեմ սրում էին ակտիվիստներին: Ադմինիստրացիան տանում էր քայքայիչ աշխատանք իրենց քարոզներով, բորբոքող ելույթներով, որ չվախենաք այն կալանավորներից, ովքեր չեն ցանկանում ընդունվել կոլեկտիվ սովետի կամ շտաբի շարքերը, իսկ եթե ակտիվի անդամների վրա մեկը ձեռք բարձրացնի, խիստ կպատժվի: Անգամ քրեական օրենսգրքով կազմված հոդված կար' մինչեւ 15 տարի ու գնդակահարություն: Սակայն ոչ մեկն էլ մտադիր չէր որեւիցե մեկի վրա անմեղ տեղը ձեռք բարձրացնել: Հետեւաբար, փաստորեն, կրակի վրա նավթ էին լցնում, արհեստականորեն կոնֆլիկտային իրավիճակներ էին սարքում: Ինտրիգների վարժ վարպետներ էին: Ադմինիստրացիային, հատկապես օպեր մասին, նման քաղաքականությունը ձեռնտու էր: Որեւիցե մի ինցիդենտի, կռվի դեպքում պարապ չէին մնում, հենց օպերի սարքած ջրի պղտորումը (մուտիլովկան) արդեն առիթ էր քրեական գործ հարուցելու: Կամ դատի էին տալիս, կամ կաշառք վերցնում ու ջրում այդ գեղարվեստորեն ձեւավորված անախորժությունը: Ահա թե ինչպիսի մեղմացուցիչ հանգամանքներ են առաջ գալիս կաշառքի դեպքում: Իսկ եթե մեջտեղը հաշիվ չկար, ուրեմն այդ ինցիդենտը որակավորվում էր այսպես' կատարվել է դիտավորյալ եւ կանխամտածված, որի պատճառով, այսպիսի-այսպիսի բաներից առաջ են եկել այսպիսի-այսպիսի բաներ եւ ավելացնում պատժաչափը: Կոմունիստական հիվանդագին ու վարակիչ քարոզները, կարծես, իրենց չէր վերաբերում, որովհետեւ իրենք դիկտատոր էլեմենտներ են, իրենք իրավունք ունեն ծեծեն, ջարդեն, սպանեն, բայց դատվեն ուրիշները:
Ադմինիստրացիայի մեծամասնության մոտ, բացի պրոֆեսիոնալիզմի թերությունից, բացակայում էր կրթական մակարդակը, կուլտուրան ու ինտելեկտը:
Մի օր ռեժիմի գծով գաղութի պետի տեղակալը ելույթ ունեցավ ռադիոհանգույցով (այդ ժամանակ նոր էր դուրս եկել հրամանը, որ ննջարաններում մահճակալներին փակցնեն պիտակ՝ կալանավորի անուն, ազգանունը եւ հայրանունը)' հայտարարելով, որ պետք է բոլոր մահճակալներին պարտադիր լինեն պիտակներ: Եվ վերջում սպառնական տոնով ավարտեց իր զգուշացումը այսպիսի բառերով, թե. «Այն կառավաթները, որոնք չեն ունենա պիտակներ, խիստ կպատժվեն»:
Մի օր էլ մենք՝ մի քանի կալանավորներով, թաքուն մտել էինք այդ նույն ռեժիմի պետի աշխատասենյակը, որ գողանանք այն նկարը, որ հսկիչը մեր ընկերներից մեկի պահարանի վրայից տարել էր ու տվել ռեժիմի պետին (այդ ժամանակ չէր թույլատրվում մերկ կնոջ նկար ունենալ): Մենք արդեն աշխատասենյակում էինք, փնտրում էինք նկարը, հանկարծ ռեժիմի պետը ներս մտավ: Մենք չկորցրինք մեզ: Պատին փակցրած էր Աֆրիկա աշխարհամասի քարտեզը, շուրջը հավաքվեցինք, իբր ուշադիր նայում ենք քարտեզին ու ինչ-որ բան ենք որոնում: Ռեժիմի պետը նայեց մեզ, ուրիշ ոչինչ չկասկածեց, բայց հարցրեց.
-Տղաներ, այդ ի՞նչ եք նայում:
Ես պատասխանեցի.
-Քաղաքացի փոխգնդապետ, Մագնիտոգորսկ քաղաքն ենք որոնում, չենք կարողանում գտնել:
Միայն տեսնեիք, թե ինչ լուրջ դեմք ընդունեց (քիչ էր մնում հավատայինք, թե ինչ լուրջ մարդ է) ու, ձայնին տալով ավելի հանդիսավոր տոն, ասաց.
-Տղաներ, այս քարտեզի մասշտաբը փոքր է, այդ պատճառով էլ այդ քաղաքը այստեղ չի լինի:
Հազիվ ծիծաղներս զսպեցինք, ներողություն խնդրելով դուրս եկանք աշխատասենյակից: Բա՜... Ասում ես... Դե, տղա ես, դիմացիր... Ու դա ասում է սովետական ներքին գործերի ավագ սպան, որը պետք է կատարի վերադաստիարակչական պատասխանատու գործ, որի համար էլ ստանում է մեծ գումար՝ աշխատավարձ: Աշխատավարձը դեռ նյութական վնաս է պետության համար, դա կվերականգնեն մեկ ուրիշի հաշվին, բայց գիտե՞ն, թե ինչ մարդիկ են պատժվել նոր-նոր պատժաչափերով մինչեւ տասներկու տարի, փակ ռեժիմային բանտերում տանջվել, բուռերում (ուժեղացված ռեժիմի փակ խցիկ) ու կարցերներում փտել նման տխմար ու տգետ արարածների երեսից, զրպարտանքներից ու ինտրիգներից: Հենց դա է ամենաահավորն ու վտանգավորը:
Նա' այդ սպայական հագուստի տակ թաքնված դեմագոգը, մարդկային կյանքի, մարդու էության, արժանապատվության հանդեպ շատ անտարբեր էր, իսկ անտարբերությունը թշնամուց էլ վատ է ու վտանգավոր: Թշնամուց կարելի է զգուշանալ, պատրաստվել հակահարվածի եւ, վերջապես, կարեւոր չէ' կհաղթե՞ս, թե՞ կհաղթվես: Իսկ անտարբեր մարդու մեղքով անսպասելիորեն կարող ես հայտնվել քառասուն մետրանոց խոր փոսում, վրադ էլ' քառսուն ջախացքար ու քառսուն գոմշի կաշի:
Օխչիի գաղութում շատ ծանր էր աշխատանքը: Տեխնիկա չկար, միայն քլունգ ու բահն էր բոլոր տեսակի աշխատանքների միջոցը: Ընթերցողը երեւի պատմություններից տեղյակ կլինի Քաջարանի սարերի մասին: Գաղութից մի երկու կիլոմետր դեպի Քաջարան տանող ճանապարհի ձախ կողմի սարի գագաթին պարզ երեւում է Դավիթ-Բեկի ամրոցը: Երբ թուրքերը շրջափակում են Դավիթ-Բեկին իր զորքով, նա իր ստրատեգիական հնարամտությամբ, այսինքն' որքան պարաններ են եղել մոտները, ինչ էլ որ չի բավականացրել, գործել են ձիու պոչերից եւ այլ տարբեր, հազար ու մի հնարամիտ ձեւերով հյուսել են ճոպաններ ու օդով անցել դեմի սարը, իսկ թուրքերը, վստահ լինելով, որ իրենք սարի լանջում շրջափակել են, եւ ուրիշ ճանապարհ չկա անցնելու, հանգիստ սպասել են Դավիթ-Բեկի ու զորքերի հանձնվելուն: Դավիթ-Բեկը իր զորքով շրջանցել է թուրքի զորքին ու վերջնականապես ջախջախել նրանց: Այդ երկու հանդիպակաց սարերի միջեւ ընկած տարածությունը կլինի 2-3 հարյուր մետր, իսկ երկու սարերի մեջտեղով անցնում է Օխչի գետը:
Մեր գաղութի կողքին մոլիբդենի կոմբինատն է, մոլիբդենի կոնցենտրատ կրող մեքենաները շատ դժվարությամբ էին կոնցենտրատը հասցնում կոմբինատ ճանապարհի դժվար, անանցանելի լինելու պատճառով: Քանի~-քանի~ անգամ եղել են դեպքեր, երբ բարձված մեքենաները շրջվել են Օխչի գետը: Կալանավորները բահ ու քլունգով ճեղքեցին սարերը, բացեցին այնպիսի ճանապարհ, որ նույնիսկ ինքնաթիռը կարող էր վայրէջք կատարել: Բայց ես հիմա աշխատանքային ստաժ չունեմ, դա էլ կուլ տվեցին կոմունիստները, համ աշխատավարձերը կերան, վերջում էլ թոշակը իրենք ստացան, իսկ ես ինչո՞վ եւ ինչպե՞ս պետք է ապրեմ, դա բացարձակապես ոչ մեկին չի հուզում եւ ոչ էլ հետաքրքրում է: Բա՜...
Քիչ էր մնում ազատվելուս, երբ հիվանդացա: Ինձ տեղափոխեցին Երեւան, կենտրոնական հիվանդանոց: Բուժվեցի, տարան Երեւանի N 1 քննչական մեկուսարան: Կարգն էր այդպես. բերում էին բանտ, սպասում էիր էտապի: Ղափան գնացող գնացքի համար հատուկ օրեր կային: Քիչ էր մնում կալենդարային ազատման օրվան, ինձ չտարան գաղութ, հենց բանտից էլ ազատվեցի:
1964 թիվն էր, սեպտեմբերի 6-ը: Եկա տուն, աղջիկս մեծացել էր, մեկ տարեկան եւ յոթ ամսական էր: Հայրս ու մայրս տուն էին ստացել Աջափնյակում, գնացել էին, իսկ հայրական տունը գրանցել էին իմ, կնոջս ու աղջկաս անունով: Երեք սենյակ էր՝ իր բոլոր հարմարություններով: Շարունակեցինք միասին ապրել: Ապրում էինք, բայց ես շատ էի փոխվել իմ մտավոր, գաղափարական տեսակետներով: Սկսել էի երազել իդեալական աշխարհի, կյանքի ու հասարակության մասին: Ներկա կյանքի պատկերացումներս ինձ ձանձրույթ էին պատճառում, ինչ-որ նոր բան, նոր մտքեր էին պտտվում գլխումս, բայց կինս տեղյակ չէր, կարող էր մտածել, թե ես գժվել եմ, եթե իմանար իմ մտահղացումների մասին: Դա նրա խելքի բանը չէր:
1964 թվականն էր: Ես ու կինս ընդունվեցինք աշխատանքի գեղարվեստական կոմբինատում: Մեր կյանքն ընթանում էր իր նորմալ հունով: 1965 թվի հուլիսի 7-ին ունեցանք որդի, այս անգամ զոքանչս ուզեց որդուս անունը դնել Գագիկ: Մեծանում էին երկու երեխաներս, իսկ լավագույն դեպքում դեռ երկու երեխա էլ կուզեի ունենալ, աղջկաս՝ քույր, տղայիս՝ եղբայր: Երեւի մեր Աստվածը չկամեցավ: 1969 թիվն էր, միլիցիայից եկան մեր տուն, թե բաժանմունքի պետը ուզում է զրուցել հետդ: Գնացի, բայց տուն չվերադարձա: Մեկը ինձ նմանեցրել էր, որ ուզեցել եմ Աբովյան փողոցի ոսկու խանութում մտնել գրպանը: Ես հերքեցի' ասելով, որ զրպարտություն է, որ եթե ես եղած լինեի, հենց նույն օրը կբռնեին, կամ թե' ի՞նչ է նշանակում ուզել եմ մտնել մեկի գրպանը: Այդ փաստի շուրջ ինչ-որ մեկը՝ ինձ անծանոթ, պնդեց: Իմը չանցավ, ասացին, թե. «Այն երկու դատվածությունները մե՞րն է, ի՞նչ ա»: Նորից բալերս չհերիքեցին... Նորից' Խկի, հետո' բանտ ու Բասարգեչարի ոսկու հանքերի մոտ գտնվող գաղութ, խիստ ռեժիմի՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով:
Ասում եմ չէ՞, ծունկս գետնից պոկվել էր, արդեն թափ էի վերցրել, բայց դեռ էլի չգիտեի, թե քանի կիլոմետրանոց վազքի եմ ելել, բայց երեւում էր, որ դեռ շատ պիտի վազեմ:
Բասարգեչարի գաղութի զոնում ինձ դիմավորեց Քյաչալ Սքեն: Մեր թաղից Յուրի Երվանդովիչն էր, դհոլչու տղա Հենդոն, Լենինականից՝ Լպուտ Աշիկը, կոլխոզ շուկայի Մկան Ռաֆը եւ էլի ուրիշ գողեր: Սքեն ինձանից մեծ էր երեսուն տարով: Անգրագետ էր, տառ չէր ճանաչում, բայց գիտեր աշխարհի պատմություններից, հասկանում էր գիտությունից, արվեստից, պոեզիան նրա համար երաժշտություն էր: Մարդ էր մեծատառով: Իր համեստությամբ շահել էր բոլորի հարգանքը, չնայած այն բանին, որ չգիտեր, թե քանի տարեկան էր, ինչ է իր իսկական անունը, ազգանունը եւ հայրանունը: Օժտված էր մարդասիրական ամենագեղեցիկ զգացմունքներով: Սքեն օրենքով գող էր, բայց նրա պատկերացման մեջ չէր տեղավորվում, որ փողի համար մարդ են սպանում: Ես կրկնում եմ Սարգիսի խոսքերը իր դիալեկտով. «Չեմ հասկընում, ոնց կարելի ա բաբկիի համար մարդուն նեղեցնել»:
Ես մեր տանը Սաքոյի ներկայությամբ կնոջս վրա խոսակցական տոնս բարձրացրեցի, տեսնեիք, թե ինչ օյին դրեց գլխիս, մի շաբաթ չէր խոսում ինձ հետ, մեր տուն չէր գալիս: Ասում էր. «Էտքանո՞վ ես ամուսին ու հայր»: Մի խոսքով, գաղութում միասին էինք կալանք կրում, ու մոտեցավ Սքեի կալենդարային ազատման ժամանակը: 1970 թվի մայիսի 20-ին Սքեն ազատվեց: Նույն թվի հոկտեմբերին ինձ տարան Երեւանի կենտրոնական հիվանդանոց, ու նոյեմբերի 10-ին ազատվեցի: Եկա տուն, ապրում էինք չորսով՝ մարդ ու կին, երկու երեխա: Մտածում էի' երեւի հասել եմ ֆինիշին, չէ՞ որ ընտանիք ունեմ, բայց, դժբախտաբար, 1971 թվին կարծես մեկն ասում էր, թե ֆինիշի ժամանակը չէ, դու դեռ պիտի վազես: Այդպես էլ եղավ:
Կնոջս ընկերուհիները (հարեւան) մի փոքր խնջույք էին կազմակերպել եւ ինձ ու կնոջս հրավիրել: Գնացինք, լավ մթնոլորտ էր, տրամադրությունս բարձր էր, մինչեւ խորովածի պատրաստ լինելը մի երկու բաժակ խմեցինք, անցել էինք հումորի, անեկդոտների ու կատակների: Դռան զանգը հնչեց, դուռը բացեցին, ես սենյակում էի, բայց միջանցքից լսվում էր խոսակցության ձայներ: Աղջիկները եկողներին ուրախությամբ դիմավորեցին եւ ասացին. «Լավ եք արել եկել եք, Ուդին է եկել, ուզում ենք ուրախանալ»: Հիշում եմ այն խոզի մռութ Լիպոյի բառերը. «Տո լա~վ է, ընենց եք ասում, ոնց որ ձեր թագավորը լինի, էդքան նստելուց հետո հիմա կատու դառած կլինի»:
Միայն մի բան եմ հիշում. կինս գրկեց ինձ, ասաց. «Ռուդիկ ջան, արի գնանք այստեղից: Հանգիստ կնոջս հեռացրի ինձանից, մոտեցա այդ խառնակիչ Լիպոյին, ասացի. «Հլա կրկնի»: Նա արհամարհական հրեց ինձ ու առաջացավ, մտավ սենյակ: Այլեւս չխոսեցի. խանգարվել էր հոգեկանս այդ անսպասելի վիրավորանքից, սեղանից վերցրի օղու շիշը ու ուղիղ գլխի մեջտեղը... Ընկավ, ոտքերով խփեցի այնքան, մինչեւ լեզուն բերանից դուրս ընկավ: Կնոջս թեւանցուկ արեցի ու հեռացանք: Չմոռացա աղջիկներին ասել, որ զանգեն շտապ օգնություն: Զանգել էին, շտապ օգնությունը այդ խոզի ճտին տարել էր հիվանդանոց:
Ես մեր տանը չէի քնում, միլիցիան հետաքրքրվում էր ինձանով: Հիվանդանոցում երկու շաբաթ պառկելուց հետո Լիպոյին տարել էին Նորքի հոգեբուժական հիվանդանոց: Ես իմ երկու ընկերների հետ գնացի Լիպոյի մոտ՝ Նորք: Գաղտնի միջոցներով նրան իջեցնել տվեցի հիվանդանոցի բակ, խոսեցի հետը, ասացի, որ եթե վրաս ցուցմունք տալ գիտեիր, էլ ինչո՞ւ էիր ավել-պակաս ինձ վիրավորում:
Լիպոն պատասխանեց, թե ինքը չի գրել, այլ՝ հայրը: Ես խոստացա հանգստյան տան ուղեգիր առնել, նրան օդանավակայան տանել ու ճանապարհել հանգստանալու, միայն թե ինքը ցուցմունքը քննիչի մոտից ետ վերցնի, քանի որ այդ կապակցությամբ արդեն քրեական գործ էին հարուցել: Խոսք տվեց, սակայն հետո ինձ բռնեցին: Նորից' Խկի, մեկուսարան, դատ: Տվեցին մեկ տարի վեց ամիս կալանք՝ կրելու խիստ ռեժիմի գաղութում:
Կրկին ընկա մտածմունքների լաբիրինթը, մտածում էի, թե միգուցե այս փորձությունները նրա համար են, որ ես գտնեմ իմ երազած երկրի մարդկանց: Բայց, ցավոք սրտի, չէի գտնում, քանի անցնում էր ժամանակը, այնքան շատ էի համոզվում, որ հասարակությունն ու իշխանությունը դառնում են անսահման էգոիստ ու լորտու օձի պես սառը: Ես հիացած եմ (գլուխ չեմ գովում, հպարտանում եմ) իմ կամքի ու հավատի կայուն համոզմունքներով: Ոչ մի անհաջողություն չկարողացավ ինձ հանել օպտիմիստական վարար գետի հունից: Բոլոր տեսակի արգելքներն ու խոչընդոտները դիմակայել եմ ու չեմ ընկճվել: Շատ, թե քիչ, բայց Բասարգեչարի գաղութը բացասական ազդեցություն թողեց առողջությանս վրա: 1972 թվին գաղութից ինձ տարան Երեւանի կենտրոնական հիվանդանոց, ու քանի որ կալանքիս վերջին քիչ էր մնում, այս անգամ էլ նորից ազատվեցի նոյեմբերի 10-ին:
շարունակելի
Ռուդոլֆ Սաֆրազբեկյան (Ուդի)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել