HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՊՊԱ վճարներից ավելի քան 50 տոկոսը մնում է ապահովագրողներին

Ըստ Հայաստանի ապահովագրողների բյուրոյի վիճակագրության՝ 2011 թ. ավտոմեքենատերերը վճարել են 14,8 մլրդ դրամ ԱՊՊԱ վճար, որից փոխհատուցվել է 5,6 մլրդ-ը: Շուրջ 300 մլն-ն էլ հետ է վերադարձվել (պայմանագրի դադարեցման կամ այլ հիմքով): Այսինքն՝ 8,9 մլրդ-ը մնացել է ապահովագրական ընկերություններին: 

Նույնատիպ վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին 7 ամիսներին մուծվել է 11 մլրդ դրամ ապահովագրավճար, որից փոխհատուցվել է 5 մլրդ-ը, հետ վերադարձվել՝ 250 մլն-ը: Այսպիսով՝ ընկերություններին մնացել է 5.8 մլրդ դրամ:

Ոլորտի առաջատարը շարունակում է մնալ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն, որին 11 մլրդ-ից բաժին է հասել 3,4-ը, երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է՝ 2,4 մլրդ, այնուհետ՝ «ՌԵՍՈ»-ն եւ «Նաիրի Ինշուրանս»-ը՝ ավելի քան 1-ական մլրդ դրամ: Մյուս 3 ընկերությունների չափաբաժինը 1 մլրդ-ից ցածր է:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ այս թվերը գերշահույթ ստանալու ակնհայտ ապացույց են: Ըստ նրա՝ ԱՊՊԱ ընկերության շահույթը չպիտի անցնի 10 տոկոսը, որը լավ աշխատանքի դեպքում կարող է հետագայում 1-2 տոկոսով ավելանալ: Այնինչ այսօր ընկերությունները ստանում են 50 տոկոս շահույթ: 

ԱՊՊԱ վճարի բարձր լինելու մասին քննադատությունները բազմաթիվ են: Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բազմիցս կարծիք է հայտնել, որ Հայաստանում ԱՊՊԱ-ի ոլորտը իշխանության վերահսկողության տակ է գտնվում ու մեծ շահույթներ է ապահովում տերերի համար: «Հետքն» առաջիկայում կանդրադառնա ապահովագրական ընկերությունների բաժնետերերին:

Նախկին վարչապետը նշում է, որ մեր երկրում ԱՊՊԱ վճարը շատ ավելի թանկ է, քան Եվրոպայում, եւ մի փոքր ավելի թանկ, քան Ռուսաստանում: ՌԴ-ում ԱՊՊԱ միջին վճարն իրոք ավելի ցածր է, սակայն այնտեղ փոքր են նաեւ փոխհատուցման չափերը, որոնց կանդրադառնանք ստորեւ: Այնինչ եվրոպական երկրներից, օրինակ, Բելգիայում ԱՊՊԱ-ն արժե 450 եվրո, որը մոտ 235.000 դրամ է: Ընդ որում՝ այդ երկրում ավելի տարածված է ԿԱՍԿՈ համալիր ապահովագրությունը, որն իր մեջ ներառում է նաեւ ապահովագրություն արտերկրում ու 4 անգամ թանկ է բելգիական ԱՊՊԱ-ից: 

Ըստ ընդդիմադիր գործչի՝ ԱՊՊԱ գինը պետք է ոչ թե պետությունը ձեւավորեր, այլ շուկան: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հայաստանյան շուկան էլ օլիգոպոլիստական է, որտեղ նախկինում գրանցված 20 ընկերություններից այսօր մնացել են միայն 7-ը: Բագրատյանի կարծիքով՝ միջին 37.000 վճարի փոխարեն ԱՊՊԱ-ն պետք է արժենա 9.000-10.000 դրամ: Սա այն թիվն է, որն, ըստ տնտեսագետի, ստացվում է, երբ մեքենա վերանորոգողների շրջանառությունը բաժանում ենք մեքենաների թվի վրա: Սակայն մի կողմից՝ հարց է, թե որքանով կարելի է ստույգ որոշել մեքենա նորոգողների շրջանառությունը: Մյուս կողմից՝ իրականում պետք է հաշվի առնել ոչ միայն մեքենայի վորանորոգման գումարը, այլեւ անձնական վնասների փոխահատուցումը:

Բագրատյանը շեշտում է նաեւ ապահովագրող ընկերությունների կանոնադրական կապիտալի մեծացման հանգամանքը, որը սկզբնապես սահմանված էր 50 մլն դրամ, հետո դարձավ 500 մլն, իսկ շուտով, ըստ Բագրատյանի, կդառնա 1,5 մլրդ: «Հարցնում եմ` ինչու՞ կանոնադրական կապիտալը 50 մլն-ից դարձրեցին 1,5 մլրդ դրամ: Թող ազատ մրցակցություն լիներ: Ներողություն, 1,5 մլրդ դրամով, որը 3 մլն դոլարից ավելի է կազմում, Ռուսաստանում բանկ են գրանցում: Սա արվում է այն պատճառով, որ ապահովագրական ընկերությունները բոլորն էլ իշխանությունների մարդիկ են, և նրանց ցանկալի չեն անկախատեսելի դեմքեր»,- ասում է ընդդիմադիր գործիչը (hayeli.am):  

Ի՞նչ է ԱՊՊԱ-ն

Ավտոտրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ) իրենից ներկայացնում է ապահովագրավճարի մուծում, որը հնարավոր պատահարների դեպքում ծածկելու է տուժածներին հասցված գույքային եւ անձնական վնասների վերացմանն ուղղված ծախսերը: Այսինքն՝ ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կյանքին, մեքենային եւ այլ գույքին պատճառված վնասները: Պայմանագիրը կարող է կնքվել 10 օրից մինչեւ մեկ տարի ժամկետով՝ բնականաբար, տարբեր գներով:

ԱՊՊԱ պայմանագրի համաձայն՝ քաղաքացին վճարում է, այսպես կոչված, բազային ապահովագրավճար, որը հավասար է հիմնական ապահովագրավճարի (31.848-ից մինչեւ 33.122 դրամ) եւ ռիսկային գործոնների գործակիցների բազմապատիկին: Ռիսկային գործոններ են համարվում մեքենայի տեսակը (մարդատար, բեռնատար, ավտոբուս, միկրոավտոբուս եւ այլն), օգտագործման նպատակը (անձնական, տաքսի, վարձակալություն եւ այլն), վարորդի տարիքն ու վարորդական ստաժը, մարդատար մեքենայի շարժիչի հզորությունը: Ըստ այդմ՝ ստացվում է, որ նվազագույն բազային ապահովագրավճարը 19.000 դրամ է, իսկ առավելագույնը՝ 110.000: Ռուսաստանում մարդատար մեքենաների համար միջին վճարը կազմում է 1.980 ռուբլի կամ մոտ 25.000 դրամ: Այսինքն՝ ՌԴ-ում իսկապես ապահովագրությունն ավելի էժան է:

Պատահարի դեպքում ապահովագրական գործակալությունը իբրեւ գույքային վնասի փոխհատուցում վճարում է առավելագույնը 1.800.000 դրամ (համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այս թիվը 120.000 ռուբլի է կամ մոտ 1,5 մլն դրամ), իսկ անձնական վնասների դեպքում՝ ընդհանուր առմամբ առավելագույնը 10.000.000 դրամ (Ռուսաստանում՝ 240.000 ռուբլի կամ 3 մլն դրամից մի փոքր ավելի): Սակայն յուրաքանչյուր տուժողին տրվող փոխհատուցումը չի գերազանցում 3.300.000 դրամը (Ռուսաստանում՝ 160.000 ռուբլի կամ շուրջ 2 մլն դրամ): Այսպիսով՝ նախ հաշվարկվում է, թե տուժողներից յուրաքանչյուրը ինչ չափի վնաս է կրել: Հասկանալի է, որ քանի հոգի էլ լինեն տուժողները, ու որքան էլ մեծ լինեն նրանց անձնական, ոչ գույքային վնասները, փոխհատուցման ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել 10 մլն-ը: Եթե որեւէ մեկը կրել է 3,3 մլն-ից ավելի մեծ վնաս, ապա նրան փոխհատուցվում է միայն 3,3 մլն դրամ: Սակայն եթե, օրինակ, 4 տուժողն էլ կրել են, ասենք, 5 մլն-ական դրամի կորուստ, ապա նշված 10 մլն-ը հավասարաչափ բաժանվում է նրանց միջեւ, այլ կերպ ասած՝ հաշվի է առնվում յուրաքանչյուրի վնասի տոկոսային ծավալը ընդհանուր վնասի մեջ:  

Մեր երկրում գործող հիմնական ապահովագրավճարը, գործակիցները, փոխհատուցման ծավալները սահմանվել են՝  հիմնվելով մի շարք վիճակագրական տվյալների վրա, ինչպիսիք են տրանսպորտային միջոցների քանակը, զոհերի ու վիրավորների թիվը, հաշվի է առնվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի փորձը:

2013-ի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի «Բոնուս-Մալուս» համակարգը, որի շնորհիվ կարգապահ վարորդները կվճարեն ավելի քիչ ապահովագրավճար, իսկ ռիսկային վարորդները՝ ավելի շատ:

Այժմ համեմատենք Հայաստանում եւ Եվրոպայում, ասենք, Ֆրանսիայում գործող սակագները: Հայաստանում 23 տարեկանից մեծ, ավելի քան 3 տարվա վարորդական ստաժ ունեցող, անձնական նպատակներով 90 ձիաուժ հզորությամբ շարժիչով մարդատար մեքենա վարող անձը վճարում է մոտ 32.000 դրամ ապահովագրավճար: Իսկ Ֆրանսիայում, որտեղ գործում է նաեւ «Բոնուս-Մալուս» համակարգը, եւ կարգապահ անձինք օգտվում են արտոնություններից, նույն վարորդը կվճարի մոտ 700 եվրո, այսինքն՝ մոտ 372.000 դրամ: Նշենք, որ Ֆրանսիայում բոնուսներ տրվում են այն վարորդներին, ովքեր կարգապահ են կամ երկար ժամանակ օգտվում են տվյալ ընկերությունից, զեղչեր կիրառվում են նաեւ այն անձանց հանդեպ, ովքեր նույն ընկերությունում ապահովագրել են այլ գույք կամ կյանք, առողջություն: Քիչ վարողները կարող են օգտվել ոչ թե տարով կամ մի քանի ամսով գործող պայմանագրերից, այլ կիլոմետրաժով կնքվող գործարքներից: Ընդ որում՝ ԱՊՊԱ-ի մեջ մտնում է նաեւ տեխզննումն ու տեխնիկական սպասարկումը: Եթե, օրինակ, մեքենան փչանում է ճանապարհին, ապահովագրող ընկերության էվակուատորն այն տեղափոխում է անվճար մինչեւ 30 կմ:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով էլ՝ տեխզննման գումարները պետք է ներառվեն ԱՊՊԱ-ի մեջ. «Ես կարծում եմ, որ ԱՊՊԱ-ին զուգահեռ մեքենաների տեխնիկական զննման համար առանձին վճարների առկայությունը անհեթեթություն է, թալան։ Իրապես, եթե ապահովագրական ընկերությունն ապահովագրում է իմ մեքենան, պարտավոր է այն զննելու և ապահովագրական վարձի մեջ ներառնելու նաև այդ զննման ծախսը։ Ինչպե՞ս կարող է ապահովագրական ընկերությունը ապահովագրել մեքենան առանց վաղօրոք տեխնիկական զննում կազմակերպելու։ Ուրեմն, եթե կա ԱՊՊԱ, ապա տեխնիկական զննման առանձին վճարում չպիտի լինի։ Մանավանդ, որ կառավարության վերջին որոշումից հետո ոչ մի զննում էլ չի կատարվում, բանկում փող ես մուծում մի ծառայության համար, որն այդպես էլ չես ստանում» (ֆեյսբուքյան գրառում)։

Հատկանշական է, որ Ֆրանսիայում մեքենաների մեծ մասն աշխատում է դիզվառելիքով, բայց բենզինով մեքենաների պարագայում ԱՊՊԱ-ն ավելի էժան է, քան դիզելայինների դեպքում: Կախված ապահովագրողից՝ տարբերությունը կարող է կազմել մինչեւ 20 տոկոս:   

Հայաստանում շատ հնչեցին քննադատություններ այն մասին, որ ապահովագրությունը չպիտի կրի պարտադիր բնույթ, այլ պիտի լինի կամավորական սկզբունքներով: Այս առումով նշենք, որ ԱՊՊԱ-ն մասնավորապես պարտադիր է նաեւ Ռուսաստանում:   

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter