HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լրտեսները՝ ըստ ԱԱԾ-ի

Պետական դավաճանության գործը, որով մեղադրվում են 6 հոգի, գտնվում է  Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Ամբաստանյալներից 3-ին մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու, մեկին՝ օժանդակելու համար: Գլխավոր «հերոսը» 31-ամյա Կարեն Մեհրաբյանն է, բայց նրա հետ լրտեսության ձեւով պետական դավաճանության մեջ մեղադրվում է նաեւ Ռոմիկ Մաթեւոսյանը:

Ըստ մեղադրանքի, գտնվելով Թուրքիայում՝ անցյալ տարեսկզբին Կարեն Մեհրաբյանը հայտնվել է այդ երկրում գործող ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ համապատասխան վարձատրության դիմաց՝ ստացել գրավոր կոնկրետ առաջադրանքներ՝ տեղեկություններ ձեռք բերել Արցախի բանակի վերաբերյալ: ԱԱԾ-ն նույնիսկ հատուկ գործակալ է ներդրել այս «օպերացիայի» շրջանակներում, որը Կարենին «օգնել» է հավաքագրել «անհրաժեշտ» տեղեկությունները: Դրանք Թուրքիա տեղափոխելու ճանապարհին էլ՝ հայ-վրացական սահմանին, 2011թ. հուլիսի 23-ին Մեհրաբյանը ձերբակալվել է:

Օրեր անց՝ օգոստոսի 6-ին, ձերբակալվել է նաեւ 27-ամյա Ռոմիկ Մաթեւոսյանը: ԱԱԾ քննիչ Արմեն Թեւանյանը, իբրեւ ձերբակալման հիմք, արձանագրությունում նշել է. «Ականատեսն ուղղակի մատնանշում է Ռոմիկ Մաթեւոսյանին որպես քրեական օրենքով արգելված արարքը կատարողի, եւ որ նա կասկածվում է այնպիսի հանցագործության կատարման մեջ, որի համար կարող է նշանակվել պատիժ՝ ազատազրկման ձեւով»:

«Քննիչն օրենսգրքից տառացիորեն արտագրել է կասկածյալին ձերբակալելու հիմքերից մեկը: Սա աբսուրդ է»,- ասում է Ռոմիկ Մաթեւոսյանի պաշտպան Սարգիս Ասլանյանը եւ ընդգծում, որ հիշյալ «թերացման» պատճառը պարզապես ապացույցների բացակայություն  է: Իբրեւ հիմնավորում՝ փաստաբանը մատնանշում է այս գործով մեկ այլ ամբաստանյալի վերաբերյալ կազմված համապատասխան տեղեկանքը, որում վերջինիս արարքներն ու դրանք փաստող տեղեկությունները հանգամանորեն շարադրված են: 

«Ո՞վ է այդ ականատեսը, ոչ մի նշում չկա: Կարելի է ենթադրել, որ խոսքը Կարեն Մեհրաբյանի մասին է, բայց նա այդպիսի որեւէ տող չի գրել»,- շարունակում է փաստաբան Ասլանյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն, դեռ 2007թ. մեկնելով Թուրքիա՝ Ռոմիկ Մաթեւոսյանը ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած ոմն Սայիդի եւ վերջինիս ազգական ներկայացած Տիգրանի հետ: Սայիդն առնչություն է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների հետ, իսկ Տիգրանը եղել է նշյալ ծառայության աշխատակից: Վերջինիս կողմից Ռոմիկն առաջադրանք է ստացել աշխատելու նպատակով Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիներից գտնել հավաքագրման համար հավանական անձանց, եւ վարվելով նման կերպ՝ Ռոմիկը հնարավորինս օժանդակել է Կարեն Մեհրաբյանի եւ ադրբեջանցի գործակալ Տիգրանի համագործակցությանը:

Թամարա Մաթեւոսյանը՝ Ռոմիկի մայրը, «Հետքին» պատմում է, որ 2007թ. աշխատանք գտնելու համար մեկնել է Թուրքիա եւ որոշ ժամանակ անց իր մոտ կանչել միակ զավակին՝ Ռոմիկին: Միասին աշխատել եւ ապրել են ճաշարանում. որդին բարմենություն է արել, ինքը՝ սպասք լվացել:

«Հետո մայրս ծանր հիվանդացավ. վերադարձանք Հայաստան: Ամուսինս վաղուց մահացել է, իսկ մենք ապրելու միջոց, դեղորայք գնելու հնարավորություն չունեինք: Ռոմանս նորից գնաց Թուրքիա, ես մնացի մորս խնամելու: 2010թ. մայրս մահացավ, եւ ես մեկնեցի տղայիս մոտ: Նա հագուստի խանութում վաճառող էր աշխատում, տուն էր վարձել եւ ապրում էր մի հայ կնոջ՝ Լուսինեի հետ: Իսկ ես հրեա տատիկ-պապիկ էի խնամում եւ հանգստյան օրերին գնում տղայիս տուն»,- հիշում է Թամարա Մաթեւոսյանը: Նա նշում է, որ Ստամբուլի Կումկապի թաղամասում ապրող գրեթե բոլոր հայերը միմյանց ճանաչել եւ հնարավորության սահմաններում՝ մեկմեկու օգնել են:

«Օրերից մի օր գնացի տղայիս տուն, հյուրեր կային՝ Լուսինեի ընկերուհի Մարիամը եւ հայաստանցի մի տղա՝ Կարեն անունով: Լսեցի, որ Կարենին աշխատանք է հարկավոր: Մարիամն ասում էր՝ տանեմ իմ ծանոթ Սայիդի մոտ, շինարարության վրա կաշխատի: Լուսինեն էլ ասում էր՝ ավելի լավ ա, թող Կարենը գա ինձ հետ պայուսակների ցեխում աշխատի, որովհետեւ Սայիդի տված գործը հիմնական չէ, բացի դրանից՝ հայերին խաբում է ու փողը չի տալիս: Հետո իմացա, որ Կարենն աշխատանքի է ընդունվել պայուսակների արտադրամասում, բայց նրան այլեւս չեմ տեսել»,- շարունակում է Թամարա Մաթեւոսյանը:

Ռոմիկը ցուցմունքում պատմել է, որ մինչեւ Լուսինեի հետ ծանոթանալը վարձով միեւնույն տանն ապրել է Մարիամի եղբոր՝ Գրիգորի հետ: Մի օր Մարիամի հրավերով տանը հյուրեր են հավաքվել եւ հենց այդ օրն էլ ծանոթացրել է Սայիդի հետ: Վերջինս խոսել է ռուսերեն եւ պատմել, որ ծնունդով Նախիջեւանից է եւ իր նախնիների երակներում հայկական արյուն կա: Ժամեր անց տնային հավաքույթին միացել է «սուսիկ-փուսիկ, 20-25 տարեկան, ադրբեջանցու նման» մի երիտասարդ, որի անունը չի հիշում: Սայիդը վերջինիս ներկայացրել է իբրեւ իր զարմիկ:

Ռոմիկը նշել է, որ դրանից հետո այդ երկու ադրբեջանցիներին հանդիպել է մոտ կես տարի անց, եւ ընդհանուր խոսակցության ժամանակ Սայիդն ասել է, թե մոտը «բելի» կա եւ կարող են գործ անել: Սակայն ինքը՝ հասկանալով, որ խոսքը թմրամիջոցի մասին է, առաջարկը մերժել է: Ռոմիկը միաժամանակ հավաստիացրել է, որ ադրբեջանցի գործակալ ոմն Տիգրանին ընդհանրապես չի ճանաչում:

«Ինչ վերաբերում է Սայիդի եւ Կարեն Մեհրաբյանի կապին, ապա նա ինձ պատմեց, որ Մարիամի միջոցով ծանոթացել է Սայիդի հետ, եւ որ վերջինս իրեն աշխատանք է տալու, ինչի ես պատասխանել եմ, որ զգույշ լինի, քանի որ չէի հավատում, որ Սայիդն իր խոստումը կկատարի: Այլապես նա ինձ ու Գրիգորին էլ էր աշխատանք խոստացել, բայց չէր կատարել խոստումը: Բացի այդ՝ կար թմրամիջոցի պատմությունը, ես նույնիսկ չեմ էլ հիշում՝ այդ մասին ասե՞լ եմ Կարենին, թե՞ ոչ»,- պատմել է Ռոմիկ Մաթեւոսյանը:

Նույն դրվագի վերաբերյալ Կարեն Մեհրաբյանը նախաքննության ժամանակ իր լրացուցիչ ցուցմունքում գրել է. «Ինձ Սայիդի մասին առաջին անգամ ասել է Կարինեն (Մարիամի մայրը)՝ նշելով, որ ունի մի ծանոթ, որը գործի հարցում կօգնի: Բայց Սայիդին իմ մասին ասել է Մարիամը, քանի որ Կարինեն զանգեց աղջկան եւ ասաց, որ վերջինս ինձ համար ասի Սայիդին: Հետագայում արդեն Ռոմանն ինձ ասում էր, որ Սայիդը շատ ծանոթներ ունի հայերի շրջանում, եւ հարկավոր է նրա հետ զգույշ լինել: Քանի որ Լուսոն անընդհատ ասում էր, որ Սայիդը ինձ կխաբի, չգիտես ինչու նրա դուրը չէր գալիս, որ Կարինեն ու Մարիամն են ինձ ծանոթացրել նրա հետ: Ռոմանն ինձ ասում էր, որ ոչ ոքի չլսեմ, ինքս որոշեմ, նա չէր պարտադրում, բայց հասկացնում էր, որ Սայիդի հետ կարելի է աշխատել: Ես այդ նախազգուշացմանը ուշադրություն չեմ դարձրել՝ մտածելով, որ նա ուղղակի հասկացնում է, որ Սայիդին չխաբեմ, սակայն այժմ մտածում եմ, որ նա լավ էր ճանաչում Սայիդին եւ դրա համար էլ նախազգուշացնում էր»:

Փաստաբան Սարգիս Ասլանյանը նկատում է. «Արդեն դատարանում Կարեն Մեհրաբյանը շատ հստակ նշեց, որ Ռոմիկ Մաթեւոսյանի մասով իր նախաքննական ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, ինքը սխալվել է, Ռոմիկի փոխարեն ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեն Մարիամը, նրա մայրը եւ եղբայրը՝ Կարինեն ու Գրիգորը»:

Դատարանը վերջիններիս չի լսել, բայց նախաքննության ժամանակ քննիչը, որպես վկա, Մարիամին եւ Գրիգորին հարցաքննել է: «Одноклассники» սոցիալական կայքէջից Մարիամը քննիչին մի լուսանկար է ցույց տվել, որն արվել է վերոնշյալ տնային հավաքույթի ժամանակ: Խոսքն առաջին լուսանկարի մասին է, որում ձախից առաջինը Ռոմիկ Մաթեւոսյանն է, երկրորդը՝ Սայիդը: Քննիչ Թեւանյանն այս լուսանկարը կցել է քրեական գործին, թեեւ այն ապացույցների մեջ ներառված չէ:

«Բայց դատախազ Արամ Ամիրզադյանը մեղադրական ճառում, որպես Ռոմիկ Մեթեւոսյանին մեղսագրվող արարքի ապացույց, հղում կատարեց այդ լուսանկարին, Կարեն Մեհրաբյանի ցուցմունքին եւ ԱԱԾ-ի հակահետախուզության գլխավոր վարչության կազմած ամենասարսափելի փաստաթղթին, որը բառից բուն իմաստով աբսուրդ է»,- ասում է փաստաբան Ասլանյանը:

ԱԱԾ-ի հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ս. Մելքոնյանի ստորագրած գրությունում նշվում է. « …Կարեն Մեհրաբյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում մեր տեսադաշտում է հայտնվել Ռոմիկ Մաթեւոսյանը, ով 2008թ. բնակվել է Թուրքիայում եւ կապ պահպանել Թուրքիայի տարածքում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ առնչության մեջ կասկածվող ոմն Տիգրանի եւ Սայիդի հետ: Միաժամանակ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռոմիկ Մաթեւոսյանը ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հեռախոսակապ է հաստատել ՀՀ ՊՆ-ում գրանցված բջջային հեռախոսահամարի բաժանորդի, ինչպես նաեւ առանձին զինվորական ծառայողների հետ»:

«Քրեական գործը 5 հատոր է: Դրանում ասվածը հիմնավորող մեկ տառ, թիվ, հեռախոսահամար կամ զանգ չկա: Քննիչն ինքը շատ մեծ հույս ուներ, որ գոնե մի փոքր ապացույց կգտներ, բայց նման բան ուղղակի չկա»,- ասում է Սարգիս Ասլանյանը:

Նա նշում է, որ քննիչ Արմեն Թեւանյանի հետ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի շուրջ անընդհատ վիճել է. «Քննիչն ասում էր՝ ինձնից յան տուր, գնա դատարան, ինչ ուզում ես, արա. մեր ծառայությունը քեզ չի խանգարի, գնա ու արդարացրու: Ասում եմ՝ բայց անմեղ մարդուն ինչո՞ւ ես ուղարկում դատարան, դու տուն չունե՞ս, երեխա չունե՞ս, չե՞ս մտածում, թե ինչ ես անում»:

Պաշտպան Ասլանյանը, վերապատմելով քննիչ Թեւանյանի հետ իր խոսակցությունը, նշում է, թե վերջինս նույնպես ընդունել է, որ Ռոմիկ Մաթեւոսյանը մեղավոր չէ. «Նույն քննիչն ինձ ասաց՝ հսկող դատախազ Արամ Ամիրզադյանը գլխավոր դատախազին զեկուցել է, որ իբր Ռոմիկ Մաթեւոսյանի մեղադրանքը հիմնավորված է, ու հիմա էլ ընկել է կրակը»:

«Դատախազներն ինքնուրույն են, մեղադրական եզրակացությունը հաստատել եմ ես եւ վստահ եմ, որ Ռոմիկ Մաթեւոսյանի կատարած գործողությունները հանցակազմ են պարունակվում մեղադրանքի այն ծավալով, որով ներկայացրել եմ մեղադրական եզրակացության մեջ,- հակադարձում է դատախազ Արամ Ամիրզադյանը,- թե ինչից է պաշտպանը վերցնում, որ պետք է զեկուցվեր կամ զեկուցվել է (գլխավոր դատախազին), չգիտեմ: Կարծում եմ՝ դա նրա վառ երեւակայության արդյունքն է: Ես նման բան ոչ քննիչի հետ եմ խոսել, ոչ էլ, առավել եւս՝ պաշտպանի: Ես լուրջ չեմ ընդունում այդ հայտարարությունը. պաշտպանը փորձում է փրփուրներից բռնել եւ զրպարտչական բաներ ասել»:

Գործի դատաքննությունն ավարտվել է: Մեղադրող-դատախազ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է Ռոմիկ Մաթեւոսյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Վերջինս ի սկզբանե մեղադրանքը չի ընդունել:

«Որդուս վաստակած գումարը հազիվ տան վարձին եւ ուտելիքին էր հերիքում: Ուրիշների պես նույնիսկ հնարավորություն չուներ պարբերաբար սահմանը հատել, որ վիզայի ժամկետը երկարացներ: Նա անօրինական էր գտնվում Թուրքիայում եւ վաղուց դեպորտի ենթակա էր,- ասում է Ռոմիկի մայրը՝ Թամարա Մաթեւոսյանը,- տղաս տուբերկուլյոզով հիվանդ է, երկու անգամ պառկել է հոգեբուժարանում, հիվանդության պատճառով նույնիսկ դպրոցը չի կարողացել ավարտել, ի՞նչ լրտեսության մասին է խոսքը»:

Ըստ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկանքի՝ Ռոմիկի Մաթեւոսյանի մոտ ախտորոշվել է «Գլխուղեղի օրգանական ախտահարման մնացորդային երեւույթներ՝ անձի չափավոր արտահայտված իջեցումով»: Փաստաբան Ասլանյանն ասում է, թե անգամ չի էլ հետաքրքրվել՝ արդյոք այս ախտորոշումն առկա՞ է այն ցանկում, որում ընդգրկված հիվանդությունների պարագայում անձին ազատազրկելն արգելվում է:

«Որովհետեւ մեզ պետք չէ, որ Ռոմիկ Մաթեւոսյանին մեղավոր ճանաչեն, բայց հիվանդությամբ պայմանավորված պատժից ազատեն: Ես ուրիշ բանի համար եմ պայքարում. անմեղ մարդուն չի կարելի դատապարտել»,- ասում է Սարգիս Ասլանյանը: Մարտի 16-ին նա կհրապարակի պաշտպանական ճառը:

Մեկնաբանություններ (2)

Irina
ujexi mot misht tuyln e mexavor...Hayastanum erb en ardar datel vor hima ardar lini??????????????
Aram
Thank you for the pictures, but who are they? How are they related to the article? Is it possible to have a name under the pictures?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter