
Իսկ գուցե ամեն ինչ անհույս է
Սփյուռքահայերի մի խումբ, անհանգստացած Քաշաթաղում տիրող իրավիճակով, սեպտեմբերին նամակ է հղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներին:
Ինտերնետում բացելով http://www.kashatagh.com կայքը' խումբն առաջարկում է միանալ իրենց նամակին: Կայքի հեղինակները ներկայացրել են Քաշաթաղի շրջանի բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին գրել է նաեւ «Հետքը»:
Առաջին հայացքից թվում է, թե հայությունը պիտի անհանգստացած լինի Քաշաթաղով, որտեղ մի քանի տարի առաջ ապրում էր մոտ 20 հազար մարդ, իսկ այսօր մնացել է մոտ 7 հազարը: Միայն այս տարի 130 ուսուցիչ լքել է Քաշաթաղը: Երեւանում հանդիպել եմ Քաշաթաղը լքած դպրոցների երկու տնօրենների: Նրանք դառնացած պատմում էին, որ իրենց ոչ ոք նույնիսկ չհարցրեց' ինչու՞ եք գնում:
http://www.kashatagh.com կայքում հնարավորություն կա միանալու նախագահներին հղած նամակին: Մոտ հինգ հարյուր մարդ իր ստորագրությունը դրել է նամակի տակ: Նրանք Միացյալ նահանգների, Կանադայի, Ռուսաստանի եւ մի քանի այլ երկրների հայերն են: Ամենաքիչը այդ ցուցակում Հայաստանի բնակիչներն են' ընդամենը մի քանի հոգի:
Վերջին տարիներին հասարակությունը այնպես է բարոյազրկվել եւ հուսահատվել, որ նրան, կարծես թե, չի հետաքրքրում Ղարաբաղը Հայաստանին կապող այդ տարածքների ճակատագիրը:
Մի քանի հարյուր հոգի են անհանգստացած հայրենիքի ճակատագրով, ահա այսքանն են զգում իրական վտանգը ...
Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ամբողջ ազգը կարող է համախմբվել ցեղասպանության գաղափարի շուրջ, անել ամեն ինչ, ծախսել մեծ գումարներ, բայց այսքան անտարբեր լինել իր իրական հայրենիքի ու հաղթանակների նկատմամբ:
Հայաստանյան կուսակցություններին անհանգստացնում է միմիայն մի բան' պահել կամ վերցնել իշխանական լծակները փող աշխատելու, բիզնեսով զբաղվելու, ժողովրդին կեղեքելու համար: Նրանք պետության եւ ժողովրդի հետ որեւէ առնչություն չունեն' ինչպես իշխող կոալիցիան, այնպես էլ ընդդիմությունը: Նրանցից ոչ ոք չի ուզում խոսել այս խնդիրների մասին: Ոչ թե վախենում են, որ կսխալվեն, այլ որովհետեւ ասելիք չունեն' ո՛չ 115-ամյա Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ո՛չ էլ երեկ ստեղծված, ցորեն ու կարտոֆիլ բաժանող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ պատճառով է Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղում ապրող բեյրութցի Նազոն ասում' ամեն ինչ անհույս է:
Լուս.` Արա Օշականի
Մեկնաբանել