HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Եթե ես մարմնավաճառ եմ, ընկերուհիս մարմնավաճառ է, ընչի՞ բդի Հ.-ին տանեին Թուրքիա դայակության»

Գյումրիի բնակչուհի Հ. Մուրադյանին Թուրքայի Տրապիզոն քաղաքում սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատական առաջին նիստը հետաձգվել էր տուժողի բացակայության պատճառով: Հ. Մ-ի մայրը, ով գործով ներգրավված էր որպես վկա, հայտնել էր, թե աղջիկը Օրենբուրգում է, մեկնել է այս տարվա մարտի 15-ին` աշխատելու նպատակով եւ կվերադառնա միայն նոյեմբեր ամսին: Երկրորդ դատական նիստը նախագահող դատավոր Է. Մանուկյանը որոշեց չհետաձգել: Հաշվի առնելով դատավարական կողմերի կարծիքը` դատարանը որոշեց լսել նախ դատակոչված վկաներին, այնուհետեւ ամբաստանյալներին եւ վերջում` տուժողի ցուցմունքները:

Վկաներից առաջինը ցուցմունք տվեց տուժողի մայրը` Գ. Մ.-ն: Նա պատմեց, որ աղջիկը 2000թ.-ին ամուսնացել է եւ մեկ տարի անց ամուսնալուծվել: Ամուսնալուծությունից հետո 5 տարի ապրել եւ աշխատել է Ղազախստանում: Վերադառնալով Հայաստան` կապվել է ամուսնացած մի տղամարդու հետ: Շուրջ 6 տարի է` հանդիպում է նույն տղամարդու հետ: Ունի մանկահասակ տղա (1 տարի 7 ամսեկան), ում խնամքով հիմա ինքն է զբաղվում: Վկայի պնդմամբ, իր աղջիկը երբեք մարմնավաճառությամբ չի զբաղվել: Նախքան Թուրքիա մեկնելը աշխատել է Գյումրիի ռեստորաններից մեկում որպես մատուցողուհի: Վկան պատմեց, որ ամբաստանյալ Նարինե Մովսիսյանին առաջին անգամ տեսել է իր տանը:

«Աղջիկս ըսավ, թե մամ, մեկմ կա, Թուրքիա կերթա-գուկա, կըսե դայակի գործ կա, ընձի առաջարկել է, ես էլ համաձայնվել եմ էրթալ: Ես էլ ըսի, թե աղջիկ ջան, դու իրան հրավիրե մեր տուն տեսնիմ ով է, ծանոթանանք, նոր որոշենք էրթաս, թե չէ: Աղջիկս Նարինեի հետ էկավ, խոսացինք, ընձի Նարինեն ըսավ, թե ամեն ինչ լավ կեղնի, դու Գայանե տյոտյա ապահով էղի,-պատմելու ընթացքում վկան հաճախակի շուռ էր գալիս ամբաստանյալներից Ն. Մ.-ի կողմն ու հարցնում,-ըդպե՞ս է էղել, թե՞ չէ, դու ըսա»»:

2011թ.-ի օգոստոսին տուժող Հ.-ն եւ ամբաստանյալ Ն.-ն ավտոբուսով մեկնել են Վրաստան, այնտեղից էլ Թուրքիայի Տրապիզոն քաղաք: Աղջկա մեկնելուց հետո մայրը նրա հետ մի քանի անգամ խոսել է Skype-ով: Աղջիկը տխուր ու ընկճված է իրեն թվացել, նաեւ կաշկանդված: Ամբաստանյալներից Սուսաննա Մարտիրոսյանին առաջին անգամ տեսել է Skype-ով: Աղջիկն ասել է, որ Սուսաննան է իր համար գործ գտել:

«Էն վախտը կարգին կնիկ էիր,-շուռ գալով դեպի ամբաստանյալ Ս.Մ.-ի կողմը նկատեց վկան,-ես օր տեսա մազերդ շեկ, պռոշներդ քսած, հագած-կապած, էդ հըմի ես հա խեղճցել-նստել, հետն էլ տարիքդ կշեշտես, թե 62 տարեկան ես: Դու չէիր, օր հենց 2-րդ օրը աղջկաս ունքերը պոկել էիր տվել, որովհետեւ Հ.-ի հաստ ունքերը դուրդ չէին եկել»:

Վկա Գ.Մ.-ն պատմեց, որ  Skype-ով աղջկա հետ հերթական զրույցի ժամանակ նկատել է մի թուրք տղամարդու` սափրած գլխով, հարցրել, թե ով է, աղջիկն էլ պատասխանել է, որ հիմա էլ այդ թուրք տղամարդու տանն է աշխատում, նրանց երեխային է խնամում: Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տուժող Հ.-ն 4 ամիս է անցկացրել, մինչեւ տեղի ոստիկանության կողմից հայտնաբերվելն ու երկրից վտարվելը: Վկան պատմեց, որ այդ ընթացքում աղջիկն իրեն ընդամենը 500 դոլար գումար է ուղարկել: Սեպտեմբերին իրեն այցելել է ամբաստանյալներից Նարինե Մ.-ն ու հանձնել մեկ պոլիէթիլենային պարկ, որի մեջ հիմնականում եղել են երեխայի համար հագուստ, տակդիր եւ քաղցրեղեն: Վկան պատմեց, որ երբ հարցրել է, թե աղջիկը երբ է վերադառնալու, Նարիեն էլ ասել է, թե «Հ.-ն վերին աստիճանի ապուշ է, Սուսանը էնքան շոր է «դայաղ» էրել, օր մինչեւ պարտքերը սաղ չտա, չի կրնա գա»:

Գործով տուժող ճանաչված Հ.-ն Գյումրի վերադարձել է 2011թ.-ի նոյեմբեր ամսին: Վկայի ասելով` աղջիկն իր հետ գումար չի բերել: Իրեն որեւէ մանրամասներ չի պատմել, թե ինչով է զբաղվել, բայց ինքն համոզված է, որ իր աղջիկը մարմնավաճառ չէ, եթե անգամ դրանով զբաղվել է, ապա նրան ստիպել են: Աղջկա տրապիզոնյան կյանքի մանրամասներին տեղեկացել է, երբ Երեւանից քննիչներ են այցելել իրենց տուն: Հետո աղջկա հագուստների միջից հայտնաբերել է կարճ կիսաշրջազգեստներ, մերկությունը հազիվ ծածկող բլուզներ, սեքսուալ ներքանզգեստներ եւ հասկացել, որ այն, ինչ լսել է, ճշմարտություն է:

«Բայց աղջիկս ընձի երդվավ, օր իրան ընտեղ ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Սուսանից ինքը շորեր էր վերցրել: Սուսանը 7000 դոլար գումար էր հաշվել աղջկաս վրա, 30 դոլարանոց շալվարը 150 դոլարով էր վրեն ծախել ու ըսել էր, թե մինչեւ պարտքդ չփակես, ստեղից չես էրթա: Հետո էլ գլխին սարքել էր, օր «դեպորտ» էնեն, ըսքան բան հարգելի դատարան»,-խոսքն ավարտեց վկան:

Ամբաստանյալներից Ս. Մ.-ի փաստաբան Մելանյա Սարգսյանը փորձեց ճշտել վկայից, թե նրա մոտ արդյոք ոչ մի անգամ հարց չի ծագել` ինչպես պիտի դայակ աշխատեր աղջիկը`չտիրապետելով թուրքերենին:

«Իրան տետրակ էին տվել հայերենով թուրքերեն բառեր գրած, դեմն էլ հայերեն բացատրությունը»,-պատասխանեց վկան: «Իսկ դուք տեղյակ եք, որ Ձեր աղջիկն էդքան էլ խեղճ չի,-օգտվելով հարց տալու իր իրավունքից` հակադարձեց ամբաստանյալ Ս.Մ.-ն,-որ ինքը Դուբայում է եղել, էնտեղ մարմնավաճառությամբ է զբաղվել, մեջքը վնասել է ու լավ էլ անգլերեն, արաբերեն գիտե: Քու աղջիկդ մեր վարձած տանը 15 օր է մնացել, հետո գնացել, իրա համար հյուրանոցում է ապրել»:

Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը Հ.-ի ձեռքից անձնագիրը չի վերցրել, չի սահմանափակել նրա տեղաշարժը: Վկան հաստատեց դա ասելով, որ անձնագիրն իրոք եղել է աղջկա մոտ: Ամբաստանյալ Ս.Մ.-ն նաեւ նշեց, որ երբ ինքը փորձել է հետ ստանալ Հ.-ին վաճառած հագուստը, վերջինս հրաժարվել է վերադարձնել`պատճառաբանելով, թե Հայաստան է ուղարկել:

Ամբաստանյալ Ն. Մ.-ն էլ փորձեց տեղեկանալ վկա Գ.Մ.-ից, թե եթե տուժող Հ.-ն այդքան քիչ գումար է ուղարկել, ապա որտեղից իրեն համակարգիչն ու արբանյակային ալեհավաքը: «Համակարգիչը հարեւանիցս եմ առել: Ես վարկ ունիմ վերցրած «Արեգակից», էդ փողերով ենք առել»,-նշեց վկան: «Ստի բալեն թաղեմ, ընչի սուտ կխոսաս,-հուներից դուրս գալով գոռաց ամբաստանյալը,- աղջկադ տված մենակ երկու բարդան շորը, էդ ծանր անտենան, կամպյուտրը ես ու Վարդուհին ենք ձեր տուն բերել»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter