«Եթե չձերբակալվեն «Մսաղացի Լյովիկը» եւ նրա խումբը, կլինեն նոր հանցագործություններ»
Սա Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանի գնահատականն է: Նա ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ով հանրությանը հայտնի է «Ալրաղացի Լյով» մականունով, բնորոշում է իբրեւ «մսաղաց», քանզի վերջինիս «ոճրագործ խումբը սպանել է երկու երեխաների հորը` 35-ամյա Անդրանիկ Բաբայանին»:
«Պատմում են, որ մարդուն դաժան ծեծի են ենթարկել, որքան տեղյակ եմ` զենքով են գլխին հարվածել: Իրենց պատկերացմամբ` սպանվածը եղել եմ ես, բայց դժբախտ պատահականությամբ իմ մեքենայի ղեկին այդ պահին եղել է անմեղ մարդ,- սեպտեմբերի 30-ին մամուլին տված հարցազրույցում ասել է այդ օրերին ընդհատակում գտնվող Ա. Սահակյանը:- Ես տվյալներ ունեմ, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ, որոնք ենթարկվում են «Ալրաղացի Լյովի» բանդայի անմիջական հրամաններին, սկսել են գործ սարքել իմ դեմ: Իմ ամենամեծ մեղքն այն է, որ այդ օրը շփվել եմ բանդայի պոռնիկներից մեկի հետ»:
Սեպտեմբերի 29-ին Ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` նույն ամսի 23-ին «Երեւանի բնակչուհի, 1983 թ. ծնված Մ. Մ.-ն (Մարինե Մադատյան, ով, ըստ լրատվամիջոցների, «Ալրաղացի Լյովի» ընկերուհին է եւ հայտնի է որպես «ՀՀԿ-ի Մարիշ» - Ա. Դ.) ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթի` 1974 թ. ծնված Արթուր Սահակյանի հետ գնացել են Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղ` ճաշկերույթի, որտեղ Ա. Սահակյանն օգտագործել է ոգելից խմիչքներ: Հետդարձի ճանապարհին Ա. Սահակյանն իր «Նիսան-Տիդա» ավտոմեքենայով շեղվել է ճանապարհից եւ փորձել բռնաբարել իրեն: Սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնության կանչել իր ծանոթներին, իսկ Ա. Սահակյանն ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Մարինե Մադատյանն իր ծանոթ Արմեն Սարգսյանի հետ Երեւանում` Սայաթ-Նովա - Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում, հայտնաբերել են Արթուր Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրան մահամերձ վիճակում տարել եւ գցել են «Ադնակլասնիկ» սրճարան, որտեղ Ա. Սարգսյանը ծեծի է ենթարկել նաեւ Աբել Միքայելյանին եւ Արթուր Սահակյանին: Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ադնակլասնիկ» սրճարանից անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Ա. Բաբայանը:
Սեպտեմբերի 22-ին մեղայականով Ոստիկանություն է ներկայացել 1974 թ. ծնված Ա. Սարգսյանն ու խոստովանել, որ նախորդ օրը նշված սրճարանում վիճաբանության ժամանակ ինքն է ծեծի ենթարկել վերոնշյալ անձանց: Հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ»:
Անհասկանալի է, թե ինչու՞ է Մարինե Մադատյանը դեպքից միայն երեք օր անց դիմել Ոստիկանություն: Տարօրինակ է նաեւ ոստիկանության կողմից միջադեպից ինն օր հետո կատարվածի մասնակի հրապարակումը, երբ արդեն, հիվանդանոցում ուշքի չգալով, մահացել էր Ա. Բաբայանը: Ընդ որում` ոստիկանության հաղորդագրությունում, խախտելով անմեղության կանխավարկածը, հրապարակվել էր նաեւ «կասկածյալի» անուն-ազգանունը:
«Այդ դեպքը սկզբնական շրջանում էական նշանակություն չի ունեցել մեզ համար: Կան այդպիսի շատ շարքային ծեծուջարդեր ու դանակահարություններ, բոլոր դեպքերը չէ, որ տեղադրում ենք: Երբ հետաքրքրություն առաջացավ, եւ կատարվածը հասարակական հնչեղություն ստացավ, մենք չենք թաքցրել, այլ տեղադրել ենք կայքում: Այն ուշ տեղադրելը կապված չէ Ա. Բաբայանի մահվան հետ»,- ավելի ուշ պարզաբանեց ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Սայաթ Շիրինյանը:
«Իմ կարծիքով` բավական մանրամասներ կան, որոնք ինձ թույլ են տալիս մի քանի վարկածների մասին խոսել` նախապես պլանավորված սպանություն եւ այնպիսի հետեւանքներով, որ հասարակական կարծիքը պիտի ուղղեն իմ դեմ, որպեսզի ասեն, որ ծեծել է կամ բռնաբարության փորձ է արել «մեր քվորը»: Երկրորդ վարկածը` իրենք տարել ջարդուփշուր են արել «իրենց քվորը», ու նա էլ վախի ազդեցության տակ ինչ-որ բաներ է ասել, եւ եկել են մուռը հանելու աֆեկտի տակ: Նշեմ, որ դատաբժշկական փորձաքննությունը, իմ տվյալներով, այդպիսի դեպք չի արձանագրել: Մենք գործ ունենք նաեւ երկրորդ հանցագործության հետ, թող պարզեն, թե ովքեր են ծեծել այդ աղջկան եւ ինչի համար,- հայտարարել է Ա. Սահակյանը:- Ես եղել եմ Ապարանում, ինքը (Մ. Մ-ն), որպես Հանրապետական կուսակցության անդամ եւ նաեւ իմ ծանոթ անձնավորություն, ինձ հետ է եղել... Ճանապարհին մեքենայի դեմը կտրել են «770-70» համարներով մեքենաներ, իրենց աղջկան վերցրել-տարել են: Եթե ես ծեծել կամ բռնաբարել էի, թող այդ ժամանակ ասեին»:
«Նրա (Ա. Սահակյան) նկատմամբ կասկածը կհիմնավորվի բռնաբարության փորձով` կդատենք: Չի հիմնավորվի, եթե ակնհայտ զրպարտի (Մարինա Մադատյանը)` նրան կդատենք»,- հոկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը:
Ա. Սահակյանի խոսքերով` Ոստիկանությունը փոխանակ հետաքննի, թե ովքեր են սպանել Անդրանիկ Բաբայանին, զբաղված է իր դեմ գործ սարքելով. «Ես առաջին օրը դիմեցի եւ հասկացա, որ Ոստիկանությունը մասնակից է այդ հանցագործությանը: Հենց նրանք (60-70 հոգով) մտան «Ադնակլասնիկ» սրճարան ու սկսեցին ջարդուփշուր անել` հարցնելով` ո՞ւր է Արթուրը, խփելու ենք գլխին, սպանելու ենք, ես անմիջապես հետեւի մուտքով դուրս եկա եւ փորձեցի դիմել Ոստիկանություն, որովհետեւ այդ սրճարանի հիմնադիրներից մեկն եմ: Այդ ժամանակ կային մարդիկ, որոնք պարզապես հաճախորդներ էին, եւ անվտանգության խնդիր կար: Դիմեցի քաղաքային վարչություն, բայց արձագանքեցին 1-1,5 ժամ հետո, երբ ոճրագործ խումբն արդեն հեռացել էր»:
Մամուլի հրապարակումների համաձայն` այդ օրն «Ալրաղացի Լյովը» հեռախոսով սպառնացել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանին, թե մինչեւ իրենք սրճարանից չհեռանան, Ոստիկանություն չուղարկի:
Արդեն հոկտեմբերի 3-ին ոստիկանության կայքէջում տարածվեց նոր տեղեկատվություն. «Սեպտեմբերի 21-ին, ժամը 01:01-ին, Երեւան քաղաքի վարչությունից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որ Խանջյան 49 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին վերոհիշյալ հասցեում գործող «Ադնակլասնիկ» սրճարանի համասեփականատեր Աբել Միքայելյանը հայտարարություն է տվել, որ մի խումբ անձինք, մտնելով սրճարան, խուլիգանական արարքներ են կատարել, խանգարել աշխատանքը եւ ծեծի ենթարկել իրեն ու ընկերոջը` Ա. Սահակյանին, որն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ա. Միքայելյանի հետ ծեծի ենթարկվածը ոչ թե Ա. Սահակյանն է, այլ նրանց ծանոթ Ա. Բաբայանը:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը սեպտեմբերի 23-ին ուղարկվել են Կենտրոնի քննչական բաժին, որտեղ նույն օրը հարուցվել է քրեական գործ»:
Նոր հաղորդագրության համաձայն` Արմեն Սարգսյանը, ով մինչ այդ հայտարարել էր, թե ինքն է ծեծել բոլորին, այս անգամ ցուցմունք է տվել, թե ներկա է եղել սրճարանում տեղի ունեցած միջադեպին, հայհոյել է, սակայն ոչ մեկին չի հարվածել ու ծեծկռտուքին չի մասնակցել: Փոխարենը սեպտեմբերի 27-ին ոստիկանության բաժին ներկայացած Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը խոստովանել են, որ Ա. Սարգսյանի հետ մտել են սրճարան, հայհոյել ու ծեծել են աշխատակիցներին: Վերջիններս կալանավորվել են:
«Մարինե Մադատյանի հաղորդման եւ ցուցմունքի կապակցությամբ հարցաքննվել են Արսեն Ղազարյանը եւ Ռոբերտ Գեւորգյանը, ինչպես նաեւ ակումբի համասեփականատեր, տնօրեն Արթուր Սահակյանը, որոնք տվել են միմյանց հակասող ցուցմունքներ: Նշված հակասությունները պարզաբանելու եւ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար կատարվում են լայնածավալ քննչական գործողություններ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանապետի տեղակալ Գ. Համբարձումյանի փոխանցմամբ` «գործի շրջանակներում կողմերի խմած լինել-չլինելը պարզելու համար կհարցաքննվի նաեւ ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը: Հենց նրա ամառանոցում էլ կազմակերպվել էր խնջույքը, որին մասնակցել էր նաեւ լրագրող Ա. Սահակյանը: Իսկ ահա պատգամավոր Լեւոն Սարգսյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվելու:
«Նրան տեսնելու վերաբերյալ Արթուր Սահակյանը ցուցմունք չի տվել: Եթե որեւէ հիմք լիներ, որ Լեւոն Սարգսյանի անունը շոշափվում է այստեղ, պարտադիր կհրավիրվեր եւ կհարցաքննվեր»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխոստիկանապետը:
Թե ինչո՞ւ է Արթուր Սահակյանը, որպես վկա հարցաքննվելիս, իր խոսքերով` «Մսաղաց Լյովիկին» մոռացել, մնում է միայն ենթադրել: Վերոհիշյալ հարցազրույցում նա ընդգծել էր, թե «անկեղծորեն հավատում է նախագահին, որ հետամուտ կլինի այս գործին»:
Այս պատմությունը ընդհանրապես անհայտ կմնար, եթե հիվանդանոցում չմահանար այս միջադեպի հետ որեւէ կապ չունեցող Անդրանիկ Բաբայանը: Բոլոր կողմերը՝ Արթուր Սահակյանը, Ոստիկանությունը, ԱԺ պատգամավորներ Լեւոն Խաչատրյանը, Լեոն Սարգսյանը սպասում էին, թե հիվանդանոցում գտնվող Անդրանիկը ուշքի կգա՞, թե՞ ոչ: Անդրանիկը մահացավ, ու դրանից հետո միայն միջադեպին առնչվող կողմերը սկսեցին հայտարարություններ անել: Եվ այդ կողմերից մեկն էլ երկրում իբր թե օրինականություն պահպանող Ոստիկանությունն է:
Հոկտեմբերի 1-ին քրեական գործն ուղարկվել է ՀԿԳ քննչական վարչություն: Բարձրաստիճան ոստիկանները վստահեցնում են, որ լինելու է անաչառ քննություն: Սակայն Ոստիկանության իրարամերժ հաղորդագրությունները վկայում են, որ անաչառ քննությունը բացառված է:
Մեկնաբանել