
Կարելի է «ոչխարը» գրել «վօչխար», «փրայս լիստ»-ի փոխարեն ասել «սփռայթ լիստ», բայց պետ աշխատել
Շիրակի մարզի անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության տեսչության պետի պաշտոնում 60-ամյա Համբարձում Մաթեւոսյանի նշանակումից հետո ստեղծված լարվածության հետեւանքով որոշ երկարամյա աշխատակիցներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Սեպտեմբերի 10-ին սեփական դիմումի համաձայն աշխատավայրը լքել է նաեւ Անուշ Մնացականյանը:
«Աբրահամ Բախչագուլյանի նշանակումով համակարգում փոփոխություններ եղան: Վերականգնվեց տեսչության պետի հաստիքը: Մինչ այդ, 2009թ-ից, երբ պետի հաստիքը վերացրել էին, բոլորս համարվում էինք ավագ մասնագետներ,-պատմում է Անուշ Մնացականյանը,-երբ կրկին Բախչագուլյանի հրամանով վերականգնվեց հին կարգը, մտածում էինք, որ մեզանից մեկնումեկը կնշանակվի այդ պաշտոնում, սակայն դրսից բերեցին մեկին, ով կադրային ջարդ սկսեց իրականացնել, մի խոսքով կազմաքանդեց հիմնարկը»:
Խնդրի հետ կապված Անուշ Մնացականյանը զանգահարել էր «Հետքի» խմբագրություն: Նա հայտնեց, որ մարդիկ պատրաստ են խոսել, միայն թե նրանց որոշ մասը վախենում է նորանշանակ պետի հետագա հաշվեհարդարից: «Մարդ ով ոչխար բառը գրում է «օ» տառով, ով «փրայս լիստին» համառորեն ասում է «սփռայթ լիստ» ինչքան էլ որ ուղղում են, ով չի փայլում իր գրագիտությամբ, երկրորդ խմբի հաշմանդամության կարգ ունի, ում ղեկավարի ծանրաբեռնված աշխատանքը հակացուցված է, մարդ, ով ժամանակին քանդեց Ախուրյանը, էդ մարդուն տարիներ անց բերեցին նշանակեցին մեր գխին ղեկավար, որ սաղին խառնի իրար»,-դժգոհում է Անուշը:
Անուշ Մնացականյանը 2000 թ-ից աշխատել է անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության տեսչության Գյումրիի կենտրոնում: Սկզբում լաբորատորիայի վարիչ է աշխատել, այնուհետեւ 2006թ-ից մինչեւ 2009թ-ը` կենտրոնի պետ: Ասում է, որ Բախչագուլյանի կատարած համակարգային փոփոխություններից հետո ամենահավանական թեկնածուն տեսչության պետի ինքն էր:
«Բայց նաեւ չեմ պնդում, թե միակ թեկնածուն էի ինձ համարում: Մենք շատ լավ, փորձառու աշխատակիցներ ունենք, որոնցից ցանկացածը կարող էր ղեկավարել կառույցը, բայց բերել մի մարդու, ով ոլորտից ընդհանրապես անտեղյակ է, ում միակ գործելակերպը կոլեկտիվը կազմաքանդելն ու խժդժություններ սերմանելն է, կարծում եմ աններելի էր,-նկատում է տիկին Մնացականյանը,-Համբարձում Մաթեւոսյանը, որպեսզի ինձ հեռացնի իր ճանապարհից, իմ բյուլետենի մեջ եղած ժամանակ անընդհատ բողոք նամակներ է ուղղարկել պարոն Բախչագուլյանին: Ես ամիս ու կես հիվանդ եմ եղել ու ինքն էդ ժամանակ իմ վրա հա գրել է: Դե մեր աշխատակազմի ղեկավարն էլ ծառայողական քննություն նշանակեց, ես էլ գնացի դիմումս գրեցի, որ էդ քաշքշուկի մեջ չընկնեմ, որովհետեւ արդարության հույս չունեի»:
Սեփական դիմումի համաձայն աշխատանքը լքողներից հաջորդը Իվետա Չարխիֆալակյանն է: Անուշի պատմելով հերթը լաբորատորայի վարիչինն է, ում պաշտոնին աչք ունի նորանշանակ պետի մտերիմը: «Կազմակեպեցին խիստ նկատողություն տվեցին լաբորատորիայի վարիչին, որ արանքից հանեն, հաջորդ փուլը լինելու է կրճատումը որովհետեւ էնտեղ մի հատ տեսուչ ունենք, Մաթեւոսյանի ընկերն է, դրան են ուզում վարիչ տեղավորեն»,-պնդում է Անուշ Մնացականյանը:
Նախկին աշխատակցի փոխանցմամբ, Համբարձում Մաթեւոսյանն, ով ունի թռչնանոց եւ հացի արտադրամաս, պաշտոնն ի չարը գործադրելով`օգտագործելով տուգանքի սպառնալիքը, տնտեսավարող սուբյեկտներին պարտադրել է վաճառքի համար վերցնել միայն իրեն պատկանող «Ծաղկասար» արտադրական կոոպերատիվի արտադրանքը:
«Տեսուչներին ուղարկում է խանութները տերերին վախեցնելու նպատակով, որ իրա արտադրամասի հացը, թռչնանոցի ձուն վերցնեն: Եվ Գյումրիի, եւ Արթիկի տնտեսավարողների նկատմամբ դա կիրառվել է: Դրա հետ կապված ահագին պատմություն բացվեց, Արզնիի թռչնաֆաբրիկան ընբոստացավ,-պատմում է տիկին Մնացականյանը,-բացի դրանից, մարդկանց ստիպում է խզել պայմանագրերը լաբորատոր փորձաքննություն իրականացնող «Դոսի» ՍՊԸ-ի հետ եւ պայմանագիր կնքել իրեն պատկանող «Փորձաքննություն» ՍՊԸ-ի հետ, որ բացած է Յուրա Գրիգորյանի անունով»:
Որպես ասածի ապացույց տիկինը ցույց է տալիս տնտեսավարողներից մեկի դիմումն ուղղված «Դոսի» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Գրիգորյանին: Անհատ ձեռներեց Ս. Մ.-ն «Դոսի» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի հետեւի կողմում ձեռագրով կարճ մի գրությամբ հրաժարվում է վերջինիս ծառայություններից` նշելով, որ եթե պայմանագիր չկնքի «Փորձաքննություն» ՍՊԸ-ի հետ, սննդի անվտանգության տեսուչ Գնել Մանուկյանը սպառնացել է տուգանել 100 հազար դրամով: «Չեմ ուզում»,-վերջում ավելացրել է անհատ ձեռներեցն ու ստորագրել:
Անուշ Մնացականյանի պնդմամբ նորանշանակ տնօրենը մսի եւ ձվի վերաբերյալ եղած դիտարկման հրամանները տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառում է ոչ իր նշանակությամբ:
«Դիտարկման հրամանը նախատեսում է միայն զգուշացում թերությունների վերաբերյալ: Ստուգումների վերաբերյալ հրամանի դեպքում է, որ տուժ ու տուգանքներ են կիրառվում,-բացատրում է տիկին Մնացականյանը,-հիմա Մաթեւոսյանը մսամթերքի եւ ձվի նկատմամբ դիտարկման հրաման է բերել ու վախեցնում է տնտեսավարող սուբյեկտներին իր ստուգումներով: Իրա բացած լաբորատորիան ոչ տեղ ունի աշխատելու, ոչ համապատասխան սարքավորումներ: Լաչինի միջանցք կոչվող շուկայի էդ հատվածի բոլոր վաճառողներին ահաբեկել են իրանց ստուգումներով ու ստիպել են, որ «Փորձաքննություն» ՍՊԸ-ի հետ կնքեն պայմանգրերը»:
«Մենակ կզարմանամ, թե Աբրահամ Բախչագուլյանն ինչի էր այդքան շահագրգռված, որ տեսչության պետ նշանակվի Համբարձում Մաթեւոսյանը: Հնարավոր է Համբարձումի տղան` Սամվելը, որ Երեւանի կենտրոնական քննչականի պետն է, ինքն է դերակատարություն ունեցել, դժվար է ասել, բայց որ Համբարձումի նշանակումից հետո սաղ խառնվել է իրար, էդ փաստ է,-շարունակում է խոսքը Անուշը,-Բախչագուլյանն ու Մաթեւոսյանը սնունդը պատկերացնում են միայն ուտելու ժամանակ, սննդի հետ կապված մնացյալ բաներն իրենց համար անհասկանալի են: Պարոն Բախչագուլյանին թվում է, թե այս ոլորտում պիտի աշխատեն տնտեսագետները, բայց դա այդպես չէ: Հիմի բերել է Համբարձումին, սա էլ առիթից օգտվելով դարձել է իրա բիզնեսների կռիշը»:
Օգոստոսի 6-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանին հուլիսի 30-ին Գյումրի քաղաքում մսի վաճառքի բացօթյա շուկայում կատարած ուսումնասիրությունների արդյունքները ներակայցնելուց առաջ, Համբարձում Մաթեւոսյանը նախ բողոքել է տեսչության երեք աշխատակիցների վարքագծից: Պարոն Մաթեւոսյանը շտապել է վերադասին տեղեկացնել, որ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության գծով գլխավոր մասնագետ Իվետա Չարխիֆալակյանը, մինչեւ իր կողմից տված ցուցումով ստուգումն իրականացնելը, կապի մեջ լինելով հիվանդության մեջ գտնվող Անուշ Մնացականյանի հետ` տեղյակ է պահել ապօրինի եւ ոչ ապօրինի գործունեություն ծավալող գործարարներին ստուգում իրականացնելու օրվա եւ բնույթի մասին:
Մեջբերում ենք մի հատված վերոնշյալ գրությունից. «…Ելնելով վերոգրյալից` հնարավոր չէ աշխատել նման նեգատիվ երեւույթներով զբաղվող աշխատակիցների` Ա. Մնացականյանի եւ Ի. Չարխիֆալակյանի հետ, ինչպես նաեւ նրանց աջակցող , օրվա ընթացքում մեկ-երկու ժամ աշխատանքի հաճախող լաբորատորիայի վարիչ Վարդան Պապոյանի հետ, որը լաբորատորիայի շենքի մասնաբաժինը տրամադրել է «Դոսի» ՍՊԸ-ի անանաբույժ, սուտ պահակ Լյովային, քանզի նրա օրոք է գողացվել լաբորատորիային պատկանող գույքը/ համակարգիչը եւ այլն/: Որպեսզի հետագայում Ձեր կողմից տրված հանձնարարությունները կատարվեն լիարժեք եւ անթերի խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը` ձերբազատվելու Ա. Մնացականյանից, Ի. Չարխիֆալակյանից, Վ. Պապոյանից, իսկ շուկայի «Դոսի» անասնաբույժ Լյովային հեռացնել լաբորատորիայի շենքի մասնաբաժնից մշտական բնակվելուց: Տեղյակ եմ պահում նաեւ չնայած վերոհիշյալ խոչընդոտումներին, ստուգման արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ…»:
շարունակելի
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել