HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Մենակ չխաբեն, չպահեն մեզանից քննությունը»,- ասում է զոհված զինվորի մայրը

Վահե Սարուխանյան
Արարատ Դավթյան

Հուլիսի 28-ին ԼՂՀ ՊԲ Մարտունու N զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին առաջինը որոշ մանրամասներ հրապարակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Միաժամանակ նշվեց, որ դրանք դեռեւս ճշտման կարիք ունեն: Ըստ այդ տարբերակի` իբր զոհվել էր 5 հոգի` 4 սպա եւ մեկ զինվոր: Նշվում էր, որ դիտակետում հերթապահող զինվորին քնած վիճակում «բռնեցրել են» 4 սպա, որոնք սկսել են վիրավորել ու ստորացնել նրան: Վերջինս էլ այդքանից հետո վերցրել է զենքն ու սպանել բոլորին, ապա ինքնասպան է եղել: Շատ չանցած` տարածվեց այս ամենի «սրբագրված» տարբերակը:

Ըստ այդմ` զոհվել էր 6 հոգի` 5 զինվոր, մեկ սպա: Նշվում էր, որ սպան (հենակետի պատասխանատուն) ու սերժանտը (դիրքի ավագը) մարտական դիրքում զինվորներից մեկին քնած լինելու պատճառով սկսել են վիրավորել, նվաստացնել, որին ի պատասխան` հերթապահող մյուս զինվորը գնդակահարել է նվաստացնողներին, այնուհետեւ կրակել ձայնի վրա իրենց մոտեցող 3 զինվորներին ու ինքնասպան եղել: Հրապարակվեց «գնդակահարողի» անունը` շարքային Կարո Այվազյան: Այս ամենին հաջորդեց ՊՆ-ի տարածած սուղ տեղեկատվությունը սպանվածների թվի եւ անունների մասին, որում Սաքունցի տարածած տարբերակը թեկուզ ինչ-որ մասով հերքող բան, փաստորեն, չկար:

«Սաքունցն ասում ա, որ լսել ա ու գրել ա, որ տենա` պաշտպանության նախարարությունն ինչ պատասխան ա տալիս: Բայց իրանք (ՊՆ-ն) ձեն չեն հանում: Ասում ա` ես չեմ կարա ասեմ, թե ով ա ինձ ասել, որովհետեւ իմ աղբյուրն ա, չեմ ուզում կտրեմ: Ասում ա` ես չեմ կարա ասեմ` (վարկածը) ճիշտ ա, թե սուտ ա»,- պատմում է Կարո Այվազյանի մայրը` Մարո Միքայելյանը, ով մի քանի օր առաջ է ժամանել ԱՄՆ-ից, որպեսզի հողին հանձնի 21-ամյա որդու դին:

Հարազատները չեն հավատում, որ Կարոն ընդունակ էր նման քայլի: Մարո Միքայելյանն ասում է, որ այդ վարկածին չի հավատում նաեւ զոհվածներից Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը. «Ասում էր` ինչ էլ ասեն, ես չեմ հավատում, որ Կարոն ա իմ տղուն սպանել»: Միքայելյանների պատմելով` Կարոն ու Անդրանիկն ընկերներ էին: Քեռին` Անուշավանը, պատմում է, որ նույնիսկ երբ Կարոն կորցրել թե փչացրել էր իր հեռախոսը, մինչեւ նորն ուղարկելը միշտ Անդրանիկի հեռախոսով էր տուն զանգում: Մայրն ասում է, որ տարածված վարկածին չի հավատում նաեւ որդու ամենամոտ ընկերներից մեկը` Անդրանիկը, ով նույնպես վերջերս է եկել ԱՄՆ-ից.  «Ինքը (Անդրանիկը) Ղարաբաղի համար կռվել ա, ասում էր` Կարոն կյանքում ըտենց բան չէր անի, կարող ա աֆիցերին կամ մեկին խփեր, բայց ինքը իրա ընկերոջը չէր խփի»:

Պարզաբանենք: Ըստ Միքայելյանների` Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիսը,  իրենց ասել է, որ Կարոն վիճաբանության ժամանակ պաշտպանելիս է եղել հենց իր տղային: «Եթե ես քո թասիբը պահում եմ ու մյուսին խփում եմ, բա հետո քեզ ո՞նց եմ խփում»,- զարմացած հարցնում է պապը` Ջիվան Միքայելյանը ու նշում, որ Անդրանիկ Սարգսյանին կպած մեկ գնդակը ինչ-որ տեղ կարելի կլիներ որպես պատահականություն, վրիպում ընդունել, բայց չէ՞ որ Սարգսյանի վրա հայտնաբերվել է մի քանի գնդակ (վերջինիս հոր ասելով` Անդրանիկի կրծքավանդակին հրազենային 3 վնասվածք է եղել): Իսկ սա, ինչպես նկատում է Անուշավան Միքայելյանը, պատահականություն, անշուշտ, չէր կարող լիներ: Եվ, ուրեմն, ո՞վ է կրակել Անդրանիկ Սարգսյանի ու մյուսների վրա:  «Իրա ձեռքերը ուժեղ էին, սաղին ինքը առանց հրացանի էլ կարար գետնին դներ: Ինքը ուժեղ տղամարդ էր,- ասում է մայրը` Մարոն, ու հիշում, որ Կարոն ԱՄՆ-ում, իր մոտ ապօրինի զենք ունենալով հանդերձ, ոստիկանին ծեծել էր մերկ ձեռքերով,- թասիբ պահող էր, եթե իրա ընկերոջը կամ ընտանիքին կպնեին, ինքը մինչեւ վերջ կգնար, որ իրա թասիբը պահեր: Ճիշտն ու սխալը ջոկող էր»:

Հակասական տեղեկություններ

Միքայելյանների համար շատ բաներ, եթե չասենք ամեն ինչ, մնում է անհայտ, քանի որ զանազան տեղեկությունները հակասում են իրար: Այսպես` մինչեւ հիմա հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել դեպքը: Հատկանշական է, որ եթե ՊՆ-ն լեյտենանտ Արտակ Նազարյանի հուլիսի 27-ի դեպքի մասին տարածված հաղորդագրության մեջ նշել էր «ինքնասպանության» ժամը, ապա հուլիսի 28-ի այս դեպքի համար ոչինչ չի ասվել:

«Էնքան ստեր կա, որ ոչ մեկ ոչ մի բան չի ջոկում,- նկատում է Անուշավան Միքայելյանը:- Արաբկիրի վաենկոմատում ինձ ասում էին, որ լույս գիշերվա ժամը 3-ին սվոդկեն էկած ա էղել, այսինքն` Հայաստանի ՊՆ-ն, իրանց ասելով, ժամը 3-ին իմացել ա: Ղարաբաղցիք (նկատի ունի զորամասի ու դիվիզիայի հրամանատարների երկու տեղակալներին- հեղ.) ասում են` ժամը 18-ին ա մեր մոտ սվոդկեն էղել: Բայց Սարգիսն ասում էր, որ ժամը 18:30-ին Անդրանիկը զանգել ա, մոր հետ խոսացել ա, ամեն ինչ նորմալ ա էղել»:

«Ո՞նց կարող ա մեկը պոստի վրա ժամը վեցին քնի: Գիշերը քնի, էլի կասես մարդ ա, հոգնել ա, գիշերը աչքը կպել ա»,- տարակուսում է ազատամարտիկ Անուշավան Միքայելյանը:

Նրա ասելով` Կարոյի հաստիքային զենքը եղել է սովորական Կալաշնիկովի ավտոմատ` ԿԱ-74 (АК-74), բայց զորամասի փոխհրամանատարն իրեն ասել է, որ բոլոր դիակների վրա հայտնաբերվել են РПК-74-ի (Կալաշնիկովի ձեռքի գնդացիր-74` РПК-74- ручной пулемет Калашникова-74) գնդակներ: АК-74-ն ու РПК-74-ն աշխատում են նույն 5,45×39 մմ-ոց փամփուշտով. միակ տարբերությունը պահեստատուփի տարողությունն է. АК-74-ինը տեղավորում է 30 փամփուշտ, իսկ РПК-74-ինը` 45: Հենց մեկ դատարկ ու մեկ կիսադատարկ 45-ոց երկու պահեստատուփերն են հիմք դարձել պնդելու, որ դիակների վրա եղել են РПК-ի գնդակներ:

«Զամկամանդիրն ասում ա` որ գնացել են հետազոտության, տեսել են` էն էրկու դիակի տակ (խոսքը սպայի ու սերժանտի մասին է- հեղ.) РПК ա ընկած եղել` առանց մագազինի: Ու նախնական վարկածով` առաջին էրկուսին իրա մագազինով ա խփել, հետո որ պատրոնները պրծել են, մագազինը հանել, գցել ա ու դիակների տակի РПК-ից ա մագազինը հագցրել, մնացածին էլ դրանով խփել»,- պատմում է Անուշավան Միքայելյանը:

Հարց է ծագում: Եթե Կ. Այվազյանի հաստիքային զենքը եղել է АК-74-ը, ինչպե՞ս է նրա ձեռքում հայտնվել РПК-74-ը, եւ ու՞մ զենքն է այն եղել: Ընդ որում` հատկանշական է, որ նշված վարկածով առաջին պահեստատուփի վերջանալուց հետո Այվազյանը երկրորդը վերցրել է ոչ թե պահեստատուփերի պայուսակից, որտեղ, որպես կանոն, պետք է լիներ եւս 3 հատ 45-ոց պահեստատուփ, այլ գնացել ու սառնասրտորեն հանել է երկու դիակի տակ ընկած РПК-74-ի պահեստատուփը, որով սպանել է եւս երեք հոգու, ապա եւ` իրեն:

Անուշավանին Արաբկիրի զինկոմիսարիատում ասել են, թե մոտեցող 3 հոգին խփվել են մոտ 300 մ հեռավորությունից: Պաշտոնական տվյալներով` զոհվել է ընդհանուր 6 հոգի, ու 3 հոգու մասին տվյալն այս դեպքում չի տեղավորվում վերը նշված այն տեղեկության (որը, ըստ Միքայելյանների, իրենց հայտնել է Սարգիս Սարգսյանը) մեջ, որ Կարոյի հետ հենակետում է եղել նաեւ Անդրանիկ Սարգսյանը, որը նույնպես զոհվել է: Այս տարբերակով զոհերի թիվը կլիներ 7: Իսկ եթե ընդունենք, որ Անդրանիկ Սարգսյանը չի եղել Կարո Այվազյանի հետ հերթապահող զինվորը (ում նվաստացրել են, եւ ում «թասիբը պահել է» Կարոն), ապա ո՞վ է եղել նա: Այս դեպքում, փաստորեն, հենց նա է եղել սարսափելի տեսարանի միակ ականատեսը: Այս տեսակետից հետաքրքիր է զորամասի փոխհրամանատարի ասածը Անուշավան Միքայելյանին. «Զամկամանդիրն ասում ա` զինվորներից 3 հոգի սաղ ա մնացել, որոնցից մի հոգին գժվել ա»:

«Սաղին կրակեց, բայց մեկն իրան չկրակե՞ց»

Միքայելյանները հարցնում են` ինչպե՞ս կարող էր 2 հոգու սպանելուց հետո մարդը ժամանակ գտնել ու դիակների տակից հանել պահեստատուփը, հագցնել զենքին, հետո սպաներ եւս 3 հոգու, իսկ հետո որոշեր վերջ տալ իր կյանքին` զենքը բերանը դնելով:

«Ինքը Ռեմբո՞ էր. սաղին կրակեց, սաղ զենք ունեին, բայց մեկն իրան չկրակե՞ց: Ասում են` պատրոնը պրծել ա, փոխել ա: Էդ սաղ նստել են, սպասել, որ ինքն իրա պատրոնը փոխի, իրանց սպանի, հետո էլ իրան, հա՞,- զարմանում է Մարո Միքայելյանը:- Ինքը կարար փախներ, անցներ սահմանը, թուրքերի վրա կրակեր, մի երկու թուրք սպաներ կամ չսպաներ, բայց հո իրան կսպանեի՞ն… Պրծավ գնաց: Էլ խի՞ պիտի նստի որոշի` ինքը իրա կյանքը ոնց վերացնի: Ինքը կյանքում վախկոտ չի էղել: 13 տարեկանից մենակ ապրել ա, ման ա էկել ու իրա թասիբը պահել ա: Ինքը բանտից էլ ա փախել, դե մտածեք: Եթե Ամերիկայի բանտից փախել ա, ընդեղից չէ՞ր կարա փախներ: Ձմեռվա կեսին փախել ա, 3-4 օր դուրսն ա մնացել: Ինքն ա գնացել հանձնվել, իրան չեն բռնել: Ասել ա` չեմ ուզում փախած մնամ, էթալու եմ, ինչ տան` կտան: Ես կնստեմ, կհելնեմ: Որ ինքը միլիցուն ծեծել, արունլվիկ էր արել, ինքը չփախավ: Իրա սաղ ընկերներին ասել էր `դուք գնացեք, ես իմ վրա եմ վեկալում: Ու գնացել նստել էր: 14 տարեկան էր: Ու հիմա էդ մարդը պիտի գա ըստեղ, բանակում իրան սպանի՞…»: Հարազատները Կարոյի ամերիկաբնակ Անդրանիկ ընկերոջից իմացել են, որ նույնիսկ լուրեր են հայտնվել, թե իբր Կարոն ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ծառայակիցներն իմացել են, որ նրան, իբր, բռնաբարել են:

Ըստ շրջանառվող վարկածի` Կարոն ինքնասպան է եղել` բերանի մեջ կրակելով: Սակայն Անուշավան Միքայելյանը սրան այլ տեսանկյունից է մոտենում:

Նա ասում է, որ АК-74-ով հնարավոր է նման կերպ ինքնասպան լինել, սակայն РПК-ի դեպքում այլ է, քանի որ վերջինիս փողը երկար է (АК-74-ի փողը միայն 41,5 սմ է, իսկ РПК-74-ինը` 59 սմ), ու պետք է կարողանաս ձեռքդ հասցնել ձգանին, ինչի համար էլ հարմար դիրք պիտի բռնես կամ ոտքով սեղմես ձգանը. «Դիակը որ բերեցին, պռոշները ուռած էին: Չեն ասում` ձեռքո՞վ ա կրակել, թե՞ ոտքով, բայց պլավնի դրած խփած ա: Ես ասում եմ, որ եթե АК-ով լիներ, կարող ա ճարպիկ տղա լինես, կարողանաս քեզ խփես, բայց РПК-ով ձեռքով դու քեզ չես կարա խփես: Գլուխդ ցրիվ կտաս, ատամներդ կջարդես»:

Անուշավանն առաջ է քաշում այսպիսի վարկած. «Շատ հավանական ա` թուրքերը մտել են, սրանք (ՊՆ-ն) իրանց պահելու համար ասել են` ավելի լավ ա մեր մեջ էս դեպքը լինի, որ չասեն` էս ո՞նց եք դիրքերը պահում: Գիտեն, որ վաենկոմատում գործերի մեջ էլ էսքան բան կա: Մեկի գլխին կսարքեն որպես քավության նոխազ, դե գնա: Թույլ օղակը ինքն ա սրանց մեջ… Ասում ա` մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»:

«Ուզում եմ նորմալ ապրեմ»

«18 տարեկան էրեխեն սահման պահո՞ղ ա,- ասում է Կարոյի մայրը,- Ամերիկայում 18 տարեկանին ըսկի պապիրոս էլ չեն տալիս, խմիչք էլ չեն ծախում. ասում են` մինչեւ 21 տարեկան էրեխա ա: Բայց էս երկրում առանց սովորացնելու, առանց բանի տանում են սահման: Գնա մի հատ հարցրու, թե որ պաշտոնավորի էրեխեն ա Ղարաբաղ ծառայել: Եթե օրենքը սաղի համար ա, թող սաղի համար աշխատի:

Չաստից որ զանգում էր ինձ, ասում էր` լավ տեղ չի, բայց, ասում էր, սրանից վատ տեղ եմ էղել, կդիմանամ: Մի անգամ ասեց` աֆիցերները փող են ուզում, ասի` անունները վեկալ, իրանց վրա փող կփոխանցեմ: Ասեց` չես ամաչու՞մ, ես Ամերիկայում 5 տարի նստել եմ, հիմա սրանց փող պիտի տա՞մ, մի կոպեկ չեմ տա, սրանք ո՞վ են, որ ինձնից կաշառք վեկալեն: Ասեց` պապիին փող ուղարկի, որ ինձ բան ուղարկի, ես իմ ընկերների հետ ուտեմ»:

«Հա,- աղջկա խոսքերն է հաստատում Ջիվան պապը,- ես էլ ամեն շաբաթ պասիլկա էի ուղարկում` 5000 դրամ, պապիրոս, ուտելիք…»:

«Էս էրեխեն վեց ամիս էլ ըստեղ չի մնացել, տարել ես Ղարաբաղ,- շարունակում է Մարոն:- Հլը մի հատ ասա` գնա դպրոց, հայերեն սովորի… Մարդը մի բան ա ասում, չի հասկանում, էրեսին ա նայում: Մի էրկու բառ հասկանում էր, բայց մի հատ դժվար բառ էիր որ ասում, չէր հասկանում. նայում էր, ասում` էդ ի՞նչ ա նշանակում: Հայերեն կարդալ չգիտի, գրել չգիտի, տանում ես սահման, ասում ես` հայրենիք պաշտպանի: Խի՞, ըտենց մարդկություն կա՞ էս աշխարհում:

Հարցրել եմ, ասում եմ` նեղում ե՞ն քեզ, ասել ա` չէ, ինձ ո՞վ կարա նեղի: Ես էլ ասեցի` եթե չես ուզում, մենք քեզ փախցնենք: 100 տոկոս ասել եմ: Ասել եմ` ինչ կուզեն անեն` մենք քեզ մի ձեւով քաղաքից կհանենք. փողին մուննաթ: Ասեց` չէ, այ մարդ, ես էդքան տարիներ փախած եմ, հիմա չեմ ուզում փախած մնամ, ուզում եմ պրծնեմ, վաեննի բիլետս առնեմ ու նորմալ ապրեմ»: Նպատակ ուներ ապրել պապի հետ: Ջիվան պապի վերանորոգվող տան երկրորդ հարկը նախատեսվել էր հենց Կարոյի համար…

Հարազատներից Կարոյին վերջին անգամ հանդիպել է քեռին. հուլիսի 13-ին տեսակցության էր գնացել զորամաս: Հիմա պիտի արձակուրդում լիներ, սակայն ԱՄՆ-ից մոր ժամանման հետ կապված` ինքնակամ հետաձգել էր մինչեւ օգոստոսի 26-ը: Կարոյի կրտսեր եղբայրները` Հովհաննեսն ու Հարութը, ծնվել են ԱՄՆ-ում, այժմ այնտեղ են անցկացնում արձակուրդը, սակայն սովորում են Երեւանում. մեկը` «Անանիա Շիրակացի» ճեմարանում, մյուսը` «Ալբատրոսում»:

«Գոնե լավ ա, որ ըստեղ չեն ծնվել,- ասում է մայրը,- եթե ես հիմա ուրիշի ծնող լինեմ, կյանքում, ինչ ուզում ա անեն, չեմ թողնի էրեխուս տանեն բանակ: Կյանքում: Էրեխեքը ըստեղ են սովորում, բայց կարող ա չթողնեմ հետ գան»:

«Եթե մեկը պիտի պատժվիառաջիններից մեկը պիտիԱրմեն Հակոբյանը լինի»

«Մենակ չխաբեն, չպահեն մեզանից քննությունը»,- սա է Մարո Միքայելյանի միակ ցանկությունը պատկան մարմիններից: Սակայն նա առանձնապես չի հավատում արդար քննությանն ու արդեն իսկ մտածում է անկախ փորձաքննություն պահանջելու մասին: Իսկ անվստահության գլխավոր պատճառն այն է, որ Կարոյին, ըստ հարազատների, ուղղակի զենք չպիտի տային:

«Եթե ինքն ա արել, իրանց (ՊՆ-ի) պատճառով ա էղել,- ասում է Մարոն:- Դու իրանց ասում ես` Ամերիկայի դատարանում որոշում են կայացրել, որ իրան զենք չի կարելի տալ, դու չես ուզու՞մ մի հատ հետաքրքրվես, ավելի խորանաս, Ամերիկայից ուրիշ թղթեր ուզես: Հա, ուրիշ քաղաքի ու երկրի դատարան ա որոշել, բայց դու չե՞ս ասում, որ իրան ուղարկում ես ընենց տեղ, որ զենք ես տալիս, ուրիշ մարդկանց կարող ա վնաս տա: Չես մտածու՞մ»:

Անուշավանն ասում է, որ Արաբկիրի զինկոմի տեղակալ Խաչատրյանն իրեն հայտնել է, թե Կարոյի դատվածության, զենք կրելու արգելքի եւ մյուս փաստաթղթերը ուղարկել են զորամաս:

Սակայն դիվիզիայի հրամանատարի տեղակալը Միքայելյանի հետ զրույցում տարակուսել է, թե ինչպես կարող էին իմանալու դեպքում նրան զենք վստահել: Զոհվածի հարազատները այստեղ շեշտում են Արաբկիրի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Արմեն Հակոբյանի անունը, ով Ջիվան Միքայելյանից, ըստ վերջինիս, 4000 դոլար կաշառք է պահանջել` Կարոյին բանակից ազատելու համար: Չստանալով պահանջածը` արել է իր վատությունը:

«Պապան ասում էր` արի պասպորտ չհանենք, բանակ մի գնա: Ինքն ա ասել` չէ, գնա պասպորտ հանի, ես չեմ ուզում փախած ապրեմ: Որ ինքը պասպորտ չհաներ, չէին իմանալու, որ ըստեղ ա: Հետը ոչ մի անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել, որ դեպորտ են արել Ամերիկայից»,- հիշում է Մարոն:

Ջիվան պապը շարունակում է. «Պասպորտը տալուց հետո գնացի վաենկոմատի Հակոբյանին ասեցի` իրան կլոր կնիք (նկատի ունի օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության կնիքը- հեղ.) դրեք, որ ինքը գնա դուրս, փող աշխատի, ես թոշակառու մարդ եմ:

Ասեց` ոչ մի դեպքում, ոչ մի բան, փողը տաք` կլինի, չեք տա` չի լինի: Ես իրան ասեցի, եթե ինքը հետ չի գա, կդիմեք ոստիկանություն, իրան հետ կբերեք: Ասեց` չէ»:

«Եթե մեկը պիտի պատժվի, առաջիններից մեկը պիտի Արմեն Հակոբյանը լինի: Էս մարդը (Կարոն) որքան պիտի որ ստանար, գոնե դրա կեսը Հակոբյանը հիմա պիտի նստի»,- վճռական տոնով ասում են Միքայելյանները:

Նրանց ասելով` բացի ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի ընտանիքից` մյուսները որոշել են ողբերգության բացահայտման ու իրական մեղավորներին պատժելու համար գնալ մինչեւ վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter