HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դառը հաց

սկիզբը

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան 

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Փոքր ավտոբուսի վարագույրների արանքից Սեդան նայում էր երկնքին, եւ այդ րոպեները նրան հավերժություն էին թվում: Վերջապես նա հորիզոնում մի կետ նկատեց: Օդանավը, դեպի վար ուղղվելով, շուտով սլացավ Երեւանի Զվարթնոց օդանավակայանի վայրէջքի գոտիով:

Երբ այն կանգ առավ, Սեդան դեմքը սեղմեց ապակուն: Ուղեւորները, Տուպոլեւ ինքնաթիռից հերթով դուրս գալով, իջնում էին օդանավասանդուղքով: Ի վերջո մաքուր սափրված մեկը` ջինսով ու բամբակե կապույտ վերնաշապիկով, դուրս եկավ օդանավից` ուսին ճամփորդական պայուսակ ու թեւին մի հին կաշվե բաճկոն: Իր ծննդավայրը թողնելուց 12 տարի անց, Մոնթե Մելքոնյանը կամ Տիմոթի Մաք Քորմիքը վերջապես ոտք դրեց այն «հայրենիքում», որը պատկերացրել էր իր հասուն կյանքի ամեն օր, բայց երբեք չէր տեսել:

ՊԱԿ-ի Արմենը Մոնթեի հետեւից տերմինալ մտավ ու նրան հանձնեց Սեդայի ձեռքով գրված մի գրություն: Մոնթեն խեթ նայեց փողկապավոր անծանոթին: Մի՞թե սա խաբեություն էր, եւ մի՞թե իրեն պիտի ձերբակալեին ու բանտ նստեցնեին: Նա ուրիշ ոչինչ չէր կարող անել. պետք է հետեւեր անծանոթին: Միկրոավտոբուսի դուռը բացվեց, եւ Մոնթեն ճառագեց` տեսնելով Սեդային: Նրանք գրկախառնվեցին, բայց Մոնթեն ասաց, որ նյարդայնացած է. նա գիտեր, որ ՊԱԿ-ի ձեռքում է:

Հայաստանում իր առաջին օրերը Մոնթեն անցկացրեց որպես ՊԱԿ-ի «հյուր» Հրազդանի մի նախկին հանգստյան տանը, հետո` մեկ այլ հանգստյան տանը` Դիլիջանի լեռներում: Նա իր հյուրընկալների` Արմենի ու նրա բարձրահասակ, ճաղատացող պետի հետ քննարկում էր իրավիճակը Հայաստանում: 2 ամիս դրանից առաջ, օգոստոսի 4-ին, Հայաստանի ընտրողների ճնշող մեծամասնությունն իրենց ձայնը տվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանին` նրան, որ օգնել էր կազմակերպել Տիմոթի Շոն Մաք Քորմիքի հրավերը Հայաստան: Նա էր այժմ Գերագույն Խորհրդի նախագահը եւ 70 տարվա մեջ երկրի առաջին ոչ կոմունիստ ղեկավարը:

Ընտրությունից մոտ 1 ամիս անց Հայաստանի Գերագույն Խորհուրդը հրապարակել էր «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբն» ազդարարող հռչակագիրը: Օրենսդիրները Երեւանում ընդունել էին նոր դրոշ ու պետական հիմն եւ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել «Հայաստանի Հանրապետություն»: Այդ նույն ժամանակ Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը` հետեւելով հայերի օրինակին, ընդունել էր իր սեփական եռագույնը եւ նույնքան վագներյան հիմնը:

Մոտ 2 շաբաթ քննարկումներից եւ գյուղական ճանապարհներով երկար զբոսանքներից հետո, Մոնթեն այլեւս չկարողացավ թաքցնել իր անհամբերությունը: Նա պնդեց, որ ուզում է Երեւանում հանդիպել նոր ղեկավարների հետ` Հայաստանում իրեն մշտական բնակության իրավունք տրամադրելու խնդրանքով: Արմենի պետը հոգոց հանեց ու մեկնեց Երեւան` հանդիպումը կազմակերպելու:

Երբ Արմենը եկավ Մոնթեին ու Սեդային տանելու, նրանք կազմ ու պատրաստ էին: Արմենն անհանգիստ էր թվում, եւ երբ նրանք մոտեցան մեքենային, նա Սեդային մի կողմ տարավ: Նրա փեսացուն, ցածրաձայն հիշեցրեց Արմենը, գնում էր երկրի բարձրագույն ղեկավարների հետ հանդիպման. չէ՞ր կարող Սեդան նրան ստիպել մի ավելի պատշաճ բան հագնել, քան գունաթափ վելվետե շալվարը, ռետինե կոշիկներն ու այն նույն կապույտ վերնաշապիկը, որով նա ժամանել էր Երեւան: Սեդայի դեմքին ներողամտություն հայցող ժպիտ հայտնվեց. դրանք իր փեսացուի լավագույն շորորն էին: Սրտնեղած «լավ, ի՞նչ կարող ենք անել» նշանակող ժպիտից հետո, Արմենն իր հյուրին տարավ Երեւան: 

Մոնթեն սեղմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Բաբկեն Արարքցյանի ձեռքը: Նրանք քննարկեցին երկրում Մոնթեի անելիքը, եւ Արարքցյանը գոհ էր իր լսածից: Երբ Մոնթեն վերադարձավ Դիլիջան, ՊԱԿ-ի աշխատակիցները որոշ «չեմ ու չում» անելուց հետո վերջապես համաձայնեցին առանց հսկողության թողնել իրենց «հյուրին»: Արմենը նրանց դարձյալ տարավ Երեւան, եւ Մոնթեն գրանցվեց Սեդայի հանրակացարանում «Սիմոն» անունով: 

Արարքցյանը պնդեց, որ Մոնթեին թիկնապահ տրվեր, գոնե մինչեւ պարզ դառնար, թե ինչ վտանգ էր նրան սպառնում: Ատրճանակավոր թիկնապահ Սմբատը հայտնվեց 6 ժամ ուշ` իրենց առաջին (ու վերջին) հանդիպմանը: Նա Մոնթեին ու Սեդային հրավիրեց վաղ ընթրիքի Ալավերդյան փողոցի վրա գտնվող մի ռեստորանում, խմեց Մոնթեի ժամանման կենացը եւ հետո նրանց հաճելի երեկո մաղթեց: Նրանք թիկնապահին այլեւս չտեսան, եւ Մոնթեն հենց այդ էր ուզում: Նրա դեմ սպասվող մահափորձի վերաբերյալ լուրեր էին պտտվում, բայց նա միշտ գերադասում էր ինքնուրույն հոգալ իր անվտանգության մասին: 

Հաջորդ մի քանի օրը Մոնթեն ընտելանում էր քիչ թե շատ ազատ կյանք վարելուն: Առաջին անգամ տարիների ընթացքում նա ոչ բանտում էր, ոչ թաքստոցում, ոչ էլ փոխուստի մեջ: 1 ամիս էր մնում Մոնթեի 33 ամյակին, իսկ Սեդան 27 տարեկան էր: Նրանք թեւանցուկ արած զբոսնում էին փողոցներով եւ կանգ առնում լեհական մի սրճարանի առաջ` յուղալի մակորոն, մսի գնդիկներ եւ տապակած կարտոֆիլ ճաշակելու համար: Ուտելիս քննարկում էին Հայաստանում իրենց հետագա քայլերը: 

Շաբաթը մի քանի անգամ օպերայի մոխրագույն բազալտե շենքի առջեւի հրապարակում` Սեդայի հանրակացարանի պատուհանից ընդամենը երկու եւ կես փողոց Մաշտոցի պաղոտայով ներքեւ, ցուցարարների մեծ բազմություն էր հավաքվում: Մոնթեն Իրանի հեղափոխության խենթ օրերից հետո երբեք նման բազմություն չէր տեսել: Ցուցարարները դատապարտում էին Կրեմլի կողմից տասնամյակներ շարունակ Բաքվի հովանավորությունը, որի ամենացայտուն արտահայտությունն էր Լեռնային Ղարաբաղի եւ հայաբնակ Նախիջեւանի նվիրաբերումն Ադրբեջանին: «Ղարաբաղը մե՜րն է, Ղարաբաղը մե՜րն է», - ավելի ու ավելի խռպոտող ձայնով գոռում էին ցուցարարները:

Միաժամանակ Բաքվում ուրիշ ցուցարարներ նույնպես իրենց զայրույթն էին արտահայտում Կրեմլի դեմ` Հայաստանին` Կովկասի այդ «փչացած երեխային» հովանավորելու համար: Խոսնակները հայհոյում էին Ստալինին` Զանգեզուրի ադրբեջանաբնակ շրջանը Հայաստանին հանձնելու համար, որի նպատակը, նրանց կարծիքով, Նախիջեւանի եւ մայր Ադրբեջանի միջեւ սեպ խրելն էր: 

Մոնթեն ուսումնասիրում էր Օպերայի հրապարակում հավաքվող բազմությանը: Այստեղ վստահաբար «ժողովուրդն» էր, որի հետ նա կապել էր իր բոլոր հույսերը, եւ նրանք վճռականորեն իրականացնում էին «Ազատ, անկախ Հայաստանի» գաղափարը: Մոնթեն երբեք չհրաժարվեց 80-ականների ընթացքում իր այնքան կտրուկ արտահայտած մտքից, որ բազմազգ Խորհրդային Միությունից անջատումը Հայաստանի համար աղետալի պիտի լիներ: Բայց Երեւան գալուց հետո երկրաշարժի հետեւանքները վերացնելու ապաշնորհ ջանքերի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի անզիջում դիրքորոշման մասին լուրերը սասանել էին խորհրդային իշխանության հանդեպ նրա հավատը: Այդ հավատը, ինչպես նա այժմ խոստովանում էր, ավելի «ցանկություն էր, քան իրականություն»:

Երեւանում մի երկու շաբաթ անցկացնելուց հետո Մոնթեի համար պարզ դարձավ, որ Խորհրդային Միությունն արդեն մահացել էր, միայն անունն էր մնացել, եւ որ շատ ուշ էր հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հարավսլավիան քանդող խելահեղությունը տեսնելուց հետո նա այժմ ականատես էր լինում, թե ինչպես Խորհրդային Միությունում Գորբաչովի ձեռնարկած պերեստրոյկան վերափոխվում էր փոխհրաձգության` պերեստրելկա–ի: Զինապահեստների դռները լայն բացված էին, տեղական ռազմաջոկատներն արհամարհում էին Մոսկվայի հրամանները, եւ փոխհրաձգությունները Լեռնային Ղարաբաղում զուգակցվում էին հրթիռների պայթյուններով:

«Սիրելիներին» ուղղված նամակներում նա նկարագրում էր ջղաձգվող, Ադրբեջանի երկաթուղային եւ ճանապարհային շրջափակումից ուշաթափվող մի երկիր: Վնասարարները Վրաստանի տարածքում պայթեցրել էին Հայաստան մտնող գազամուղը, էլեկտրականությունը Երեւանում տրվում էր օրը մի քանի ժամ միայն, իսկ մատչելի գնով սննդամթերք քիչ կար: «Սա քաոսային մի տեղ է», - գլուխն օրորելով գրում էր Մոնթեն:

Այն ժամանակ, երբ Երեւանի ամենաբարեկեցիկ ու կրթված բնակիչները վաճառում էին իրենց բնակարանները` Լոս Անջելես մեկնելու համար, Մոնթեն ամեն գնով ձգտում էր խուսափել Հայաստանից վտարվելուց: Նախորդ տարի Բուլղարիայում ստացած մուտքի արտոնագրի ժամկետն անցել էր, եւ նա ապրում էր` ՊԱԿ-ի կողմից բռվելու ու երկրից արտաքսվելու մշտական սպառնալիքի տակ: Վերջապես Գիտությունների ակադեմիայից մի ընկեր` Զավեն Խառատյանը, Մոնթեի իռլանդական կեղծ անձնագիրը ներկայացրեց Ազգագրության ինստիտուտի տնօրենին եւ խնդրեց նրան ստորագրել մի նամակ` անձնագրի տիրոջը որպես ինստիտուտի գիտաշխատող գործի ընդունելու համար: 

- Ի՞՜նչ, - փորձեց բողոքել տնօրենը, - ո՞վ է, գրո՛ղը տանի, այդ տղան:

- Պարզապես ստորագրի՛ր, - գռմռաց Խառատյանը:

Եվ այնպես եղավ, որ ՕՎԻՐ-ը` «Խորհրդային վիզաների ու գրանցումների բաժինը», երկարացրեց Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիմոթի Շոն Մաք Քորմիքի` երկրում մնալու արտոնությունը:

Արտագաղթի ալիքին հակառակ` «Տիմոթին» հրավիրում էր ընկերներին միանալ իրեն Հայաստանում: 1991 թ. փետրվարի կեսին նա մի ութ-էջանոց նամակ գրեց Բեյրութի իր հին ընկեր Ալեքին: « Տարիներ անցած են, բայց երբեք չեմ մոռցած », - գրում էր Մոնթեն եւ ասում, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ալեքին, եթե նա ցանկանում է, հաստատվել Երեւանում: Երբ Ալեքը ժամաներ, նա ազատ կլիներ իր ցանկությամբ մասնակցելու ազգանպաստ աշխատանքին կամ էլ` «եթե կուզես պարզապես սեփական կյանքդ ապրիլ, կապրիս»: Ամեն դեպքում, գոհունակությամբ գրում էր Մոնթեն, «ապագադ կկապվի ուղղակի ձեւով հայրենիքիդ հետ»: 

Այդ ժամանակ Մոնթեն ու իր ընկերները վիճելի տարածքն այլեւս «Լեռնային Ղարաբաղ» չէին կոչում, այլ օգտագործում էին հայերի համար նախընտրելի «Արցախ» անունը, որ վերաբերում էր գրեթե նույն տարածքին: «Արցախի գոյատեւման միակ գրավականը Հայաստանի հետ վերամիավորվելն է», - ասում էր Մոնթեն բանավոր զրույցներում եւ գրավոր: Ուստի նա վճռական էր` կիսելու տարիների իր մարտական փորձը Լեռնային Ղարաբաղի` պաշարման մեջ գտնվող պաշտպանների հետ: Նա խորհրդային ռազմական դասագրքեր ու ԱՄՆ բանակի դաշտային ձեռնարկներ կլանեց եւ խորհրդարանական «Պաշտպանության կոմիտեի» նախագահից պարտիզանական ջոկատ կազմելու թույլատվություն ստացավ:

«Պաշտպանության կոմիտեն», որի շտաբը գտնվում էր Երեւանի նախկին` Ստեփան Շահումյանի անվան համագումարների պալատում, Հայաստանի ազգային բանակի սաղմն էր: Այն շուտով Հայաստանում պիտի փոխարիներ քայքայվող խորհրդային բանակին: Կոմիտեի նախագահ երեսունմեկամյա Վազգեն Սարգսյանը տարբերվում էր տարեկիցներից: Նա ժպտադեմ էր, եւ այդ ժպիտը ցույց էր տալիս խոշոր սպիտակ ատամների շարքը: Նրա` դեռեւս ոչ այնքան կենտրոնացված հրամանատարության տակ Լեռնային Ղարաբաղում ու շրջակայքում արդեն գործում էին 40-50 տարբեր չափի, տարբեր աստիճանի մարզվածության ու կարգապահության ջոկատներ:

Այդ ժամանակ ընդունված տերմինաբանությունը, սակայն, կարող է թյուրիմացության մեջ գցել: Հիշյալ «ջոկատներից» ոչ մեկը չէր կարող հպարտանալ դաշտում տվյալ պահին կռվող երկու տասնյակից ավելի մարտիկներով, իսկ մեծ մասը բաղկացած էին 10-ի չհասնող մշտական անդամներից: Ավելին, դրանք կառուցվածքային կամ ենթակայական կապեր չունեին դասակի կամ ավելի խոշոր միավորների հետ եւ նույնիսկ ավելի մեծ բանակի բաղկացուցիչ մասեր չէին, եթե «բանակ» բառը հասկանանք քնարականից զատ որեւէ այլ իմաստով:

Սկզբնապես Մոնթեի ջոկատը կազմված էր յոթ կամավորներից` Կոմիտեից ստացած կանաչ-դարչնագույն համազգեստներով: Մյուս ջոկատները կոչվում էին առասպելական կամ պատմական հերոսների անուններով` «Սասունցի Դավիթ», «Տիգրան Մեծ», «Վարդան Մամիկոնյան» եւ այլն: Սակայն Մոնթեի ցանկությամբ նրա խումբը կոչվեց «Հայրենասիրական ջոկատ» պրոզայիկ անունով:

Հանրակացարանի Գպրանյան-Մելքոնյան սենյակում մի հանդիպման ժամանակ Մոնթեն Սեդային խնդրեց կազմել ջոկատի անդամների ցուցակը: Երբ նա գրի էր առել մյուսների անունները, Մոնթեն խնդրեց վերջում ավելացնել «Ավո»: Սեդան գիտեր, որ «Ավոն» «Ավետիս» անվան համառոտ տարբերակն է, բայց ենթադրում էր, որ բառի «բարի լուր» նշանակության պատճառով չէ Մոնթեն ընտրել այդ մականունը: Երբ Սեդան բացատրություն խնդրեց, Մոնթեն իրեն բնորոշ գործնական տոնով պատասխանեց.

- Դա տարածված անուն է, բացի այդ` կարճ է եւ ռադիոկապով հեշտ լսելի:

«Ավոն» հաճախ էր գալիս «Պաշտպանության կոմիտեում» Սարգսյանի գրասենյակը` զենքեր ձեռք բերելու եւ մարտիկներին ճակատում միանալու թույլտվություն ստանալու խնդրանքով: Սարգսյանը համակրում էր տարօրինակ առոգանությամբ ու մաշված ջինսով նորեկին, բայց գիտեր, որ շատ վտանգավոր կլիներ նրան Արցախի ռազմաճակատ ուղարկելը: Խորհրդային Ներքին գործերի նախարարությունը` ՄՎԴ-ն, դեռեւս պահակակետեր ուներ ճանապարհներին եւ պարեկային ծառայություններ` քաղաքներում:

Մի չար դիպվածով Մոնթեին` դատապարտված «միջազգային ահաբեկիչին» կարող էին բռնել պահակակետերից մեկում կամ փողոցներում` փաստաթղթերի սովորական ստուգման ժամանակ, եւ դա գլխացավանք կլիներ Հայաստանի իշխանությունների համար: Ուստի, Մոնթեին ու նրա ջոկատն ուղիղ Արցախ ուղարկելու փոխարեն, Սարգսյանը հանձնարարեց նրան հետախուզել հյուսիս-արեւելյան սահմանը, որտեղ ձերբակալվելու կամ գերի ընկնելու վտանգն ավելի քիչ էր: Քանի որ «Հայրենասիրական ջոկատը» շատ փոքր էր, նրան միանալու էր մեկ ուրիշը` ինքնակոչ «Հատուկ նշանակության խումբը», որի ղեկավարը բարետես կապիտան Վովան էր:

Մոնթեն ավելի քան երջանիկ էր` Հայաստանում իր առաջին հանձնարարությունն ստանալու համար: 1991 թ. մարտի սկզբին ինքն ու միացյալ ջոկատը մագլցեցին մի բեռնատարի մեջ եւ հաջորդ ամիս ճամփորդեցին փոշոտ ու խորդուբորդ ճանապարհներով` Ադրբեջանի հետ Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով` հյուսիսում գտնվող Նոյեմբերյանից մինչեւ Գորիս, որ 150 մղոն դեպի հարավ էր գտնվում: Ճանապարհին Մոնթեն զրուցում էր տեղացի պաշտպանների հետ, ստուգում խրամատները եւ նշումներ անում իր տեսած պաշտպանական խղճուկ պատրաստությունների մասին:

Երբ նրանք հասան հյուսիսային Տավուշի մարզի Այգեպար եւ Չինար գյուղերը, տեղացիները խնդրեցին ենթադրյալ պաշտպաններին հեռանալ: Սկզբում Մոնթեն կարծեց, թե չի հասկանում նրանց գյուղի բարբառը: Գյուղացիները բացատրեցին, որ եթե մարտիկները հարձակվեին մոտակա գյուղերի իրենց հարեւանների վրա, պատերազմ կլիներ, իսկ նրանք դա չէին ուզում: Ոչ իրենք, ոչ էլ իրենց ադրբեջանցի հարեւանները չէին խնդրել, որ պատերազմ լինի: Մոնթեն պատասխանեց, թե պատերազմն արդեն անխուսափելի էր, իրենք ուզեին թե ոչ, բայց նրան առարկեցին: Երբ բեռնատարը դուրս եկավ գյուղից` դեպի հարավում գտնվող Վարդենիսի շրջանը, Մոնթեն շարունակում էր տարակուսանքով գլուխն օրորել:

Մոնթեն Երեւան վերադարձավ ապրիլի առաջին շաբաթը` իր հաշվետվությունը Վազգեն Սարգսյանին ներկայացնելու: Այդ ժամանակ «Հայաստանի ազատագրման հայրենասիրական ճակատի» հռչակագրի նրա մտահղացումն ընդլայնվել ու դարձել էր բարձրագույն ուսումնական ծրագրի նման մի բան: Մոնթեի «Հայ ժողովրդի ու նրա հայրենիքի պատմության համառոտ ակնարկն» ընդգրկում էր այնպիսի խորհրդավոր թեմաներ, ինչպիսիք են Խեթական ու Միտաննի պետությունների ծագումը մ.թ.ա. 2-րդ հազարամյակում եւ զրադաշտական ու միթրայական ուսմունքների ազդեցությունը հայկական նախաքրիստոնեական պանթեոնի վրա:

Ամեն առավոտ նա թեւի տակ էր դնում իր թղթապանակներն ու երեքական աստիճան ցատկելով բարձրանում Բաղրամյան պողատայի վրա գտնվող` Գիտությունների ակադեմիայի մգլած աստիճաններով: Ներս ու դուրս անելով խցերի նման փոքր աշխատասենյակներ` նա բաժանում էր Հռչակագրի տարբեր մասերի մատենագիտությունն ու նախագծերը: Թղթերի մի կապոց նա տվեց քրդական ազգագրությամբ զբաղվող մեկին, մի ուրիշը` միջնադարյան վրացական գրականության մի մասնագետի, մեկն էլ` իրանական բանասիրության մի հետազոտողի:

Նրա գործընկերները, սակայն, թվում էր` ոչ մի այլ բանով երբեք չէին զբաղվում` բացի ծակոտկեն պլաստիկատից պատրաստված գրասեղանների մոտ կատակելուց ու տեղական թունդ ծխախոտ ծխելուց: Այդ գրասեղանների վրա ոչ գրքեր կային, ոչ էլ գրառումներով թղթեր: Հիշեցնելով նրանց իրենց աշխատանքի հրատապության մասին` Մոնթեն հրաժարվում էր խմել իրեն առաջարկվող` երկու անգամ նույն մրուրից եփված սուրճը եւ գնում ուրիշ հանդիպումների:

Հռչակագիրը հանգիստ չէր տալիս Մոնթեին, բայց ահագնացող պատերազմի պայմաններում այդ նախագիծը նման էր մակընթացության ալիքի դիմաց ավազե ապարանք կառուցելուն: Ալիքն իր գագաթնակետին հասավ ապրիլի երկրորդ կեսին, երբ Երեւանի հեռուստատեսությունն սկսեց ցուցադրել տեսանյութեր, որոնցում վիշապանման ՄԻ-24 ուղղաթիռները հրթիռներ էին արձակում հայաբնակ գյուղերի վրա` Լեռնային Ղարաբաղից փոքր-ինչ հյուսիս:

Մոնթեն տնտղում էր լրագրերն ու հեռուստացույցների էկրանները` տարածաշրջանից վերջին լուրեր իմանալու համար: Ապրիլի 21-ին խորհրդային 4-րդ բանակի` հիմնականում ադրբեջանցիներից բաղկացած 23-րդ մոտոհրաձգային գումարտակի զինվորները, գորշ համազգեստներով ՕՄՕՆ-ականների (ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության հետ կապված` ռազմականացված ոստիկանություն) հետ միասին, սկսեցին Օպերացիա կոլցո կոչված հարձակումը: Հունիսի 12-ին Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերի շրջակայքի համարյա բոլոր հայերը, ընդհանուր առմամբ մոտ 5000 գյուղացիներ, տեղահանված էին:

Ադրբեջանցի գրոհայիններն այնուհետեւ առաջացան մի քանի կիլոմետր դեպի հարավ գտնվող Շահումյանի շրջանը, որի 20000 բնակիչների 85 տոկոսը հայեր էին: Հուլիսի 13-ին գրոհայինները բարձրախոսով վերջնագիր ներկայացրին Բուզլուխի, Մանաշիդի ու Էրքեջի գյուղացիներին` լքել իրենց տները կամ սպանվել: Մյուս օրը գյուղացիները հեռացան` թաշկինակների մեջ մի բուռ հայրենի հող լցնելով ու դրանք իրենց գրպանները դնելով: Նրանք մեջքների վրա կրում էին իրենց ունեցվածքից այն ամենը, ինչ հասցրել էին փաթաթել սավանների մեջ: Ուղղաթիռներն ու զրահամեքենաները կրակում էին նրանց գլխավերեւով, տարբեր կողմերից վրա էին տալիս 23-րդ գումարտակի հետեւակայինները, իսկ թալանչիներն անհանգստացնում էին վերջից գնացողներին:

Երբ գրոհայինները գործն ավարտեցին, նրանք իրենց դրոշը բարձրացրին գյուղի վրա` ոչ թե Խորհրդային Ադրբեջանի կարմիր, այլ անունով անկախ Ադրբեջանի Հանրապետության եռագույն դրոշը: Ընդհանուր առմամբ նրանք դատարկեցին 23 գյուղ Շահումյանի եւ Հադրութի շրջաններում` 17000 հայերի արտաքսելով իրենց տներից: Մի հողագործի հետեւյալ պարզ խոսքերը ճշմարիտ արտացոլում էին իրավիճակը. «Թուրքերն ուզում են խլել մեր հողն ու մեզ քշել այստեղից»:

շարունակությունը

Մեկնաբանություններ (1)

Gagik
Լեգենդար Ավոյին,եթե կարելի է համեմատել, բաժին հասավ լեգենդար Կամոյի ճակատագիրը։ Հիմնական գործն անելուց հետո այդպիսի մարդիկ սկսում են որոշների համար վտանգ ներկայացնել,իսկ կենդանի լեգենդներն իրենց անվտանգության մասին հոգ տանելու խնդիր երբեք չեն տեսնում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter