
Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանի երազանքը` աղջկան տեսնել առանց հենակների (վիդեո)
Նախկին ոստիկան, հինգ երեխայի հայր Մխիթար Ալումյանի` օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարելը, նրա խոսքով, հասարակության և իշխանության ուշադրությունը իր ընտանիքի վրա գրավելու միակ միջոցն էր:
Կոտայքի մարզի Քաղսի գյուղում բնակվող Մխիթարի 10-ամյա դուստրը` Կարինեն, աչքերի շտապ վիրահատություն կարիք ունի կուրանալուց փրկվելու համար. վիրահատությունը նշանակված է երեքշաբթի, բայց անհրաժեշտ 200 հազար դրամը չկա: Ֆինանսական դժվարություններն արդեն ինը ամսվա պատմություն ունեն, ինչ Մխիթարը ազատվեց աշխատանքից, բայց տեսախցիկների առջև, նախագահի նստավայրի դիմաց նրա լացելու պատճառը երեխայի վիրահատության համար գումար չունենալն էր: «Կյանքում ոչ մեկից չեմ վախեցել, մատներս հատ-հատ կտրեն, չեմ լացի, ուղղակի երբ վերաբերում է էրեխուն, ես ես չեմ»,- ասում է նա:
Ինքնահրկիզման մասին հայտարարության նպատակը որևէ մեկից «ողորմություն» խնդրելը չէր. Մխիթարը պահանջում է նախկին աշխատավայրից` ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ջէկի առանձին վաշտից (այնտեղ աշխատել է որպես ոստիկան) չստացած գումարը: «Դա վերջին ինը տարվա արտաժամյա ծառայության համար հավելավճարներից կուտակված գումարն է,-ասում է նա,- ես ստանում էի 85000 դրամ աշխատավարձ, բայց ամեն ամիս 110-120 ժամ էլ արտաժամ էի ծառայում: Ինը տարվա արտաժամյա ծառայությանս փողը` մոտ 4,5 միլիոն դրամ, չեմ ստացել »:
Թե ինչու է ինը տարի լռել, ասում է, որ օրենքը չգիտեր, չէին ասել, որ ինքը արտաժամյա ծառայության համար ևս պետք է վճարվի: Միայն 2011թ. սեպտեմբերին է այդ մասին իմացել, դիմել է պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ջէկի առանձին վաշտի ղեկավարությանը, այնուհետև ՊՊԳՎ, ինչի արդյունքում առաջացած կոնֆլիկտներն էլ, իր խոսքով, հետագայում դարձել են աշխատանքից ազատման պատճառ: Մխիթարն ինքն է դիմում գրել և դուրս եկել աշխատանքից, որովհետև արդեն «դավադիտ էին արել»: «Ուզում էին` սուսուփուս աշխատեմ, հավելավճարների մասին չխոսեմ,-ասում է նա,- բայց ամենավատն էն էր, որ դու ուրիշների փոխարեն էլ ես ծառայում, էդ ուրիշները (հատ-հատ կարող եմ անունները տալ, որ պետք լինի) գործի չեն գալիս ու էդ փողն էլ են ստանում, ստաժն էլ»:
Աշխատանքից դուրս գալուց հետո ինը տարվա արտաժամյա ծառայության վճարը ստանալու համար Մխիթարը դիմում է գրել Հատուկ քննչական ծառայություն, սակայն գործ դեռ չի հարուցվել:
![]() |
![]() |
«Գործից դուրս գալուց հետո մոտ 8 ամիս է, ինչ դիմել եմ Պետական պահպանության գլխավոր վարչություն` Իջևանի զորքերում ծառայության անցնելու համար, բայց դեռ պատասխան չկա: Գլխավոր վարչության նորանշանակ պետը` Ռոման Մկրտումյանը, ասում էր, որ ինձ կվերցնեն ծառայության, բայց դեռ նորություն չկա, պատկերացրեք` մի ամիս առաջ դիմում գրողի հրամանը տվել են, ես 8-9 ամիս սպասում եմ, ինձ չեն կանչում ծառայության, կոմիսիան անցել եմ, բոլոր թղթերս 100 %-ոց են, չգիտեմ` ինչն է խնդիրը, երևի իրենց օրենքն իմացող, անօրինություններից դժգոհող մարդ պետք չէ»,- ասում է նախկին ոստիկանը:
Մխիթարի կինը` Շուշան Նասիբովան, նույնպես չի աշխատում: Ընտանիքի եկամտի աղբյուրը անասուններն էին, բայց Կարինեի հիվանդանոցային ծախսերը հոգալու համար վաճառել են իրենց 16 ոչխարն ու 13 այծը: Երեխաների նպաստը 43 հազար դրամ է, իսկ Կարինեի հաշմանդամության թոշակը` 18 հազար:
Աղջիկն իր տասնամյա կյանքի 4 տարիներն արդեն անցկացրել է Աբովյանի հանրապետական տուբդիսպանսերում` բուժվելու ոսկրային տուբերկուլյոզ հիվանդությունից: Վերջինս իր հետքերը թողել է`քայլելու երկու հենակներ, իսկ ընդունած ուժեղ դեղերն ազդել են նաև նրա տեսողության վրա:
Մխիթարի երազանքն է Կարինեին ազատել հենակներից և կանգնեցնել սեփական ոտքերի վրա, բայց դրա համար անհրաժեշտ է երեխայի ծնկի վիրահատություն, ինչն արժե 15 հազար դոլար: Ծնողներն առայժմ գումար են հայթայթում աղջկա տեսողությունը վիրահատական միջամտությամբ վերականգնելու համար: «Վերջերս ամուսինս նկատեց, որ էրեխու մի աչքը չի տեսնում: Ասեց, որ կոֆե դնի, մի աչքը փնտրում էր, մյուս աչքը սառած նայում էր, գույները հարցրինք, խավար ասեց, տառեր ցույց տվեցինք, դրանք էլ չկարողացավ ասել, բժիշկը ասեց, որ կատարախտ է նկատում, տարանք Երևան` Զեյթունի ութերորդ հիվանդանոց, պարզվեց, որ սուր բորբոքումներ է տանում»,- պատմում է Շուշանը:
Ոսկրային տուբերկուլյոզը բուժող դեղերի ազդեցությունից ձախ աչքը բոլորովին կուրացել է, աջով կիսով չափ է տեսնում: Բժիշկները հույս են տվել, որ շուտափույթ վիրահատությունն ու լինզաների տեղադրումը կփրկեն երեխային լրիվ կուրությունից` հետագայում աստիճանաբար վերականգնելով տեսողությունը: Աղջկա հնարավոր ապաքինումը հորը պարտավորեցնում է. նա հիմա պատրաստ է ամեն տեսակի աշխատանք կատարելու, միայն թե փող ունենա, բայց ասում է, «նույնիսկ բանվորություն անելն էլ է ծանոթով»:
«Ախր մենակ դեղերը չեն, իրան շատ լավ սնունդ էլ է անհրաժեշտ: Չնայած նորմալ չի ուտում, որ կոնֆետ ենք առնում, չէ, ինքը իրանը չի ուտում, պահում է, հենց քույրերն ու ախպերը ուտում, պրծնում են, իրենը հանում, տալիս է նրանց, անունը «պահեստապետ» ենք դրել»,- ասում է հայրը: Հետո աչքերը լցնելով՝ ավելացնում է, որ Կարինեի քաշը 19 կիլոգրամից չի ավելանում:
Մխիթարը հույս ունի, որ կստանա իր արտաժամյա ծառայության հավելավճարները ՊՊԳՎ-ից, քանի որ «իր պահանջը օրինական է», իսկ Իջևանի զորքերում ծառայության հրամանը վերջապես կտրվի: Թե ինչու էր իր ինքնահրկիզումը հայտարարել հենց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, պատասխանեց, որ մայիսի 2-ին` ընտրություններից առաջ, իր` Հրազդան կատարած այցելության ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է խոսք տվել գործին ընթացք տալ:
«Ես ինքս խոսել եմ նախագահի հետ, իմ հույսը մենակ դա էր, բայց որ սպասեցի, տեսա ոչ մի բան չի փոխվում, հայտարարեցի էս ինքնահրկիզման մասին, որ մի ձևով ուշադրություն դարձնեն»:
Ընտանիքը սոցիալական ծանր վիճակից հանելու միակ ելքը Մխիթարի համար աշխատանք գտնելն է, բայց եթե շարունակեն «իր առջև բոլոր դռները փակել», խոստանում է չխուսափել ծայրահեղ քայլերից: «Ես կորցնելու բան չունեմ, էրեխեքս սոված են, բժշկի կարիք ունեն, ինչ անում եմ, նրանց համար եմ անում»,-ասում է նա:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել