
VivaCell-ն ինձ դատի է տալիս` ինձ խաբելու և իմ չօգտագործած ինտերնետի գումարը բռնագանձելու համար
Երեկ VivaCell-MTC ընկերության աշխատակիցը զանգահարեց և տեղեկացրեց, որ ընկերությանը 10767 դրամ եմ պարտք, և եթե չվճարեմ, ապա ընկերությունը դատարան կդիմի` գումարն ինձնից բռնագանձելու պահանջով:
Ասացի, որ VivaCell-ին ես ոչինչ պարտք չեմ, իսկ նշված 10787 դրամը ընկերությունն ուզում է բռնագանձել պայմանագրի ավարտից հետո ընկած ժամանակահատվածի համար, երբ ես չեմ օգտվել ընկերության ինտերնետ ծառայությունից:
Իսկ ամեն ինչ սկսվեց 2010-ի մի չարաբաստիկ օր` նոյեմբերի 13-ին, երբ ձեռք բերեցի VivaCell-ի ինտերնետի (ֆլեշ կամ USB) մոդեմ` կնքելով պայմանագիր: Պայմանագիրը ենթադրում է անվճար մոդեմ` մեկ տարվա բաժանորդագրության պարտադիր ժամկետով, յուրաքանչյուր ամիս «գերարագ» ինտերնետի համար` 8800 դրամ բաժանորդավճար:
Պայմանագիրը կնքել և USB մոդեմը ձեռք եմ բերել ընկերության Ամիրյանի սպասարկման կենտրոնից` աշխատակցից երկու անգամ ճշտելով, թե արդյոք այն լավ կաշխատի հատկապես Լենինգրադյան-Շինարարներ խաչմերուկում, որտեղ ես բնակվում եմ: Աշխատակիցը վստահեցրեց, որ լավ է աշխատում` հիշեցնելով, որ փորձնական 15-օրյա ժամկետ կա, եթե չաշխատի, կարող եմ ետ վերադարձնել:
Մոդեմը վատ աշխատեց առաջին իսկ օրվանից, և խոստացված «գերարագ» կապն այդպես էլ ինձ բաժին չհասավ: Իմ զանգերին աշխատակիցները վստահեցնում էին, որ տարածքում ինտերնետ մոդեմը պետք է նորմալ աշխատի, եթե ոչ` ուրեմն խնդիրն իմ համակարգիչն է կամ հակավիրուսային ծրագիրը. իմ համակարգչում «Eset Nod32» հակավիրուսային ծրագիրն էր աշխատում, որը, ըստ VivaCell-ի աշխատակիցների, խնդիրներ է առաջացնում VivaCell-ի ինտերնետ մոդեմի հետ: Ասացին` հակավիրուսային ծրագիրս փոխեմ և համակարգիչս թարմացնեմ: Մինչ ես արեցի աշխատակիցների «հրահանգները», հույս ունենալով, որ այդպես կապը կարագանա, 15-օրյա փորձնական ժամկետն արդեն լրացել էր: Սակայն հակավիրուսային ծրագիրը փոխելուց հետո էլ կապի որակը չբարելավվեց: Իմ հերթական զանգերին աշխատակիցներն ինձ նոր առաջարկներ էին անում, տեղս փոխել, հարևանի տուն գնալ, դուրս գալ մուտքում փորձարկումներ անել, այլ համակարգչի վրա փորձել մոդեմը, համակարգիչս կարգի բերել և այլն: Քանի դեռ ես նրանց բացատրում էի, որ չեմ կարող հարևանի տանը կամ մուտքում աշխատել, նրանք առաջարկեցին համակարգիչս ու ինտերնետ մոդեմը տանել մոտակա սպասարկման կենտրոն, որպեսզի իրենց մասնագետը ստուգի կամ սպասել, որ մասնագետն անձամբ այցելի և ստուգի կապը հենց մեր տանը:
Մասնագետի այցելությունը ամիսներ անց եղավ, իսկ մինչ այդ ես համակարգչով մոտեցա Կիևյան փողոցում գործող սպասարկամ կենտրոն: Միայն այս կենտրոնի բարեխիղճ աշխատակիցը ազնվորեն խոստովանեց, որ հենց Շինարարներ-Լենինգրադյան հատվածում իրենք կապի խնդիր ունեն (ավելի ուշ դա հաստատեց նաև ընկերությունում աշխատող իմ ծանոթներից մեկը), և ինձ այդ մասին մոդեմը վաճառողը պետք է զգուշացներ, բայց նաև նշեց, որ «աշխատանքներ են իրականացվում այնտեղ կապը բարելավելու ուղղությամբ», ե՞րբ կբարելավվի` Աստված գիտի: Ստիպված Կիևայանի սպասարկման կենտրոնում աշխատող երիտասարդին հիշեցրի, որ ես մոդեմը գնելուց մի քանի անգամ հարցրել եմ, թե արդյոք հենց նշված տարածքում VivaCell-ի կապը խնդիր ունի, մոդեմը վաճառող աշխատակիցն ինձ վստահեցրել է, որ ոչ մի խնդիր չկա, և, ըստ աշխատակիցների մշտական պատասխանների, մինչ այս պահը կապի որակի գլխավոր պատճառը իմ համակարգիչն էր:
Ավելի ուշ ընկերության մասնագետի երկար սպասված այցը նույնպես կայացավ. նա էլ փոխեց հակավիրուսային ծրագիրս, նորից տեղադրեց մոդեմի ծրագիրը և հեռացավ: Մասնագետի «թեթև» ձեռքն էլ չօգնեց, և ես կրկին ժամերով սպասում էի մի սովորական ոչ ծանր էջի բացմանը, նույն աշխատանքս հաճախ մի քանի անգամ էի կատարում, որովհետև կապը հանկարծ ընդհանտվում էր և ողջ աշխատանքս «ջուրը լցնում», և ես դեռ ստիպված վճարում էի ամսական 8800 դրամը, չնայած ամսվա մեծ մասը ինտերնետ մոդեմից չէի օգտվում ու գրեթե նույնչափ էլ վճարում էի մեկ այլ ինտերնետ մատակարարող ընկերությանը քիչ թե շատ կայուն կապ ունենալու համար: Եղել են շաբաթներ, գուցե նաև ամիսներ, որ չեմ օգտվել մոդեմից, սակայն բարեխղճորեն վճարել եմ բոլոր ամիսների համար` անհամբեր սպասելով, որ ավարտվի պայմանագրի մեկամյա ժամկետը և դադարեմ այդուհետ օգտվել VivaCell-ի ինտերնետից:
Ի վերջո, 2011-ի նոյեմբերի 13-ին պայմանագիրն ավարտվեց, և ես այլևս չօգտվեցի ինտերնետից` մտածելով, որ այն պետք է անջատվի պայմանագրի ավարտով: Վերջին վճարումը կատարելու համար, երբ մոտեցա սպասարկման կենտրոն, պարզվեց, ես ավելի քան մեկ ամիս էլ պետք է վճարեմ, որովհետև պայմանագրի ավարտի օրը չեմ գնացել սպասարկման կենտրոն և կասեցրել պայմանագիրը (Պայմանագիրն ավարտվում էր նոյեմբերի 13-ին, ես սպասարկման կենտրոն եմ մոտեցել դեկտեմբերի 7-ին, ինձնից պահանջեցին վճարել նոյեմբեր ամսվա համար, ինչպես նաև դեկտեմբեր ամսվա 7 օրերի համար): Աշխատակցին բացատրեցի, որ ես պայմանագրի ավարտից հետո չեմ օգտվել ինտերնետ մոդեմից, պայմանագիրն էլ ավարտված է, հետևաբար պարտավորված չեմ վճարել չօգտագործածս օրերի համար, այլ պատրաստակամ եմ վճարել միայն օգտագործած օրերի համար: Ավելին` պայմանագրում գրված չէ, որ ես պետք է նույն օրը ներկայանամ այն կասեցնելու համար, եթե ոչ` պարտավորվում եմ վճարել հետագա օրերի համար:
Աշխատակիցն ասաց, որ «իրենց մոտ այդպես է», և առաջարկեց բողոքս շարադրել դիմումի ձևով և հանձնել իրեն: Հենց տեղում էլ` Հյուսիսային պողոտայի սպասարկաման կենտրոնում Ռալֆ Յիրիկյանի անունով դիմում գրեցի` նշելով վերևում նկարագրած փաստերի մասին և խնդրեցի չգանձել ինձնից չօգտագործածս ամիսների կամ օրերի համար: Աշխատակիցը վստահեցրեց, որ 15-օրյա ժամկետում ինձ պետք է անպայման պատասխանեն: Դիմումի վերջում խնդրեցի գրավոր պատասխանել: Առայսօր այդպես էլ որևէ պատասխան չեմ ստացել` ոչ բանավոր, ոչ գրավոր: Մի քանի անգամ էլ զանգել եմ՝ ճշտելու, թե ինչ ընթացք է ստացել դիմումս։
Երեկ զանգահարած աշխատակցուհուց հետաքրքրվեցի դիմումիս ճակատագրով, ասաց, որ եթե չեն պատասխանել, ուրեմն մերժել են: Ասացի` չեմ վճարելու, ինչ է լինելու, ասաց` ընկերությունն ինձ դատի կտա:
Ստացվում է, որ «համայն հայության բարերարին» կամ նրա աշխատակիցներին պատիվ չի բերում մեկ բաժանորդի դիմումին պատասխանելը, բայց պատիվ է բերում նրանից հնարավորինս շատ գումար բռնագանձելը` առանց հաշվի առնելու, թե ինչ կապ է մատակարարել և ինչպես է կատարել իր պարտավորությունները, նրան չի հետաքրքրում` մատակարարած ինտերնետը «գերարագ» է եղել, թե «գերդանդաղ»: Ընկերությունը բարեխիղճ չի գտնվել ու ժամանակին տեղեկացրել (էլ չեմ ասում, եթե տարածքում խնդիր կար, առնվազն պետք է այդ տարածքի բնակիչներին մոդեմներ չվաճառեր) կամ գոնե զգուշացներ այդ խնդիր մասին, այնուհետև նոր բռնագանձման պահանջով մտներ դատարան: Հետաքրքիր է, Vivacell-ը ամսական բռնագանձման քանի՞ հայց է ներկայացնում դատարան և քանի՞ բաժանորդից է բռնագանձումներ անում «գերդանդաղ» ինտերնետի կամ չօգտագործած ինտերնետի համար:
Մեկնաբանություններ (43)
Մեկնաբանել