
Սահմանամերձ Կուտականի գյուղացիներին հողը չի բավականանցում, Մկոյի Սամոն էլ սպառնում է «տրակտոր քշել» գյուղացիների վրա
Գյունաշլի. այս անունով են ճանաչում տեղացիները ներկայիս Կուտական գյուղը: Վարդենիս քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք գտվող Կուտականը սահմանակից է Ադրբեջանի Դաշքեսան շրջանին և Ադրբեջանի հետ ունի 17 կմ երկարությամբ սահման, ուղիղ գծով գյուղից 4 կմ հեռավորությամբ: Նախկինում ադրբեջանցիներով, այնուհետև Ադրբեջանից բռնագաղթած հայերով բնակեցված գյուղում այժմ շուրջ 150 բնակիչ է ապրում' չնայած մարդահամարի տվյալները 300-ի մասին են վկայում: 2100 մետր ծովի մակարդակից բարձր գտնվող գյուղը պետք է որ առաջնահերթ անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվեր, սակայն հող Կուտականի ոչ բոլոր գյուղացիներն ունեն:
Կուտականի համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանն ասում է, որ 1230 հա-ից 1990-ականների սկզբին սեփականաշնորհվել է 500 հա-ն` բաժանվել է 40 ընտանիքի, 700 հա-ից ավելին վարձակալության է տրված 12 անձանց: Գյուղացիներն ասում են, որ այդ 700 հա-ի մեծ մասը նախկին գյուղապետը բաժանել է իր շրջապատին' իր ընկերներին, բարեկամներին ու հարազատներին: Կուտականում 20 ընտանիք այժմ հող չունի, ընդ որում' հատկապես այն ընտանիքները, որոնք երիտասարդ են, նոր են ձևավորվել և առանձնացել հայրական տներից:
156 հա-ն «Մաքսֆրուտ» ընկերությունն էր վարձակալել, 260 հա-ն Նազիկ Գրիգորյանին է տրված' սերմնաբուծության տնտեսության նախագահի կնոջը, 105 հա-ն' նախկին գյուղապետի եղբորը' Վլադիմիր Խաչատրյանին, 65 հա-ն' Քաջիկ Ավետիսյանին' նախկին գյուղապետի ընկերոջը, մյուսները համեմատաբար մանր հողեր են: Ինքն էլ' նախկին գյուղապետ Միքայել Խաչատրյանը Կուտականի վարչատարածքում շուրջ 100 հա հող ունի: Այս հողատերերը վարձակալությամբ են վերցրել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին' 25 տարով:
Կոլտնտեսության կազմաքանդումից հետո համայնքապետարանին կից գյուղական պետական տնտեսություն է գործել, որին տրամադրված էր 250 հա հող և գյուղտեխնիկա: Տնտեսության լուծարվելուց հետո այն մշակել է տնտեսության ղեկավար Պերճ Մկրտչյանը և սեփականացրել նաև գյուղտեխնիկան: Գյուղապետ Աբրահամյանի խոսքով, այս հողը հիմա Պերճ Մկրտչյանի վարորդն է տիրություն անում:
![]() |
Կարմեն Գևորգյան |
«Ամուսինս պատերազմում է եղել, 1996-ին է եկել ստեղ, արդեն սեփականաշնորհումը պրծած է ելել, վարձակալականն էլ գիշերը բաժանել են իրենց մարդկանց, առավոտը նոր հայտարարություն կպցրել: Օրենքով պիտի հայտարարությունը լրատվամիջոցներով տան, մի ամիս հետո աճուրդ անցկացնեն, 3 օրինակով էլ գյուղում կպցնեն հայտարարությունները, բայց այդպես չի եղել, իրենք գիշերը բաժանել են, առավոտը հայտարարությունները կպցրել»,- հիշում է համայնքի ղեկավարի տեղակալ Կարմեն Գևորգյանը: Նրա ընտանիքին ընդամենը 0.31 հա հող է բաժին հասել, որտեղ կարտոֆիլ են աճեցնում, մինչդեռ հացահատիկ աճեցնելու կամ անասնակեր ունենալու հնարավորություններ չկան: Գյուղացիները բողոքել են նախկին գյուղապետի գործողությունների դեմ, սակայն այդ բողոքները որևէ արդյունք չեն տվել:
Հողի հետ կապված մի պատմություն էլ «Մաքսֆրուտ» ընկերության հետ է կապված: Ընկերությունը մի քանի տարի շարունակ վարձակալությամբ վերցրել և մշակել է 156 հա հող: Սակայն վերջին մեկ տարի չի վճարել վաձակալության գումարը, ոչ էլ հողն է հետ տվել համայնքին: Նոր գյուղապետը դատական կարգով պայմանագիրը լուծարել է, որպեսզի այդ հողը բաժանեն գյուղացիներին:
Արդեն իսկ աճուրդ են անցկացրել, 156 հա-ից 75 հա-ն բաժանել են հող չունեցող 23 ընտանիքի, սակայն վարձակալական հիմունքով, քանի որ սեփականաշնորհումը գյուղացիների համար ծախսատար գործընթաց է: Այստեղ էլ հայտնվել է ոմն Մկոյի Սամոն (Սամվել Մկրտչյան) և սպառնում է գյուղացիներին չմշակել այդ հողերը, այլապես ինքը կայրի դրանք:
Մկոյի Սամվելին գյուղացիները բնութագրում են որպես «խոշոր ֆերմայատեր», ով ներկայացել է որպես «Մաքսֆրուտի» փայատեր, բայց հաստատող որևէ բան չի ներկայացրել, չնայած ոչինչ ներկայացնել չի էլ կարող, քանզի «Մաքսֆրուտի» հետ պայմանագիրն արդեն իսկ դատարանը լուծել է: «Ուզում է, թե ինչ է ուզում, ինքն էլ չգիտի,- Մկոյի Սամվելի մասին ասում է գյուղապետ Աբրահամյանը,- Սամվելի հետ պատերազմում ենք»:
«Էդ «Մաքսֆրուտի» հողը անցած տարի Վարդենիսից մի մարդ էր ցանել, էդ մարդու հետ հետո Սամվելը եկավ: Բա որ ցանեք, կվառեմ ձեր արտերը, տրակտոր կքշեմ ձեր վրայով, ասի' արի քշի, տենանք էդ ոնց ես քշում-, պատմում է գյուղապետի տեղակալը: -Ասում է իմ հողն ա, մենք էլ ասինք' եթե փաստաթուղթ ունես, բեր մեզ ցույց տուր, մենք էդ հողից յան տանք, ինքը ոչ մի փաստաթուղթ չուներ, օդի մեջ ասում էր' իմ հողն է»:
Սահմանապահ Կուտականի հողերի հարցով մինչ օրս պատկան մարմինները չեն զբաղվել. ոչ ոք չի հետաքրքրվել, թե ինչու նախկին գյուղապետը այդ քանակությամբ հողեր է բաժանել իր մտերիմներին, իսկ սովորական գյուղացիները մնացել են առանց ապրուստի միջոցի, չեն էլ հետաքրքրվել, թե ինչու նախկինում ավելի քան 500 բնակիչ ունեցող Կուտականում հիմա 150 մարդ է մնացել:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել