HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղպատի փոքր հէկը չորացրել է Սեյրան պապի այգին (վիդեո)

Հաղպատցի Սեյրան Եսայանի 1500 մետր այգին չորացել է: Որպեսզի այգու ամենալավ
ծառերի բերքից թոռները կարողանան գոնե համտեսել, 80-ամյա Սեյրան պապը դույլով ջուր է
տանում իր այգին, ջրում ծառերը, իսկ հողամասի մնացած ծառերից այլևս բերք չի ստանում:

Հաղպատ գյուղի ճանապարհով, որտեղ Սեյրան պապը հողամաս ունի, այժմ անցնում են «Հաղպատ-2» փոքր հէկի խողովակները: «30 տարվա բաղ է, սրանք 5 տարի է` իմ բաղը չորացրել են: Վեդրոյով ջուր եմ տանում, լցնում տակը, որ ծառերս չչորանան, գոնե իմ րեխանց հմար մի բան  ստեղծեմ»,- ասում է Սեյրան պապը:  

«13 հատ գիլասի ծառ ունեինք, հմի մի հատ չունենք, լրիվ չորացել են,- Սեյրան պապին շարունակում է կինը` Վարդուշ տատը,- կարտոֆիլ, վարունգ, պոմիդոր. ամեն ինչ ցանում էինք, որ ջուրը չկա` ջրես, ո՞նց կարաս ցանես, ո՞ր մի տեղը տանես վեդրոյով ջուր ածես»: 

Սեյրան Եսայանի ընտանիքը 13 անդամից է բաղկացած, միայն որդին է աշխատում, ապրելակերպը դժվարացել է, որովհետև այգուց ստացած պտուղ-բանջարեղենից այս ընտանիքը զրկվել է: Նույն տարածքում 10 ընտանիք հողամաս ուներ, բայց այլևս չեն մշակում, Սեյրան պապի խոսքով՝ «բրախել» են նույն պատճառով` ոռոգելու հնարավորություն չկա: 


Փոքր հէկի պատճառով ջրազրկված հողատարածքում նախկինում կոլեկտիվ այգեգործության հողամասեր են եղել, որը Ալավերդու մետալուրգիական գործարանը հատկացրել է իր  աշխատակիցներին: Այդ հողատարածքն այժմ նախկին աշխատակիցների սեփականությունն է: Հաղպատի համայնքի ղեկավար Սերգո Քառյանն ասում է, որ փոքր հէկի կառուցումից առաջ պայմանավորվածություն են ունեցել, որ եթե վնաս տան այդ հողատարածքներին, կվերականգնեն, բայց չեն վերականգնել, ոչ էլ փոխհատուցում են տվել տերերին:

«Նրանք պարտավորվել են էն ժամանակ և ժողովրդին ասել են, որ կվերականգնեն, բայց հետագայում էլ չեն վերականգնել»,- ասում է գյուղապետը: Նա հաստատում է, որ ընկերությունը պարտավոր էր փոխհատուցել գյուղացիներին, որովհետև կոլեկտիվ այգեգործության հողերն այսօր այդ մարդկանց սեփականությունն են: 

Հաղպատ համայնքում երկու փոքր հէկ կա` «Հաղպատ-1» և «Հաղպատ-2», որոնք տեղակայված են Դեբեդի աջ վտակի` Քիստումի վրա: Փոքր հէկերը շահագործում է «Օստ-էլ» ՍՊԸ-ն` 2007 թվականից: «Հաղպատ-2»-ը գտնվում է գլխավոր մայրուղուց դեպի Հաղպատ թեքվող ճանապարհի աջ մասում: Հզորությունը 1900 կվտ է, տարեկան արտադրում է 1,2 մլն կվտ/ժամ էներգիա: «Օստ-էլ» ՍՊԸ-ն ՀԷՑ-ին էներգիան վաճառում է 19,7 դրամով (առանց ԱՀՀ-ի): 

«Հաղպատ-1»-ը Ծաղկաշատ գյուղի «Ժիվանքի բաղեր» կոչվող տարածքի մոտ է գտնվում: Հզորությունը 300 կվտ է, արտադրում է տարեկան 8 մլն կվտ/ժամ էներգիա: «Հաղպատ-1»-ն աշխատում է ջրերի վարարման ժամանակահատվածում, իսկ «Հաղպատ-2»-ը` միշտ, բայց հատուկ գրաֆիկով, ըստ 2006-ին համայնքի հետ կնքած պայմանագրի, որպեսզի ջուրը ոռոգման շրջանում տրվի գյուղին: 

Չնայած Հաղպատի համայնքապետ Սերգո Քառյանն ասաց, որ ջուրը ապրիլից հոկտեմբեր ամիսներին` առավոտից մինչև երեկո, տրվում է գյուղացիներին, մնացյալ ժամանակահատվածում հէկն աշխատում է միայն գիշերվա ժամերին, երբ գյուղացիներին ջուր անհրաժեշտ չէ, մեր այցելության օրը` ապրիլի 22-ին, հէկն աշխատում էր նաև ցերեկը, և գետում շատ քիչ ջուր էր հոսում:

«Հաղպատ-2» 

«Իմ լամպուշկեն հենց վառեց, հենց ավել ջուրը թափվեց, ես կաշխատեմ: Ավելորդ ջուրը իմն է, ոչ ավելորդը` Հաղպատինը և առանցքային թողունակությանը»,- կարճ պատասխանեց փոքր հէկի հերթապահ Վարուժանը: Ինքն այդ ժամին աշխատում էր, հետևաբար «լամպուշկեն» վառվել էր, և գրաֆիկից դուրս հէկը ջուր էր օգտագործում: Փոքր հէկի հերթապահ Վարուժը թույլ չտվեց մեզ մտնել հէկի տարածք և տեսանկարահանում կատարել: Իր ղեկավարին զանգահարելուց հետո հրաժարվեց նաև մեր հարցերին պատասխանել: Հէկի աշխատելը գյուղապետ Ս. Քառյանը բացատրեց հարևան գյուղերին` Սանահինին և Ակներին ջուր մատակարարելու փորձարկումներով, որը ժամանակավոր է, իսկ ապրիլի 25-27-ը գյուղին ընդհանրապես ջուր չի տրվել, բացատրել են, որ կարգավորման աշխատանքներ են կատարում: 

Գետի ջուրը գյուղացիներն օգտագործում են կենցաղային, տնամերձերի ոռոգման և անասուններին ջրելու նպատակներով: Գյուղապետն ասում է, որ ջուրը հիմնականում բավականացնում է, միայն ամառային ամիսներին` հուլիս-օգոստոսին մի քիչ պակասում է: Այդ օրերին գյուղին թաղերով են ջուրը բաժանում` մեկ օր վերևի թաղին, հաջորդ օրը` ներքևի: Գետի ջուրը համայնքին բավականացնում է միայն գյուղի 100 հա տնամերձ հողամասերի ոռոգման համար: Վարելահողերը չեն ոռոգվում: Գյուղապետը վստահեցնում է, որ պատճառը ոչ թե հէկն է, այլ ներքին ցանցի անաշխատունակությունը: 147 հա վարելահողը գյուղացիներն օգտագործում են որպես խոտհարք:

Գյուղապետ Սերգո Քառյանը, երբ նոր էր ընտրվել համայնքի ղեկավար, «Հետքի» հետ զրույցում խոստովանել էր, որ Ծաղկաշատի Ժիվանք հանդամասից բերված այդ ջուրն անցած տարիների ընթացքում անկանոն է տրվել գյուղացիներին, քանի որ ջրի մեծ մասը հէկերն են վերցրել, չնայած պայմանագրով նախատեսված է եղել ոռոգման ժամանակաշրջանում ջուրն ամբողջությամբ տրամադրել գյուղացիներին. «Սակայն գուցե հենց արհեստական խոչընդոտներով ջուրը լրիվ չի մատակարարվում Հաղպատին»,- ասել էր Սերգո Քառյանը և խոստացել հետևողական լինել:

Տարիներ առաջ Հաղպատում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել: Բողոքողների թվում է եղել նաեւ ներկայիս համայնքապետ Սերգո Քառյանը: Չնայած բնակիչներն ասացին, որ իրավիճակը չի փոխվել, սակայն գյուղապետի վերաբերմունքն այժմ այլ է: Ս. Քառյանը հիմա ասում է, որ փհէկերը չեն խանգարում գյուղին, բնապահպանական լուրջ խնդիրներ չեն առաջացել, միայն «ձորերի անաղարտությունն է խախտվում»:

«Բնական չէ՞, եթե ջրերը վերցնում են վերևից խողովակով, որ ճնշում ունենա և հէկն աշխատի, այդ տարածքներում ջուրը պակասում է ձորերի մեջ, հարցը զուտ դա է, բայց որ էական ազդեցություն է գործում բնության վրա, ես այդպես չեմ կարծում»,- ասում է գյուղապետը: Նշենք, որ «Օստ-Էլ» ՍՊԸ-ն տարեկան 400 հազար դրամ հարկ է վճարում համայնքապետարանին: 

«Օստ-էլ» ՍՊԸ-ի սեփականատերը Թռչկան ջրվեժի մոտ նոր փհէկ շահագործել ցանկացող Ռոբերտ Օխանյանի որդին է` Տիգրան Օխանյանը: Վերջինս վստահեցնում է, որ իրենց հէկերն աշխատում են բոլոր նորմերի պահպանմամբ և առանց օրենքի խախտման, ընդ որում` վերևի հէկը` «Հաղպատ 1»-ը, հաճախ չի աշխատում, երբ ջրի քանակը քիչ է լինում, երբեմն էլ` անսարքությունների պատճառով: Իսկ ոռոգման առումով ծագած խնդրով մինչ օրս իրենց դիմողներ չեն եղել: 

«Թե ինչու են ջրազրկվել 10 բնակչի հողամասերը, և ինչու չեն փոխհատուցել նրանց» հարցին Տիգրան Օխանյանը պատասխանում է. «Դա եթե բնակիչներն են ասել: Գիտեք, բնակիչները շատ բան կարող են ասել, ավելի շատ դեզինֆորմացիա է, որովհետև մենք ունենք գրաֆիկ, այսինքն` ինչքան ջուր կարող ենք օգտագործել, որը տրվել է մեզ նախարարության կողմից: Եթե դուք մի հոգու հարցրել եք, շատ պատճառներ կան, որ բացասական կարծիքներ հայտնեն: Հիմնականում կարող է լինել, ենթադրենք, որ մարդն ուզեցել է այդտեղ աշխատել, ուրիշ մարդ է աշխատում, ինքն արդեն բացասական է տրամադրված»: Հարցին՝ ուրեմն բնակիչները ստե՞լ են, Տիգրան Օխանյանը տվեց նույն պատասխանը. «Ըստ մեզ` մենք բոլոր նորմերը պահպանում ենք և ոչ մի օրենք չենք խախտում»: 

«Օստ-էլ» ՍՊԸ-ն ևս մեկ փհէկ է շահագործում Վայոց ձոր մարզի Քարագլուխ գյուղում` համանուն գետի վրա: Այստեղ, հէկի կառուցման համար, ինչպես նշեց Քարագլուխի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, շուրջ 7 հա գյուղնշանակության հող է «ամայացվել». «Որ խողովակներն անցկացրել են, այդ տարածքները փչացրել են»: Եղել են և ջրովի, և անջրդի վարելահողեր, որոնք գյուղացիները մշակել են: Սակայն սա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:  

Մեկնաբանություններ (2)

Լեվիկ
Երկրի բնական միջոցների իսկական հափշտակում տեղական կառավարման մանկլավիկների կողմից...
vardan
ed hek-eri tererin u karucman tuyltvutyun tvoxnerin petq e tanel u sahmani arajin gcum mi 2 tari kraki vtangi arjev kapac pahel, vor haskanan te inch@ vonc

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter