
Շնողի գյուղապետը՝ «Հետքի» թղթակցին. «Գյուղ էլ չմտնեք»
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներներն ամռանն իրենց կենցաղային կարիքները հոգալու համար ամեն օր ջուր են կրում գյուղ մտնող ճանապարհաեզրին գտնվող միակ աղբյուրից, իսկ ավտոմեքենաներ ունեցողները տակառներով շարունակում են ջուր կրել հարևան բնակավայրերից:
Հայկազ Քոչինյանն արդեն 16 տարի է՝ ղեկավարում է Շնող համայնքը: Եվ այդ բոլոր տարիներին էլ մոտ 3 հազար բնակիչ ունեցող գյուղը համայնքապետից պահանջել է լուծել գյուղի ջրամատակարարման հարցը: Դեռ 2010թ. ջրի խնդրին մասին Հայկազ Քոչինյանը «Հետքին» ասել էր. «Մայիսին տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ես բարձրացրել եմ Ստեփանավան-Նոյեմբերյան ջրագծից Շնողին ջուր մատակարարելու հարցը: Ինձ պատասխանել են, որ Ասիական զարգացման բանկի հիմնադրամի միջոցներով Ստեփանավան-Նոյեմբերյան ջրատարի վերանորոգումը սեպտեմբեր ամսվա վերջին ավարտելուց հետո Շնողի համայնքը կօգտվի այդ ջրագծից»:
Ջրագծի վերանորոգումը վաղուց ավարտվել է, սակայն Շնողի ջրի հարցը շարունակում է մնալ առկախ: Ստեփանավան-Նոյեմբերյան ջրագիծն անցնում է Շնողի «Վարդանի նավ» կոչվող թաղամասի միջով և այնքան էլ բարդ խնդիր չէ շնողնեցիներին ապահովել այդ ջրատարով հոսող Աքարակի ջրով: Մինչդեռ շնողնեցիները հայտնում են, որ Աքարակի ջրատարից Շնողի ջրամատակարարարման դեպքում գյուղի ջրի վարձավճարների հավաքագրումը պետք է կատարի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-Արևելյան մասնաճյուղի Ալավերդու տեղամասը: Իսկ սա ձեռնտու չէ գյուղապետ Հայկազ Քոչինյանին, «քանի որ գյուղի Մանստև հանդամասի լեռնային աղբյուրների ջրի վարձավճարները հավաքում է գյուղապետարանը»:
Շնողցի, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ջանիբեկ Սահակյանն ասում է, որ դեռ 2 տարի առաջ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել է ավելի մեծ տրամաչափի 2 կմ երկարությամբ խողովակներ տրամադրել Մանստև հանդամասի լեռնային աղբյուրների ջուրը ամբողջությամբ գյուղ հասցնելու համար:
«Էդ մարդը գնաց ու մի 10 օր հետո իր խոստացած խողովակներն ուղարկեց: Գյուղամիջում կանգնած էինք, տեսանք 2 «Կամազ» պրիցեպկեքով բարձած տրուբա եկավ: Մենք մի պահ մտածեցինք՝ էդ տրուբեքը Թեղուտի հանքերինն ա: Ուրեմն մարդ են ուղարկում Կյոռին կանչում (Կյոռը Հայկազ Քոչինյանի մականունն է- հեղ), սա էլ տարավ գյուղի Շեկ աղբրի դոշի իրա կալվածքի՝ անասնագոմերի մոտ էդ տրուբեքը թափեց: Մի տարի պահեց, որ գյուղացիների ուշադրությունը շեղվի, հետո Շեկ աղբյուրի տակի ծորակներից էդ խողովակները միացրեց ու տարավ իրա սեփական այգումը հանեց: Ախր մի բան չի, երկու բան չի, մեղք է էս ժողովուրդը»,- ասում է Հայրենական Մեծ պատերազմի վետերանը:
Մանստևից եկող ջրի մեջ անասուններ են լողանում: Պատերազմի վետերանը գյուղապետին ասել է, որ այս ջուրը խմելու համար պիտանի չէ և առաջարկել է կառուցել ջրի մաքրման կայան:
«Դու պտի ինձ ասես, թե ես ինչ անեմ, ես գլոբալ խնդիրներ եմ լուծելու»,- վետերանի փոխանցմամբ՝ պատասխանել է գյուղապետը:
«Վերցրեց գյուղի հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի 8 սենյակները սեփականաշնորհեց իր աղջկա համար: Հնարավո՞ր չէր, որ դրանք որպես հիվանդների առաջին օգնության հիվանդասենյակներ օգտագործվեին: Նույն շենքի առաջին հարկում գտնվող գյուղի բժշկական ամբուլատորիայում ոչ ջուր կա, ոչ կոյուղի: Երկրորդ հարկում գտնվող իրա աղջկա համար առանձին կոյուղի ու ջուր է միացրել»,- դժգոհում է Ջանիբեկ Սահակյանը:
«Գյուղապետարանում չի նստում, իր սեփականության գործերով է զբաղվում: Լցակայններ ունի, 150 գլուխ խոշոր եղջրավոր անասուն ունի, այգիներ ունի: Հետաքրքիր հարց եմ տալիս՝ էդ ո՞նց ա, որ գյուղացին 2000 մետր հողի համար պետք է հարկ մուծի, իսկ Հայկազ Քոչինյանը 100 հա-ի հասնող իր հողերի համար հարկ չի վճարում»,- ասում է վետերանը:
Մեկնաբանություններ ստանալու խնդրանքով «Հետքը» դիմեց գյուղապետ Հայկազ Քոչինյանին, ինչին ի պատասխան վերջինս ասաց. «Դուք ինչքան կարող եք, ինձանից հեռու մնացեք, գյուղ էլ չմտնեք: Շաբաթ օրն էլ գյուղում եք եղել, կարծում եք՝ չգիտե՞մ»:
![]() |
![]() |
Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյան | Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան |
Պարզաբանումների ակնկալիքով դիմեցինք նաեւ Լոռու մարզպետարան: Մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղեկանալով, թե ինչի մասին է խոսքը, նշեց. «Ճիշտն ասած՝ լարվածությունը մեծացել է. Շնողում ահավոր վիճակ է: Որ ասեմ՝ Դուք գնաք գյուղապետարանում նյութեր նայեք, կարծում եմ՝ չի ստացվի այս պայմաններում: Ուղղակի առանց իրեն Ձեր ինֆորմացիան գրեք, մարզի համապատասխան մարմինները զբաղվում են Հայկազ Քոչինյանի հարցով: Կարծում եմ՝ Ձեր նյութերը նույնպես կըտդգրկվեն նրանց ուսումնասիրությունների մեջ»:
Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Հայկազ Քոչինյանը եւս առաջադրել է իր թեկնածությունը՝ գյուղապետի պաշտոնում վերընտրվելու ակնկալիքով: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հարազատ եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, սակայն, իբրեւ Շնողի ղեկավար, պաշտոնավարման 16 տարիների ընթացքում երբեք աչքի չի ընկել կառավարման թափանցիկությամբ: Ըստ երեւույթին, սրա պատճառով է նաեւ, որ նախընտրական այս օրերին նրա շուրջ Շնողում կրքերը բորբոքված են:
Մեկնաբանություններ (57)
Մեկնաբանել