HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազատամուտցիները գյուղացուց ուզում են վերածվել քաղաքացու (տեսանյութ)

Ազատամուտ գյուղը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւանից դեպի հայ-ադրբեջանական սահման տանող ճանապարհի աջ կողմում՝ 14-րդ կիլոմետրին: Գյուղից երեւում է սահմանագիծը, որն անցնում է կտրտված ռելիեֆով: Ազատամուտից սահմանին ավելի մոտ միայն Կայան գյուղն է: Մինչեւ Կայան հասնելը միջպետական ճանապարհը թեքվում է դեպի աջ ու սահմանի երկայնքով ձգվում մինչեւ Նոյեմբերյան:

Երբ ասֆալտապատ մայրուղուց նայում ես դիմացի լանջին բարձրացած շենքերով համայնքին, այն բացարձակապես գյուղի տպավորություն չի թողնում: Իրականում այդպես էլ կա. Ազատամուտը 1968-ին հիմնվել է իբրեւ բանվորական ավան, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո գյուղի կարգավիճակ է ստացել: Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ասում է, որ ցանկանում են քաղաքի կարգավիճակ ստանալ: Պատճառը պարզ է. հույս ունեն, որ այդ դեպքում աշխատատեղեր կստեղծվեն համայնքում, բնակչությունը զբաղմունք կունենա, այնինչ հիմա 39 հեկտարի վրա 22 բնակելի շենք ունեցող «գյուղը» ոչ վարելահող ունի, ոչ արոտավայր: Աղստեւ գետի մյուս ափին գտնվող «Բենտոնիտ» գործարանում (բենտոնիտի փոշի է արտադրում), որի հիմքի վրա ստեղծել էր ավանը, ԽՍՀՄ տարիներին աշխատել է շուրջ 1500 ազատամուտցի, գործարանն էլ աշխատում էր լայն թափով: Այդ ժամանակ ավանը 8600 բնակիչ ուներ, 1260 աշակերտ: Այսօր պատկերը լրիվ այլ է. գյուղում ապրում է 3929 մարդ, դպրոցականների թիվը հասել է 260-ի: «Բենտոնիտի» ու համայնքի միջեւ եղած «երակն» էլ, ինչպես Մարտիրոսյանն է ասում, կտրել են. համայնքն այլեւս կապ չունի գործարանի հետ, այնտեղ մի քանի ազատամուտցի է միայն աշխատում: «Հիմա էնտեղ ի՞նչ աշխատանք կա: Մի ջաղաց է երեւի պտտվում, մի 30-40 մարդ (ի նկատի ունի բոլոր աշխատողների թիվը- հեղ.) թող աշխատի»,- նշում է համայնքի ղեկավարը:

1990-ականների պատերազմի ժամանակ եւ հետագայում շատերը հեռացել են Ազատամուտից: Մեծ մասը գաղթել է Ռուսաստան, ոմանք էլ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Արգենտինա, Կանադա: Գյուղի հարեւանությամբ ժամանակին ադրբեջանական անկլավ էր՝ Սոֆլու, Բարխուդարլու գյուղերով, որոնք այժմ ավերակներ են: Ազատամուտը եւս տուժել է կրակոցներից, շենքերի պատերին հիմա էլ կան գնդակների հետքերը, սակայն այսօր գյուղում խաղաղ է, ու մարզի սահմանամերձ այլ բնակավայրերի նման Ազատամուտը չի ենթարկվում դիպուկահարների կրակոցներին: Միեւնույն ժամանակ մի քանի ազատամուտցիներ պայմանագրային հիմունքներով ծառայում են իբրեւ սահմանապահ՝ այդպես լուծելով աշխատանքի հարցը: Բայց գործազրկությունը շարունակում է թիվ մեկ խնդիր մնալ համայնքում: «Գյուղական նշանակության հողեր չունենք, ոնց որ բլոկադայի մեջ լինեն էս մարդիկ: Շատ վատ վիճակում են»,- ասում է գյուղապետ Ժ. Մարտիրոսյանը, որն այն քչերից է, ով տնամերձ այգի ունի: Այդուհանդերձ, թե ազատամուտցիներից, թե հարակից գյուղերի բնակիչներից ոմանք, ով ինչպես կարողացել է, հողակտորներ է զբաղեցրել ադրբեջանական նախկին անկլավի տարածքում:

«Գյուղամիջում» նարդի խաղացող ծերունիներն ասում են, որ երիտասարդներից շատերը կամ տանն են նստած, կամ խոպան են գնում. «Ում ուժը պատում է, գնում է Ռուսաստան, փողն ուղարկում է, էստեղ էլ ապրում են»: Գյուղապետն ասում է, որ խորհրդային տարիներին ազատամուտցիները «Բենտոնիտից» բացի աշխատում էին նաեւ տարածքում գտնվող մի շարք փոքր ձեռնարկություններում: Այժմ իբրեւ այդպիսին կարելի է նշել ծխախոտի փոքր արտադրամասը, որը պատկանում է «Գրանդ Տոբակոյին»: Ըստ Ժորա Մարտիրոսյանի՝ այնտեղ մոտ 60 հոգի է աշխատում, որոնք տեղացիներ են, սակայն գյուղացիներից ոմանք նշեցին, որ Ազատամուտից միայն հավաքարարն է, աշխատատեղերն էլ շատ ավելի քիչ են: Գյուղում նաեւ կաթի հավաքման կետ կա, որը ստեղծվել է 2010-ին, սակայն գործել է ընդամենը շուրջ 2 ամիս: Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու «Աշտարակ կաթ» ընկերության համագործակցությամբ: Շահագործողն էլ եղել է «Ազատամուտի կաթ» ՍՊԸ-ն: Սակայն մեկ լիտրի դիմաց ընկերությունը պատրաստ է եղել ընդամենը 110 դրամ վճարել գյուղացիներին, ինչը չի գոհացրել նրանց: Ըստ ծրագրի՝ 110-ով ընդունելուց հետո կաթը 130 դրամով պիտի հանձնվեր Ճամբարակի կաթի հավաքման կետին:    

«Օրական մի 80 լ կաթ էինք բերում, բայց օրական 2 տոննա է պետք, էս տարածքի բոլոր գյուղերից փորձել ենք վերցնել: Գինը «Աշտարակ կաթն» էր որոշում, ասում է՝ օրական 2 տոննա պիտի հավաքենք, որ էդտեղ մի 6-7 մարդ աշխատի: 110 դրամ էին ասում, որ իրենք էլ 130-ով հանձնեին: 4 կետ էլ Շամշադինում էին սարքել, դրանք էլ չեն աշխատել,- ասում է գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը, ապա հավելում,- պետք է մասսայական ձեւով խոշոր անասնապահությունը զարգանա, որ դա աշխատի: Սկզբից ձին պիտի առնես, հետո թամքը»:

«Հետքը» ժամանակին գրել էր այս անհաջող ձեռնարկի մասին: «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանն ասել էր, որ նախապես ուսումնասիրություն էին պատվիրել «ՔԱՐԴ» ընկերությանը, որն էլ եզրակացրել էր, որ տարածաշրջանը ունի կաթ հավաքելու եւ գործն առաջ տանելու ներուժ: Ըստ Փարթամյանի՝ բնակիչներն էլ դրական էին արձագանքել նախաձեռնությանը եւ պատրաստակամություն հայտնել ավելացնել անասունների թիվը: «ՔԱՐԴ»-ը նշել էր, որ ֆինանսապես ինքնաբավ դառնալու համար մեկ տարի է անհրաժեշտ հավաքման կետին: Բայց, փաստորեն, ամեն ինչ փոխվել է կաթի գնի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Միայն Ազատամուտի կաթի հավաքման կետի համար, որը տեղակայված է կիսակառույց դպրոցի շենքում, ծախսվել է 42 մլն դրամ: Տեղադրվել են լաբորատոր սարքավորումներ, սառնարաններ, գնվել է կաթի հավաքման 2 ավտոմեքենա: Կետը հնարավորություն ունի օրական 4500 լ կաթ ընդունել: Այն նախատեսված էր Ազատամուտ, Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ Աչաջուր գյուղերի հետ համագործակցելու համար: 

«Մենք այժմ մարզպետարանի հետ համատեղ համագործակցում ենք Տավուշի մարզից պատգամավոր Միքայել Վարդանյանի հետ` կաթի հավաքման մենեջմենթի, կառավարման հարցերը լուծելու համար»,- ստեղծված իրավիճակի մասին ուղիղ երկու տարի առաջ «Հետքին» ասել էր Վարդան Փարթամյանը` հավելելով, որ այդ առումով «Գրանդ Հոլդինգի» հնարավորություններն ավելի մեծ են: Ապա նշել էր, որ եթե այս ձեւով էլ չստացվի, լուծման այլ տարբերակներ կփնտրեն, կաթի հավաքման կետը կաշխատի, գործը կիսատ չի մնա, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրեր իրականացնելիս հետեւողական է: Ոչինչ էլ չի փոխվել…

22 բնակելի շենք ունեցող համայնքում այսօր կարեւոր խնդիր է խմելու ջրի հարցը: Նախկինում սարերի աղբյուրներից եկող ջուրը կուտակվում էր ջրհավաք ավազանում, որն ամբողջությամբ լցվելուց հետո ջուրը բարձրանում էր շենքերի 4-5-րդ հարկերը: Այս տարի ավազանը չի լցվել, բնակիչներն էլ մնացել են առանց ջրի: Ժ. Մարտիրոսյանն ասում է, որ մարզպետի համաձայնությամբ դիմել է «Հայաստան» հիմնադրամին՝ արտեզյան հոր փորելու հարցում աջակցելու համար: «Էս ամիս ֆրանսիացի Դեւեջյանը պիտի գա, որ օգնի մեզ արտեզյան ջրի հարցով: Ներքեւը՝ ճանապարհի մոտ, արտեզյան փորենք, մղենք բասեինը, վերեւից էլ բաժանենք»,- պարզաբանում է գյուղապետը:

Ոռոգման ջրի խնդիր Ազատամուտը չունի, չնայած հողատարածքներն էլ փոքր են: Գյուղը սնվում է ոռոգման ջրի 5 կետից: Համայնքի ղեկավարը ցույց է տալիս Իջեւանի մոտից բերվող ջրի խողովակները, որոնք վերջերս են տեղադրվել նույն «Հայաստան» համահայկականի միջոցով, ծախսվել է 76.000 եվրո (նայիր տեսանյութում): Երբ գարունը բացվի, եւ ոռոգման սեզոնը սկսվի, առաջին անգամ ցանցը կգործարկվի: Այս տարի կառավարության հատկացումներով նորոգվել են 22 շենքերից 2-ի տանիքները: Ըստ գյուղապետի՝ ինքը դիմել է շուրջ 10 շենքի տանիք փոխելու համար ֆինանսական օգնություն ստանալու հարցով: Կառավարությունից էլ ասել են, թե քիչ-քիչ կհատկացնեն:

ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանը այս տարի վերընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Գյուղապետ է 2008-ից (վերջինիս գործունեության մասին յուրահատուկ վիդեո-հաշվետվություն է զետեղված համացանցում): Սակայն ամբողջ պաշտոնավարման ընթացքում նստել է մշակույթի տանը առանձնացված հատվածում: «Հետքը» նախկինում գրել է, որ համայնքապետարանի շենքը, որտեղ տեղակայված էր նաեւ փոստի բաժանմունքը, դեռեւս 1998-ին ընդամենը 290.000 դրամով նախկին գյուղապետ, նույնպես ՀՀԿ-ական Աշոտ Ամիրջանյանը վաճառել է քրոջը, իսկ ավելի կոնկրետ՝ «Ազատամուտի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին, որի տնօրենը եղել է Ամիրջանյանի փեսան: Դրանից հետո համայնքապետարանը ԲԲԸ-ի տարածքը զբաղեցնելու դիմաց տարեկան 300.000 դրամ վարձավճար է մուծել: Իսկ Ամիրջանյանի կնոջ՝ Անուշ Չոբանյանի անունով որպես խանութ սեփականաշնորհվել է մշակույթի տան առաջին հարկի 124,3 քմ տարածքը, որը գնահատվել է ընդամենը 286.380 դրամ: Ժ. Մարտիրոսյանը հավելում է, որ Ամիրջանյանը վաճառել է նաեւ համայնքին պատկանող 7 միավոր տեխնիկան:

Սակայն մութ պատմություններից զերծ չէ նաեւ գործող գյուղապետի անունը: Այս տարվա մարտի 25-ին Ժորա Մարտիրոսյանի, նրա երեք տղաների ու համագյուղացի Սարիբեկյանների միջեւ իսկական պատերազմ էր տեղի ունեցել: Արտեմ Սարիբեկյանը սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններում Ժորա Մարտիրոսյանի մրցակիցն էր, ու գյուղապետը պնդում է, որ հենց ընտրական ենթատեքստ ուներ այդ վեճը: Առաջ անցնելով՝ նշենք, որ սեպտեմբերի 23-ին Ազատամուտի ընտրությունները հսկել են մեծաթիվ ոստիկաններ ու հատուկջոկատայիններ: Արտեմ Սարիբեկյանը եղել է նախկին գյուղապետ Ամիրջանյանի տեղակալը: Կռվին մասնակցել էր նաեւ Սեւքարի անտառտնտեսության պետ Աշոտ Երիցյանը, որը Սարիբեկյանի փեսան է: Մարտիրոսյաններն ասում են, թե իրենց դեմ նաեւ զենք են կիրառել, բացի այդ, ըստ նրանց, Երիցյանն ու Սարիբեկյանները լավ թիկունք ունեն ուժային կառույցներում, դրա համար էլ ամեն ինչ իրենց դեմ են շրջել: Հիշեցնենք, որ կռվից հետո կալանավորվել էր գյուղապետի ավագ տղան՝ Ռոբերտը, որը հետագայում ազատ արձակվեց: Թե հայրը, թե 3 որդիները այս պահին ազատության մեջ են, սակայն նրանք մեղադրվում են խուլիգանության հոդվածով: Գործն արդեն դատարանում է: Ի դեպ, «Առավոտի» փոխանցմամբ, 2006-ին Ժորա Մարտիրոսյանը նույն հոդվածով դատվել է. նա տուգանվել է 150.000 դրամով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter