
Վճարովի սխալ տեղեկատվություն
« ... Թերթի հրապարակումից (Հնդիկներին հեռացնում են, բերում են ռուսներին) հետո կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Մադնեուլի» ՍՊԸ-ի կողմից 2006 թ. դեկտեմբերին ձեռք է բերվել «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ի ամբողջ փայաբաժինը, գործարքը պետական ռեգիստրի տարածքային բաժնում ձեւակերպվել է 23.04.2007թ. եւ համապատասխան գրառում է կատարվել մասնակիցների ռեեստրում:
Գործարքը կատարելուց հետո «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ի նոր սեփականատերը կանոնադրությունում չի կատարել համապատասխան փոփոխություն, որը կգրանցվեր պետական միասնական գրանցամատյանում, եւ որի արդյունքում մասնակիցների ռեեստրի եւ պետական միասնական գրանցամատյանի տվյալների միջեւ հակասություն չէր լինի»,- այս պարզաբանումը «Հետքին» է փոխանցել ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը:
Այնուհետեւ, մենք հեռախոսազրույցով փորձեցինք նոր պարզաբանումներ ստանալ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Միսաք Մարտիրոսյանից:
Նա ասաց, որ իրենք որեւէ միտում չունեն սխալ տեղեկություններ տալու, որ առաջին անգամ է նման բան պատահում, եւ որ իրենք պատրաստվում են օրենսդրության մեջ փոփոխություններ անելու համար դիմել օրենսդրին:
Փաստորեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաեւ լրագրողները տարիներ շարունակ պետական տուրք վճարելով տեղեկություններ են վերցնում պետական այս մարմնից, եւ պարզվում է, որ դրանք կարող են սխալ լինել: Նման տեղեկությունները շատ հաճախ օգտագործվում են դատական վեճերի ժամանակ, իսկ դա նշանակում է, որ հնարավոր է` դրանց հիման վրա կայացավել են սխալ որոշումներ: Գործակալության պետը չբացառեց սխալ տեղեկատվություն տրամադրելու հավանականությունը, սակայն դա նաեւ պատճառաբանեց օրենսդրության բացերով:
Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես է պատահել, որ մեր հարցումից երկու ամիս առաջ մեկ այլ կազմակերպությանը տված տեղեկատվության մեջ նշված է, որ «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ն պատկանում է «Մադնեուլի» ՍՊԸ-ին (Տես` պետռեգիստրի գրությունները):
Երեւանի Մաշտոցի 2/2 հասցեում (Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոց) գրանցված «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ի իրական տերը նախարար Անդրանիկ Մանուկյանն է:
Մեկնաբանել