
«Ամենքը երկու անգամ են ինձ վատ բաներ արել». սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` անչափահաս լոռեցու նկատմամբ (վիդեո)
Մարտի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ Արամո Ավետյանը և Վրաստանի քաղաքացի ոմն Վասիլին (աղջկա ասելով` Վարուժան) սեքսուալ բնույթի բռնություն են իրականացրել Լոռու մարզի Աքորի գյուղի անչափահաս`17-ամյա բնակչուհի Մ.Ս.-ի նկատմամբ: Դեպքը կատարվել է Արամո Ավետյանի ընկերներից մեկի` Ալավերդի քաղաքի բնակիչ Կառլեն Սոֆյանի վարձակալած Ալավերդու Սայաթ-Նովա 4 հասցեի բարձրահարկ շենքի 6-րդ հարկի բնակարանում:
Նույն շենքի նույն շքամուտքի 3-րդ հարկում է ապրում Արամո Ավետյանի ընտանիքը: Առերեսման ժամանակ Արամո Ավետյանը հրաժարվել է աղջկա նկատմամբ իր կատարած սեքսուալ բնույթի բռնի գործողություններից: Իսկ մյուս տղան, ով աղջկան ներկայացել է որպես Վարուժան, փախուստի է դիմել, նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդոլֆ Ստեփանյանը ապրիլի 10-ին «Հետքին» տեղեկացրեց, որ Արամո Ավետյանը ձերբակալված է:
Նախաքննության մարմինը պարզել է նաև աղջկան սեքսուալ բնույթի բռնության ենթարկած երկրորդ անձի ինքնությունը. նա ՀՀ քաղաքացի չէ, և Թումանյանի քննչական բաժնում արդեն նյութեր են նախապատրաստվում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:
Դեպքի առթիվ նախաքննական մարմնի կողմից Արամո Ավետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ):
Ռուդոլֆ Ստեփանյանը մեզ հետ զրույցում բնութագրեց հանցագործության մեջ մեղադրվող Արամո Ավետյանին. «Նա 20 տարեկան է: Նախկինում դանակահարությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով դատված է, սակայն ազատազրկման չի դատապարտվել»:
Քննչական բաժնի պետը ենթադրում է, որ Արամո Ավետյանին ազատազրկման չենթարկելը պայմանավորված է եղել դատաքննության ընթացքում նրա անչափահաս լինելու հանգամանքով:
Արամո Ավետյանը եղբոր` Աշոտ Ավետյանի հետ որպես վկա ներգրավված է եղել Ալավերդու բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության գործում, որը տեղի ունեցավ 2010 թ. հոկտեմբերի 16-ին:
Տուժող անչափահասը նախաքննության ընթացքում ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Ի պատասխան «Հետքի» հարցման` Թումանյանի քննչական բաժնի պետն ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ անչափահաս Մ.Ս.-ն ներկայումս կույս է:
Աղջիկը սովորում է Ալավերդու արհեստագործական ուսումնարանում:
Ուսումնարանի արտադրական աշխատանքների գծով փոխտնօրեն Սուսաննա Շավինյանը տեղյակ էր աշակերտուհու հետ կատարվածին: Նա Մ.Ս.-ին բնութագրեց որպես ակտիվ աշակերտուհու, ում վարքագծում ուսումնառության 2 տարիներին արհեստագործական ուսումնարանի մանկավարժական կոլեկտիվը բացասական դրսևորում չի նկատել:
Անչափահաս աղջիկը ապրում է խորթ հոր հետ, ով իր կյանքի 20 տարիներն անց է կացրել կալանավայրում:
Դեպքը կատարվել է մարտի 19-ին` ժամը 4:30-ին. «Դասերս 2:30-ին պրծավ: Դասերից հետո գնացի մեր բարեկամի տուն` Շնաձորիկ թաղամաս: Հետո էնտեղից իջա: Ես կանգնած էի Աքորի գյուղ բարձրացող ավտոբուսի կանգառում: Ինքը` Ամոն, իջավ «Նիվա» ավտոմեքենայից ու հարցրեց, թե էդ խի եմ տխուր: Ասացի` տխուր չեմ: Իրա անունը ես Ամո գիտեմ: Հետո` թե «Արի մի քիչ քայլենք»: Ասեցի`լավ: Հետո Ամոն ասավ. «Կգաս մին բարձրանանք մոքրիս տուն: Մտնենք իր տուն ու դուրս գանք»: Ասեցի` բայց շուտ: Ինքն ասեց`հա: Բարձրացանք մթամ իրեն մորքուրի տուն, բայց իրենց տունն էր: Իրեն մայրն էլ այդտեղ չէր: Ասավ. «Գնացել է Երևան»: Ես դռանը կանգնեցի, ինքը դուռը բաց արավ, ես էլ դռան շեմքումը կանգնած էի, Ամոն ասաց. «Տուն արի»: Ասեցի` չէ: Ասեցի. «Շուտ, ինչ որ վերցնելու ես, վերցրու ու դուրս արի»: Հետո Ամոն ձեռքիցս քաշեց ու տուն գցեց ինձ` չթողարավ դուրս գամ: Ասեց. «Եթե իմ հետ չըլես, սաղ քաղաքին կասեմ, որ հետս ես եղել: Էդքան բան»:
Թե հետո ինչ եղավ, Մ.Ս. լռեց: Նրա փոխարեն մայրը պատասխանեց. «Բան չի արել, մոտ չի եկել: Տարել են դատական բժշկի մոտ»: Խնդրեցի Մ.Ս.-ին շարունակել պատմել եղելությունը. «Ինչ ասեմ»,- ցածրաձայն ասաց աղջիկը: «Շորեր-մորերն էր պոկատել»,- ասաց մայրը:
Վերջինիս խնդրեցի պատմել, թե ինչպես է իմացել դեպքի մասին. «Իմացել չենք, էնա տեսանք չեկավ, նոր հաջորդ օրը ընկերուհուց իմացել ենք: Դասից տուն չեկավ, դե էնտեղ ծանոթ ունենք Ջրավազան թաղամասում, տալիս սկեսուրն ա: Ասինք` երևի էնտեղ է մնացել: Հաջորդ օրն էլ զանգեցինք, դասի չէր գնացել: Ասինք` ինչ ա պատահել: Ընկերուհին ասավ. «Բա փախցրել են»: Էնա ոստիկանություն դիմեցինք, անմիջապես գտան»,- ասաց մայրը:
Իսկ անչափահաս Մ.Ս. պատմում է. «Իրենք ինձ չէին թողնում ես տանից դուրս գամ: Դուռը փակում էին, նոր դուրս գալիս»: «Ոստիկանությունում տեղեկացել եմ, որ քեզ հետ վատ գործողություններ կատարել է նաև Վասիլի անունով մեկը»,- ասացի աղջկան: «Վասիլի չէր, Վարուժ էր անունը: Վրաստանի Շահումյան գյուղից է»,- ասաց մայրը: «Նրանք մոտիկ ընկերներ են: Հետո էդ Ամոն զանգեց նրան, նա էլ եկավ»,- շարունակեց աղջիկը: Թե Ամոն իր հետ ինչպես է վարվել, Մ.-ն լռում էր: Հետո ասաց, որ իր համար ծանր է այդ մասին հիշել:
«Ինձ հետ, ըհը, վատ բաներ կատարեցին: Ես ամաչում եմ պատմել: Չեմ կարող ասել: Չեմ ուզում հիշել»,- ասաց Մ.Ս.-ն: Վարուժանի մասին էլ ասաց. «Այո, նույն ձևի վատ բաներ ինձ արեց նաև Վարուժանը: Վարուժն ինձ ասեց` քեզ կսպանեմ: Վարուժը սկզբից ասավ` քեզ հետ կամուսնանամ: Կգամ ձեր տուն, հետո էլ…. Հետո իրենք ինձ թողեցին ու գնացին: Դուռը փակում էին: Վարուժն ասում էր` եթե ձեն հանես, քեզ կսպանեմ: Ամենքը երկու անգամ են ինձ վատ բաներ արել»,- պատմում է Մ.-ն: Մայրն ասում է, որ Արամո Ավետյանն իրենց հին` Ջրավազանի 2 շենքի բակում, ուր գալիս էր ընկերոջ մոտ, իր աղջկա հետ երեխա ժամանակ շատ է խաղացել, այդ պատճառով էլ աղջիկը վստահել ու գնացել է նրա հետ:
Մեկնաբանություններ (80)
Մեկնաբանել