HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ծնելիության խթանումը, ներգաղթն ու արտագաղթը՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում

Ըստ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների՝ Հայաստանի առկա բնակչության թիվը կազմում է 2.871.509 մարդ: Մինչդեռ 2001թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում առկա բնակչության թիվը 3.002.598 էր: Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում վերջին տարիների տարբեր ամիսներին մեկնողների ու վերադարձողների բացասական (ի վնաս վերադարձողների) հաշվեկշռի մասին: Շատերն են ահազանգում, որ արտագաղթի նման ահագնացումը և ծնելիության ցածր ցուցանիշը սպառնում են Հայաստանի անվտանգությանն ու լինելիությանը:

Ստորև ներկայացվում են խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերի՝ ծնելիության ու ներգաղթի խթանմանը և արտագաղթի կանխմանը վերաբերող միջոցառումները:

«Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը չի պարունակում ներգաղթի կազմակերպման մասին և ոչ մի դրույթ: Սրանից կարելի է ենթադրել, որ կուսակցությունը այնքան չի կարևորում դեպի Հայաստան ներգաղթի խնդիրը, որ այն ներառի իր նախընտրական ծրագրում, կամ իրատեսական չի համարում ներգաղթը:

Նախընտրական ծրագրում, սակայն, խոսվում է ծնելիության խթանման և արտագաղթի մասին: Ահա «Բարեկեցիկ ընտանիք - հզոր պետություն» բաժինն ամբողջությամբ. «Ընտանիքը և մայրությունը պետք է գտնվեն պետության մշտական հոգածության և պաշտպանության ներքո: «Բարգավաճ Հայաստանը» կարևորում է նորաստեղծ ընտանիքներին բազմակողմանի աջակցության ցուցաբերումը և սոցիալական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով ծնելիության խթանումը: Այս առումով անհրաժեշտ ենք համարում սոցիալապես անապահով ընտանիքների համար պետության կողմից տրամադրվող նպաստի չափի բարձրացումը, պետական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորող երիտասարդ ընտանիքի մեկ անդամի ուսման վարձի փոխհատուցումը»:

Հռչակագրային ոճով գրված այդ բաժնում, սակայն, չի նշվում, թե, օրինակ, սոցիալական աջակցության ինչ մեխանիզմների միջոցով է խթանվելու ծնելիությունը, կամ որքան է բարձրանալու «սոցիալապես անապահով ընտանիքների համար պետության կողմից տրամադրվող նպաստը»:

Նմանատիպ ոճով և ընդհանրական, որևէ կոնկրետ քայլեր չմատնանշող ձևակերպումներով է գրված նաև «Զբաղվածությունը՝ արտագաղթի կանխման հիմնական ճանապարհ» բաժինը, որը ներկայացվում է ամբողջությամբ. «Ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ արտագաղթի կանխման առաջնահերթ պայմանը երկրում զբաղվածության մակարդակի բարձրացումն է, որի համար պետությունը պետք է որոշակի պարտավորություններ ստանձնի, կատարի դրանք և աստիճանաբար ավելացնի այդ պարտավորությունների ծավալները: «Բարգավաճ Հայաստանը» հավատարիմ է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» իր կարգախոսին և անելու է հնարավորը՝ զբաղվածության պետական ծրագրերի մշակման ու դրանց կենսագործման, ինքնազբաղվածության մեխանիզմների կատարելագործման, աշխատանքի ազատ ընտրության հնարավորությունների ընդլայնման, մարդկանց մասնագիտական կարողությունների մեծացման և աշխատատեղերի ստեղծման ոլորտում առկա այլ խնդիրների լուծման համար: Մարդն իրեն պաշտպանված պետք է զգա իր հայրենիքում, իսկ դրա համար նա պետք է ունենա այնպիսի աշխատանք, որով կարողանա հնարավորինս լիարժեք հոգալ իր ընտանիքի հոգսերը՝ հրաժարվելով այլ երկրներում բարեկեցության հասնելու մտադրությունից»:

Նախընտրական ծրագրով ԲՀԿ-ն առաջնահերթ է համարում նաև երիտասարդության զբաղվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելը, արտակարգ ունակություններ դրսևորած երիտասարդների պետականորեն խրախուսելը:

«Հայ երիտասարդը պետք է իրեն ապահով ու պաշտպանված զգա, որակյալ կրթության և արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենա: Նա չպետք է իր բախտը փնտրի օտար ափերում, այլ պետք է իր հույսը կապի մայր հայրենիքի, մեր պետության և պետականության հետ»,- շարունակում է ԲՀԿ-ն՝ այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ միջոցներ է ձեռք անելու, որ հայ երիտասարդը իր բախտը չփնտրի օտար ափերում:

«Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում «ազգային անվտանգության ապահովման կարևորագույն թիրախներից» է համարում «արդարության, քաղաքական, իրավական, տեղեկատվական, մշակութային պաշտպանվածության, օրինապահության, ժողովրդագրական աճի ու զարգացման հատկանիշներով օժտված հասարակական համակարգերը»:

Այդ թիրախներին հասնելու համար թվարկվում են մի շարք առաջնային օրենսդիր ու գործադիր քայլեր, որոնցից է «ժողովրդագրական վիճակի բարելավման, բնակչության բնական աճի խթանման և արտագաղթի կտրուկ նվազեցման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը»:

Այդ նպատակով «Ժառանգությունը» նախատեսում է կատարել հետևյալ 7 նախաձեռնությունը.

«- աշխատանքային օրենսգրքում կատարել երիտասարդ ընտանիքների աշխատանքային իրավունքների իրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծմանն ու կիրառմանը ուղղված փոփոխություններ,

- պետական բնակարանաշինական ծրագրերով երիտասարդ ընտանիքներին ապահովել բնակարաններով՝ կիրառելով մասնակի փոխհատուցվող հիփոթեքային վարկավորման համակարգը,

- մինչև երեք տարեկան երեխաների խնամքի համար մայրերին հատկացվող ամսական նպաստների չափը սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղի չափով,

- յուրաքանչյուր նորածնի համար միանվագ նպաստի չափը հասցնել նվազագույնը 300 հազար դրամի,

- շեշտակիորեն ավելացնել ընտանիքում յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ ծնված երեխաների համար հատկացվող նպաստները,

- հայրենադարձությունը, վերաբնակեցումը և հայրենատիրությունը խթանելու, այդ գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունել «Հայրենադարձության մասին» օրենք՝ պետության կողմից հստակ պարտավորությունների ստանձնմամբ, այդ թվում՝ վերադարձողների բնակարանային, սոցիալական մյուս հիմնահարցերի լուծման, հասարակությանը նրանց սերտաճման համար տարբերակված մեխանիզմների ամրագրմամբ:

- Վերաիմաստավորել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները՝ այն վերածելով Հայրենիք-Սփյուռք համագործակցությանը նպաստող, այդ ոլորտի գործունեությունը համակարգող կառույցի, որի աշխատանքը վերահսկելի լինի Հայաստանի հասարակության ու Սփյուռքի համար»:

«Ժառանգության» նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաև դեպի Հայաստան ներգաղթի անհրաժեշտությանը: Կուսակցությունը նախատեսում է կատարել բազմաթիվ առաջնային օրենսդիր և գործադիր քայլեր, որոնցից 2-ն անմիջականորեն վերաբերում է դեպի Հայաստան ներգաղթին:

Այդ քայլերից առաջինով նախատեսվում է հասնել նրան, որ պաշտոնավարման 1-ին տարում երկրից հեռացողների թիվը չգերազանցի վերադարձողների թվին, 2-րդ տարում դրական հաշվեկշիռը հասցնել առնվազն 15.000 մարդու, 3-րդ տարում՝ 30.000, 4-րդ տարում և յուրաքանչյուր հաջորդ տարի՝ առնվազն 50.000 մարդու:

«Ժառանգությունը» համարում է, որ «պաշտոնավարման ցանկացած տարվա համար նախապես հավանության արժանացած ներգաղթի ու արտագաղթի համապատասխան հաշվեկշիռն ապահովելու անկարողությունը հավասարազոր է Նախագահի կողմից իր պարտականությունների չկատարման, ուստի հանգեցնում է նրա անվերապահ հրաժարականին»: Սակայն միևնույն ժամանակ կուսակցությունը չի նշում, թե այդ ինչպես պետք է հասնի նրան, որ «երկրից հեռացողների թիվը չգերազանցի վերադարձողների թվին»:

Ներգաղթի խթանմանն ուղղված մյուս քայլն է «ապահովել Մեծ վերադարձ դեպի Հայաստան, որի շնորհիվ 5 տարվա ընթացքում Հայաստանից մեկնողների և վերադարձողների հաշվեկշիռը կդառնա դրական՝ տարեկան միջինը առնվազն 100.000 մարդ: Երկարաժամկետ կտրվածքով՝ առաջիկա 10 տարիների համար ապահովել առնվազն 4, իսկ առաջիկա 15 տարիների համար՝ 5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան»:

«Ժառանգությունը» ծրագրում շեշտում է, որ «սա Հայաստանի Հանրապետության պետական և հանրային անվտանգության տարրական անհրաժեշտությունն է»: Սակայն դարձյալ չի ասում, թե ինչպես պետք է հասնել այս արդյունքին: Այլ ծրագրում միայն նշվում են միջոցառումներ՝ երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ:

Իսկ «Տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում, արժանապատիվ աշխատանքի և հաց վաստակելու հնարավորությունների ընձեռում» բաժնում «Ժառանգությունը» նշում է, որ պրոգրեսիվ հարկային օրենսդրության կիրառումից «հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսից կտեղափոխվի դեպի խոշոր բիզնես, ինչը կնպաստի հավելյալ աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության կառուցվածքի փոփոխությանը և ճկունացմանը, օլիգոպոլ տնտեսությունից ազատ շուկայականի անցմանը, ինչպես նաև սոցիալական գերբևեռացման մեղմմանն ու արտագաղթի կասեցմանը»:

Հայ ազգային կոնգրես

Հայ ազգային կոնգրեսից «Հետքին» հայտնեցին, որ նախընտրական ծրագիր պետք է դիտարկել մինչ այժմ ՀԱԿ-ի հրապարակած տարբեր ծրագրերը և հանրահավաքներում ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների դրույթները: Իր ելույթներում Լևոն Տեր-Պետրոսյանը հաճախ է խոսել արտագաղթի վտանգների մասին:

2012թ. մարտի 1-ի հանրահավաքում նա հայտարարել է, որ չնայած Հայաստանում առկա 2.8 մլն բնակչության պաշտոնական տվյալին՝ ոչ պաշտոնական գնահատականներով՝ այսօր Հայաստանի առկա բնակչության թիվն իրականում կազմում է շուրջ 2.5 միլիոն մարդ, և վերջին 10 տարվա ընթացքում երկրից արտագաղթել է ավելի քան 500.000 մարդ: Նույն հանրահավաքում նա նշել է, որ ահագնացող արտագաղթը ազգային աղետի վտանգ է պարունակում։

Իսկ, օրինակ, 2011թ. օգոստոսի 2-ի հանրահավաքում նա ասել է, որ եթե արտահերթ ընտրություններ չանցկացվեն, և տեղի ունենան հերթական ընտրություններ, ապա ամենաաղետալին ու անշրջելին կլինի այն, որ ևս «100-150 հազար մարդ կարտագաղթի Հայաստանից»:

Մարտի 30-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթները ներկայացնելիս, անդրադարձել է այն կոնկրետ քաղաքական ու օրենսդրական նախաձեռնություններին, որոնցով ՀԱԿ-ը, սեփական ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձևավորելու պարագայում, պատրաստվում է հանդես գալ հաջորդ գումարման Ազգային ժողովում:

Այդ նախաձեռնություններից է. «Արտագաղթի վնասները նվազեցնելու և ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500.000 դրամ, երրորդ երեխայից սկսած՝ մայրերին վճարել 1 մլն, իսկ հինգերորդից սկսած՝ 1.5 մլն դրամ, ինչպես նաև 30%-ով երկարաձգել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը»:

Իսկ երկրի ընդհանուր իրավիճակը բարելավելու համար ՀԱԿ-ն առաջարկում է մի քանի ծրագիր՝ «100 քայլ». սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր, կենսաթոշակային բարեփոխման ծրագիր, ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ, արդյունաբերության զարգացման ծրագիր, գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ և այլն:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրում 2012-2017 թթ.-ի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրների շարքում նշված է նաև «ժողովրդագրական իրավիճակի բարելավումը»:

Ծրագրի «Աշխատավարձ, սոցիալական պաշտպանություն, ժողովրդագրություն» բաժնում գրված է. «Կգործադրվի ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն՝ ուղղված ծնելիության մակարդակի բարձրացմանը, մահացության մակարդակի նվազեցմանը, կյանքի տևողության ավելացմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը: Արդյունքում՝ յուրաքանչյուր տարի բնակչության թվաքանակը կաճի միջինը 50.000-ով»:

ՀՅԴ-ն նախատեսում է կատարել հետևյալ փոփոխությունները. «Կսահմանվի մինչև 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստ՝ առաջին երեխայի դեպքում՝ 20.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 25.000 դրամ, երրորդ երեխայի դեպքում՝ 40.000 դրամ, չորրորդ, հինգերորդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 60.000 դրամ: Հինգ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին անհատույց կտրամադրվի բնակարան:

Կընդունվի օրենք, որի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխա խնամող չաշխատող կանանց համար այդ ժամանակահատվածը կհամարվի աշխատանքային ընդհանուր ստաժ»:

«Գիտություն, մշակույթ, կրթություն, երիտասարդություն» բաժնում թվարկվում են միջոցառումներ, որոնք նույնպես կարող են խթանել Հայաստանում ծնելիությանը: Դրանցից են. «Երեխաներ ունեցող ուսանողները կազատվեն ուսման վճարից:

Սոցիալական բնակարանային ապահովման ռազմավարության շրջանակներում երիտասարդ նորաստեղծ ընտանիքները կունենան սոցիալական բնակարաններից օգտվելու առաջնահերթություն:

Երևանից 30 կմ հեռու գտնվող համայնքներում նորաստեղծ երիտասարդ ընտանիքներին տուն կառուցելու համար անհատույց կտրամադրվեն հողատարածք և արտոնյալ վարկեր՝ առնվազն տասը տարի բնակություն հաստատելու պայմանով»:

Դաշնակցության նախընտրական ծրագրի վերջին կետերից մեկն էլ այն է, որ «կգործադրվեն հայրենադարձության և Արցախի վերաբնակեցման ամբողջական ծրագրեր»: Սակայն այս ծրագրերի կենսագործման վերաբերյալ որևէ մանրամասն նշված չէ:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter