HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

17-ամյա աղջկան մեկ ամիս փակել են մութ սենյակում եւ ստիպել են կիսամերկ պարել

«2008 թվականի օգոստոսի 11-ին ես ու քույրս` Կարինեն, վիճեցինք: Ես ուզում էի տեղ զանգեի, ինքը չթողեց: Հետո ասեց` պապային կասեմ, որ զանգում ես: Կարինեն մի հատ ինձ խփեց, հետո էլ ես իրան մի հատ խփեցի, ու որ ինքը ասեց պապային կասեմ, մտածեցի` պապան կջղայնանա ու ինձ կպատժի, տնից փախա»,-«Հետքին» պատմեց Անահիտը:

Նրանց տունը Երեւան-Գյումրի ավտոմայրուղուց մի քանի մետր է հեռու: Աղջիկը դուրս է եկել փողոց, որպեսզի գնա Երեւան` քրոջ տուն: Անահիտի պատմելով` այդ ընթացքում սպիտակ գույնի «Նիվա» ավտոմեքենա է կանգնել: Վարորդը հարցրել է, թե ուր է գնում, նա էլ ասել է, թե Երեւան: Վարորդն էլ խոստացել է աղջկան անվտանգ տեղ հասցնել:

«Շատ լավ էր վարորդը հետս խոսում, ես էլ չվախեցա ու նստեցի ավտոմեքենան: 2 տղա էին` մեկի անունը Տիգրան էր, մյուսինը` Աղվան: Հասանք Երեւան, Տիգրանն ասաց` արդեն ուշ է, առավոտյան կգնաս: Չթողեցին մեքենայից իջնեի: Ինձ տարան մի անծանոթ բնակարան: Շատ փոշոտ ու կեղտոտ բնակարան էր, երեւում էր, որ այդտեղ մարդ չի ապրում, որովհետեւ լույս էլ չկար` մոմի լույսի տակ ենք նստել: Այդ բնակարանում հաց կերանք ու ես գնացել եմ առանձին սենյակ, որ իրանց հետ չնստեի: Հաց ուտելուց առաջ Տիգրանը գրպանից ինչ-որ կանաչ խոտ հանեց, մոմի կրակի վրա չորացրեց ու ծխեց: Այդ ծխած ծուխն անընդհատ իմ վրա էր փչում: Այդ ծխից ինձ վատ զգացի` գլուխս ցավում էր, մի տեսակ բժժած էի: Որ իրենցից առանձնացա, Տիգրանը եկավ իմ մոտ, ինձ ձեռք էր տալիս, քաշքշում էր, փաթաթվում էր ինձ, ես դիմադրում էի` թույլ չէի տալիս: Թեւիցս քաշեց, գցեց անկողնու վրա: Շորերս պատռեց ու բռնաբարեց ինձ: Առավոտյան արթնացա ու հասկացա, որ զրկվել եմ կուսությունից»,- պատմում է Անահիտը:

Առավոտյան Տիգրանի ու նրա միջեւ որեւէ խոսակցություն չի եղել: Անահիտը միայն նրանից հեռախոս է խնդրել` քրոջը զանգելու համար: Անահիտը տեսել էր, որ Տիգրանի մոտ բջջային հեռախոս կա, բայց նա խաբել է, թե հեռախոս չունի: Աղջկա հիշելով` Տիգրանը մի 23-24 տարեկան տղա է եղել, Աղվանը նույնպես երիտասարդ է եղել: Անահիտի ասելով` Տիգրանը խոսել է Ախալքալաքի եւ մեկ-մեկ էլ Գյումրու բարբառով: Նա վերջերս է խոսակցություններից լսել, որ Տիգրանը բարձրաստիճան ոստիկանի եղբայր է:

«Տիգրանն ինձ տարավ Հոկտեմբերյան, ասեց` ընդեղ տուն ունեմ, նորմալ կապրես: Ես էլ կատարվածից հետո չէի ուզում գյուղ վերադառնալ, որովհետեւ գիտեի, որ գյուղացիներն արդեն իմ մասին ինչ ասես խոսալու են, համ էլ հարազատներիս աչքերի մեջ նայել չէի կարող: Գնացինք Հոկտեմբերյան ու էլի չհասկացա, որ ինձ խաբում է: Ինձ տարավ իր ընկերների ձեռքը գցեց` մի 10-15 հոգի էին: Մի տղա կար, անունը Ռոբերտ էր, ասեց, որ ռեստորան ունեն ու այնտեղ ինձ ապրելու տեղ կտա»,- ասաց Անահիտը:

Նա հետո է իմացել, որ Ռոբերտ Բաղդասարյանը Նոր Արմավիր գյուղում գործող «Հին ամրոց» ռեստորանային համալիրի սեփականատեր Վարուժան Իշխանյանի քրոջ որդին է: Ռոբերտը Անահիտին ծանոթացրել է Վարուժանի հետ ու աղջկան թողել «Հին ամրոց» ռեստորանում` խոստանալով նրան անպայման տանել այդտեղից:

«Մի օր ռեստորանի մատուցողուհին` Գայանեն, ինձ ասեց` արի իրար հետ պարենք: Ես էլ պարել գիտեի, պարեցինք: Այդ ժամանակ Վարուժը իր սենյակից դուրս եկավ ու տեսավ մեզ: Ինձ թվում է` ինքն էր Գայանեին սովորացրել, որ ինձ պարացներ, որ ինքը տեսներ: Դրանից հետո Վարուժն ինձ շորեր էր առել ու ասաց, թե պիտի պարես: Բերած շորը կարճ շորտիկ էր, որն ավելի շատ ներքնաշորի էր նման ու կաշվից կրծկալ: Վարուժն ասեց, որ անպայման պիտի այդ շորերով պարեմ ու դրա համար փող կտա ինձ: Ինքը մի հսկա մարդ էր, ես էլ իրանից վախենում էի, եթե ասածը չանեի` վատ կլիներ իմ համար: Պարեցի, բայց ինքն ինձ փող չէր տալիս: Օր էր լինում` 10-15 հազար դրամ էի աշխատում, բայց ինքն ինձ 1500 դրամ էր տալիս: Սեյֆի մեջ բանկա էր դրած, այդ 1500 դրամը գցում էր բանկայի մեջ` իբր ես եմ իմ ձեռքով հավաքում փողերը»,- հիշում է Անահիտը:

Աղջկա ասելով` Վարուժանը հենց սկզբից հարցրել է իր տարիքը եւ իմանալով, որ 17 տարեկան է, նրան հորդորել է, որ ոչ մեկի չասի տարիքը ու ոչ մեկի հետ չխոսի: Անահիտին խորհուրդ է տվել իրեն համրի տեղ դնել ու ոչ մեկի հետ չխոսել` նույնիսկ կանանց:

«Մի օր էլ մի աղջիկ իր ընկերների հետ եկավ ռեստորան, ու նրա ընկեր տղաներից մեկը պարելու ժամանակ մոտեցավ ինձ, հարց ու փորձ արեց, ես էլ անունս ու տարիքս ասեցի: Բարմենը` Վաղինակը, տեսել էր, որ խոսում եմ այդ տղայի հետ ու Վարուժին ասել էր այդ մասին: Այդ օրը Վարուժը ջղայնացավ իմ վրա ու ջերմուկի շիշը շպրտեց վրես: Շիշը գլխիս կողքով անցավ, բարեբախտաբար չկպավ ինձ: Հետո սկսեց ձեռքերով խփել, ու քթիցս արյուն եկավ: Մատուցողուհի Գայանեն է շոր տվել, որ քթիս արյունը մաքրեմ: Ինձ ասեց` առավոտը գամ` ստեղ չլինես: Ու դուռը փակեցին վրես, գնացին»,- պատմում է Անահիտը:

Աղջկա ասելով` ռեստորանում իրեն պահել են մութ սենյակում: Անահիտի ու Վարուժանի վեճից հետո ռեստորանի տիրոջ հայրը մահանում է, ու որոշ ժամանակ նա ռեստորան չի գալիս: Անահիտը տեսել է, թե Վաղինակը որտեղ է դնում բանալիները, նրա գնալուց հետո չհրկիզվող պահարանից վերցրել է հավաքված 1500-ական դրամները, բանալիով բացել ետնամուտքի դուռն ու փախչել ռեստորանից: Աղջկա ասելով` մոտ մեկ ամիս ռեստորանի տիրոջ կողմից շահագործվելուց հետո մի քանի օր անցկացրել է տարբեր մարդկանց տներում:

Այդ ընթացքում նրան ոչ ոք չի նեղացրել: Հետո Անահիտը զանգել է Երեւանում ապրող քրոջը ու նրա հետ վերադարձել գյուղի իրենց տուն: Դրանից հետո սկսվել է իրավապահ մարմինների կողմից կազմակերպված մի ամբողջ «օպերացիա», որը շարունակվում է մինչ օրս:

Բռնաբարության դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրանք է առաջադրվել ոչ թե Տիգրանի, Ռոբերտի, ինչպես նաեւ աղջկան աշխատացնող Վարուժանի նկատմամբ, այլ Անահիտի հոր` Սաշա Դավթյանի:

Նրա փաստաբան Խանում Մկրտչյանը մեզ փոխանցեց, որ Տիգրանի մասով նախաքննությունը շարունակվում է, սակայն ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել:

«Սաշայի վրա գործը սարքեցին նրա համար, որ նա պահանջում էր գտնել եւ պատժել Տիգրանին, Ռոբերտ Բաղդասարյանին, Վարուժան Իշխանյանին: Այդ մարդկանց պատժելու փոխարեն գործ սարքեցին Սաշայի վրա: Իսկ եթե մեղադրանքը դատարանում հաստատվեր, նշածս մարդկանց գործը կարճվելու էր, եւ աղջկան բռնաբարելու համար պատասխան էր տալու աղջկա հայրը»,- նշեց պաշտպանը:

Այս տարվա դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, Սաշա Դավթյանին արդարացրեց` աղջկան բռնաբարելու մասով: Այժմ քննիչների «սարքած» գործը փլուզվել է, քանի որ չկարողացան բռնաբարության մեղադրանքը բարդել Անահիտի հոր վրա:

«Վարուժանի մասով թրաֆիկինգն ակնհայտ է: Նա 17 տարեկան աղջկան շահագործել է: Տիգրանի ու Վարուժանի նկատմամբ եթե քննիչները մի գործողություն կամ ակտ կայացրած լինեին նախաքննության ընթացքում, կմտածեի, որ գործողություն են իրականացրել, բայց փակուղի է: Այդ մարդիկ հիմա քննիչների համար զապաս տարբերակ են մնացել: Այս գործով շատ հանգամանքներ պարզվեցին: Ոչ մեկի նկատմամբ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել: Պարզվեց, որ Տիգրանի ընկերը հարցաքննվել է սկզբում, բայց հիմա նա հանրապետությունում չէ եւ էլի շատ բաներ»,-ավելացրեց Խանում Մկրտչյանը:

Օրինակ` քննիչ Ռուբեն Վարդանյանն ի՞նչ պայմաններում է աղջկան բռնաբարելու մեղադրանքը բարդել հոր վրա: Ինչո՞ւ Սաշա Դավթյանը արդարացվելուց հետո չհայտնվեց ազատության մեջ: Ինչո՞ւ Անահիտը որոշեց վերջ տալ իր կյանքին, եւ ինչու՞ քննիչը ոստիկանների հետ միասին որոշեց հենց դատարանի դահլիճից գողանալ նրան: Ինչպիսի՞ դաժան մեթոդներով են Երեւանի կենտրոնի ոստիկանական բաժանմունքում քննել արդեն 18-ամյա Անահիտին, նրա 22-ամյա քրոջը` Կարինեին եւ Սաշա Դավթյանին: Ինչո՞ւ դատարանը չանդրադարձավ իրական հանցագործներին: Այս հարցերն անտեսվել կամ կոծկվել են ոստիկանության եւ դատախազության կողմից:

Այդ մասին մանրամասն` «Հետքի» հաջորդ համարում:

Հ. Գ. Նյութում աղջիկների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter